«ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ» հայերենով

Հունվարի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԵՍ ՀՐԱՇՔ ԵՄ»

Այսօր մեր կյանքում ամենակարևորն այն բացարձակ համոզմունքն է, որ Արարիչը հրաշքով մուտք է գործել մեր սրտերն ու կյանքը: Նա կարողացավ մեզ համար անել այն, ինչ մենք ինքներս երբեք չէինք կարող անել:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 24 / Alcoholics Anonymous, p. 25)

Այսօր սա իսկապես իմ կյանքի փաստն է և իսկական հրաշք: Ես միշտ հավատացել եմ Աստծուն, բայց ինձ երբեք չէր հաջողվում անել այնպես, որ հավատքի բուն իմաստը մուտք գործեր իմ կյանք: Այսօր Անանուն Ալկոհոլիկների շնորհիվ ես հավատում և ապավինում եմ Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան: Եվ դրա շնորհիվ ես այսօր սթափ եմ: Ես միայնակ չէի կարող սովորել վստահել Աստծուն և ապավինել Նրան: Այժմ ես հավատում եմ հրաշքներին, որովհետև ես ինքս հրաշք եմ:

Հունվարի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԱԽ՝ ՀԻՄՔԸ

Միգուցե սթափությո՞ւնն է այն ամենը, ինչ կարող ենք ակնկալել հոգևոր զարթոնքից: Ոչ, սթափությունն ընդամենը սկիզբն է:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 8)

ԱԱ Ծրագրի կիրառումը նման է տուն կառուցելուն: Նախ ես պետք է դնեմ մեծ, ամուր բետոնե հիմք, որի վրա կառուցվելու է տունը. ինձ համար դա նշանակում է դադարեցնել խմելը: Բայց բետոնե հիմքի վրա ապրելը, երբ դու պաշտպանված չես և բաց ես շոգի, ցրտի, քամու և անձրևի դիմաց, շատ անհարմար է: Ուստի ես հիմքի վրա տուն կառուցեցի՝ սկսելով կիրառել Ծրագիրը գործնականում: Այս առաջին տունը անկայուն էր, քանի որ ես նման աշխատանքի հմտություններ չունեի: Բայց ժամանակի ընթացքում, Ծրագրով աշխատելուն զուգընթաց, ես սովորեցի ավելի լավ կառուցել: Որքան շատ էի աշխատում, այնքան ավելի հաջողությամբ էի կառուցում ավելի ու ավելի հարմարավետ ու երջանիկ տուն, որում հիմա ապրում եմ:

Հունվարի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Մենք ընդունեցինք մեր անզորությունը ալկոհոլի հանդեպ, ընդունեցինք, որ կորցրել ենք վերահսկողությունը մեր կյանքի նկատմամբ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 26 / Twelve Steps and Twelve Traditions, p. 21)

Պատահական չէ, որ հենց առաջին Քայլում նշվում է անզորությունը: Ալկոհոլի հանդեպ սեփական անզորության ընդունումը ապաքինման հիմքի անկյունաքարն է: Ես վերջապես հասկացա, որ չունեմ այն ուժն ու վերահսկելու կարողությունը, որոնք, ինչպես ինձ թվում էր, ունեի:

Ես անզոր եմ փոխել այն, ինչ մարդիկ մտածում են իմ մասին: Ես անզոր եմ այն բանի առաջ, որ ուշացել եմ ավտոբուսից: Ես անզոր եմ այն բանի առաջ, թե ինչպես են ուրիշներն աշխատում (կամ չեն աշխատում) Քայլերով: Բայց ես նաև իմացա, որ անզոր չեմ որոշ բաների հանդեպ: Ես անզոր չեմ շրջապատի նկատմամբ իմ վերաբերմունքի հարցում: Ես անզոր չեմ աշխարհի բացասական ընկալման դեմ: Ես անզոր չեմ պատասխանատվություն կրել իմ սեփական ապաքինման համար: Ես հնարավորություն ունեմ դրական ազդեցություն ունենալ ինքս ինձ վրա, իմ սիրելիների և այն աշխարհի վրա, որում ես ապրում եմ:

Հունվարի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՐՋՎԵԼ ԴԵՊԻ ՄԵՐ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ

Մենք գտնում ենք, որ խմելը դադարեցնելը միայն սկիզբն է: Շատ ավելի կարևոր է այն, որ մենք պետք է դրսևորենք մեր սկզբունքները մեր սեփական տանը, աշխատավայրում և առհասարակ մեր բոլոր գործերում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 18 / Alcoholics Anonymous, p. 19)

ԱԱ-ում շփվելիս սովորաբար ինձ համար դժվար չէ հաճելի լինել մարդկանց հետ: Երբ ես աշխատում եմ սթափ մնալու ուղղությամբ, ԱԱ-ի իմ ընկերների հետ տոնում եմ հարբեցողության դժոխքից մեր ընդհանուր ազատագրումը: Հաճախ այնքան էլ դժվար չէ կիսվել ուրախալի նորություններով Ծրագրի հին ու նոր ընկերների հետ:

Տանը կամ աշխատավայրում կարող է լրիվ այլ կերպ լինել: Այստեղ առաջանում են իրավիճակներ, երբ առօրյա մանր տհաճությունները հատկապես նկատելի են, և հենց այդ ժամանակ է դժվար լինում ժպտալ կամ արձագանքել բարի խոսքով, կամ էլ պատրաստակամորեն լսել: Հենց ԱԱ-ից դուրս է անցնում Տասներկու Քայլերով իմ ուղու արդյունավետության իսկական փորձությունը:

Հունվարի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նա չի պատկերացնում իր կյանքն առանց ալկոհոլի: Հետո կգա ժամանակը, երբ նա չի կարողանա պատկերացնել ո՛չ իր կյանքն առանց ալկոհոլի, ո՛չ էլ կյանքը՝ անընդմեջ խմելով: Նա կճանաչի այնպիսի մենակություն, որը հայտնի է միայն քչերին: Նա կհայտնվի անդունդի եզրին: Նա կցանկանա մեռնել:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 148 / Alcoholics Anonymous, p. 152)

Միայն ալկոհոլիկը կարող է հասկանալ նման հայտարարության իրական իմաստը: Ակտիվ ալկոհոլիկի այս երկվությունն ինձ կապված էր պահում և լցնում սարսափով ու շփոթությամբ. «եթե չխմեմ, կմեռնեմ» միտքը պայքարում էր «եթե շարունակեմ խմել, դա ինձ կսպանի» մտքի հետ:

Երկու կպչուն մտքերն էլ ինձ քաշում էին ավելի ու ավելի խորը հատակը: Բայց այդ հատակը դարձավ իմ ալկոհոլիզմի լիակատար ընդունման սկիզբը՝ առանց որևէ վերապահումների, և հենց լիակատար ընդունումն էր բացարձակապես անհրաժեշտ իմ ապաքինման համար: Այս ընտրությունը նման չէր որևէ բանի, ինչի հետ բախվել էի նախկինում: Ավելի ուշ ես իմացա, որ դա անհրաժեշտ էր Ծրագրում հաջողության հասնելու համար:

Հունվարի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՆՁՆՎԱԾԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մենք գալիս ենք այն եզրակացության, որ միայն լիակատար պարտություն կրելով կարելի է ունակություն ձեռք բերել կանգնելու այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի ուժ և ազատագրում: Լիակատար անզորության ընդունումը ի վերջո դառնում է ամուր հիմք, որի վրա կարելի է կառուցել երջանիկ, նպատակասլաց կյանք:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 26 / Twelve Steps and Twelve Traditions, p. 21)

Երբ ալկոհոլն ազդում էր իմ կյանքի բոլոր ոլորտների վրա, երբ շշերը դարձան ինքս ինձ զիջելու և ամենաթողության խորհրդանիշ, երբ գիտակցեցի, որ ինքս ոչինչ չեմ կարող անել ալկոհոլի ուժը հաղթահարելու համար, այն ժամանակ ես վերջապես հասկացա, որ ինձ ոչինչ չի մնում, քան անձնատուր լինելը (հանձնվելը):

Հանձնվելով՝ ես հաղթանակ գտա. հաղթանակ՝ ինքս ինձ արված եսասիրական զիջումների նկատմամբ, հաղթանակ՝ այն կյանքի հանդեպ իմ համառ դիմադրության նկատմամբ, ինչպիսին այն ինձ տրված էր: Միայն դադարեցնելով պայքարն ամեն ինչի և բոլորի դեմ՝ ես սկսեցի շարժվել դեպի սթափություն, խոնարհություն և հոգեկան անդորր տանող ուղիով:

Հունվարի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ

Մենք գալիս ենք այն եզրակացության, որ միայն լիակատար պարտություն կրելով կարելի է ունակություն ձեռք բերել կանգնելու այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի ուժ և ազատագրում: Լիակատար անզորության ընդունումը ի վերջո դառնում է ամուր հիմք, որի վրա կարելի է կառուցել երջանիկ, նպատակասլաց կյանք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57 / Alcoholics Anonymous, p. 59)

Ամեն օր ես կանգնած եմ խաչմերուկում: Իմ մտքերն ու արարքները կարող են օգնել իմ աճին, բայց կարող են նաև մղել դեպի հին սովորությունների և հարբեցողության ճանապարհ: Երբեմն խաչմերուկը դառնում է սկիզբ, օրինակ՝ երբ ես սկսում եմ հավանություն տալ ինչ-որ մեկին, փոխանակ դատապարտելու, կամ երբ որոշում եմ օգնություն խնդրել, փոխանակ միայն ինքս ինձ վրա հույս դնելու:

Այլ պահերի խաչմերուկն առաջանում է վերջում, օրինակ՝ երբ ես հստակ տեսնում եմ վիրավորանքներ կրելը կամ այլանդակ ինքնախղճահարությամբ արբենալը դադարեցնելու անհրաժեշտությունը: Ամեն օր բազմաթիվ թերություններ գայթակղում են ինձ, նշանակում է՝ ես ամեն օր հնարավորություն ունեմ դրանք տեսնելու:

Այս կամ այն ձևով իմ բնավորության թերությունները դրսևորվում են ամեն օր՝ ինքնադատապարտում, զայրույթ, վախկոտություն, հպարտություն, վրեժխնդիր լինելու ցանկություն և ամբարտավան պահվածք: Այդ թերությունները վերացնելու գործում կիսաքայլերով բավարարվելու փորձերը միայն կաթվածահար են անում փոխվելու իմ ջանքերը: Միայն երբ ես լիակատար վստահությամբ դիմում եմ Աստծուն օգնության համար, ես իսկապես ձեռք եմ բերում փոխվելու ցանկություն և կարողություն:

Հունվարի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՆԵ՞Մ ԱՐԴՅՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Բանն այն է, որ ալկոհոլիկների մեծ մասը, դեռևս անհայտ պատճառներով, կորցնում է ընտրության հնարավորությունը այն ամենում, ինչ կապված է խմիչքի հետ: Մեր այսպես կոչված կամքի ուժը գործնականում դադարում է գոյություն ունենալուց:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 23 / Alcoholics Anonymous, p. 24)

Երբ ես դադարում եմ խմել, ալկոհոլի հանդեպ իմ անզորությունը չի անհետանում: Սթափության մեջ ես դեռևս ընտրություն չունեմ. ես չեմ կարող խմել: Այն հնարավորությունը, որն իսկապես ունեմ, դա «հոգևոր միջոցների հավաքածուն» օգտագործելն է («Անանուն Ալկոհոլիկներ», էջ 24):

Երբ ես անում եմ դա, Բարձրագույն Ուժն ինձ ազատում է ընտրության բացակայությունից և ինձ սթափ է պահում ևս մեկ օր: Եթե չխմելու ընտրությունն իմ ձեռքում լիներ, ապա ինչի՞ս էին պետք ԱԱ-ն և Բարձրագույն Ուժը:

Հունվարի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՍՏԾՈՒ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ

Բաժակը ձեռքին, սարսափելի է խոստովանել, որ ալկոհոլի հանդեպ կործանարար կախվածությունն այնքան է տիրել մեր գիտակցությանը, որ միայն Նախախնամության միջամտությունն է ընդունակ մեզ ազատել դրանից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 26 / Twelve Steps and Twelve Traditions, p. 21)

Իմ կյանքում Աստծո Նախախնամության գործողությունը (իմ հանդեպ Աստծո հոգատարության և իմ նկատմամբ Նրա կամքի դրսևորումը) տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես իմ հարբեցողությամբ հասա լիակատար փլուզման. այն ամենը, ինչ երբևէ նշանակություն էր ունեցել իմ կյանքում, հեռացել էր: Ես զանգահարեցի ԱԱ, և հենց այդ պահից իմ կյանքն արմատապես փոխվեց:

Երբ ես խորհում եմ այդ լիովին յուրահատուկ, շրջադարձային րոպեի մասին, հասկանում եմ, որ Աստված հոգ էր տանում իմ մասին նույնիսկ մինչ այն, երբ ես ունակություն ձեռք բերեցի ճանաչելու և ընդունելու հոգևոր արժեքները: Բաժակը մի կողմ դրվեց բացառապես Աստծո Նախախնամության այդ գործողության միջոցով, և ես ճանապարհ ընկա սթափության ուղիով: Իմ կյանքը շարունակում է բացահայտվել իմ հանդեպ Աստծո խնամքով ու հոգատարությամբ և Նրա նշած ուղղությամբ:

Առաջին Քայլը, երբ ես ընդունեցի, որ անզոր եմ ալկոհոլի դիմաց, և որ իմ կյանքը դարձել է անկառավարելի, ինձ համար էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ օրեցօր՝ մեր կյանքերը փրկող, մեզ նոր կյանք պարգևող Անանուն Ալկոհոլիկների Ընկերակցությունում:

Հունվարի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԴԻՄԱՆԱՆՔ

Մենք արդեն յուրացրել ենք, որ ապաքինման առաջին քայլը մեր ալկոհոլիկ լինելու լիակատար գիտակցումն է: Պետք է լիովին հրաժարվել այն մոլորությունից, թե մենք նույնպիսին ենք, ինչպես մյուս մարդիկ, կամ երբևէ այդպիսին կդառնանք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 29 / Alcoholics Anonymous, p. 30)

Ես եկա ԱԱ, որովհետև այլևս չէի կարողանում վերահսկել ալկոհոլի իմ օգտագործումը: Գուցե իմ հարբեցողության կապակցությամբ կնոջս ձանձրացնելու պատճառով, գուցե այն պատճառով, որ շերիֆն ինձ ստիպում էր հաճախել ԱԱ ժողովների, կամ գուցե պարզապես այն պատճառով, որ հոգուս խորքում ես գիտեի, որ չեմ կարող խմել այնպես, ինչպես մյուս մարդիկ, — բայց պատրաստ չէի ընդունել դա, քանի որ խմիչքը թողնելու բուն միտքն ինձ սարսափեցնում էր:

Անանուն Ալկոհոլիկները տղամարդկանց և կանանց ընկերակցություն է, ովքեր միավորվել են ընդհանուր մահացու հիվանդության դեմ: Մեր կյանքերը կապված են միմյանց հետ, ինչպես այն մարդկանց կյանքերը, ովքեր փրկվում են լաստանավի վրա բաց ծովում: Եթե մենք բոլորս միասին աշխատենք, ապա կկարողանանք ապահով հասնել ափ:

Հունվարի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ

Միայն Առաջին Քայլը, որտեղ մենք հարյուր տոկոսով ընդունեցինք մեր անզորությունը ալկոհոլի հանդեպ, բացարձակ կատարելություն է պահանջում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 79 / Twelve Steps and Twelve Traditions, p. 68)

Շատ ավելի վաղ, քան ես ԱԱ-ում սթափություն գտա, ես արդեն գիտակցում էի, որ ալկոհոլն ինձ սպանում է: Բայց, նույնիսկ իմանալով դա, ես չէի կարողանում թողնել խմելը: Հետևաբար, բախվելով Առաջին Քայլին, ես հեշտությամբ ընդունեցի, որ անզոր եմ խմիչքի դիմաց:

Բայց արդյո՞ք իմ կյանքն անկառավարելի էր: Այ դա երբեք: ԱԱ գալուց հինգ ամիս անց ես նորից սկսեցի խմել և զարմանում էի, թե ինչու: Ավելի ուշ, վերադառնալով ԱԱ՝ դառը փորձից սովորած, ես հասկացա, որ Առաջին Քայլը միակ Քայլն է, որը կարող է արվել հարյուր տոկոսով: Եվ այն հարյուր տոկոսով անելու միակ միջոցը այդ Քայլի հարյուր տոկոսն անելն է: Դա շատ օրեր առաջ էր, և ես այլևս կարիք չունեմ Առաջին Քայլը նորից անելու:

Հունվարի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Մեր ամենահիմնական խնդիրն է՝ ընդունել մեր կյանքի հանգամանքներն այնպիսին, ինչպիսին դրանք կան, ընդունել ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք իրականում, և մեզ շրջապատող մարդկանց՝ այնպիսին, ինչպիսին նրանք կան: Դա նշանակում է ձեռք բերել սթափ խոնարհություն, առանց որի չի կարող սկսվել իրական առաջընթաց: Նորից ու նորից մենք պետք է վերադառնանք այս անկողմնակալ պահին: Սա ընդունման յուրատեսակ վարժություն է, որը շատ օգտակար է կատարել ամեն օր: Եթե մենք համառորեն խուսափենք ապատիայի կամ պարտվողականության անիրատեսական արդարացումները կյանքի փաստերի իրական գնահատականով փոխարինելուց, ապա վերջիններս կարող են դառնալ էմոցիոնալ առողջության ամուր հիմք և ծառայել որպես կառուցվածքային նյութ հոգևոր զարգացման համար:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 44)

Երբ ինձ համար դժվար է ընդունել մարդկանց, իրավիճակները կամ իրադարձությունները, ես դիմում եմ այս հատվածին, և այն ազատում է ինձ շատ ենթագիտակցական վախերից՝ կապված այլ մարդկանց կամ հանգամանքների հետ, որոնք ինձ մատուցում է կյանքը: Այս միտքը թույլ է տալիս ինձ մնալ մարդ և ոչ թե լինել կատարելություն, և պահպանել իմ հոգեկան անդորրը:

Հունվարի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԱ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մենք չենք բուժվել ալկոհոլիզմից: Պարզապես ամեն օր մեզ տրվում է դատավճռի տարկետում՝ մեր հոգևոր աճի պայմանով:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 85)

Ըստ երևույթին, ամենատարածված ալկոհոլային պատրանքն այն է, թե «Եթե ես պարզապես չխմեմ, ամեն ինչ լավ կլինի»: Երբ մշուշը ցրվեց, ես տեսա (առաջին անգամ), թե որքան անկանոն էր իմ կյանքը: Ես խնդիրներ ունեի ընտանիքիս, աշխատանքիս, փողի և արդարադատության հետ: Ես կառչում էի հին կրոնական պատկերացումներից:

Իմ բնավորության մեջ կային այնպիսի արատներ, որոնց վրա գերադասում էի աչք փակել, քանի որ դրանք հեշտությամբ կարող էին համոզել ինձ, որ ես անհույս եմ, և նորից մղել փախուստի: Իմ բոլոր խնդիրների լուծման հարցում ինձ ղեկավարում էր Մեծ Գիրքը: Բայց դա անմիջապես չեղավ և, իհարկե, ինքնին չեղավ. դրա համար զգալի ջանքեր պահանջվեցին: Ես միշտ պետք է տեսնեմ Աստծո ողորմությունն ու օրհնությունը, որոնք թափանցում են ցանկացած խնդրի մեջ, որի հետ ստիպված եմ բախվել:

Հունվարի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՆՑ ԱՓՍՈՍԱՆՔԻ

Մենք չենք ափսոսա մեր անցյալի համար և միևնույն ժամանակ չենք ցանկանա լիովին մոռանալ դրա մասին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 83)

Սթափվելով՝ ես տեսա, թե որքան դատարկված էր իմ կյանքը, և զգացի ինձ ճնշող մեղքի ու ափսոսանքի զգացումները: Ծրագրի Չորրորդ և Հինգերորդ Քայլերն օգնեցին ինձ բուժվել այդ տանջալի ափսոսանքներից: Ես հասկացա, որ եսասեր ու անազնիվ էի հարբեցողությանս պատճառով և որ խմում էի, քանի որ ես ալկոհոլիկ եմ:

Այժմ ես տեսնում եմ, թե ինչպես իմ անցյալի, նույնիսկ ամենատհաճ ապրումները կարող են վերածվել ոսկու, որովհետև որպես սթափ ալկոհոլիկ ես կարող եմ կիսվել իմ փորձով իմ ալկոհոլիկ ընկերների հետ, հատկապես՝ նորեկների: Ես արդեն մի քանի տարի է ինչ սթափ եմ ԱԱ-ում և այլևս չեմ ափսոսում անցյալի համար: Ես պարզապես երախտապարտ եմ Աստծո սիրո ինձ տրված գիտակցման համար և այն օգնության համար, որը ես կարող եմ ցուցաբերել Ընկերակցության մյուս անդամներին:

Հունվարի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐ

Բացառիկ դեպքերից բացի, ԱԱ անդամները հայտնաբերում են, որ իրենց մեջ բացահայտել են նախկինում անհայտ մի ներքին աղբյուր, որը նրանք այժմ իրենց սեփական ընկալմամբ նույնացնում են մի Ուժի հետ, որն ավելի հզոր է, քան իրենք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 184 / Alcoholics Anonymous, pp. 569–570)

ԱԱ-ում իմ ամենաառաջին օրերից, երբ ես դեռ նոր էի պայքարում սթափության համար, ես հույս գտա մեր հիմնադիրների այս խոսքերում: Ես հաճախ էի մտորում այն արտահայտության շուրջ, թե «նրանք բացահայտել են նախկինում անհայտ մի աղբյուր»: Ես հարցնում էի ինքս ինձ, թե ինչպես կարող եմ Ուժ գտնել իմ ներսում, եթե ես այդքան անզոր եմ:

Ժամանակի ընթացքում, ինչպես և խոստացել էին մեր «հնաբնակները», ինձ համար պարզ դարձավ. ես միշտ ունեցել եմ ընտրություն բարու և չարի, անշահախնդրության և եսասիրության, խոնարհության և վախի միջև: Այդ Ուժը, որն ավելի հզոր է, քան ես, իրենից ներկայացնում է իսկական մի պարգև, որը ես չէի գիտակցում, քանի դեռ չէի հասել ամենօրյա սթափության՝ կյանքս կառուցելով ԱԱ-ի Տասներկու Քայլերով:

Հունվարի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՏԱԿԻՆ ԸՆԿՆԵԼԸ

Ինչո՞ւ պետք է պնդել «ամենահատակը իջնելու» անհրաժեշտության վրա: Բանն այն է, որ առանց դրա շատ քիչ մարդիկ անկեղծորեն կսկսեն պահպանել ԱԱ Ծրագիրը: Որպեսզի ԱԱ անդամ լինելով հանդերձ անցնես մնացած Տասնմեկ Քայլերը, հարկավոր է ընդունել այնպիսի տեսակետ և կատարել այնպիսի արարքներ, որոնց մասին չի կարող նույնիսկ երազել գրեթե ցանկացած խմող ալկոհոլիկ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 29 / Twelve Steps and Twelve Traditions, p. 24)

«Հատակին» ընկնելը բացեց իմ աչքերը, և ես պատրաստ էի փորձել ապրել այլ կերպ: Եվ ես փորձեցի ԱԱ-ն: ԱԱ-ում իմ նոր կյանքն ինչ-որ չափով նման էր հեծանիվ վարելու առաջին փորձերին: ԱԱ-ն դարձավ իմ ղեկն ու աջակցող ձեռքը: Այնպես չէ, որ ես այդ ժամանակ շատ էի ուզում այդ օգնությունը, ես պարզապես չէի ուզում նորից ընկնել ու վնասվածքներ ստանալ:

Նոր անկումից, «հատակին» հայտնվելուց խուսափելու իմ ձգտումն ավելի ուժեղ էր, քան խմելու ցանկությունը: Եվ սկզբում հենց դա էր ինձ սթափ պահում: Բայց որոշ ժամանակ անց ես հայտնաբերեցի, որ ամբողջ ուժովս աշխատում եմ Քայլերով: Շուտով ես նկատեցի, որ իմ հայացքներն ու արարքները փոխվում են, թեկուզ մի փոքր: Օրեցօր ես ինձ ավելի լավ էի զգում, բարելավվում էին հարաբերություններն այլ մարդկանց հետ, վերքերս սկսում էին ապաքինվել: Փառք Աստծուն այս ղեկի և աջակցող ձեռքի համար, որոնք ես անվանում եմ Անանուն Ալկոհոլիկներ:

Հունվարի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ԼՈՒՌ

«Մեզ՝ ալկոհոլիկներիս մոտ, այսպիսի մի դժբախտություն կար. մենք պահանջում էինք, որ աշխարհը մեզ տրամադրի երջանկություն և հոգեկան անդորր հենց այն ճանապարհով, որով մենք ուզում էինք ստանալ դրանք՝ ալկոհոլի միջոցով: Եվ մենք պարտություն կրեցինք: Բայց երբ մենք սովորում ենք որոշակի հոգևոր օրենքներ, փորձում ենք խորապես ընդունել դրանք և կիրառել գործնականում, այն ժամանակ մենք իսկապես գտնում ենք երջանկություն և հոգեկան անդորր… Ըստ երևույթին, կան որոշակի կանոններ, որոնց մենք պետք է հետևենք, բայց երջանկությունն ու հոգեկան անդորրը միշտ կողքիդ են, բաց և հասանելի յուրաքանչյուրին»:

(Dr. Bob and the Good Oldtimers / Դոկտոր Բոբը և փառավոր հնաբնակները, p. 308)

ԱԱ Ծրագրի պարզությունը սովորեցնում է ինձ, որ երջանկությունն ամենևին էլ այն չէ, ինչ ես կարող եմ «պահանջել»: Այն լուռ գալիս է ինձ մոտ, երբ ես ծառայում եմ ուրիշ մարդկանց: Իմ ձեռքը մեկնելով նորեկին կամ նրան, ով սայթաքել է, ես նկատում եմ, թե ինչպես է իմ սեփական սթափությունն ամրապնդվում և լցվում երախտագիտությամբ ու երջանկությամբ:

Հունվարի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿՕԳՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱԺԱԿԸ

Վերհիշելով խմիչքի հետ կապված մեր անցյալի պատմությունները, մենք կարող էինք ցույց տալ, որ դեռ տարիներ առաջ, մինչ այն, երբ մենք կհասկանայինք, որ կորցրել ենք վերահսկողությունը ինքներս մեր նկատմամբ, ալկոհոլի հանդեպ մեր հակվածությունն արդեն պարզապես սովորություն չէր: Դա ճակատագրական անկման սկիզբն էր:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 29 / Twelve Steps and Twelve Traditions, p. 23)

Երբ ես խմում էի, չէի կարողանում հաղթահարել կյանքի իրավիճակներն այնպես, ինչպես դա անում են ուրիշ՝ ավելի առողջ մարդիկ: Ամենաչնչին իրադարձությունը, պատահարը ինձ հասցնում էին այնպիսի վիճակի, որ ես անմիջապես որոշում էի. դրանից ազատվելու համար ես պետք է խմեմ: Բայց բթացումը չէր բարելավում վիճակը, և ուստի ես կրկին ավելի ակտիվորեն էի դիմում շշին:

Այսօր ես պետք է հիշեմ իմ ալկոհոլիզմի մասին: Ես չեմ կարող թույլ տալ ինձ մտածել, որ վերահսկողություն եմ ձեռք բերել ոգելից խմիչքների օգտագործման նկատմամբ, հակառակ դեպքում ես կրկին կսկսեմ մտածել, որ վերահսկողություն եմ ձեռք բերել իմ կյանքի նկատմամբ: Վերահսկողության այս զգացումը կործանարար է իմ ապաքինման համար:

Հունվարի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՏՔ՝ ՇՈՒՐՋՕՐՅԱ

Հավատքը պետք է արարի մեր մեջ և մեր ձեռքերով օրական 24 ժամ, հակառակ դեպքում մենք կկործանվենք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 15 / Alcoholics Anonymous, p. 16)

Իմ հոգևորության և սթափության էությունը հիմնված է Բարձրագույն Ուժի հանդեպ ամենժամյա հավատքի վրա: Ինձ անհրաժեշտ է հիշել դա և ապավինել Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան, իմ առօրյա գործունեության մեջ: Ինչպիսի՜ մխիթարություն է ինձ համար այն, որ Աստված գործում է մարդկանց մեջ և մարդկանց միջոցով: Հիշո՞ւմ եմ արդյոք օրվա ընթացքում Աստծո ներկայության կոնկրետ օրինակների մասին: Ուրախանո՞ւմ եմ Նրա դրսևորման ակնհայտությամբ:

Ես լի եմ երախտագիտությամբ իմ ապաքինման մեջ Աստծո ներկայության համար: Առանց այս ամենակարող Ուժի ներկայության իմ բոլոր գործերում ես կրկին կընկնեի իմ հիվանդության հորձանուտը և կմեռնեի:

Հունվարի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԿԱՆԳ ԱՌՆԵԼ… ԵՎ ԽՆԴՐԵԼ»

Օրվա ընթացքում, եթե կասկածներ կամ հուզումներ են առաջանում որևէ առիթով, պետք է կանգ առնել մի րոպե և խնդրել Աստծուն ցույց տալ ճիշտ միտք կամ գործողություն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 85 / Alcoholics Anonymous, p. 87)

Այսօր ես խոնարհաբար խնդրում եմ Բարձրագույն Ուժին՝ ողորմած գտնվել՝ դադար տալ իմ մղման ու գործողության միջև. թույլ տալ, որ զով քամի փչի, երբ ես պատրաստ եմ արձագանքել տաքարյունությամբ. ընդհատել ցասումը հեզությամբ. սպասել, մինչև դատապարտումը դառնա բարյացակամություն. դիմել լռության, երբ իմ լեզուն պատրաստ է հարձակվելու կամ պաշտպանվելու:

Ես կօգտագործեմ ցանկացած հնարավորություն՝ Բարձրագույն Ուժին դիմելու առաջնորդության համար: Ես գիտեմ, թե որտեղ է գտնվում այդ Ուժը. այն բնակվում է իմ ներսում, մաքուր՝ ինչպես լեռնային գետակը, որ թաքնվել է գագաթների արանքում, սա անհայտ Ներքին Աղբյուրն է: Ես շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն Ուժին լույսի և ճշմարտության այս աշխարհի համար, որը տեսնում եմ, երբ թույլ եմ տալիս Նրան ուղղորդել իմ հայացքը: Ես հավատում եմ Նրան այսօր և հուսով եմ, ու Նա էլ հավատում է, որ ես կգործադրեմ բոլոր ջանքերը՝ ճիշտ միտք գտնելու կամ ճիշտ արարք գործելու համար:

Հունվարի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՕԳՆԵԼ ՔՈ ԵՂԲՈՐԸ

ԱԱ անդամը նորեկի հետ խոսում է ոչ թե ուժի դիրքերից, այլ խոնարհության և թուլության դիրքերից:

(ԱԱ-ն հասունանում է / A. A. Comes of Age, p. 279)

Գտնվելով ԱԱ-ում՝ ես խնդրում եմ Աստծուն ուղղորդել իմ մտքերն ու խոսքերը: Ընկերակցության աշխատանքներին մշտական մասնակցությունը հաճախ հնարավորություն է տալիս ինձ արտահայտվելու: Ուստի ես անընդհատ խնդրում եմ Աստծուն օգնել ինձ հետևել իմ մտքերին և խոսքերին, որպեսզի դրանք ճիշտ և հասկանալի ներկայացնեն մեր Ծրագիրը: Ես նաև խնդրում եմ Նրան օգնել կենտրոնացնել իմ ձգտումները Նրա առաջնորդությունը որոնելիս, օգնել ինձ լինել ճշմարտապես բարի և սիրող, օգնող և աջակցող և, միևնույն ժամանակ, լի խոնարհությամբ ու զերծ ամենափոքր իսկ ամբարտավանությունից:

Միանգամայն հնարավոր է, որ այսօր ես ստիպված լինեմ գործ ունենալ ինչ-որ մեկի անընդունելի վարքագծի կամ տհաճ արտահայտության հետ, ավա՜ղ, դա բնորոշ է դեռևս տառապող ալկոհոլիկին: Եթե վիճակված է, որ դա պատահի, ես մի րոպեով կկենտրոնանամ Աստծո վրա, որպեսզի արձագանքեմ իրավիճակին ինքնատիրապետմամբ, հասկանալու կարողությամբ և օգնություն ցուցաբերելու ցանկությամբ:

Հունվարի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԹՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԼԻՆԻ»

Մի քանի ժամ անց ես պատրաստվեցի հեռանալ դոկտոր Բոբի մոտից… Մի հրաշալի հին, լայն ժպիտ կար նրա դեմքին, երբ նա ասաց, գրեթե կատակով. «Հիշի՛ր Բիլլ, արի չփչացնենք սա: Թող ամեն ինչ պարզ լինի»: Ես շրջվեցի՝ ի վիճակի չլինելով ոչ մի բառ ասել: Դա վերջին անգամն էր, որ տեսա նրան:

(ԱԱ-ն հասունանում է / A. A. Comes of Age, p. 214)

Սթափության մի քանի տարիներից հետո ես երբեմն հարցնում եմ ինքս ինձ. «Մի՞թե ամեն ինչ այսքան պարզ է»: Ապա ժողովներին ես հանդիպում եմ նախկին ցինիկների ու թերահավատների, ովքեր դուրս են եկել դժոխքից ԱԱ-ի արահետով՝ իրենց կյանքն առանց ալկոհոլի բաժանելով 24 ժամերի: Այդ 24 ժամվա ընթացքում նրանք գործնականում կիրառում էին (յուրաքանչյուրն իր ունակությունների չափով) ԱԱ ընդամենը մի քանի Սկզբունքներ: Եվ այդժամ ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ թեև դա միշտ չէ, որ հեշտ է, բայց եթե ես պահպանեմ այս պարզությունը, ապա կպահպանվի նաև Ծրագրի արդյունավետությունը:

Հունվարի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ

…մենք ամենևին էլ մռայլ մարդիկ չենք: Եթե մեր նոր անդամները ոչ մի ուրախություն չտեսնեին մեր նոր կենսակերպում, եթե նրա մեջ ուրախություն չլիներ, նրանք չէին գնա մեզ հետ նույն ճանապարհով: Մենք խորապես համոզված ենք, որ պետք է կյանքով ուրախանալ: Մենք ցինիկաբար չենք դատում աշխարհում ազգերի վիճակի մասին, բայց նաև մեր ուսերին չենք վերցնում համաշխարհային խնդիրները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 128 / Alcoholics Anonymous, p. 132)

Երբ իմ սեփական տունը կարգին է, ես տեսնում եմ, որ ավելի հեշտ եմ հաղթահարում իմ կյանքի մյուս խնդիրները: Ազատվելով մեղքի զգացումից և խղճի խայթից, որոնք թափանցում էին իմ հարբեցողության տարիները, ես գտա իմ տեղն իրական աշխարհում, բայց այս վիճակը պետք է պահպանել: Երբեմն պետք է ինքդ քեզ հարցնես. արդյո՞ք ինձ ուրախ է: Եթե այս հարցն ինձ համար դժվար է կամ ցավոտ, ապա, միգուցե, ես ինձ չափազանց լուրջ եմ վերաբերվում և հետևաբար չեմ նկատում, որ շեղվել եմ Ծրագրից, իսկ միանգամայն հնարավոր է, որ տունն ինքնին այնքան էլ կարգին վիճակում չէ:

Ես կարծում եմ, որ իմ ապրած ցավն այն միջոցներից մեկն է, որով Բարձրագույն Ուժը գրավում է իմ ուշադրությունը՝ դրդելով ինձ վերագնահատել իմ գործողությունները: Այն չնչին ժամանակն ու ջանքերը, որոնք պահանջվում են Ծրագրով աշխատելու համար, ինչպես, օրինակ, իմ կյանքի առանձին կողմերը գնահատելիս կամ վնասը փոխհատուցելիս (որտեղ հնարավոր է), հատուցվում են հարյուրապատիկ:

Հունվարի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԵԼ

Գնալով ավելի շատ գործողություններ են պահանջվում: «Հավատքն առանց գործի մեռած է»… մեր միակ նպատակը ուրիշ մարդկանց օգնություն ցուցաբերելն է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 85, 87 / Alcoholics Anonymous, pp. 88, 89)

Ես հասկանում եմ, որ ծառայությունը ապաքինման կենսականորեն կարևոր մասն է, բայց հարց է առաջանում. «Իսկ ե՞ս ինչ կարող եմ անել»: Չէ՞ որ կարելի է պարզապես սկսել սեփական մերձավոր շրջապատից: Ես նայում եմ շուրջս. ի՞նչ կարող եմ ես անել: Մոխրամանները լիքն են մնացորդներո՞վ: Մաքրել դրանք՝ ահա արդեն և առաջին գործը: Ամենալավ վարողը կարող է շատ վատ սուրճ պատրաստել,

ԱԱ անդամը, ով բոլորից լավ գիտի շփվել նորեկների հետ, կարող է դժվարությամբ կարդալ, նա, ով պատրաստ է մաքրել տարածքը, կարող է ինչ-որ բան շփոթել բանկային հաշվի հետ, և, այնուամենայնիվ, այս մարդկանցից յուրաքանչյուրը և նրանց աշխատանքը անհրաժեշտ են խմբի արդյունավետության համար: Ծառայության հրաշքը կայանում է հետևյալում. երբ ես անում եմ այն, ինչ կարող եմ, հայտնաբերում եմ, որ բացվում են շատ ավելի շատ հնարավորություններ, քան ես ենթադրում էի նախկինում:

Հունվարի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ՊԵՏՔ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ

Մենք ասում ենք յուրաքանչյուր ալկոհոլիկի. «Դու ԱԱ անդամ ես, եթե դու հայտարարում ես այդ մասին… ոչ ոք չի կարող քեզ դուրս հանել կազմակերպությունից…»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 155 / Twelve Steps and Twelve Traditions, p. 139)

Տարիներ շարունակ, երբ ես խորհում էի Երրորդ Ավանդույթի շուրջ («ԱԱ անդամ լինելու միակ պայմանը խմելը թողնելու ցանկությունն է»), ես մտածում էի, որ այն նախատեսված է միայն նորեկների համար, երաշխավորելով, որ ոչ ոք նրանց համար չի փակի մուտքը ԱԱ: Այսօր ես հսկայական երախտագիտություն եմ զգում այն հոգևոր զարգացման համար, որն ինձ տվեց այս Ավանդույթը:

Ես չեմ փնտրում մարդկանց, ովքեր նկատելիորեն տարբերվում են ինձանից: Երրորդ Ավանդույթն ընդգծում է այն միակ, ընդհանուր բանը իմ և ԱԱ-ի մյուսների միջև: Այն ինձ թույլ տվեց հասկանալ և օգնել ամենատարբեր ալկոհոլիկների, ինչպես և նրանք արդեն օգնել են ինձ: Շարլոտան՝ աթեիստուհի, ցույց տվեց ինձ էթիկայի և պատվի բարձրագույն չափանիշները. Քլեյը՝ այլ ռասայի մարդ, սովորեցրեց ինձ համբերատարություն. երիտասարդ Մեգանն ասում է, որ երբ տեսնում է ինձ իմ սթափության 30 տարիներով, դա օգնում է իրեն նորից հաճախել ժողովներին: Երրորդ Ավանդույթն ապահովեց այն, ինչ մեզ պետք է՝ միմյանց:

Հունվարի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԲԱՍԻՐ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է ուզում լինել անբասիր ազնիվ և հանդուրժող: Ո՞վ է ուզում խոստովանել իր արատներն ուրիշների առջև և փոխհատուցել հասցված վնասը: Ո՞ւմ է գոնե մի փոքր հուզում ինչ-որ Բարձրագույն Ուժ, էլ չենք խոսում մեդիտացիայի և աղոթքի մասին: Ո՞վ է ուզում զոհաբերել իր ժամանակը և էներգիա ծախսել այն բանի վրա, որպեսզի փոխանցի ԱԱ-ի գաղափարները մյուս տառապյալներին: Ոչ, սովորական, իր ապրումներով տարված ալկոհոլիկին չեն հետաքրքրում նման խնդիրները՝ իհարկե, եթե նրան չստիպի ողջ մնալու ցանկությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 29–30 / Twelve Steps and Twelve Traditions, p. 24)

Ես ալկոհոլիկ եմ: Եթե խմեմ, կմեռնեմ: Աստվա՜ծ իմ, ինչպիսի ուժ, էներգիա և զգացմունքներ է ծնում իմ մեջ այս պարզ ճշմարտությունը: Եվ սա իսկապես այն ամենն է, ինչ ինձ պետք է իմանալ այսօրվա դրությամբ: Ուզո՞ւմ եմ արդյոք այսօր ողջ մնալ: Ուզո՞ւմ եմ արդյոք այսօր սթափ մնալ: Պատրա՞ստ եմ արդյոք օգնություն խնդրել և պատրա՞ստ եմ արդյոք այսօր օգնել մեկ այլ տառապող ալկոհոլիկի: Գիտակցե՞լ եմ արդյոք իմ վիճակի մահացու վտանգավորությունը: Ի՞նչ պետք է անեմ այսօր սթափ մնալու համար:

Հունվարի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՄԵՂՔԻՑ

Ինչ վերաբերում է այլ մարդկանց, ապա պետք էր հրաժարվել «մեղք» բառից մեր խոսակցություններում և մտքերում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 55 / Twelve Steps and Twelve Traditions, p. 47)

Երբ ես փորձում եմ ընդունել իմ անզորությունը, սկսում եմ հասկանալ, որ ինքս ինձ մեղադրելն իմ կյանքի բոլոր դժբախտությունների համար կարող է ինձ ետ քաշել դեպի հուսահատություն: Օգնության դիմելը և Քայլերում ու Ավանդույթներում դրված գաղափարների հանդեպ խորը ուշադրությունը օգնում են փոխել այս մոտեցումը, որը խանգարում է իմ ապաքինմանը: Մինչև ԱԱ գալը ես այնքան էի ձգտում հավանություն ստանալ ազդեցիկ դիրք զբաղեցնող մարդկանց կողմից, որ պատրաստ էի զոհաբերել ինձ և ուրիշ մարդկանց, միայն թե հենարան գտնեմ այս աշխարհում:

Եվ ինձ անփոփոխ կերպով հետապնդում էին անհաջողությունները: Ծրագրում ես գտա իսկական ընկերներ, ովքեր սիրում, հասկանում և ձգտում են օգնել ինձ՝ իմանալու ճշմարտությունն իմ մասին: Տասներկու Քայլերի օգնությամբ ես կարող եմ կառուցել ավելի լավ կյանք, ազատ՝ մեղքի զգացումից և ինքնարդարացման անհրաժեշտությունից:

Հունվարի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՑՅԱԼԻ ԳԱՆՁԵՐԸ

…ցույց տալ ուրիշներին, թե ինչպես մեզ նմանատիպ իրավիճակում օգնություն եկավ: Հենց դա է մեր կյանքը դարձնում ավելի արժեքավոր: Դուք պետք է մտածեք, որ Ամենաբարձրյալի ձեռքերում մեր մութ անցյալը վերածվում է մեծագույն գանձի՝ բանալի դեպի ուրիշների կյանքն ու երջանկությունը: Ձեր փորձը կօգնի ուրիշներին խուսափել մահվանից ու վշտից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 120 / Alcoholics Anonymous, p. 124)

Ինչպիսի՜ նվեր է ինձ համար՝ հայտնաբերել, որ այդ բոլոր, անօգուտ թվացող տարիներն իզուր չեն անցել: Ամենասարսափելի անկումների ու ստորացումների փորձը դառնում է ամենահզոր գործիքն ուրիշներին օգնելու նրանց ապաքինման գործում: Ճանաչելով ամոթի և հուսահատության խորքերը՝ ես կարող եմ մեկնել սիրո և կարեկցանքի ձեռք, և ես գիտեմ, որ ինձ հասանելի է Աստծո շնորհը:

Հունվարի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԻՍՎԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ձեր կյանքը նոր իմաստ ձեռք կբերի: Հետևեք, թե ինչպես են մարդիկ ապաքինվում, ինչպես են նրանք, իրենց հերթին, սկսում օգնել ուրիշներին, ինչպես են նրանք դադարում մենակ լինել, ինչպես է ձեր շուրջը եղբայրություն առաջանում: Ընկերների լայն շրջապատն իր հետ բերում է արժեքավոր փորձ, որն անտեսել չի կարելի: Մենք համոզված ենք, որ դուք չեք հրաժարվի դրանից: Հաճախակի շփումները նորեկների հետ և միմյանց հետ կդառնան ձեր կյանքի վառ իրադարձությունները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 86 / Alcoholics Anonymous, p. 89)

Այն գիտակցումը, որ յուրաքանչյուր նորեկ, որի հետ ես կիսվում եմ, հնարավորություն է ստանում զգալու նույն թեթևացումը, որը ես գտել եմ Ընկերակցությունում, լցնում է ինձ ուրախությամբ և երախտագիտությամբ: Ես հավատում եմ, որ ինչպես դա տեղի ունեցավ ինձ հետ, այնպես էլ նրանց համար կիրականանան ԱԱ-ի բոլոր Խոստումները, եթե նրանք օգտվեն իրենց ընձեռնված հնարավորությունից և ընդունեն Ծրագիրը:

Հունվարի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՈՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Մենք կճանաչենք նոր ազատություն…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 83)

Ազատությունն ինձ համար և՛ ինչ-որ բանից ազատություն է, և՛ ինչ-որ բան անելու ազատություն: Առաջին ազատությունը, որը ես վայելում եմ, ալկոհոլի ստրկությունից ազատությունն է: Ինչպիսի՜ թեթևացում: Ապա ես ստանում եմ ազատություն վախից. վախ՝ մարդկանցից, վախ՝ անփողությունից, ոստիկանության կողմից ձերբակալվելուց, վախ՝ անհաջողությունից, մերժումից:

Այնուհետև ես սկսում եմ վայելել այսօր սթափություն ընտրելու ազատությունը, ինքս ինձնով լինելու ազատությունը, իմ կարծիքն արտահայտելու, հանգստություն զգալու, սիրելու և սիրված լինելու ազատությունը և հոգևոր աճի ազատությունը: Բայց ինչպե՞ս հասնեմ այս ազատություններին: Մեծ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ, անցնելով նույնիսկ ճանապարհի կեսը իմ կողմից հասցված վնասը փոխհատուցելու գործում, ես կսկսեմ ճանաչել նոր ազատություն. բայց ոչ նախկին ըմբռնմամբ՝ վարվել այնպես, ինչպես ես եմ ուզում, անտեսելով ուրիշներին, այլ նորը, որը կապահովի ԱԱ-ի խոստումների կատարումն իմ կյանքում: Ինչպիսի՜ ուրախություն է ազատ լինելը:

Հունվարի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Անանուն Ալկոհոլիկների Միասնությունը ամենաարժեքավորն է, ինչ ունի մեր Ընկերակցությունը… Կամ մենք կպահպանենք միասնությունը, կամ ԱԱ-ն կդադարի գոյություն ունենալ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 143 / Twelve Steps and Twelve Traditions, p. 129)

Մեր Ավանդույթները առանցքային դեր են խաղում հպարտության (գոռոզության) նվազեցման գործում, ինչն անհրաժեշտ է սթափության հասնելու և պահպանելու համար: Առաջին Ավանդույթը հիշեցնում է ինձ, որ ես չեմ կարող ինձ վերագրել արժանիքներս իմ ապաքինման գործում կամ իշխանություն դրա նկատմամբ: Մեր ընդհանուր բարօրությունը դնելով առաջին տեղում՝ ես ընդունում եմ, որ ես բուժող չեմ այս Ծրագրում:

Ես դեռևս հիվանդներից մեկն եմ: Չհավակնելով ճանաչման՝ այս հիվանդասենյակը կառուցել են ԱԱ-ի ավագ անդամները: Առանց դրա ես դժվար թե ողջ մնայի: Իսկ կա՞ն արդյոք ալկոհոլիկներ, ովքեր ապաքինվելու շանսեր ունեն ԱԱ խմբից դուրս: Նորից ու նորից խոնարհելով իմ կամքը՝ ես հեռանում եմ ճնշելու և ճանաչման հասնելու ձգտումից: Այս ձգտումները գլխավոր դեր էին խաղում իմ ալկոհոլիզմի մեջ: Խմբի ընդհանուր բարօրության շահերից ելնելով իմ անձնական ցանկությունների մի կողմ դնելը ներդրում է ԱԱ-ի միասնության մեջ, որն ապահովում է ապաքինման հուսալիությունը: Դա օգնում է ինձ հիշել, որ ամբողջը մեծ է նրա մասերի գումարից:

Փետրվարի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՊԱՏԱԿԸ՝ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ

«…Երկրորդ Քայլի իմաստը դանդաղ և զգուշորեն սկսեց մուտք գործել իմ կյանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ և ինչ հանգամանքներում ես սկսեցի հավատալ մի Ուժի, որն ավելի հզոր է, քան ես, բայց տվյալ պահին ես ունեմ նման հավատք»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 33 / Twelve Steps and Twelve Traditions, p. 27)

«Գալ համոզման»: Ես ընդունում էի իմ հավատքը միայն խոսքով, երբ համապատասխան տրամադրություն ունեի կամ էլ պարզապես ցուցադրաբար: Իրականում ես չէի վստահում Աստծուն: Ես չէի հավատում, որ Նա հոգ է տանում իմ մասին: Ես համառորեն փորձում էի փոխել այն, ինչ չէի կարող փոխել: Աստիճանաբար, դիմադրելով, ես սկսեցի ամեն ինչ հանձնել Աստծուն՝ հայտարարելով. «Եթե Դու այդքան ամենակարող ես, ապա Դու էլ հոգ տար այս մասին»:

Եվ Նա հենց այդպես էլ արեց: Ես սկսեցի պատասխաններ ստանալ իմ ամենախորը խնդիրներին, երբեմն՝ ամենաարտասովոր ժամանակ. աշխատանքի գնալիս, ճաշելիս կամ երբ խորը քնած էի: Ես հասկացա, որ ինքս չեմ գտնում այս լուծումները. ինձ դրանք տալիս է Բարձրագույն Ուժը: Ես հավատացի:

Փետրվարի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՆՁՆՎԱԾԸ՝ ՓՐԿՎԱԾ Է

Այսպես կոչված տիպիկ ալկոհոլիկը բնութագրվում է ինքնասիրահարված էգոցենտրիկ «ես»-ով, որտեղ գերակշռում են ամենակարողության զգացումը և ամեն գնով իր անձեռնմխելիությունը պահպանելու մտադրությունը… Հոգու խորքում ալկոհոլիկը չի հանդուրժում ոչ մի վերահսկողություն ո՛չ մարդու, ո՛չ Աստծո կողմից: Նա, ալկոհոլիկը, կա և պետք է լինի իր ճակատագրի տերը: Նա կպայքարի մինչև վերջ՝ այս դիրքը պահպանելու համար:

(ԱԱ-ն հասունանում է / A. A. Comes of Age, p. 311)

Մեծագույն գաղտնիքն այն է, թե ինչու են մեզանից ոմանք մահանում ալկոհոլային մահով՝ պայքարելով իրենց «ես»-ի «անձեռնմխելիությունը» պահպանելու համար, մինչդեռ մյուսները, ըստ ամենայնի, առանց առանձնակի ջանքերի սթափվում են ԱԱ-ում: Բարձրագույն Ուժի պարգևը՝ սթափությունը, ինձ մոտ եկավ, երբ խմելը թողնելու ոչնչով չբացատրվող ցանկությունը համընկավ ԱԱ-ի մարդկանցից օգնություն ընդունելու իմ պատրաստակամության հետ: Ես պետք է հանձնվեի, քանի որ կարող էի փրկություն գտնել միայն Աստծո և իմ ընկերների միջոցով:

Փետրվարի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՄ

Մեզ պետք էր ինքներս մեզ տալ ընդամենը մեկ կարճ հարց. «Հավատո՞ւմ եմ արդյոք ես, կամ պատրա՞ստ եմ հավատալ, որ գոյություն ունի մի Ուժ, որն ավելի հզոր է, քան ես ինքս»: Հենց որ մարդն ընդունում է, որ հավատում է կամ պատրաստ է հավատալ, մենք փորձում ենք համոզել նրան, որ նա ճիշտ ճանապարհի վրա է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 46 / Alcoholics Anonymous, p. 47)

Ես միշտ տարված եմ եղել գիտական սկզբունքների ուսումնասիրությամբ: Բացարձակ Գիտելիքի ձգտման մեջ ես էմոցիոնալ և ֆիզիկապես հեռացած էի մարդկանցից: Աստված և հոգևորությունը անիմաստ տեսական գաղափարներ էին: Ես ժամանակակից գիտության մարդ էի, գիտելիքն իմ Բարձրագույն Ուժն էր: Կյանքը թվում էր պարզապես ևս մեկ խնդիր, որի լուծման համար պահանջվում էր հավասարումների ճիշտ հավաքածու:

Միևնույն ժամանակ իմ ներքին էությունը մահանում էր խնդիրների կոպիտ արտաքին լուծումից՝ ալկոհոլից: Չնայած իմ կրթությանը, ալկոհոլը դարձավ իմ Բարձրագույն Ուժը: Միայն անվերապահ սիրո միջոցով, որը ճառագում էին մարդիկ ԱԱ ժողովներին, ես կարողացա ազատվել ալկոհոլից՝ որպես Բարձրագույն Ուժի: Լրացվեց մի հսկայական դատարկություն: Ես այլևս միայնակ և կյանքից կտրված չէի: Ես գտա ճշմարիտ Ուժը, որն ավելի հզոր է, քան ես ինքս, գտա Աստծո սերը: Այժմ ինձ համար նշանակություն ունի միայն մեկ հավասարում. Աստված գտնվում է ԱԱ-ում:

Փետրվարի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԲ ՉԿԱ ՀԱՎԱՏՔ

Երբեմն պարզվում է, որ ԱԱ-ի սկզբունքներն ավելի դժվար են ընկալվում նրանց կողմից, ովքեր կորցրել կամ մերժել են հավատքը, քան նրանց, ովքեր չեն ունեցել այն, քանի որ առաջինները կարծում են, որ իրենք դիմել են հավատքին և դա չի օգնել: Նրանք ճաշակել են և՛ հավատքը, և՛ անհավատությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 34 / Twelve Steps and Twelve Traditions, p. 28)

Ես այնքան համոզված էի, որ Աստված ինձ հուսախաբ է արել, որ դարձա ցուցադրաբար հանդուգն: Ես ավելի լավ գիտեի, թե ինչ անել, և գնացի վերջին արբեցողության (զապոյի) գիրկը: Իմ հավատքը վերածվեց դառնության, և պատահական չէ. նրանք, ովքեր մեծ հավատք են ունեցել, ավելի ցավոտ են ընկնում: Նույնիսկ ԱԱ գալուց հետո ժամանակ պահանջվեց, որպեսզի կրկին բորբոքվի իմ հավատքը:

Բանականությամբ ես երախտապարտ էի այն բանի համար, որ ողջ մնացի նման սարսափելի անկումից հետո, բայց իմ սիրտը մնում էր փակ: Այնուամենայնիվ, ես կառչած էի ԱԱ Ծրագրից՝ հասկանալով, որ հակառակ դեպքում պարզապես կկործանվեմ: Ես շարունակում էի գնալ ժողովների, և հավատքս աստիճանաբար հարություն առավ:

Փետրվարի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՂՁԱԼԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Միայն դադարեցնելով վիճաբանությունը ես սկսեցի տեսնել և ընկալել: Հենց այդ ժամանակ Երկրորդ Քայլի իմաստը դանդաղ և զգուշորեն սկսեց մուտք գործել իմ կյանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ և ինչ հանգամանքներում ես սկսեցի հավատալ մի Ուժի, որն ավելի հզոր է, քան ես, բայց տվյալ պահին ես ունեմ նման հավատք: Դրան հասնելու համար ես ստիպված էի հրաժարվել պայքարից և ոգևորությամբ հետևել ԱԱ Ծրագրի մնացած բոլոր կետերին:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 33 / Twelve Steps and Twelve Traditions, p. 27)

Իմ կյանքի երկար տարիներից հետո, որոնք ներծծված էին կամայականության խրախճանքով, Երկրորդ Քայլը վերջապես ազատեց ինձ լիակատար մենակությունից: Հիմա իմ ճանապարհին չկա ոչ մի ցավոտ կամ անհաղթահարելի բան: Այժմ միշտ կա Մեկը, Ում հետ ես կարող եմ կիսել կյանքի դժվարությունները: Երկրորդ Քայլն ամրապնդեց իմ կապն Աստծո հետ, և այժմ ես հասկանում եմ, որ իմ խելագարությունն ու հպարտությունը սերտորեն փոխկապակցված էին: Առաջինից ազատվելու համար ես պետք է երկրորդը հանձնեմ Նրան, Ում ուսերը շատ ավելի լայն են իմից:

Փետրվարի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԵՏ

Ուստի Երկրորդ Քայլը մեկնարկային կետ է բոլորիս համար: Ագնոստիկները, աթեիստները և նախկին հավատացյալները, մենք կարող ենք միասին կատարել այս Քայլը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 40 / Twelve Steps and Twelve Traditions, p. 33)

Ես վստահ եմ, որ ԱԱ Ծրագիրը ստեղծվել է Աստծո Նախախնամությամբ և որ Աստված ներկա է ԱԱ-ի յուրաքանչյուր ժողովին: Ես տեսնում եմ, հավատում եմ և գիտեմ, որ ԱԱ-ն փրկում է, քանի որ այսօր ես սթափ եմ մնում: Ես վստահում եմ իմ կյանքն ԱԱ-ին և Աստծուն արդեն նրանով, որ հաճախում եմ ԱԱ ժողովներին: Եթե Աստված իմ սրտում է և ուրիշ մարդկանց սրտերում, ուրեմն ես ամբողջի էական մասն եմ, այլ ոչ թե մեկուսացված էություն:

Եթե Աստված իմ սրտում է և դիմում է ինձ ուրիշ մարդկանց միջոցով, ուրեմն նաև իմ միջոցով Նա ինչ-որ բան է ասում այլ մարդկանց: Ես կձգտեմ կատարել Նրա կամքը՝ հետևելով հոգևոր սկզբունքներին, և իմ պարգևը կլինի ողջախոհությունն ու էմոցիոնալ սթափությունը:

Փետրվարի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՎԱՏՔ

Իսկական խոնարհությունը և անկողմնակալ վերաբերմունքը կարող են մեզ հասցնել հավատքի, և ԱԱ-ի յուրաքանչյուր ժողով երաշխիք է այն բանի, որ Աստված մեզ կվերադարձնի ողջախոհությունը, եթե մենք գտնենք Նրա հետ շփվելու ճիշտ ձևը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 40 / Twelve Steps and Twelve Traditions, p. 33)

Իմ վերջին հարբեցողությունն ինձ լիովին կոտրված հասցրեց հիվանդանոց: Իմ աչքերի առաջով անցավ իմ ողջ կյանքը: Ես տեսա, որ խմելու պատճառով ստիպված էի ապրել համատարած մղձավանջի մեջ: Իմ կամայականությունը և ալկոհոլի հանդեպ մոլուցքը ինձ տարել էին հալյուցինացիաների, հիշողության կորուստների, հուսահատության անդունդը:

Վերջնականապես կոտրված, ես աղաչեցի Աստծո օգնությունը: Նրա կամքով ես շրջվեցի դեպի հավատքը: Ալկոհոլի հանդեպ իմ կիրքը վերացավ, և անհետացավ իմ էմոցիոնալ խելագարությունը: Ես այլևս չեմ վախենում: Հիմա իմ կյանքն անցավ է և խելամիտ:

Փետրվարի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՄՈԶԵԼ ՄԵՐ «ՄՈՒԹ ԿԵՍԻՆ»

Նույնիսկ երբ մենք հաջողությամբ հարթում ենք մեր ճանապարհը, ուրախությունն ու հանգստությունը դեռ խույս են տալիս մեզանից: Այստեղ սայթաքում են շատ ԱԱ «հնաբնակներ»: Սա բառացիորեն անիծված վայր է: Ինչպե՞ս մեր խորքային գիտակցությունը, որից դեռ դուրս են ժայթքում այդքան շատ վախեր, անվերահսկելի պոռթկումներ և կեղծ հավակնություններ, համապատասխանեցնել այն բանի հետ, ինչին մենք իսկապես հավատում ենք, ինչ գիտենք և ինչ ենք ուզում: Մեր բութ, բուռն և թաքնվող «մութ կեսին» համոզելը դառնում է մեր հիմնական խնդիրը:

(Լավագույնը Բիլից / The Best of Bill, pp. 42–43)

Ժողովներին կանոնավոր հաճախելը, ծառայությունը և ուրիշներին օգնելը այն դեղատոմսն են, որը շատերը փորձել են և հաջող են գտել: Երբ ես շեղվում եմ այս հիմնական սկզբունքներից, հին սովորությունները նորից դրսևորվում են, և վերադառնում է իմ հին «ես»-ը իր բոլոր վախերով և արատներով: ԱԱ-ի յուրաքանչյուր անդամի մշտական նպատակը կայուն սթափությունն է, որը ձեռք է բերվում օր առ օր (մեկական օրով):

Փետրվարի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Որքա՜ն հաճախ ենք ԱԱ ժողովներին լսում, թե ինչպես է ելույթ ունեցողը հայտարարում. «Բայց ես դեռ հոգևորություն չեմ ձեռք բերել»: Մինչ այդ նա նկարագրեց վերափոխման հրաշքները, որոնք տեղի են ունեցել իր մեջ. ոչ միայն ազատագրում ալկոհոլից, այլև կյանքի և բուն կյանքի նկատմամբ վերաբերմունքի լիակատար փոփոխություն: Գրեթե բոլոր ներկաների համար ակնհայտ է, որ նա արդեն ստացել է ամենակարևոր նվերը, բայց ինքը, կարծես, դեռ չգիտի այդ մասին: Մենք շատ լավ գիտենք, որ այս կասկածողը կես տարի կամ մեկ տարի անց մեզ կասի, որ հավատք է գտել առ Աստված:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 275)

Կյանքը, որը ժամանակին դատարկ և իմաստազուրկ էր թվում, այսօր լի է և ուրախալի. այս գիտակցումը դարձավ իմ հոգևոր փորձը: Ամենօրյա աղոթքը և մեդիտացիան, Տասներկու Քայլերով կյանքն ինձ բերեցին ներքին հանգստություն և հաղորդակցության զգացում, որոնց մասին չէի էլ կարող երազել, երբ խմում էի:

Փետրվարի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ՉԵՄ ՂԵԿԻՆ

Երբ մենք դարձանք ալկոհոլիկներ՝ կոտրված այն ճգնաժամից, որի մեջ մենք ինքներս մեզ քաշեցինք, մենք այլևս չէինք կարող հետաձգել այս հարցի լուծումը կամ խուսափել դրանից: Մենք ստիպված էինք անկողմնակալ պատասխանել այն հարցերին. «Աստված ամե՞ն ինչ է, թե՞ ոչինչ: Կա՞ Աստված, թե՞ Նա չկա: Ո՞րն է մեր ընտրությունը»:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 52 / Alcoholics Anonymous, p. 53)

Այսօր ես ընտրում եմ Աստծուն: Նա ամեն ինչ է: Եվ ես իսկապես երախտապարտ եմ դրա համար: Երբ ինձ թվում է, որ «ես եմ ղեկին», ես փակում եմ Աստծո ճանապարհը դեպի իմ կյանք: Ես աղոթում եմ, որ հիշեմ այս մասին, երբ իմ մեջ նորից արթնանում է հպարտությունը: Գլխավորն այն է, որ այսօր ես ընտրել եմ հոգևոր աճ, և Աստված ինձ համար ամեն ինչ է: Երբ ես փորձում էի թողնել խմելը ինքնուրույն, ինձ մոտ ոչ մի անգամ չստացվեց, բայց Աստծո և ԱԱ-ի հետ ստացվում է: Կարծես թե սա բավականին պարզ միտք է նույնիսկ ալկոհոլիկի բարդ հոգեկանի համար:

Փետրվարի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մենք հարցրինք ինքներս մեզ. որտեղի՞ց մեզ մոտ այս վախերը: Արդյոք պատճառն այն չէ՞ր, որ մենք ամեն ինչում հույսներս դնում էինք ինքներս մեզ վրա, և դա մեզ հուսախաբ արեց:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 66 / Alcoholics Anonymous, p. 68)

Իմ թերություններն ինձ բաժանում են Աստծո կամքից: Երբ ես երես եմ թեքում Նրա հետ իմ կապից, ես մենակ եմ մնում աշխարհի և իմ ալկոհոլիզմի հետ և ստիպված եմ ինքս պատասխան տալ ամեն ինչի համար: Քանի դեռ ես հույսս դնում էի միայն ինքս ինձ վրա, ես հանգստության և ապահովության զգացում չունեի, և դրա միակ արդյունքը վախի և դժգոհության մեջ ապրելն էր:

Աստված ինձ մեկնում է դեպի Իրեն և դեպի Իր ներդաշնակության ու խաղաղության պարգևը տանող վերադարձի ճանապարհը: Բայց նախ պետք է վճռականություն ունենամ տեսնելու իմ վախերը, հասկանալու նրանց էությունը և իշխանությունը իմ վրա: Ուստի ես հաճախ եմ խնդրում Աստծուն ցույց տալ ինձ, թե ինչով եմ ես ինձ բաժանում Նրանից:

Փետրվարի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԲՈԼՈՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

Եսասիրություն՝ էգոցենտրիզմ: Սրանում է, մենք կարծում ենք, մեր բոլոր խնդիրների արմատը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 60 / Alcoholics Anonymous, p. 62)

Ինչպիսի՜ ապշեցուցիչ հայտնագործություն, որ աշխարհը և նրա մեջ ամեն ինչ կարող են հրաշալի կերպով յոլա գնալ առանց ինձ: Ինչպիսի՜ թեթևացում իմանալ, որ մարդիկ և առարկաները կարող են նորմալ գոյություն ունենալ առանց իմ վերահսկողության և ղեկավարման: Խոսքերը չեն հերիքում արտահայտելու համար, թե որքան հրաշալի է գալ համոզման, որ Ուժը, որն ավելի հզոր է, քան ես, գոյություն ունի ինձանից առանձին և անկախ:

Ես գիտեմ՝ իմ և Աստծո միջև առանձնացվածության այս զգացումը մի օր կանհետանա: Առայժմ, հավատքի միջոցով ես կձգտեմ հասկանալ իմ կյանքի իմաստը:

Փետրվարի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՆԵԼ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ

Նրանց, ովքեր հենվում են միայն բանականության վրա, ԱԱ-ի շատ անդամներ կարող են ասել. «Այո, մենք էլ էինք ձեզ նման՝ չափազանց խելացի՝ ի վնաս մեզ… Գաղտնի մենք կարծում էինք, որ կարող ենք բարձրանալ մյուս մարդկանցից՝ հենվելով միայն մեր ինտելեկտի վրա»:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 60)

Նույնիսկ ամենակատարյալ բանականությունը պաշտպանություն չէ ալկոհոլիզմից: Ես չեմ կարող բանականությամբ հասնել սթափության: Ես փորձում եմ հիշել, որ մտավոր ունակությունները Աստծո կողմից տրված հատկություն են, որը ես կարող եմ օգտագործել, դա ուրախություն է՝ ինչպես տաղանդ ունենալը գեղանկարչության, պարի կամ ճարտարապետության մեջ: Դա ինձ չի դարձնում ուրիշներից լավը և չի ապահովում ապաքինման հուսալի գործիք, քանի որ ոչ թե բարձր ինտելեկտը կամ համալսարանական դիպլոմը, այլ միայն այն Ուժը, որն ավելի հզոր է, քան ես, կվերադարձնի ինձ ողջախոհությունը:

Փետրվարի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԿՆԿԱԼԻՔՆԵ՞Ր, ԹԵ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Անհրաժեշտ է, որ ալկոհոլիկի գիտակցության մեջ դաջվի այն միտքը, որ նա կարող է ապաքինվել անկախ նրանից, թե ինչ կանեն ուրիշները: Միակ պայմանն այն է, որ հանձնի իրեն Աստծուն և, ղեկավարվելով բարոյականությամբ, մեծ մաքրում իրականացնի իր տնտեսության մեջ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 95 / Alcoholics Anonymous, p. 98)

Ժողովներում հաճախ քննարկվում է ակնկալիքների թեման: Միանգամայն բնական է ակնկալել դրական տեղաշարժեր ինքդ քո մեջ, քո կյանքի բարելավում կամ արժանապատիվ վերաբերմունք այլ մարդկանց կողմից: Իսկ անախորժությունների հետ ես բախվում եմ, երբ իմ ակնկալիքները դառնում են պահանջներ:

Ինձ չի հաջողվում դառնալ նա, ով ես ուզում եմ, և գործերն այնպես չեն ընթանում, ինչպես ես կցանկանայի, որովհետև մարդիկ երբեմն ինձ հուսախաբ են անում: Հարց է ծագում. «Ի՞նչ եմ ես պատրաստվում անել դրա հետ կապված»: Պարփակվել չարության ու ինքնախղճահարության մե՞ջ, պատասխանել նույն կե՞րպ և դրանով իսկ վատթարացնե՞լ վիճակը, թե՞ վստահել Աստծո Զորությանը, որը կուղղի այն հիմարությունները, որոնք ես արել եմ: Հարցնել Նրան, թե ինչ պետք է ես սովորեմ: Շարունակել անել այն, ինչ ես լավ կարողանում եմ անե՞լ: Կիսվել իմ հավատքով ու օրհնությամբ ուրիշների հե՞տ:

Փետրվարի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՈՐԾԵԼ

Չափազանց խոստումնալից չի՞ հնչում այս ամենը: Ոչ: Այս ամենը պատահել է մեզանից շատերի հետ, ոմանց հետ ավելի շուտ, մյուսների հետ՝ ավելի ուշ: Այս ամենը իրականություն է դառնում, եթե ջանքեր գործադրվեն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Բացի հարբեցողությունից ազատությունից, ԱԱ-ն ինձ տվեց ևս մեկ հիանալի բան՝ «ճիշտ գործողություններ» կատարելու կարողություն: Ասված է, որ ԱԱ-ի Խոստումները անպայման կիրականանան, եթե ես աշխատեմ դրանց վրա: Դրանց շուրջ դատողությունները, վեճերն ու գովաբանությունները ոչ մի բանի չեն հանգեցնի: Ես կմնամ դժբախտ երեսպաշտ «չոր» հարբեցող: Գործելով Տասներկու Քայլերով՝ ես ձեռք կբերեմ մի կյանք, որի մասին երբեք չէի էլ կարող երազել:

Փետրվարի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ըմբռնումը բանալի է դեպի ճիշտ սկզբունքներն ու հարաբերությունները, իսկ ճիշտ արարքները՝ դեպի երջանիկ կյանք…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 141 / Twelve Steps and Twelve Traditions, p. 125)

Ապաքինման իմ Ծրագրում եկավ մի պահ, երբ Հոգեկան անդորրի աղոթքի երրորդ դրույթը՝ «…իմաստություն՝ տարբերելու մեկը մյուսից» — հավերժ դրոշմվեց իմ գիտակցության մեջ: Այդ պահից ի վեր ես անընդհատ ստիպված եմ ճանաչել, արդյոք իմ յուրաքանչյուր խոսքը, գործողությունը կամ միտքը համապատասխանում է Ծրագրի Սկզբունքներին:

Ես այլևս չեմ կարող թաքնվել իմ հիվանդության խելագարության կամ այլ ինքնարդարացումների հետևում: Ես կարող եմ լուսավոր կյանք գտնել ինձ համար և նրանց համար, ում սիրում եմ, միակ ճանապարհին, որը պարտավորություններ է դնում ինձ վրա, ինձանից պահանջում է կարգապահություն և պատասխանատվություն:

Փետրվարի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԵՐ ՆՐԱՆՑ ԱՉՔԵՐՈՒՄ

Մեզանից ոմանք չեն ուզում հավատալ Աստծուն, մյուսները չեն կարող, ոմանք հավատում են, որ Աստված կա, բայց հրաժարվում են հավատալ, որ Նա կգործի բժշկության այն հրաշքը, որ սպասվում է Իրենից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 31 / Twelve Steps and Twelve Traditions, p. 25)

Այն փոփոխությունները, որոնք ես տեսա Ընկերակցություն եկած նոր մարդկանց մեջ, օգնեցին ինձ բաժանվել վախից և իմ բացասական կենսական դիրքորոշումները փոխել դրականով: Ես տեսա սեր նրանց աչքերում, և ինձ ցնցեց այն, թե որքան շատ բան էր նշանակում նրանց համար իրենց սթափությունը «միայն այսօրվա համար»: Նրանք բացահայտ նայեցին Երկրորդ Քայլին և հավատացին, որ Ուժը, որն ավելի հզոր է, քան իրենք, կվերադարձնի նրանց ողջախոհությունը:

Նրանք ինձ հավատ տվեցին Ընկերակցության հանդեպ և հույս, որ ես դրանում կգտնեմ նույնը, ինչ նրանք: Ես իմացա, որ Աստված սիրող Աստված է, այլ ոչ թե այն պատժողը, որից ես վախենում էի մինչև ԱԱ գալը: Ես նաև հասկացա, որ Նա ինձ հետ էր նաև այն ժամանակ, երբ ես փորձանքի մեջ էի մինչ ԱԱ գալը: Այսօր ես գիտեմ, որ հենց Նա է ինձ բերել ԱԱ, և որ ես հրաշք եմ:

Փետրվարի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ՈՒՆԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

…մեզ ոչինչ չէր մնում, քան վերցնել մեր ոտքերի տակ դրված հոգևոր միջոցների այդ պարզ հավաքածուն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 24 / Alcoholics Anonymous, p. 25)

Ես սկսեցի Քայլերով աշխատանքը պարտականության և անհրաժեշտության դրդումով: Արդյունքում ես անօգնականության խոր զգացում ապրեցի այս բոլոր բառերի առաջ. արիաբար, ամբողջությամբ, խոնարհաբար, ուղղակիորեն, միմիայն: Ես կարծում էի, որ Բիլլ Վ.-ի բախտը բերել է, որ նա անցել է նման հզոր, ուղղակի ցնցող հոգևոր ապրումների միջով:

Բայց ժամանակի ընթացքում ինձ բացահայտվեց, որ ես ունեմ իմ սեփական ճանապարհը: ԱԱ-ի մի քանի ժողովներից հետո, լսելով ուրիշների պատմությունները, ես սկսեցի հասկանալ, որ ի վերջո յուրաքանչյուրը գտնում է Քայլերով առաջ շարժվելու իր սեփական արահետը: Աստիճանաբար ես սովորում եմ ապրել Ընկերակցության Սկզբունքների համաձայն: Քայլերով առաջընթացի արդյունքում ես այսօր կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքը կյանքի, մարդկանց և այն ամենի նկատմամբ, ինչը կապված է Աստծո հետ, փոխվել է և բարելավվել:

Փետրվարի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ՏԱՐԲԵՐ ՉԵՄ

Սկզբում պահանջվեց ամբողջ չորս տարի, մինչև ԱԱ-ն սթափություն տվեց առաջին կնոջը՝ ալկոհոլիկին: «Մանր հատակով» շատ ալկոհոլիկների նման կանայք ասում էին, որ իրենք տարբեր են: Յուրաքանչյուր թափառաշրջիկ ասում էր, որ ինքը յուրահատուկ է… նույնն ասում էին նկարիչներն ու ինժեներները, հարուստներն ու աղքատները, հավատացյալներն ու անհավատները, հնդկացիներն ու էսկիմոսները, վետերաններն ու բանտարկյալները… իսկ հիմա նրանք բոլորը և հազարավոր ուրիշներ սթափ վիճակում խոսում են այն մասին, թե որքան նման ենք մենք բոլորս՝ ալկոհոլիկներս, երբ ընդունում ենք, որ մեր խաղաթուղթը պարտված է…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 24)

Ես չպետք է ինձ «յուրահատուկ» համարեմ ԱԱ-ում: Նման մոտեցման դեպքում ես կմեկուսացնեի ինձ ուրիշներից և Բարձրագույն Ուժի հետ շփումից: Եթե ես ինձ մեկուսացված եմ զգում ԱԱ-ում, ապա մարդիկ մեղավոր չեն դրանում: Դա անում եմ ես ինքս իմ այն կարծիքով, որ ես ինչ-որ «յուրահատուկ» եմ: Այսօր ես պարզապես ևս մեկ ալկոհոլիկ եմ համաշխարհային ԱԱ Ընկերակցությունում:

Փետրվարի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԾԻԾԱՂԻ ՊԱՐԳԵՎԸ

Այստեղ նրան հովանավորող ԱԱ անդամը սովորաբար սկսում է ծիծաղել

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 32 / Twelve Steps and Twelve Traditions, p. 26)

Մինչև ալկոհոլիզմից իմ ապաքինման սկսվելը ծիծաղն ինձ համար ամենատհաճ երևույթներից մեկն էր: Ես երբեք չէի ծիծաղում, և ինձ թվում էր, թե ուրիշներն անընդհատ ծիծաղում են ինձ վրա: Իմ չարությունն ու ինքնախղճահարությունը զրկում էին ինձ այս ամենապարզ հաճույքից և սրտի թեթևությունից: Իմ հարբեցողության վերջում նույնիսկ ալկոհոլը չէր կարող արթնացնել իմ մեջ հարբած ժպիտ:

Երբ իմ ԱԱ հովանավորը (սպոնսորը) սկսեց ծիծաղել և մատնանշել իմ մոլորություններն ու ինքնախղճահարությունը, որոնք սնում էին հպարտությունը, ես նյարդայնացած էի ու վիրավորված, բայց դա օգնեց ինձ թեթևացում զգալ և կենտրոնանալ իմ ապաքինման վրա: Շուտով ես սովորեցի ծիծաղել ինքս ինձ վրա, իսկ հետո սովորեցրի ծիծաղել նաև նրանց, ում հովանավորն էի: Ամեն օր ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ դադարել ինձ չափազանց լուրջ վերաբերվելուց:

Փետրվարի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ԱՄԲՈՂՋԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՄ

Անմիջապես ես դարձա տիեզերքի մի մասը՝ թեկուզև միայն մի փոքրիկ մասնիկը…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 225)

Երբ ես առաջին անգամ եկա ԱԱ, ես որոշեցի, որ «նրանք» շատ լավ մարդիկ են, միգուցե մի քիչ միամիտ, թերևս չափազանց ընկերասեր, բայց հիմնականում պարկեշտ ու անկեղծ (որոնց հետ ես ոչ մի ընդհանուր բան չունեի): Ես տեսնում էի «նրանց» ժողովներին. ի վերջո, միայն այնտեղ էին նրանք գոյություն ունենում: Ես սեղմում էի «նրանց» ձեռքը, իսկ փողոց դուրս գալիս մոռանում էի «նրանց» մասին:

Բայց մի օր իմ Բարձրագույն Ուժը, որին ես այն ժամանակ չէի հավատում, նպաստեց հարևան թաղամասում ԱԱ-ի շրջանակներից դուրս, բայց նրա շատ անդամների ներգրավմամբ մի նախագծի սկսվելուն: Մենք աշխատում էինք միասին, և ես ճանաչեցի «նրանց» որպես մարդկանց: Ես սկսեցի հիանալ «նրանցով», «նրանք» ինձ դուր էին գալիս, և ես նույնիսկ հաճույք էի ստանում «նրանց» հետ շփումից… Նրանց կողմից Ծրագրի կիրառումն առօրյա կյանքում, այլ ոչ թե պարզապես խոսակցությունները ժողովներին, գրավեցին ինձ: Ես ցանկացա ունենալ այն, ինչ ունեին նրանք: Հանկարծ այդ «նրանք»-ը դարձավ «մենք»: Դրանից հետո ես ոչ մի անգամ չեմ խմել:

Փետրվարի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

…սա նշանակում է հավատք Արարչի հանդեպ, Ով մարմնավորում է ուժ, արդարություն և սեր. առ Աստված, Ով ինձ նախանշում է նպատակ, իմաստ և ճակատագիր, որպեսզի մոտենամ, թեկուզ… և կանգառներով, Նրա պատկերին ու նմանությանը:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 51)

Այնքանով, որքանով ես սկսեցի ընդունել իմ անզորությունն ու կախվածությունն Աստծուց, ինչպես ես հասկանում եմ Նրան, ես տեսա, որ կա մի կյանք, որը, եթե հնարավոր լիներ, ես ինձ համար կընտրեի հենց սկզբից: Միայն Ընկերակցության մեջ ապրելու և Քայլերով մշտական աշխատանքի միջոցով ես կարողացա տեսնել, որ գոյություն ունի իսկապես ավելի լավ ճանապարհ, որով ինձ առաջնորդում են: Ավելի ու ավելի շատ բան իմանալով Աստծո մասին՝ ես ի վիճակի դարձա վստահելու Նրա ցուցումներին և Նրա հետ մերձենալու ծրագրերին: Թող որ ոչ շատ արագ, բայց ես ձգտում եմ Նրա պատկերին և նմանությանը:

Փետրվարի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ

Այսպիսին է ԱԱ-ում վերածննդի պարադոքսը. ուժ, որն առաջանում է լիակատար պարտությունից ու թուլությունից, մարդու կողմից հին կյանքի կորուստը՝ որպես նորը ձեռք բերելու պայման:

(ԱԱ-ն հասունանում է / A. A. Comes of Age, p. 46)

Ինչպիսի՜ հրաշալի գաղտնիքներ են պարադոքսները: Դրանք հնարավոր չէ հաշվարկել, բայց երբ դրանք ճանաչվում և ընդունվում են, կրկին հաստատում են Տիեզերքում մի բան, որը գտնվում է մարդկային տրամաբանության սահմաններից դուրս: Երբ ես բախվում եմ վախին, ինձ տրվում է արիություն. երբ ես աջակցում եմ եղբորս կամ քրոջս, մեծանում է ինքս ինձ սիրելու իմ ունակությունը.

երբ ես ցավն ընկալում եմ որպես աճող կենսափորձի մի մաս, ես զգում եմ էլ ավելի մեծ երջանկություն. երբ ես նայում եմ իմ մութ կողմին, ես տեղափոխվում եմ նոր լույսի մեջ. երբ ես ընդունում եմ իմ խոցելիությունը և ինձ հանձնում եմ Բարձրագույն Ուժին, չտեսնված ուժի շնորհ է իջնում վրաս: Սայթաքելով, ամոթից այրվելով, ես մտա ԱԱ-ի դռներով՝ կյանքից ոչինչ չսպասելով, իսկ ինձ հույս և արժանապատվություն տվեցին: Այս Ծրագրի պարգևները հրաշքով պահպանելու միակ միջոցը դրանք ուրիշներին փոխանցելն է:

Փետրվարի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՍԻՐՏ

Ես փորձում եմ ամուր կառչել այն ճշմարտությունից, որ երախտագիտությամբ լցված սիրտը չի կարող փայփայվել սնափառությամբ: Երախտագիտությամբ լցված՝ յուրաքանչյուր զարկի հետ այն, իհարկե, սեր կճառագի՝ ամենագեղեցիկ զգացմունքներից, որ մեզ տրված է ճանաչել:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 37)

Իմ հովանավորն (սպոնսորն) ինձ ասաց, որ ես պետք է լինեմ երախտապարտ ալկոհոլիկ և միշտ փորձեմ ունենալ «երախտագիտության զգացում», որ երախտագիտությունը խոնարհության հիմքն է, որ խոնարհությունը անանունության հիմքն է և որ անանունությունը «մեր բոլոր Ավանդույթների հոգևոր հիմքն է, որը մշտապես հիշեցնում է մեզ այն մասին, որ գլխավորը սկզբունքներն են, այլ ոչ թե անձերը»: Նման ուղղորդման արդյունքում յուրաքանչյուր նոր օր ես սկսում եմ ծնկի իջած և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն երեք բանի համար. ես ողջ եմ, ես սթափ եմ և ես ԱԱ անդամ եմ: Ապա ես փորձում եմ ապրել «երախտագիտության զգացումով» և 24 ժամ վայելել ԱԱ-ական ապրելակերպը: ԱԱ-ն այն չէ, ուր ես ընդունվել եմ, դա այն է, ինչով ես ապրում եմ:

Փետրվարի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Աստվածային տնտեսության մեջ ոչինչ իզուր չի կորչում: Անհաջողության միջոցով մենք ստանում ենք խոնարհության դաս, որը, ըստ երևույթին, անհրաժեշտ է, թեև ցավոտ է:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 31)

Որքա՜ն երախտապարտ եմ ես այսօր՝ իմանալով, որ իմ բոլոր անցյալի անհաջողություններն անհրաժեշտ էին ինձ, որպեսզի հայտնվեմ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ: Ուժեղ ցավի միջով եկավ փորձը, և տառապանքի մեջ ես դարձա հնազանդ: Ես ձգտեցի առ Աստված, ինչպես ես Նրան հասկանում եմ, Նա կիսվեց Իր թանկարժեք պարգևներով: Ապրումների և հնազանդության միջոցով սկսվեց աճը, իսկ դրան հետևեց երախտագիտությունը: Այո, հետո եկավ խաղաղությունը՝ ապրել սթափության մեջ և կիսվել սթափությամբ:

Փետրվարի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱԱ-ն հաջողության պատմություն չէ այս բառի սովորական իմաստով: Սա պատմություն է տառապանքի մասին, որը շնորհիվ վերածվեց հոգևոր առաջընթացի:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 35)

Երբ ես եկա ԱԱ, ես լսում էի, թե ինչպես էին ուրիշները խոսում իրենց հարբեցողության իրականության մասին՝ մենակություն, սարսափ և ցավ: Ես սկսեցի ավելի շատ լսել և շուտով լսեցի բոլորովին այլ բան՝ սթափության իրականությունը: Դա ազատության և երջանկության, նպատակի և ուղղության, ողջախոհության և խաղաղության իրականությունն է Աստծո, ինքդ քո և այլ մարդկանց հետ:

Հաճախելով ժողովներին՝ ես նորից ու նորից վերադառնում եմ այս իրականությանը: Ես տեսնում եմ այն իմ շրջապատի մարդկանց աչքերում և լսում եմ նրանց ձայներում: Աշխատելով Ծրագրով՝ ես գտնում եմ ուղղություն և ուժ՝ այս Ծրագիրը դարձնելու իմը: ԱԱ-ի ուրախությունը կայանում է նրանում, որ այս նոր իրականությունը հասանելի է ինձ համար:

Փետրվարի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է ուղղորդում ԱԱ-ի գործունեությունը… Այս գործնական մարդիկ կարդում են այն, ինչ գրված է Երկրորդ Ավանդույթում, և իմանում են, որ միակ հեղինակությունը ԱԱ-ում սիրող Աստվածն է, ինչպիսին Նրան պատկերացնում են խմբի անդամները…. [ԱԱ-ի ավելի տարեց անդամը] հասկանում է խմբի որոշման իմաստությունը և չի վիրավորվում այն բանից, որ զրկվել է իր դիրքից. նրա դատողությունները, որոնք ամրապնդված են կենսական մեծ փորձով, խելամիտ են, և նա համաձայն է լուռ մի կողմ քաշվել՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 147, 150–151 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 132, 135)

Ալկոհոլիզմից ապաքինման գործվածքի մեջ հյուսված են Տասներկու Քայլերն ու Տասներկու Ավանդույթները: Որքան շարունակվում էր իմ ապաքինումը, ես գիտակցեցի, որ այս զգեստը կարված է հատկապես ինձ համար: Խմբի ավագ անդամները մեղմորեն առաջարկություններ էին անում, երբ անհրաժեշտ էին փոփոխություններ: Յուրաքանչյուրի փորձը դարձավ թանկարժեք բարեկամության էությունը: Ես գիտեմ, որ Ընկերակցությունը պատրաստ է և ունի այն, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր ալկոհոլիկի կյանքի բոլոր վերիվայրումներում օգնելու համար:

Մի աշխարհում, որը թաղված է բազմաթիվ խնդիրների մեջ, ես ձեռք եմ բերում յուրահատուկ կայունության այս վստահությունը: Ես գնահատում եմ սթափության այս պարգևը: Ես Աստծուն առաջարկում եմ իմ երախտագիտությունը այն ուժի համար, որը ստանում եմ Ընկերակցությունում, որը գոյություն ունի իսկապես իր բոլոր անդամների բարօրության համար:

Փետրվարի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

Ի՞ՆՉ: ՉԿԱ՞ ՆԱԽԱԳԱՀ

Երբ մենք ասում ենք, որ մեր Ընկերակցությունը չունի նախագահ, որն օժտված է ղեկավարման լիազորություններով, որ մենք չունենք գանձապահ, ով կարող է ստիպել որևէ անդամի վճարել պարտքը… մեր ընկերները զարմացած բացականչում են. «Բայց դա պարզապես անհնար է…»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 147 / Twelve Steps and Twelve Traditions, p. 152)

Երբ ես վերջապես հասա ԱԱ, ես չէի կարող հավատալ, որ այնտեղ չկա գանձապահ, որն «ստիպում է վճարել անդամավճարները»: Ես չէի կարող ինձ պատկերացնել մի կազմակերպություն, որը չէր պահանջի դրամական մուծումներ ծառայության դիմաց: Սա իմ առաջին և առայժմ միակ փորձն էր, երբ ես ինչ-որ բան ստանում էի «ձրի»: Քանի որ ես չէի զգում, որ ինձ ԱԱ-ում ինչ-որ մեկն օգտագործել կամ խաբել է, ես կարողացա մոտենալ Ծրագրին անկողմնակալ և անաչառ: Նրանք ինձանից ոչինչ չէին ուզում: Ի՞նչ ունեի ես կորցնելու: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն հիմնադիրների իմաստության համար, ովքեր չափազանց լավ էին հասկանում, թե ինչպիսի վրդովմունքով է ալկոհոլիկը վերաբերվում այն բանին, որ իրենով մանիպուլյացիա են անում:

Փետրվարի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՍՏՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ ՆՐԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ

Բացառությամբ գայթակղության մի քանի պահերի, խմելու միտքն այլևս չէր վերադառնում նրան, իսկ գայթակղության պահերին նրա մեջ զզվանքի զգացում էր բարձրանում: Կարծես թե նա չէր կարողանա խմել, նույնիսկ եթե ուզենար: Աստված վերադարձրեց նրան ողջախոհությունը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 55 / Alcoholics Anonymous, p. 57)

«Աստված» բառը վախեցնում էր ինձ, երբ ես առաջին անգամ տեսա այն ԱԱ-ի Տասներկու Քայլերի կապակցությամբ: Փորձելով խմելը թողնելու ինձ համար հնարավոր բոլոր եղանակները՝ ես հայտնաբերեցի, որ ի վիճակի չեմ պահպանել այդ որոշումը տևական ժամանակ: Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էի ես հավատալ մի Աստծո, Ով թույլ էր տվել, որ ես սուզվեմ խորը հուսահատության մեջ, որը համակում էր ինձ անկախ նրանից՝ խմում էի ես, թե ոչ:

Պատասխանը կայանում էր նրանում, որ ես վերջապես ընդունեի, որ ինձ համար հնարավոր կլիներ ճանաչել ինձանից ավելի հզոր Ուժի ողորմությունը, Որը կարող էր ինձ սթափություն տալ՝ կախված «հավատալու» իմ պատրաստակամությունից: Երբ ես վերջապես ընդունեցի, որ շատերից մեկն էի, և հետևեցի իմ հովանավորի և ԱԱ մյուս անդամների օրինակին հավատքի գործնական կիրառման մեջ, որը ես դեռ չունեի, իմ կյանքը ձեռք բերեց նշանակություն, ուղղություն և իմաստ:

Մարտի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԱ ԳՈՐԾՈՒՄ Է

Այս ամենն իսկապես օգնում է, հավատացեք մեզ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 85 / Alcoholics Anonymous, p. 88)

Սթափության հենց սկզբում ես հավատում էի միայն Անանուն Ալկոհոլիկների Ծրագրին: Իմ սթափությունը պահպանվում էր բացառապես հուսահատության և վախի վրա (և, գուցե, ինձ օգնում էին հովանավորի հոգատարությունը և/կամ խստությունը): Բարձրագույն Ուժի հանդեպ հավատքը եկավ շատ ավելի ուշ: Դանդաղ, երբ ես լսում էի ժողովներին իրենց փորձով կիսվող մարդկանց՝ փորձ, որը ես, նույնիսկ սթափ վիճակում, դեռ չունեի, բայց որը նրանք արիաբար ձեռք էին բերում հավատքի միջոցով, այդ հավատքը սկսեց գալ նաև ինձ մոտ:

Եվ նրանց պատմություններից ես հույս գտա, որ ինքս էլ կկարողանամ «ստանալ» և կստանամ ինչ-որ Բարձրագույն Ուժ: Ժամանակի ընթացքում ես իմացա, որ Բարձրագույն Ուժը՝ հավատքը, որը գործում է ցանկացած հանգամանքներում, հնարավոր է: Այսօր հավատքը՝ գումարած ազնվությունը, անկողմնակալությունը և Ծրագրի Քայլերով աշխատելու պատրաստակամությունը, տալիս են ինձ այն հոգեկան անդորրը, որը ես փնտրում եմ: Դա գործում է, իրականում գործում է:

Մարտի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈՒՅՍ

Մի՛ հուսահատվեք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 58 / Alcoholics Anonymous, p. 60)

Արագ սթափությունն ինձ համար շատ ցածր գին ունի: Չափազանց հաճախ իմ անիրատեսական ակնկալիքների արդյունքը դառնում էր հուսահատությունը, էլ չենք խոսում ինքնախղճահարության և մինչև շաբաթվա վերջ աշխարհը փոխելու փորձերից առաջացած հոգնածության մասին: Հուսահատությունը նախազգուշացնող ազդանշան է այն բանի, որ ես, հնարավոր է, փորձում եմ գրավել Աստծո տեղը: Իմ ներուժի օգտագործման գաղտնիքը կայանում է իմ հնարավորությունների սահմանների գիտակցման և այն բանի հանդեպ հավատքի մեջ, որ ժամանակը պարգև է, այլ ոչ թե սպառնալիք: Հույսը բանալի է, որը բացում է հուսահատության դռները:

Ծրագիրը խոստանում է ինձ, որ եթե ես այսօր չխմեմ, ապա հույս կունենամ: Ես պահպանում եմ այն, ինչով կիսվում եմ, և հավատալով դրան՝ ամեն անգամ նոր ուժ և արիություն եմ գտնում: Միայն ուրիշների հետ, Աստծո ողորմությամբ և ԱԱ Ընկերակցության մեջ ես կարող եմ քայլել երջանիկ ճակատագրի դժվարին ճանապարհով: Թող ես միշտ հիշեմ, որ իմ ներսում եղած ուժը շատ ավելի մեծ է, քան ցանկացած վախ իմ կյանքում: Թող ես միշտ համբերատար լինեմ, քանզի ես ճիշտ ուղու վրա եմ:

Մարտի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔՆԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Այսպիսով, մենք ինքներս ենք մեր դժբախտությունների պատճառը: Դրանք սկսվում են մեր մեջ. ալկոհոլիկն իրենից ներկայացնում է ինքնակամության (կամայականության) խռովքի կատարյալ օրինակ, բայց ինքն, իհարկե, այդպես չի կարծում: Նախևառաջ մենք՝ ալկոհոլիկներս, պետք է ազատվենք այս էգոցենտրիզմից: Մենք պետք է դա անենք, հակառակ դեպքում այն կսպանի մեզ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 60 / Alcoholics Anonymous, p. 62)

Տարիներ շարունակ իմ կյանքը պտտվում էր բացառապես ինքս իմ շուրջը: Ես լիովին կլանված էի ինքս ինձնով. էգոցենտրիզմ, ինքնախղճահարություն, եսասիրություն, և այս ամենը բխում էր հպարտությունից: Անանուն Ալկոհոլիկների Ընկերակցության շնորհիվ, Քայլերի և Ավանդույթների ամենօրյա կիրառման միջոցով, իմ խմբի և հովանավորի օգնությամբ ես ստացա մի պարգև՝ ունակություն (եթե ես դա ցանկանամ) հեռացնելու իմ հպարտությունը կյանքի բոլոր իրավիճակներից:

Քանի դեռ ես ազնվորեն չէի նայել ինքս ինձ և չէի տեսել, որ հենց ես ինքս էի հաճախ խնդիրը, ի վիճակի չէի ադեկվատ արձագանքելու արտաքուստ և ներքուստ, քանի դեռ ես մի կողմ չէի նետել իմ իզուր ակնկալիքները և չէի հասկացել, որ իմ հոգեկան անդորրն ուղղակիորեն կապված է դրանց հետ, ես չէի կարող ինձ հանգիստ զգալ և կայուն սթափ լինել:

Մարտի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԱՅԳՈՒ ՔԱՂՀԱՆ»

Հոգևոր աճի էությունը կայանում է դեպի լավը փոխվելու պատրաստակամության և ապա ցանկացած հետագա պատասխանատվություն ստանձնելու անխոնջ պատրաստակամության մեջ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 115)

Երրորդ Քայլին ծանոթանալու պահին ես ազատվել էի ալկոհոլային կախվածությունից, բայց դառը փորձն ինձ հուշում էր, որ տևական սթափությունը տևական ջանքեր է պահանջում: Ես պարբերաբար կանգ եմ առնում, որպեսզի լավ նայեմ, թե ուր եմ գնում: Ամեն անգամ դրա հետ մեկտեղ ես քաղհանում եմ իմ այգու ևս մի հատված, բայց նոր մոլախոտեր եմ հայտնաբերում այնտեղ, որտեղ, ինչպես ինձ թվում էր, բոլորովին վերջերս բրիչով անցել էի:

Երբ ես վերադառնում եմ՝ հեռացնելու նոր ծլած մոլախոտերը (դա անելն ավելի հեշտ է, քանի դեռ դրանք փոքր են), մի րոպեով կանգ եմ առնում՝ հիանալու իմ հրաշալի բանջարեղեններով ու ծաղիկներով: Իմ աշխատանքը միշտ վարձատրվում է: Իմ սթափությունն աճում է և պտուղներ տալիս:

Մարտի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐ

Հոգևոր աճի էությունը կայանում է դեպի լավը փոխվելու պատրաստակամության և ապա ցանկացած հետագա պատասխանատվություն ստանձնելու անխոնջ պատրաստակամության մեջ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 32 / Twelve Steps and Twelve Traditions, p. 26)

Համբերատարությունը իմ ամենաուժեղ գիծը չէ: Քանի՜ անգամ եմ հարցրել. «Ինչո՞ւ ես պետք է սպասեմ, եթե կարող եմ ունենալ ամեն ինչ հենց հիմա»: Եվ իսկապես, երբ ես առաջին անգամ ծանոթացա Տասներկու Քայլերին, ես նման էի «երեխայի հրուշակեղենի խանութում»: Ես անհամբեր սպասում էի, թե երբ վերջապես կանցնեմ Տասներկուերորդ Քայլին: «Հաստատ սա ընդամենը մի քանի ամսվա գործ է», — մտածում էի ես: Այժմ ես հասկանում եմ, որ ԱԱ-ի Տասներկու Քայլերը ամբողջ կյանքի գործ են:

Մարտի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՏՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Թույլ մի տվեք հոգևոր տերմինների հետ կապված ձեր նախապաշարմունքներին հեռացնել ձեզ այն հարցի ազնիվ լուծումից, թե ի՞նչ են նշանակում այդ տերմինները ձեզ համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 46 / Alcoholics Anonymous, p. 47)

Շատ դժվար է ներսդ հավատք թողնել, երբ վախը, կասկածներն ու չարությունը լցնում ու շրջապատում են ինձ: Երբեմն պարզապես ինչ-որ բան այնպես չանելու միտքը, ինչպես նախկինում, կարող է ի վերջո դառնալ հավատքի դրսևորում, բայց միայն այն դեպքում, եթե ես սկսեմ դա անել կանոնավոր կերպով, ընդ որում՝ առանց հարցնելու ինքս ինձ՝ արդյոք ճի՞շտ է դա: Եթե ես ամենահաջողված օրը չունեմ և ամեն ինչ գնում է «թարս ու շիտակ», ժողովը կամ մեկ այլ ալկոհոլիկի հետ խոսակցությունը հաճախ կարող են համոզել ինձ, որ ամեն ինչ այնքան էլ անհույս չէ, որքան ես խուճապի մեջ մտածում էի: Ժողովների հաճախելը կամ ալկոհոլիկ եղբոր հետ զրույցը հավատքի գործողություններ են. ես հավատում եմ, որ կարողանում եմ գլուխ հանել իմ հիվանդությունից: Ահա այսպես եմ ես կամաց-կամաց շարժվում դեպի հավատք առ Բարձրագույն Ուժ:

Մարտի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԼԻ Է

Մի անգամ օգտվելով մեր ցանկությունից որպես կողպեքը բացող բանալի և թեթևակի բացելով դուռը՝ մենք հայտնաբերեցինք, որ այժմ կկարողանանք այն բացել միշտ և ավելի ու ավելի լայն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 42 / Twelve Steps and Twelve Traditions, p. 35)

Իմ հպարտությունն ու համառությունն ինձանից ավելի հզոր Ուժին հանձնելու պատրաստակամությունը պարզվեց այն միակ բաղադրիչն է, որը բացարձակապես անհրաժեշտ է այսօր իմ բոլոր խնդիրները լուծելու համար: Նույնիսկ չնչին պատրաստակամությունը, եթե այն անկեղծ է, բավական է, որպեսզի Աստված կարողանա մուտք գործել իմ կյանք և Իր վրա վերցնել իմ ցանկացած խնդիր, ցավ կամ մոլուցք: Իմ բարեկեցության մակարդակն ուղղակիորեն կապված է հենց հիմա ինքնակամությունից հրաժարվելու և Աստծո կամքին իմ կյանքում գերիշխելու թույլտվություն տալու իմ պատրաստակամության աստիճանի հետ: Ցանկության բանալիով իմ տագնապներն ու վախերը հեշտությամբ վերափոխվում են հոգեկան անդորրի:

Մարտի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ

Յուրաքանչյուր ոք, ով միացել է ԱԱ-ին՝ Ընկերակցությանը միանալու մտադրությամբ, արդեն իսկ սկսել է Երրորդ Քայլի կատարումը, թեև դեռ չի գիտակցում դա: Մի՞թե դուք չվստահեցիք ալկոհոլի հետ կապված բոլոր խնդիրների լուծումը Անանուն Ալկոհոլիկների Ընկերակցությանը՝ դրանով իսկ ապավինելով նրա հոգատարությանը, պաշտպանությանը և ղեկավարմանը… Յուրաքանչյուր ոք, ով կամավոր միանում է Ընկերակցությանը, վստահություն է զգում, որ դա միակ ապաստարանն է այնպիսի՝ աղետի ենթարկված նավի համար, ինչպիսին ինքն է դարձել: Եթե դա իր կամքի ու կյանքի հանձնումը չէ ինչ-որ մի գտնված Նախախնամության, ապա էլ ի՞նչ է դա:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 42–43 / Twelve Steps and Twelve Traditions, p. 35)

Աստծուն հնազանդվելը իմ առաջին քայլն էր դեպի ապաքինում: Ես հավատում եմ, որ մեր Ընկերակցությունը ձգտում է հոգևորության, որը բաց է Աստծո հետ ազգակցության նոր մակարդակի համար: Երբ ես փորձում եմ հետևել Քայլերի ուղուն, զգում եմ ազատություն, որն ինձ կարողություն է տալիս մտածելու ինքս իմ մասին: Իմ կործանարար կախվածությունն ինձ պահում էր իր անվերջ գերության մեջ՝ առանց իմ այս կամավոր բանտարկությունից ազատվելու որևէ հույսի:

Բայց ԱԱ-ն ինձ ցույց է տալիս առաջ տանող ճանապարհը: Կիսվելը, ուշադիր լինելը և մարդկանց մասին հոգ տանելը միմյանց հանդեպ մեր բնական պարգևն է, և Աստծո հանդեպ իմ վերաբերմունքի փոփոխությանը զուգընթաց՝ մեծանում է նաև պարգևը: Ես սովորում եմ հնազանդվել Աստծո կամքին, հարգել ինձ և պահպանել այդ հատկանիշները՝ ուրիշներին տալով այն, ինչ ստանում եմ:

Մարտի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՔՆԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ

«Որոշում կայացրինք հանձնել մեր կամքը և մեր կյանքը Աստծուն, ինչպես մենք Նրան հասկանում էինք»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 41 / Twelve Steps and Twelve Traditions, p. 34)

Այնքան էլ կարևոր չէ, թե որքան մեծ է մարդու ինչ-որ բան անելու ցանկությունը. շատ ավելի կարևոր է՝ կարո՞ղ է արդյոք նա իր կամքն ու իր կյանքը հանձնել Աստծուն, ինչպես նա հասկանում է Նրան: Այս հարցի պատասխանը փնտրելիս ես գիտակցեցի Երրորդ Քայլի բովանդակության ողջ իմաստնությունը. այս Քայլը բաղկացած է երկու մասից: Իմ նախկին ապրելակերպի ժամանակ ես մեկ անգամ չէ, որ կարող էի մեռնել կամ գոնե հաշմանդամ դառնալ, բայց դա տեղի չունեցավ: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան աչքի պոչով նայում էր ինձ: Ես նախընտրում եմ հավատալ, որ Աստված միշտ հոգ է տարել իմ կյանքի մասին: Միայն Նա է որոշում ինձ հատկացված օրերի քանակը մինչև ֆիզիկական մահը:

Կամքի հարցը (ինքնակամության թե Աստծո կամքի) այս Քայլի ամենադժվար մասն է ինձ համար: Միայն ավելին քան բավարար էմոցիոնալ ցավ ապրելուց հետո ես հասկացա, որ պատրաստ եմ իմ կյանքը ենթարկել Աստծո կամքին: Կապիտուլյացիան նման է փոթորկից հետո եկող լռությանը: Երբ իմ կամքը ներդաշնակ է Աստծո կամքի հետ, ես գտնում եմ հոգեկան անդորր:

Մարտի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՅՍՕՐ ԴԱ ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է

…բայց մենք անփոփոխ կերպով հայտնաբերում ենք, որ ժամանակին ընտրություն ենք կատարել՝ մտածելով միայն մեր մասին, և հենց այդ պատճառով էլ հետագայում տուժել ենք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 60 / Alcoholics Anonymous, p. 62)

Ես գիտակցեցի և ընդունեցի այն փաստը, որ նրանում, թե ինչպես դասավորվեց իմ կյանքը, ես ինքս որոշակի դեր եմ խաղացել: Դա արմատապես փոխեց իմ հայացքները: Հենց այդ ժամանակ ԱԱ Ծրագիրը սկսեց աշխատել ինձ համար: Անցյալում իմ բոլոր դժբախտությունների համար ես միշտ մեղադրում էի մարդկանց կամ Աստծուն՝ չկասկածելով, որ ես ընտրություն ունեմ փոխելու իմ կյանքը: Իմ որոշումները հիմնված էին վախի, հպարտության կամ եսասիրության վրա: Իսկ արդյունքում այդ որոշումներն ինձ տանում էին ինքնաոչնչացման ճանապարհով: Հիմա ես փորձում եմ թույլ տալ Աստծուն տանել ինձ ողջախոհության ճանապարհով: Ես պատասխանատու եմ իմ գործողությունների կամ անգործության համար՝ անկախ դրանց հետևանքներից:

Մարտի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱԿ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Միայն ձգտելով ենթարկել մեր կամքը Աստծո կամքին՝ մենք սկսում ենք ճիշտ օգտագործել այն: Մեզանից շատերի համար դա իսկական հայտնություն էր: Մեր բոլոր դժբախտությունները պայմանավորված էին կամքի ուժի սխալ օգտագործմամբ: Մենք փորձում էինք հարձակվել մեր խնդիրների վրա՝ հենվելով կամքի վրա, փոխանակ այն համաձայնեցնելու մեր վերաբերյալ Ամենաբարձրյալի մտադրությունների հետ: ԱԱ-ի Տասներկու Քայլերի նպատակն է նման համաձայնեցվածությունը դարձնել ավելի ու ավելի հնարավոր. և Երրորդ Քայլը կիսաբաց է անում դուռը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 48 / Twelve Steps and Twelve Traditions, p. 40)

Այն ամենը, ինչ ես պետք է անեմ, դա իմ անցյալին նայելն ու տեսնելն է, թե ուր է ինձ տարել ինքնակամությունը: Ես պարզապես չգիտեմ, թե որն է ինձ համար լավագույնը, և կարծում եմ, որ դա գիտի իմ Բարձրագույն Ուժը: Աստծո կողմից նշված ուղղությունը, որը ես որոշում եմ որպես միակ ճիշտը, ինձ երբեք հուսախաբ չի արել, իսկ ինքս ինձ շատ հաճախ եմ հուսախաբ արել: Ինքնակամությունը հաճախ հանգեցնում է նույն արդյունքին, ինչ որ գլուխկոտրուկ խաղի մեջ ուժով սխալ տարր տեղադրելու փորձերը՝ ուժասպառության և գրգռվածության:

Երրորդ Քայլը դռներ է բացում դեպի մնացած ողջ Ծրագիրը: Երբ ես Աստծուն առաջնորդություն եմ խնդրում, ապա գիտեմ. ինչ էլ որ պատահի, դա լավագույնն է ինձ համար տվյալ իրավիճակում, և ամեն ինչ հենց այնպես է, ինչպես պետք է լինի, նույնիսկ եթե դա այն չէ, ինչ ես ուզում եմ կամ ակնկալում եմ: Աստված, եթե ես Նրան թույլ եմ տալիս, անում է ինձ համար այն, ինչ ես ինքս ինձ համար չեմ կարող անել:

Մարտի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՕՐՎԱ ՊԼԱՆ

Առավոտյան արթնանալով՝ պետք է մտածել կյանքի գալիք 24 ժամվա մասին: Դիտարկենք մեր ծրագրերը: Օրվա հենց սկզբում մենք խնդրում ենք Աստծուն մեր մտքերն ուղղորդել ճիշտ հունով, զերծ պահել մեզ ինքնախղճահարությունից, անազնիվ արարքներից, շահամոլությունից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 83–84 / Alcoholics Anonymous, p. 86)

Ամեն օր ես խնդրում եմ Աստծուն իմ մեջ վառել Իր սիրո կրակը, որպեսզի այդ սերը, վառվելով իմ մեջ վառ ու մաքուր, լուսավորի իմ մտքերը և թույլ տա ինձ ավելի լավ կատարել Իր կամքը: Ամբողջ օրը, երբ արտաքին հանգամանքները բացասաբար են ազդում իմ տրամադրության վրա, ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ գիտակցել, որ ես կարող եմ օրը նորից սկսել. եթե պետք է, ապա հարյուր անգամ:

Մարտի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳՈՒ ԱՇԽԱՐՀ

Մենք մտանք Հոգու աշխարհ: Մեր հաջորդ խնդիրն է՝ զարգացնել ըմբռնումը և բարձրացնել մեր ջանքերի արդյունավետությունը: Դա մեկ օրում չի գալիս: Սա խնդիր է ողջ մնացած կյանքի համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 84)

«Մտանք» բառը և «մտանք Հոգու աշխարհ» արտահայտությունը հսկայական նշանակություն ունեն: Նրանք ենթադրում են գործողություն, սկիզբ, մուտք, նախադրյալ իմ հոգևոր աճի պահպանման համար, քանի որ «Հոգին» իմ ոչ նյութական մասն է: Իմ հոգևոր աճի խոչընդոտներն են՝ էգոցենտրիզմը, նյութականի, աշխարհիկի վրա «սևեռվածությունը»: Հոգևորությունը նշանակում է հոգևորը գերադասել աշխարհիկ առօրյայից, այն նշանակում է հնազանդություն Աստծո կամքին:

Ահա թե իմ հասկացողությամբ ինչն է հոգևոր. սերն առանց որևէ պայմանների, ուրախությունը, հանդուրժողականությունը, բարությունը, մեծահոգությունը, նվիրվածությունը, ինքնատիրապետումը և խոնարհությունը: Ամեն անգամ, երբ ես թույլ եմ տալիս, որ եսասիրությունը, անազնվությունը, վիրավորանքն ու վախը դառնան իմ մի մասը, ես փակում եմ հոգևորության ճանապարհը: Սթափությունը պահպանելուս զուգընթաց հոգևոր աճը դառնում է մշտական: Իմ նպատակն է՝ հոգեպես աճել և ընդունել այն փաստը, որ ես չեմ կարող հասնել հոգևոր կատարելության:

Մարտի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՓԱԿԱՆԱՔԱՐ

Նա մեր Հայրն է, մենք՝ Նրա զավակները: Մեծամասամբ օգտակար գաղափարները պարզ են, և այս սկզբունքը դարձավ նոր հաղթակամարի փականաքարը, որի տակով անցնելով՝ մենք դուրս եկանք ազատություն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 61 / Alcoholics Anonymous, p. 62)

Փականաքարն իրենից ներկայացնում է սեպաձև դետալ կամարի ամենաբարձր կետում, որը ֆիքսում և տեղում պահում է մյուս դետալները: «Մյուսները» Քայլերն են՝ Առաջինը, Երկրորդը, Չորրորդը՝ ընդհուպ մինչև Տասներկուերորդը: Կարծես թե ինչ-որ առումով Երրորդ Քայլն ամենակարևորն է, և որ մյուս Տասնմեկը գոյություն ունեն միայն այս Երրորդի աջակցությամբ: Իրականում, սակայն, Երրորդ Քայլը պարզապես Տասներկուսից մեկն է: Այո, դա Փականաքարն է, բայց առանց մյուս տասնմեկի, որոնք կազմում են հիմքն ու պատերը, չի լինի և կամարը: Բոլոր Տասներկու Քայլերով ամենօրյա աշխատանքի ընթացքում ես տեսնում եմ, որ հաղթակամարը սպասում է, որ ես անցնեմ դեպի ազատության ևս մեկ օր:

Մարտի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ

Երբ մենք տեսանք, թե ինչպես են ուրիշները լուծում իրենց խնդիրները՝ ապավինելով Տիեզերքի Հոգուն, մենք դադարեցինք կասկածել Աստծո գոյությանը: Մեր սեփական գաղափարներն անօգնական գտնվեցին, մինչդեռ Աստծո գաղափարը մեզ օգնեց:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 51 / Alcoholics Anonymous, p. 52)

Կույրի պես, ում տեսողությունն աստիճանաբար վերադառնում է, ես դանդաղորեն շոշափում էի ճանապարհը դեպի Երրորդ Քայլ: Գիտակցելով, որ միայն այն Ուժը, որն ավելի հզոր է ինձանից, կարող է ինձ դուրս քաշել այն սարսափելի անդունդից, որում ես հայտնվել էի, ես հասկացա, որ պետք է ինչ-որ կերպ կառչեմ այդ Ուժից, և նա կդառնա իմ խարիսխը աղետների ծովում: Այն ժամանակ իմ հավատքը մանրադիտակային էր, բայց այն բավական էր, որ ես տեսնեմ. ժամանակն է հրաժարվել գոռոզ «ես»-ի վրա հենվելուց: Ինձ պարզապես անհրաժեշտ է այն փոխարինել հուսալի հենարանով, որը կարող է գալ միայն մի Ուժից, որը շատ ավելի հզոր է, քան իմ սեփականը:

Մարտի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ՆՐԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Իմ ընկերն առաջարկեց մի բան, որն ինձ այդ պահին անսովոր թվաց… «Ինչո՞ւ դու չմշակես քո սեփական պատկերացումը Աստծո մասին»: Սա վերջապես ազդեց ինձ վրա: Բանականության սառցե սարը, որի ստվերում ես ապրել և տանջվել էի այնքան տարիներ, հալվեց: Ես կանգնած էի՝ լուսավորված արևի լույսով: Ինձանից պահանջվում էր միայն ցանկություն և պատրաստակամություն հավատալու ինձանից ավելի մեծ Ուժի գոյությանը: Սկզբի համար պահանջվում էր միայն դա:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 12 / Alcoholics Anonymous, p. 12)

Ես հիշում եմ, թե ինչպես էի երբեմն նայում երկնքին և մտածում. ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել այս ամենը: Երբ ես եկա ԱԱ, իմ կողմից որոշակի հոգևոր հասկացությունների գիտակցումը դարձավ անհրաժեշտ հավելված կայուն սթափությանը: Ծանոթանալով մի քանի գիտական վարկածների, ներառյալ Մեծ պայթյունի վարկածը, ես գնացի պարզ ճանապարհով և պատկերացրի Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան, որպես այն Մեծ Ուժը, որը հնարավոր դարձրեց այս պայթյունը:

Ուրեմն, կառավարելով նման հսկայական Տիեզերք, Նա, անկասկած, ի վիճակի է կառավարել իմ մտքերն ու գործողությունները, եթե ես պատրաստ եմ ընդունել Նրա ղեկավարումը: Բայց ես չեմ կարող հույս դնել օգնության վրա, եթե մեջքով շրջվեմ Նրան և գործեմ իմ հասկացողությամբ: Ես հավատացի Նրա զորությանը, և ահա ես արդեն ունեմ ինձ ուրախացնող կայուն սթափության 26 տարի:

Մարտի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՔՆՆԵԼԻ ՈՒՂԻՆԵՐ

…որ բոլոր դժբախտություններն ու տառապանքները, որոնցում Ամենաբարձրյալի ձեռքը մեզ թվում է դաժան և նույնիսկ անարդար, մեզ մատուցում են կյանքի նոր դասեր, բացահայտում են մեր մեջ արիության նոր պաշարներ և անխուսափելիորեն հանգեցնում են այն համոզման, որ «Աստծո ուղիներն անքննելի են, և այն, թե ինչպես է Նա հրաշքներ գործում»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 118 / Twelve Steps and Twelve Traditions, p. 105)

Նույնիսկ աշխատանքի, ընտանիքի և առողջության կորուստը չհամոզեցին ինձ, որ իմ ապրելակերպը վերանայման կարիք ունի: Խմելն ու թմրանյութերի օգտագործումն ինձ սպանում էին, բայց ես երբեք չէի հանդիպել ապաքինվող մարդու կամ ԱԱ անդամի: Ես կարծում էի, որ ինձ վիճակված է մենակ մահանալ, և որ ես դրան արժանի եմ: Առանց այդ էլ լիակատար հուսահատության մեջ էի, մեկ էլ հիվանդացավ մեր կրծքի երեխան. նա տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, և նրա վիճակը ծայրահեղ էր:

Բժիշկների ջանքերն ապարդյուն էին: Ես կրկնապատկեցի ջանքերս՝ խլացնելու իմ զգացմունքները, բայց ալկոհոլն արդեն դադարել էր օգնել: Ինձ մնում էր միայն նայել Աստծո աչքերին՝ աղերսելով Նրան օգնություն: ԱԱ-ի հետ իմ ծանոթությունը կայացավ մի քանի օր անց՝ հանգամանքների տարօրինակ շղթայի զուգադիպությամբ, և հենց այդ ժամանակվանից ես սթափ եմ մնում: Որդիս ողջ մնաց և ապաքինվում է: Այս իրավիճակը համոզեց ինձ իմ անզորության և իմ կյանքը կառավարելու անկարողության մեջ: Այժմ ես ու որդիս շնորհակալություն ենք հայտնում Աստծուն Նրա միջամտության համար:

Մարտի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

…որքան ավելի մեծ է Բարձրագույն Ուժին ենթարկվելու մեր պատրաստակամությունը, այնքան ավելի անկախ ենք մենք դառնում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 43 / Twelve Steps and Twelve Traditions, p. 36)

Ես սկսում եմ վստահել Աստծուն՝ դեռ դրա համար առանձնակի պատրաստակամություն չունենալով: Իսկ Նա այնպես է անում, որ այդ պատրաստակամությունն աճում է: Որքան շատ պատրաստակամություն ունեմ, այնքան շատ եմ վստահում, իսկ որքան շատ եմ վստահում, այնքան ավելանում է իմ պատրաստակամությունը: Իմ կախվածությունն Աստծուց աճում է իմ հոգևոր աճին և Նրա հանդեպ իմ հավատքին զուգընթաց: Մինչ Նրա կամքին ենթարկվելու ցանկության առաջանալը ես իմ բոլոր կարիքներում հույսս դնում էի միայն ինձ վրա, իսկ չէ՞ որ իմ հնարավորությունները սահմանափակ են:

Բարձրագույն Ուժին ապավինելու պատրաստակամության շնորհիվ, որին ես նախընտրում եմ Աստված անվանել, իմ բոլոր կարիքները բավարարվում են Ինչ-որ Մեկի կողմից, Ով ինձ ինձանից լավ գիտի, գիտի նույնիսկ այն իմ կարիքները, որոնց մասին ես չեմ էլ կասկածում, և նրանք, որոնք դեռ կհայտնվեն: Միայն Նա, Ով ինձ այդքան լավ գիտի, կարող է ինձ ինքս ինձնով դարձնել և նպատակաուղղել օգնելու ուրիշներին, նրանց, ում միայն ես կարող եմ օգնել: Աշխարհում երբեք չի լինի ճիշտ այնպիսի մարդ, ինչպիսին ես եմ: Սա էլ հենց իսկական անկախությունն է:

Մարտի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՂՈԹՔԸ. ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ Է

Ինչպես ինչ-որ մեկը հաջող կերպով արտահայտվեց. «Աղոթքները ծաղրում են հիմնականում այն մարդիկ, ովքեր իրենք երբեք չեն փորձել ինչպես հարկն է աղոթել»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 110 / Twelve Steps and Twelve Traditions, p. 97)

Ես մեծացել եմ ագնոստիկների ընտանիքում և, երբ առաջին անգամ փորձեցի աղոթել, ինձ անհարմար զգացի: Ես գիտեի, որ ինչ-որ Բարձրագույն Ուժ մասնակցություն է ունենում իմ կյանքում (այլապես էլ ինչպե՞ս կմնայի սթափ), բայց, իհարկե, վստահ չէի, որ Նա ցանկանում է լսել իմ աղոթքները: Մարդիկ, ովքեր արդեն ունեին այն, ինչ ես էի ցանկանում, պնդում էին, որ աղոթքը Ծրագրով աշխատանքի շատ կարևոր մասն է:

Եվ ես համառորեն յուրացնում էի սկսածը: Իսկ երբ սկսեցի աղոթել ամեն օր, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ դառնում եմ ավելի հանգիստ և ավելի ու ավելի շատ հարմարավետություն եմ զգում ինձ հատկացված տեղում այս աշխարհում: Այլ կերպ ասած, կյանքը դարձավ ավելի հեշտ, իսկ պայքարը դրանում պակասեց: Ես դեռևս չգիտեմ, թե Ով կամ Ինչն է լսում իմ աղոթքները, բայց ես երբեք չեմ դադարի կարդալ դրանք այն պարզ պատճառով, որ դա գործում է:

Մարտի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԵՐ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուրիշների հանդեպ սերը և հանդուրժողականությունը որոշում են մեր օրենսգիրքը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 84)

Ես բացահայտեցի, որ իրական հոգևոր առաջընթաց պահպանելու համար ես պետք է բոլոր իրավիճակներում ներեմ մարդկանց: Ներելու հրատապ անհրաժեշտությունը, գուցե, առաջին հայացքից ակնհայտ չէ, բայց ես գիտեմ, որ բոլոր մեծ մարդիկ, ովքեր հոգևորություն են ձեռք բերել, հաստատակամորեն պնդել են դրա վրա: Ես պետք է ներեմ ինձ հասցված վնասը ոչ թե պարզապես խոսքով կամ ձևականորեն, այլ իմ սրտում:

Ես դա անում եմ ոչ հանուն մյուս մարդու, այլ ինքս ինձ համար: Վիրավորանքը, զայրույթը կամ ինչ-որ մեկին պատժված տեսնելու ցանկությունը՝ ահա թե ինչն է թունավորում իմ հոգին: Նման զգացմունքներն ինձ շղթաներով գամում են իմ խնդիրներին, և նրանք էլ ինձ կապում են այլ խնդիրների հետ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իմ խնդրի հետ:

Մարտի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ

…կանհետանա վախը… և տնտեսական բարեկեցության հանդեպ անվստահությունը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Նվազեցնել վախի զգացումը կամ ընդհանրապես ազատվել դրանից և բարելավել սեփական նյութական վիճակը երկու տարբեր բաներ են: Որպես ԱԱ նորեկ՝ ես շփոթում էի այս երկու հասկացությունները: Ես հուսով էի, որ վախը կանցնի, հենց որ ես սկսեմ փող վաստակել: Բայց մի օր, իմ ֆինանսական դժվարությունների ժամանակ, Մեծ Գրքի տողը բառացիորեն «ցատկեց» էջից. «Մեզ համար նյութական բարօրությունը գտնվում է երկրորդ տեղում՝ հոգևորից հետո, և երբեք ոչ հակառակը» (էջ 123):

Ես հանկարծ հասկացա, որ այս դրույթը երաշխիք է: Ես տեսա, որ այն ճիշտ է դասավորում առաջնահերթությունները, որ հոգևոր առաջընթացը կնվազեցնի աղքատության հանդեպ այս սարսափելի վախը ճիշտ այնպես, ինչպես այն նվազեցրեց շատ ուրիշ վախեր: Այժմ ես փորձում եմ օգտագործել Աստծո կողմից ինձ տրված տաղանդները ի նպաստ մարդկանց և նկատում եմ, որ հենց դա են նրանք հատկապես գնահատում իմ մեջ: Ես փորձում եմ հիշել, որ այլևս ինքս ինձ համար չեմ աշխատում: Ես միայն օգտագործում եմ Աստծո ստեղծած հարստությունը, ես երբեք չեմ տիրապետել դրան: Իմ կյանքի նպատակը շատ ավելի պարզ է, երբ ես փորձում եմ պարզապես օգնել, այլ ոչ թե տիրանալ:

Մարտի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Եվ ևս մի բան. մենք դադարեցինք պայքարել որևէ բանի կամ որևէ մեկի հետ, նույնիսկ ալկոհոլի հետ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 84)

Երբ ԱԱ-ն գտավ ինձ, ես մտածում էի, որ ես ԱԱ-ում եմ՝ ալկոհոլի դեմ պայքարելու համար, և որ, հնարավոր է, Ընկերակցությունն ինձ ուժ կտա հաղթելու այն: Եթե ես հաղթանակ տանեի այդ ճակատամարտում, ո՞վ գիտի, թե էլ ինչ ճակատամարտեր ես կարող էի հաղթել: Ամեն դեպքում ինձանից կպահանջվեր ուժեղ լինել: Դա էր ապացուցում իմ ողջ նախորդ կենսափորձը:

Այսօր ինձ պետք չէ պայքարել կամ կամքի ուժ դրսևորել: Եթե ես գնամ այս Տասներկու Քայլերով և թույլ տամ Բարձրագույն Ուժին կատարել Իր աշխատանքը, ապա իմ ալկոհոլային խնդիրը կվերանա ինքնին: Իմ կյանքը նույնպես կդադարի պայքար լինելուց: Ինձ պարզապես պետք է հարցնել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում. պե՞տք է ես ընդունեմ սա, թե՞ փոխեմ: Ոչ թե իմ, այլ Նրա կամքն է պետք կատարել:

Մարտի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

…ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Հերթական անգամ մենք համոզվում ենք հետևյալ պնդման ճշմարտացիության մեջ. «Եթե դու ալկոհոլիկ ես, ապա դա արդեն ընդմիշտ է»… Եթե դուք որոշել եք թողնել խմելը, ապա այդ որոշումը պետք է լինի անվերապահ, առանց որևէ հետին մտքի՝ երբևէ վերադառնալու ալկոհոլի նորմալ օգտագործմանը… Պարտադիր չէ չափազանց երկար խմել և մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունել՝ ալկոհոլիկ դառնալու համար: Դա հատկապես ճշմարտացի է կանանց նկատմամբ: Նրանք, ովքեր հակված են ալկոհոլիզմի, ալկոհոլիկ են դառնում մի քանի տարում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 32 / Alcoholics Anonymous, p. 33)

Այս բառերն ընդգծված են իմ գրքում: Եվ դրանք ճշմարտություն են ալկոհոլիկների՝ տղամարդկանց և կանանց համար: Շատ դեպքերում ես դիմել եմ այս էջին և խորհել այս հատվածի շուրջ: Պետք չէ, որ ես հիմարացնեմ ինքս ինձ՝ հիշելով իմ բավականին տարբեր խմելու սովորությունները կամ հավատալով, որ ես «բուժվել եմ»: Ինձ դուր է գալիս մտածել, որ եթե սթափությունը Աստծո պարգևն է ինձ, ապա իմ սթափ կյանքն իմ նվերն է Աստծուն: Ես հուսով եմ, որ Աստված նույնքան ուրախանում է Իր նվերով, որքան ես եմ ուրախանում իմով:

Մարտի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ

«Մարդը կոչված է մտածելու և գործելու համար։ Նա Աստծո պատկերով ու նմանությամբ չի ստեղծվել նրա համար, որպեսզի ավտոմատ լինի»։

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 55)

Մինչև ԱԱ-ին միանալը ես հաճախ չէի մտածում, այլ պարզապես արձագանքում էի մարդկանց և իրավիճակին: Իսկ երբ չէի արձագանքում, ապա գործում էի մեխանիկորեն: Իսկ դառնալով ԱԱ անդամ՝ ես սկսեցի ամեն օր փնտրել ինձանից ավելի հզոր Ուժի առաջնորդությունը և սովորել լսել Նրա խրատները: Հետո ես սկսեցի որոշումներ կայացնել և գործել դրանց համաձայն, այլ ոչ թե պարզապես արձագանքել: Եվ հայտնվեցին դրական արդյունքներ. ես այլևս թույլ չեմ տալիս ուրիշներին որոշել իմ փոխարեն, իսկ հետո քննադատել ինձ դրա համար:

Այսօր և ամեն օր՝ երախտագիտությամբ և Աստծո կամքն իմ միջոցով իրագործվելու պատրաստակամությամբ լի սրտով, ես մտածում եմ. իմ կյանքն արժե նրան, որպեսզի դրա փորձով կիսվեմ ուրիշների հետ, հատկապես՝ իմ ալկոհոլիկ ընկերների հետ: Ավելին, եթե ես կուռք չեմ ստեղծում ինձ համար որևէ բանից, անգամ ԱԱ-ից, ես կարող եմ բաց ճանապարհ լինել Աստծո գործունեության համար:

Մարտի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ ՍԻՐՏ

Ես փորձում եմ ամուր կառչել այն ճշմարտությունից, որ երախտագիտությամբ լցված սիրտը չի կարող փայփայվել սնափառությամբ: Երախտագիտությամբ լցված՝ յուրաքանչյուր զարկի հետ այն, իհարկե, սեր կճառագի՝ ամենագեղեցիկ զգացմունքներից, որ մեզ տրված է ճանաչել:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 37)

Ես հավատում եմ, որ մենք՝ ԱԱ անդամներս, երջանիկ ենք նրանով, որ մեզ անընդհատ հիշեցնում են երախտապարտ լինելու անհրաժեշտության մասին և այն մասին, թե որքան կարևոր է երախտագիտությունը մեր սթափության համար: Ես անսահման երախտապարտ եմ այն սթափության համար, որն Աստված տվեց ինձ ԱԱ Ծրագրի միջոցով, և ուրախ եմ, որ կարող եմ տալ այն, ինչ ինձ տրվում է անհատույց:

Բայց ես երախտապարտ եմ ոչ միայն սթափության, այլև կյանքի որակի համար, որն իր հետ բերեց սթափությունը: Աստված այնքան ողորմած գտնվեց, որ ինձ տվեց սթափ օրեր և կյանք օրհնված աշխարհում ու խաղաղության մեջ, սեր նվիրելու և ընդունելու ունակություն և հնարավորություն ծառայելու ուրիշ մարդկանց՝ մեր Ընկերակցությունում, ընտանիքում, իմ շրջապատում: Այս ամենի համար ես ունեմ «երախտագիտությամբ լցված սիրտ»:

Մարտի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Ապավինեք Աստծուն, ինչպես դուք եք Նրան հասկանում: Խոստովանեք սեփական թերությունները Նրա և ձեր ընկերների առաջ: Մաքրվեք անցյալի բեկորներից: Կիսվեք ուրիշների հետ նրանով, ինչ սովորել եք, և միացեք մեզ: Մենք ձեզ հետ կլինենք՝ միավորված Հոգևոր Եղբայրությամբ, և դուք, իհարկե, կհանդիպեք մեզանից շատերին Դեպի Երջանկություն մեր ընդհանուր դժվարին Ուղու վրա: Թող Աստված օրհնի ձեզ և պահպանի այժմ և հավիտյան:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 160 / Alcoholics Anonymous, p. 164)

Ամեն անգամ կարդալով այս բառերը՝ ես կոկորդիս մեջ կծիկ եմ զգում: Սկզբում դա այն պատճառով էր, որ ես մտածում էի. «Դե չէ, ուսուցումն ավարտված է: Հիմա ես ինքս ինձնով եմ: Ես չեմ պատրաստվում ամեն ինչ նորից սկսել»: Հիմա, երբ կարդում եմ այս հատվածը, խորին հարգանքի զգացում եմ տածում ԱԱ պիոներների հանդեպ՝ գիտակցելով, որ այստեղ ասված է այն ամենը, ինչին ես հավատում և ինչին ձգտում եմ, և որ Աստծո ողորմությամբ ուսուցումը երբեք չի ավարտվի: Ես երբեք մենակ չեմ լինում, և ամեն օր միանգամայն նոր օր է:

Մարտի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԱ-Ի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք հավատում ենք, որ արդեն գիտենք, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում մեր որոշ ազատությունները. ինչպես նաև այն, որ Անանուն Ալկոհոլիկների ապագա սերունդներից և ոչ մեկի մտքով չի անցնի սահմանափակել դրանք: ԱԱ-ում մեր ազատությունները նախապատրաստում են այն հողը, որի վրա կարող է աճել ճշմարիտ սերը:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 303)

Ես ծարավ էի ազատության: Սկզբում խմելու ազատության, ավելի ուշ՝ ոգելից խմիչքից ազատության: ԱԱ ապաքինման Ծրագիրը խարսխված է ազատ ընտրության վրա: Այստեղ չկան մանդատներ, օրենքներ կամ հրամաններ: ԱԱ Հոգևոր Ծրագիրը, որը շարադրված է Տասներկու Քայլերում և առաջարկում է ինձ աննախադեպ ազատություններ, միայն առաջարկ է: Ես կարող եմ ընդունել կամ մերժել այն: Հովանավորությունը առաջարկվում է, այլ ոչ թե պարտադրվում, ես գալիս և գնում եմ իմ ցանկությամբ: Բոլոր այս և այլ ազատությունները թույլ են տալիս ինձ վերականգնել արժանապատվության զգացումը, որն ավերվել էր հարբեցողությամբ և որն այդքան անհրաժեշտ է ինձ՝ ամուր սթափություն պահպանելու համար:

Մարտի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք պետք է ընդունենք բոլորին, ովքեր տառապում են ալկոհոլիզմից: Հետևաբար, մենք չենք կարող մերժել ոչ ոքի նրանցից, ովքեր ցանկանում են ապաքինվել: ԱԱ անդամությունը երբեք չպետք է կապված լինի դրամական նկատառումների կամ հարմարվելու ունակության հետ: Ցանկացած երկու-երեք ալկոհոլիկներ, ովքեր հավաքվել են միասին սթափություն պահպանելու նպատակով, կարող են իրենց կոչել ԱԱ խումբ պայմանով, որ որպես խումբ նրանք չեն մտնում որևէ այլ կազմակերպության մեջ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 177 / Alcoholics Anonymous, p. 565)

Մինչ ԱԱ ես հաճախ էի զգում, որ «չեմ տեղավորվում» այն մարդկանց շրջապատում, որոնց հետ ստիպված էի շփվել: Սովորաբար «նրանք» ինձանից շատ կամ քիչ փող ունեին, և իմ կարծիքը չէր համընկնում «նրանց» կարծիքի հետ: Կանխակալության այն աստիճանը, որը ես զգում էի հասարակության մեջ, ևս մեկ անգամ ապացուցում էր ինձ, թե որքան դատարկ կարող են լինել մեծամիտ մարդիկ: Միանալով ԱԱ-ին՝ ես գտա այն ապրելակերպը, որը վաղուց էի փնտրում: ԱԱ-ում նրա անդամներից ոչ մեկը մյուսից լավը կամ վատը չէ. մենք պարզապես ալկոհոլիկներ ենք, ովքեր ձգտում են ապաքինվել ալկոհոլիզմից:

Մարտի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

Նրանք ծառայում են խմբին: Երբեմն դա անշնորհակալ արտոնություն է՝ կատարելու տարբեր տեսակի սև նախապատրաստական աշխատանք:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 149 / Twelve Steps and Twelve Traditions, p. 134)

«Հույն Զոռբան» իր գրքում Նիկոս Կազանձակիսը նկարագրում է գլխավոր հերոսի հանդիպումը մի ծերունու հետ, ով ծառ է տնկում: «Ի՞նչ ես անում»,- հարցնում է Զոռբան: Ծերունին պատասխանում է. «Դու ինքդ շատ լավ տեսնում ես, թե ինչ եմ անում: Ծառ եմ տնկում»: «Բայց ինչո՞ւ ծառ տնկել,- հարցնում է Զոռբան,- եթե չես տեսնելու, թե ինչպես է այն պտուղ տալու»: Եվ ծերունին ասում է. «Ես, որդիս, ապրում եմ այնպես, կարծես երբեք չեմ մեռնելու»:

Այսպիսի պատասխանը հազիվ նկատելի ժպիտ է առաջացնում Զոռբայի դեմքին, և նա, հեռանալուց առաջ, հեգնանքով բացականչում է. «Տարօրինակ է, իսկ ես ապրում եմ այնպես, կարծես պատրաստվում եմ մեռնել վաղը»: Որպես ԱԱ անդամ՝ ես կարծում եմ, որ Երրորդ Ուխտը՝ Ծառայությունը, բարեբեր հող է իմ սթափության ծառը տնկելու համար: Ես հնձում եմ հրաշալի պտուղներ. խաղաղություն, անվտանգություն, հասկացողություն և անվերջանալի ձեռքբերումների քսանչորս ժամ: Ողջամիտ դատելով՝ ես կարող եմ լսել սեփական գիտակցությանս ձայնը, երբ այն լռության մեջ ասում է ինձ. «Դու պետք է ծառայես: Ուրիշները կցանեն ու կհավաքեն բերքը»:

Մարտի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԽՄԲԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«…երբեմն լավը լավագույնի թշնամին է»:

(ԱԱ-ն հասունանում է / A. A. Comes of Age, p. 101)

Ես կարծում եմ, որ այս բառերը կիրառելի են ԱԱ-ի Երեք Ուխտերի ցանկացած ասպեկտի նկատմամբ՝ Ապաքինման, Միասնության և Ծառայության: Ես ուզում եմ, որ դրանք դաջվեն իմ գիտակցության և կյանքի մեջ «դեպի Երջանկություն մեր ընդհանուր դժվարին Ուղու վրա» (Անանուն Ալկոհոլիկներ, էջ 160): Այս բառերը, որոնք հաճախ էր կրկնում Բիլլ Վ.-ն, իրենց հերթին նրան հուշել էր մեր խմբային գիտակցությունը: Դրանց մեջ Բիլլը տեսավ Երկրորդ Ավանդույթի էությունը. «Մեր ղեկավարները պարզապես վստահությամբ օժտված կատարողներ են, նրանք չեն հրամայում»:

Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին խմբային գիտակցությունը դրդեց Բիլլ Վ.-ին հիշել այս բառերը, այնպես էլ ես կարծում եմ, որ մենք խմբերում մեր քննարկումների ժամանակ չպետք է կանգ առնենք «լավի» վրա, այլ միշտ ձգտենք հասնել «լավագույնին»: Այս ընդհանուր ձգտումները ևս մեկ օրինակ են այն բանի, թե ինչպես է Աստված, ինչպես մենք Նրան հասկանում ենք, արտահայտում Իրեն խմբային գիտակցության միջոցով: Այսպիսի փորձն օգնում է ինձ մնալ ապաքինման ճիշտ ուղու վրա: Ես սովորում եմ համատեղել նախաձեռնությունը խոնարհության հետ, պատասխանատվությունը՝ երախտագիտության հետ և այդպիսով վայելել կյանքի ուրախությունը իմ 24-ժամյա ծրագրով:

Մարտի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՁ ՉՄԵՐԺԵՑԻՆ ՍԻՐՈ ՄԵՋ

ԱԱ-ի երկրորդ տարին էր… Խմբերից մեկում հայտնվեց մի նորեկ, ով թակեց դուռը և խնդրեց ներս թողնել իրեն… Շուտով պարզվեց, որ նա իրենից ներկայացնում է գրեթե անհուսալի դեպք, բայց որ, չնայած դրան, նա ուզում է բուժվել… [Նա ասաց]… «Թույլ կտա՞ք ինձ միանալ խմբին, քանի որ ես ալկոհոլիզմից էլ ավելի վատ կախվածության զոհ եմ…»

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 158 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 141–142)

Ես եկա ձեզ մոտ՝ կին, մայր, կին, որ լքել է ամուսնուն, երեխաներին, ընտանիքը,՝ հարբեցող, դեղահաբերից կախվածություն ունեցող, մի խոսքով՝ ոչնչություն: Եվ այնուամենայնիվ, ոչ ոք չմերժեց ինձ սիրո, հոգատարության մեջ, չերեսթեքեց ինձանից: Այսօր, Աստծո ողորմության, լավ հովանավորի սիրո և իմ տնային խմբի շնորհիվ, ես կարող եմ ասել (ԱԱ-ում ձեր միջոցով), ես՝ կին եմ, մայր եմ, տատիկ եմ և կին:

Սթափ: Դեղահաբերից ազատագրված: Պատասխանատու: Առանց Բարձրագույն Ուժի, որը ես գտա Ընկերակցությունում, իմ կյանքն անիմաստ կլիներ: Ես անսահման երախտապարտ եմ նրա համար, որ ԱԱ-ի հաստատակամ անդամ եմ:

Ապրիլի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԱՅԵԼՈՎ ՆԵՐՍԴ

Խորապես և անվախորեն գնահատեցինք մեզ և մեր կյանքը բարոյական տեսանկյունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 49 / Twelve Steps and Twelve Traditions, p. 42)

Չորրորդ Քայլը վճռական և ցավոտ ջանք է՝ գիտակցելու սեփական նախկին և ներկա հակումները: Ես ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչպես, երբ և որտեղ են ձևախեղվել իմ բնական ցանկությունները: Ես ուզում եմ ուղիղ նայել դրա հետևանքով ինձ և ուրիշներին պատճառված դժբախտությանը: Պարզելով, թե ինչ են իրենցից ներկայացնում իմ էմոցիոնալ խանգարումները, ես կարող եմ սկսել շտկել իրավիճակը:

Առանց պատրաստակամության և այս ուղղությամբ համառ ջանքերի ես չեմ կարող ունենալ լիարժեք սթափություն կամ կարգուկանոն հոգուս մեջ: Հակասական զգացմունքներից ազատվելու համար ես պետք է հստակ և ճշգրիտ պատկերացում ունենամ ինքս իմ մասին: Նման գիտակցումը մեկ գիշերում չի գալիս, և պատկերացումներն ինքդ քո մասին անընդհատ փոխվում են: Միայն ազնվորեն գնահատելով իրականությունը՝ յուրաքանչյուրս կարող է հոգեպես աճել և խորանալ սեփական անձի գիտակցման մեջ: Եթե ես չեմ փախչում խնդիրներից, այլ ուղղակիորեն հանդիպում եմ դրանց և համարձակորեն ձեռնամուխ եմ լինում դրանց լուծմանը, դրանք ավելի ու ավելի են քչանում:

Ապրիլի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄՇԱԿՈՒՄ ԵՆՔ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ուրիշներին ուղղված չափազանց մեծ ուշադրության, հովանավորչության կամ սիրո պահանջները նրանց մոտ, ում ուղղված են, առաջացնում են կամ ճնշելու ձգտում, կամ էլ զզվանք…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 51 / Twelve Steps and Twelve Traditions, p. 44)

Երբ Չորրորդ Քայլով աշխատելիս ես իմ մեջ հայտնաբերեցի ուրիշների կողմից հավանության արժանանալու պահանջմունքը, ես չէի էլ ենթադրում, որ դա իմ բնավորության թերությունն է: Ես ավելի շուտ դա համարում էի արժանիք (այսինքն՝ մարդկանց հաճելի լինելու ցանկություն): Շուտով ինձ մատնանշեցին, որ այս «պահանջմունքը» կարող է կործանարար լինել:

Այսօր ինձ դեռևս դուր է գալիս հավանություն ստանալ ուրիշ մարդկանց կողմից, բայց ես չեմ ուզում վճարել դրա համար այն գինը, ինչ վճարում էի նախկինում: Ես չեմ կքի՝ ինչ-որ մեկին դուր գալու համար: Եթե ես ստանամ ձեր հավանությունը՝ հիանալի է, չեմ ստանա՝ յոլա կգնամ նաև առանց դրա: Ես պատասխանատու եմ նրա համար, որ ասում եմ ճշմարտությունը, ինչպես ես եմ այն հասկանում, այլ ոչ թե այն, ինչ, ինչպես ինձ թվում է, ուզում են ինձանից լսել ուրիշ մարդիկ: Ճիշտ նույն կերպ իմ կեղծ հպարտությունը միշտ ստիպում էր ինձ դողալ իմ համբավի համար: Այն բանից հետո, երբ ես ճանաչեցի ԱԱ Ծրագիրը, ինձ մոտ նպատակ առաջացավ՝ բարելավել իմ բնավորությունը:

Ապրիլի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Մենք վերջապես տեսանք, որ դա պետք է լինի մեր բարոյական գույքագրումը, այլ ոչ թե մեկ այլ մարդու գնահատականը: Այսպիսով, մենք ազնվորեն ընդունեցինք մեր մոլորությունները և մտադրվեցինք ուղղել մեր թերությունները:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 222)

Ինչո՞ւ ալկոհոլիկն այդպիսի համառությամբ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել: Ես երբեմն խմում էի այն պատճառով, թե ինչ էին ինձ հետ անում մարդիկ: Երբ ես եկա ԱԱ, ինձ ասացին. նայիր, թե որտեղ էիր դու սխալ: Եվ ի՞նչ պետք է անեի այս ամենի հետ: Իսկ երբ ես պարզապես համաձայնեցի, որ ինքս էլ իմ դերն եմ խաղացել կատարվածի մեջ, ապա կարողացա շարադրել դա թղթի վրա և տեսնել, որ ես պարզապես մարդ եմ:

Ինձանից չի պահանջվում լինել կատարելություն: Ես ունեցել եմ և կունենամ սխալներ: Սխալների ազնիվ խոստովանությունը թույլ է տալիս ինձ ընդունել դրանք՝ և՛ ինքս ինձ, և՛ այն մարդկանց, որոնց հետ ես տարաձայնություններ ունեմ: Իսկ այստեղից բոլորովին մոտ է մինչև ապաքինում:

Ապրիլի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՀՆԱՐԻՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Հենց այս թերարժեքության զգացումն է ուժեղանում նրա մանկական զգայունությամբ, և հենց իրերի նման դասավորվածությունն է նրա մեջ զարգացնում անհագ, աննորմալ ձգտում դեպի ինքնագոհությունը և շրջապատի աչքում հաջողությունը: Դեռևս մնալով երեխա՝ նա խնդրում է իր համար լուսինը հանել: Իսկ լուսինը, ըստ երևույթին, չի ցանկանում իջնել նրա մոտ:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 102)

Երբ ես խմում էի, ինձ թվում էր, թե ես բալանսավորում եմ սեփական ոչնչության զգացման և այն համոզմունքի միջև, որ ես Տիեզերքի կենտրոնն եմ: Այս երկու վիճակների միջև պատրանքային հավասարակշռության որոնումը դարձավ իմ ապաքինման բաղկացուցիչ մասը: Լուսինը, որի մասին ես միշտ այդքան երազել եմ, սթափության մեջ հազվադեպ է լիալուսին լինում. այն ինձ ներկայանում է տարբեր փուլերում, և յուրաքանչյուրի մեջ ինչ-որ դաս կա: Իրական ճանաչողությունը հաճախ գալիս է խավարումից, մթությունից հետո, բայց իմ ապաքինման յուրաքանչյուր ցիկլի հետ լույսը դառնում է ավելի վառ, իսկ իմ տեսլականը՝ ավելի խորը:

Ապրիլի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ անգամ չէ, որ մենք փորձել ենք դառնալ ընտանիքի լիիրավ անդամներ, իսկական ընկերներ մեր ընկերների համար, լավ աշխատողներ աշխատավայրում և հասարակության օգտակար անդամներ: Միշտ մենք փորձում էինք կա՛մ մագլցել ամենավերևը, կա՛մ թաքնվել ամենաներքևում: Նման եսասիրական պահվածքը խոչընդոտում էր այլ մարդկանց հետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը: Երբ խոսքը վերաբերում էր իսկական ընկերությանը, մեզ մոտ միշտ ինչ-որ մտավախություններ էին առաջանում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 62 / Twelve Steps and Twelve Traditions, p. 53)

Այս միտքը, որը շարադրված է Չորրորդ Քայլում, դարձավ առաջին բանը, ինչ ես լսեցի հստակ և պարզ. մինչ այդ ինձ դեռ չէր վիճակվել կարդալ նման բան հենց ինքս իմ մասին: Մինչ ԱԱ գալը ես չգիտեի այնպիսի վայր, որտեղ ինձ կարող էին սովորեցնել, թե ինչպես դառնալ անհատականություն անհատականությունների մեջ: Հենց առաջին ժողովից ես տեսնում էի, թե ինչպես է դա ստացվում ուրիշների մոտ, և ցանկացա ունենալ այն, ինչ ունեին նրանք: Պատճառներից մեկը, որով ես այսօր երջանիկ և սթափ ալկոհոլիկ եմ, այն է, որ ես սովորում եմ այս կարևորագույն դասը:

Ապրիլի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՈՐԾԸՆԹԱՑ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Մենք դժվարություններ ունեինք ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում, մենք չէինք կարողանում վերահսկել մեզ բնորոշ էմոցիոնալությունը, մենք ապրում էինք վիշտ և դեպրեսիա, մենք չէինք կարողանում վաստակել մեր ապրուստը, մենք մեզ անպետք էինք զգում, մենք ճնշված էինք վախից, մենք դժբախտ էինք, մենք ի վիճակի չէինք ինչ-որ մեկին օգնել…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 51 / Alcoholics Anonymous, p. 52)

Այս բառերը հիշեցնում են ինձ, որ ես ունեմ շատ ուրիշ խնդիրներ բացի ալկոհոլայինից, որ ալկոհոլը միայն ավելի ընդարձակ հիվանդության ախտանիշն է: Երբ ես դադարեցի խմել, սկսվեց իմ ապաքինման գործընթացը անկառավարելի էմոցիոնալությունից, հիվանդագին փոխհարաբերություններից և անվերահսկելի իրավիճակներից, և այդ գործընթացը կշարունակվի ամբողջ կյանքում: Մեզանից շատերի համար դա դժվար է առանց Բարձրագույն Ուժի և Ընկերակցության ընկերների օգնության:

Երբ ես սկսեցի աշխատել Քայլերով, սկսեցին քանդվել բազմաթիվ խճճված կծիկներ և կամաց-կամաց շտկվել իմ կյանքի ամենաջարդված կողմերը: Օրեցօր, գրեթե աննկատ, գնում էր իմ ապաքինումը: Նվազում էին վախերը: Ժամանակ առ ժամանակ ես սկսեցի բավարարվածություն զգալ: Իմ էմոցիաները դարձան պակաս բուռն: Ես նորից դարձա մարդկային ընտանիքի անդամ:

Ապրիլի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Եվ, խոսելով դոկտոր Բոբի և իմ անունից, ես երախտագիտությամբ հայտարարում եմ, որ եթե չլինեին մեր կանայք՝ Աննին և Լուիզան, մեզանից ոչ մեկը չէր ապրի մինչև ԱԱ-ի սկիզբը:

(ԱԱ ապրելակերպ / The AA Way of Life, p. 67)

Ընդունա՞կ եմ արդյոք ես մեծահոգի հարգանքի տուրքի և երախտագիտության իմ կնոջ, ծնողների և ընկերների հանդեպ, առանց որոնց օգնության ես դժվար թե ողջ մնայի և կարողանայի հասնել ԱԱ-ի դռներին: Ես կաշխատեմ դրա վրա և կփորձեմ տեսնել այն ծրագիրը, որն իմ Բարձրագույն Ուժը պատրաստել է ինձ համար: Մի ծրագիր, որը միավորում է մեր կյանքերը:

Ապրիլի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԱՅԵԼՈՎ ՆԵՐՍԴ

Պետք է հստակ պարզել, թե ինչպես, երբ և որտեղ են ձևախեղվել մեր բնական ցանկությունները: Մենք ուզում ենք բացահայտ ընդունել, թե ինչ դժբախտություններ է դա բերել մեզ և ուրիշ մարդկանց: Մեր մեջ էմոցիոնալ շեղումներ հայտնաբերելով՝ մենք կարող ենք ձեռնամուխ լինել դրանց ուղղմանը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 50 / Twelve Steps and Twelve Traditions, p. 43)

Այսօր ես այլևս ալկոհոլի ստրուկ չեմ, բայց ստրկությունը դեռևս սպառնում է ինձ. լինել ինքս իմ, իմ ցանկությունների, նույնիսկ իմ երազանքների ստրուկը: Բայց առանց երազանքի ես չեմ կարող ապրել. առանց երազանքի չկա ոչինչ, որը կշարժեր ինձ առաջ: Ինձ ազատագրելու համար ես պետք է նայեմ իմ ներսը: Ես պետք է ներգրավեմ Աստծո զորությունը, որպեսզի համարձակորեն դեմ առ դեմ հանդիպեմ այն մարդուն, որից ամենաշատն էի վախենում, տեսնեմ իմ իրական «ես»-ը, այնպիսին, ինչպիսին ինձ ստեղծել է Աստված: Քանի դեռ ես չեմ կարող և չեմ անի դա, ես կտվայտեմ և երբեք իրապես չեմ ազատագրվի: Ամեն օր ես խնդրում եմ Աստծուն ցույց տալ ինձ այդպիսի ազատություն:

Ապրիլի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «ԱԼԿՈՀՈԼ ԹԱԳԱՎՈՐԻՑ»

…եկեք չենթադրենք, նույնիսկ մի ակնթարթ, որ ազատվել ենք կախվածությունից… Մեր նախկին բռնակալը՝ «Ալկոհոլ Թագավորը», միշտ պատրաստ է նորից բռնել մեզ: Ուստի ալկոհոլից ազատությունը մեծագույն պահանջմունք է, որին պետք է հասնել, հակառակ դեպքում մենք կխելագարվենք կամ կմեռնենք:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 134)

Քանի դեռ խմում էի, ես ապրում էի հոգևոր, էմոցիոնալ և երբեմն ֆիզիկական բանտարկության մեջ: Իմ բանտը ես կառուցել էի ինքնակամության և ինքնարդարացումների աղյուսներից, որոնցից չէի կարողանում ազատվել: Պատահական «չոր» ժամանակաշրջանները, որոնք ազատություն էին խոստանում, ինչպես թվում էր, ընդամենը դատավճռի տարկետման հույս էին: Իսկական ազատագրումը պահանջում էր ճիշտ գործողություններ ձեռնարկելու պատրաստակամություն՝ կողպեքը բացելու համար: Իմ պատրաստակամության և գործողությունների օգնությամբ կբացվի բանտի կողպեքը և կփշրվեն աղյուսները: Շարունակվող պատրաստակամությունը և բուն գործողությունները, որոնք երբեք չպետք է դադարեն, ապահովում են ինձ ազատություն. մի տեսակ ամենօրյա փորձություն:

Ապրիլի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵՎՈՐ ԱՃ

Ցանկացած հոգևոր աճի էությունը կայանում է դեպի լավը փոխվելու ցանկության և ապա դրա հետ կապված առաջացող պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մեջ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 115)

Երբեմն, երբ ինձ մոտ ցանկություն է առաջանում անել այն, ինչ ես միշտ պետք է անեմ, ես գովասանքի և իմ ծառայությունների ճանաչման ծարավ եմ ունենում: Ես չեմ գիտակցում, որ որքան ավելի շատ եմ պատրաստ գործել այլ կերպ, այնքան ավելի հետաքրքիր է իմ կյանքը: Որքան ավելի շատ եմ պատրաստ օգնել մարդկանց, այնքան ավելի շատ պարգևներ եմ ստանում: Հենց այսպես եմ ես հասկանում բոլոր այս սկզբունքները:

Ինձ համար ուրախությունն ու օգուտը գործելու պատրաստակամության մեջ են, այլ ոչ թե վայրկենական արդյունքների հասնելու: Լինել մի փոքր ավելի բարի, մի փոքր ավելի դանդաղ տրվել զայրույթին, սիրել մի փոքր ավելի շատ՝ ահա թե ինչն է իմ կյանքն ավելի լավ դարձնում օրեցօր:

Ապրիլի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ՄԵՂԱԴՐԱՆՔ»՝ ԲԱՌ, ՈՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ

Պահանջվում է բավականին շատ ժամանակ, որպեսզի հասկանանք, որ մենք դարձել ենք մեր իսկ էմոցիոնալ անկայունության զոհը: Ուրիշների մեջ մենք դա նկատում էինք անմիջապես, իսկ մեր մեջ՝ շատ դանդաղ: Նախևառաջ մենք պետք է ընդունեինք, որ ունենք այս թերությունները, որքան էլ ցավոտ և ստորացուցիչ լիներ այդ բացահայտումը: Ինչ վերաբերում է այլ մարդկանց, ապա պետք էր հրաժարվել «մեղադրում եմ» բառից մեր խոսակցություններում և մտքերում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 55 / Twelve Steps and Twelve Traditions, p. 47)

Երբ ես աշխատում էի Չորրորդ Քայլով՝ հետևելով Մեծ Գրքի ցուցումներին, ես նկատեցի, որ իմ վիրավորանքների ցուցակը բաղկացած էր նախապաշարմունքներից և այլ մարդկանց մեղադրելուց իմ անկարողության մեջ՝ հասնելու հաջողության և ապրելու իմ ներուժին համապատասխան: Ես հայտնաբերեցի նաև, որ ես այնպիսին չեմ, ինչպես մյուսները, որովհետև ես սևամորթ եմ: Այս Քայլով աշխատելուն զուգընթաց ես հասկացա, որ խմում էի բացառապես այս զգացմունքներից ազատվելու համար: Միայն սթափվելով և ինձ բարոյական տեսանկյունից գնահատելով՝ ես դադարեցի մեղադրել ուրիշ մարդկանց:

Ապրիլի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՐԱԺԱՐՈՒՄ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

…Այնտեղ, որտեղ գործը վերաբերում էր ալկոհոլին, մենք պարզապես խելագար էինք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 37 / Alcoholics Anonymous, p. 38)

Ալկոհոլիզմն ինձանից պահանջում էր, որ ես խմեմ. ուզում եմ դա, թե ոչ: Խելագարությունը տիրել էր իմ կյանքին և իմ հիվանդության էությունն էր: Այն զրկեց ինձ խմիչքի հարցում ընտրության ազատությունից և, համապատասխանաբար, առհասարակ որևէ ընտրությունից: Երբ ես խմում էի, ես ի վիճակի չէի խելամտորեն ընտրություն կատարել կյանքի որևէ իրավիճակում, և կյանքը դարձավ անկառավարելի: Ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ հասկանալ և ընդունել ալկոհոլիզմը որպես հիվանդություն:

Ապրիլի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔՆԱԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԵՂԾ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ինքնախղճահարությունը ամենադժբախտ և կործանարար արատներից մեկն է, որ մենք գիտենք: Դա խոչընդոտ է հոգևոր առաջընթացի ճանապարհին, և այն կարող է քանդել բոլոր օգտակար կապերը մեր ընկերների հետ, քանի որ իր մեջ կրում է ուշադրության և համակրանքի անչափելի պահանջ իր կրողի նկատմամբ: Սա նահատակության սենտիմենտալ ձև է, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 238)

Ինքնախղճահարությունից առաջացած կեղծ հարմարավետությունն ինձ առանձնացնում էր իրականությունից միայն որոշ ժամանակով, իսկ հետո, թմրանյութի պես, պահանջում էր էլ ավելի մեծ դոզա: Եթե ես տրվեմ ինքնախղճահարությանը, այն կարող է ինձ հասցնել խափանման (սռիվի): Ի՞նչ պետք է ես անեմ: Ինձ համար կա հուսալի միջոց. ուշադրությունս շեղել, թեկուզ սկզբում մի փոքր, այն մարդկանց վրա, որոնց բախտն իսկապես ավելի քիչ է բերել, քան իմը, և ամենալավը՝ այլ ալկոհոլիկների վրա: Որքան ավելի անկեղծ եմ ես կարեկցում նրանց, այնքան փոքրանում է իմ սեփական ուռճացված ինքնախղճահարությունը:

Ապրիլի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԹԻՎ ՄԵԿ» ԹՇՆԱՄԻՆ

Չարությունը «թիվ մեկ» թշնամին է: Այն կործանում է ալկոհոլիկներին ավելի շատ, քան որևէ այլ բան: Այն բոլոր տեսակի հոգևոր հիվանդությունների պատճառն է, քանզի մենք հիվանդ էինք ոչ միայն հոգեպես և ֆիզիկապես, այլև հոգևոր առումով:

(Անանուն ալկոհոլիկներ, էջ 62–63 / Alcoholics Anonymous, p. 64)

Նայելով ինքս ինձ Չորրորդ Քայլով աշխատելիս՝ ես նկատեցի, որ հեշտությամբ կարող եմ բաց թողնել ինչ-որ վնաս, որ հասցրել եմ ինչ-որ մեկին՝ համարելով դա վճար ինձ հասցված վնասի դիմաց: Եթե ես շարունակում եմ վերադառնալ իմ հին վիրավորանքներին, ապա այդ զգացմունքը վերափոխվում է չարության, իսկ չարությունը փակում է արևի լույսի մուտքը դեպի իմ հոգի: Եթե ես շարունակում եմ փորփրել հին վերքերը և ատելություն կուտակել, ես ցավ եմ պատճառում ինձ և ատում եմ ինքս ինձ: Վիրավորանքների խավարում երկար տարիներ գտնվելուց հետո ես գտա արևի լույս: Ես պետք է բաց թողնեմ իմ վիրավորանքները. ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք ապրեն իմ մեջ:

Ապրիլի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՇՂԹԱՆԵՐԸ

…վիրավորանքներ պահելը անսահման տխուր է, որովհետև այդպես մենք մեկուսանում ենք Հոգու արևի լույսից:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 5)

Ասված է. «Զայրույթը շքեղություն է, որը ես չեմ կարող ինձ թույլ տալ»: Արդյո՞ք սա նշանակում է, որ ես մերժում եմ տվյալ մարդկային զգացմունքը: Կարծում եմ՝ ոչ: Նախքան ԱԱ Ծրագիրը ճանաչելը ես ալկոհոլիկին բնորոշ վարքագծի մոդելների ստրուկն էի: Ես շղթաներով գամված էի բացասական զգացմունքներին՝ առանց այդ շղթաները խզելու որևէ հույսի: Քայլերն ինձ այլընտրանք առաջարկեցին:

Չորրորդ Քայլը դարձավ այս շղթաների վերջի սկիզբը: «Ազատագրման» գործընթացը սկսվեց վերագնահատումով: Ես վախենալու ոչինչ չունեի, չէ՞ որ նախորդ Քայլերը համոզել էին ինձ, որ ես մենակ չեմ: Իմ Բարձրագույն Ուժն ինձ բերեց այս դռան մոտ և օժտեց ընտրության իրավունքով: Այսօր ես կարող եմ բացել դեպի ազատություն տանող դուռը և վայելել Քայլերի արևի լույսը, քանի դեռ դրանք մաքրում են իմ հոգին:

Ապրիլի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՍԿԱԾԵԼԻ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է»

Ապրելու համար մենք պետք է ազատվենք չարությունից: Վիրավորանքներն ու չարությունը մեզ համար չեն: Դրանք, հնարավոր է, կասկածելի շքեղություն են, որը կարող են իրենց թույլ տալ նորմալ մարդիկ, բայց ալկոհոլիկների համար դրանք թույն են:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 65 / Alcoholics Anonymous, p. 66)

«Կասկածելի շքեղություն»: Որքա՜ն հաճախ եմ հիշել այս բառերը: Սա պարզապես զայրույթ չէ, որը նույնպես ավելի լավ է թողնել ոչ ալկոհոլիկներին: Ես կազմեցի մի ցուցակ՝ դրա մեջ ներառելով արդարացված վրդովմունքը, ինքնախղճահարությունը, դատապարտելու հակումը, ինքնագոհությունը, կեղծ հպարտությունը և կեղծ խոնարհությունը: Միշտ զարմանում եմ՝ կարդալով Մեծ Գրքից բերված վերը նշված հատվածը: Ծրագրի Սկզբունքներն այնքան խորն են արմատավորվել իմ մեջ, որ ես միշտ մտածում եմ՝ արդյո՞ք իմ բոլոր թերությունները թվարկեցի: Ես շնորհակալ եմ Աստծուն այն բանի համար, որ չեմ կարող ինձ թույլ տալ դրանք, այլապես դրանք կգրավեն ինձ:

Ապրիլի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԵՐԸ ԵՎ ՎԱԽԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր այս թերությունները վախ են ծնում, որն ինքնին հոգեկան հիվանդության մի տեսակ է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 57 / Twelve Steps and Twelve Traditions, p. 49)

«Վախը թակեց դուռը, հավատքը պատասխանեց, և այնտեղ հանկարծ ոչ ոք չկար»: Չգիտեմ, թե ում է պատկանում այս ասույթը, բայց դրանից պարզ է դառնում, որ վախը պատրանք է: Ես ինքս եմ ստեղծում այս պատրանքը: Ես վաղ ճաշակեցի վախը և սխալմամբ կարծում էի, որ միայն դրա առկայությունն ինձ վախկոտ է դարձնում:

Ես չգիտեի, որ արիության սահմանումներից մեկը «ճիշտ վարվելու ցանկությունն է՝ չնայած վախին»: Այսպիսով, արիությունը պարտադիր կերպով վախի բացակայություն չէ: Երբ իմ կյանքում սեր չկար, գրեթե հաստատ ինձ տիրում էր վախը: Վախենալ Աստծուց նշանակում է վախենալ ուրախությունից: Հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ երբ վախենում էի Աստծուց, իմ կյանքում ուրախություն չկար: Ես սովորեցի չվախենալ Աստծուց և սովորեցի ուրախություն զգալ:

Ապրիլի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԻՆՔԴ ՔՈ ՀԱՆԴԵՊ

Ուրիշներին խաբելը գրեթե միշտ արմատավորված է ինքներս մեզ խաբելու մեջ… Երբ մենք ազնիվ ենք մեկ այլ մարդու հետ, դա հաստատում է մեր ազնվությունն ինքներս մեր և Աստծո առաջ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 17)

Երբ ես խմում էի, ես խաբում էի ինքս ինձ՝ իրականությունը ներկայացնելով այնպիսին, ինչպիսին ինձ հարմար էր: Ուրիշներին խաբելը բնավորության թերություն է, նույնիսկ եթե դա միայն ճշմարտության աննշան աղավաղում է կամ իմ դրդապատճառների զարդարում, որպեսզի մարդիկ իմ մասին բարձր կարծիքի լինեն: Իմ Բարձրագույն Ուժը կարող է վերացնել իմ բնավորության այս թերությունը, բայց նախ ես պետք է օգնեմ ինքս ինձ՝ ցանկություն հայտնելով ստանալու այդ օգնությունը և հրաժարվելով խաբեությունից: Ամեն օր ես պետք է հիշեմ, որ խաբելով ինքս ինձ՝ ես դատապարտում եմ ինձ անհաջողության և հիասթափության կյանքում և Անանուն Ալկոհոլիկներում: Սերտ և ազնիվ հարաբերությունները Բարձրագույն Ուժի հետ՝ ահա միակ ամուր հիմքը ինքդ քո և մարդկանց հետ ազնիվ լինելու համար:

Ապրիլի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՂԲԱՅՐՆԵՐ ԸՍՏ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մենք՝ ապաքինվող ալկոհոլիկներս, ոչ այնքան եղբայրներ ենք ըստ դժբախտության, որքան եղբայրներ ենք ըստ թերությունների և դրանք շտկելու մեր ընդհանուր ձգտման:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 167)

Նմանությունը, որ գոյություն ունի ալկոհոլիկների միջև, խորհրդավոր է, իր էությամբ հոգևոր է և գրեթե անըմբռնելի: Բայց այն կա: Ես «զգում եմ» այն: Այսօր ես զգում եմ, որ կարող եմ օգնել մարդկանց, և նրանք կարող են օգնել ինձ: Ինձ համար սա նոր և հուզիչ է՝ մարդկանց մասին հոգ տանելու զգացումը:

Հոգ տանել այն մասին, թե նրանք ինչ են զգում, ինչի վրա են հույս դնում, ինչի մասին են աղոթում. իմանալ նրանց տխրությունները, ուրախությունները, սարսափը, ափսոսանքները, վիշտը. ցանկանալ կիսել նրանց հետ այս բոլոր զգացմունքները, որպեսզի նրանցից ինչ-որ մեկը թեթևանա: Ես երբեք չգիտեի, թե ինչպես դա անել կամ նույնիսկ ինչպես փորձել անել: Դա նույնիսկ մտքովս չէր անցնում: ԱԱ Ընկերակցությունը և Աստված ինձ սովորեցնում են, թե ինչպես հոգ տանել մարդկանց մասին:

Ապրիլի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

…մենք խնդրում ենք Աստծուն մեր մտքերն ուղղորդել ճիշտ հունով, զերծ պահել մեզ ինքնախղճահարությունից, անազնիվ արարքներից, շահամոլությունից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 84 / Alcoholics Anonymous, p. 86)

Անկեղծորեն արտասանված այս աղոթքն ինձ սովորեցնում է լինել իսկապես անշահախնդիր և խոնարհ, որովհետև անգամ բարի գործեր անելիս ես երբեմն հավանություն և փառք էի փնտրում ինձ համար: Ուսումնասիրելով իմ բոլոր արարքների դրդապատճառները՝ ես կարող եմ ծառայել Աստծուն և մարդկանց՝ օգնելով նրանց իրենց մտադրություններում: Եթե ես Աստծուն եմ հանձնում իմ մտքերի ղեկավարումը, ապա վերանում են բազմաթիվ ավելորդ հոգսեր, և ես հավատում եմ, որ Նա ինձ առաջնորդում է օրվա ընթացքում: Եթե անմիջապես, հենց որ ինձ մոտ առաջանում են ինքնախղճահարության, անազնվության և եսասիրության մտքեր, ես ազատվում եմ դրանցից, ապա ես ապրում եմ խաղաղության մեջ Աստծո, մերձավորիս և ինքս իմ հետ:

Ապրիլի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄՐԱՊՆԴԵԼ ՔՈ ՀԱВԱՏՔԸ

Չեմ կարծում, որ մենք կկարողանանք որևէ լավ բան անել այս աշխարհում, եթե չպարապենք այն բանում, ինչով զբաղվում ենք: Եվ ես չեմ հավատում, որ մենք որևէ լավ բանի կհասնենք ԱԱ-ում, եթե անընդհատ չպարապենք… Մենք պետք է պարապենք… հասնել ծառայության ոգուն: Մենք պետք է փորձենք ձեռք բերել բավարար հավատք, ինչը հեշտ չէ անել, հատկապես այն մարդուն, ով միշտ եղել է մատերիալիստ՝ հետևելով ժամանակակից հասարակության սկզբունքներին: Բայց ես կարծում եմ, որ հավատք կարելի է ձեռք բերել, այն ձեռք են բերում աստիճանաբար՝ այն պետք է աճեցնել քո մեջ: Ինձ համար դա հեշտ չէր, և ենթադրում եմ, որ դա դժվար գործ է ցանկացած մարդու համար…

(Դոկտոր Բոբը և փառավոր հնաբնակները / Doctor Bob and the Good Oldtimers, pp. 307–308)

Անկեղծորեն արտասանված այս աղոթքն ինձ սովորեցնում է լինել իսկապես անշահախնդիր և խոնարհ, որովհետև անգամ բարի գործեր անելիս ես երբեմն հավանություն և փառք էի փնտրում ինձ համար: Հաճախ վախն այն ուժն է, որը խանգարում է ինձ հավատք գտնել և այն ամրապնդել իմ մեջ: Վախը խանգարում է ինձ հասկանալ գեղեցկությունը, հանդուրժողականությունը, ներումը, ծառայությունը և հոգեկան անդորրը:

Ապրիլի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՈՐ ՀՈՂ՝ ՆՈՐ ԱՐՄԱՏՆԵՐ

Գիտակցման պահերը կարող են ծառայել որպես հոգեկան անդորրի կառուցման տարրեր, ես հիմքեր ունեմ դա պնդելու: Իրականության արմատները, որոնք դուրս են մղում նևրոտիկ ենթանտառը, ամուր կպահեն՝ չնայած այն ուժերի ուժեղ քամիներին, որոնք կարող են կործանել մեզ կամ որոնք մենք կարող ենք օգտագործել ինքներս մեզ կործանելու համար:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 173)

Ես եկա ԱԱ բոլորովին «կանաչ»՝ դողացող մի ծիլ մերկ արմատներով: Եկա ողջ մնալու համար, և դա սկիզբն էր: Ես ձգվում էի, զարգանում, ճկվում, բայց մարդկանց օգնությամբ իմ հոգին ի վերջո դուրս պրծավ: Ես ազատ դարձա: Ես գործում էի, թուլանում, ինքնամփոփվում, աղոթում, նորից գործում, նորից խորանում էի, մինչև որ գալիս էր պայծառատեսության պահը:

Իմ արմատներից ծիլեր էին դուրս գալիս՝ վերածվելով կանաչող ուժեղ հոգևոր ճյուղերի, որոնք աջակցում էին ինձ դեպի վեր իմ ձգտման մեջ: Այստեղ՝ երկրի վրա, Աստված առանց որևէ պայմանների շարունակում է բարձրագույն սիրո առաքելությունը: ԱԱ-ի սկզբունքներով կյանքն ինձ կանգնեցրեց «այլ հիմքի վրա… [իմ] արմատները կառչեցին նոր հողից»: (Անանուն Ալկոհոլիկներ, էջ 11):

Ապրիլի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԱ-Ն ՀԱՄԱԴԱՐՄԱՆ ՉԷ

Խաբեություն կլիներ պնդել, որ ԱԱ-ն համադարման (պանացեա) է նույնիսկ ալկոհոլիզմից:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 285)

Սթափության առաջին տարիներին ես լցված էի հպարտությամբ՝ հավատալով, որ ԱԱ-ն ապաքինվելու և մարդկանց կողմից լավ ու երջանիկ կյանք ձեռք բերելու միակ միջոցն է: Իհարկե, դա իմ սթափության հիմնական բաղադրիչն էր, և նույնիսկ հիմա, Ծրագրում ավելի քան տասներկու տարի անց, ես ակտիվորեն հաճախում եմ ժողովներին, զբաղվում եմ հովանավորությամբ, մասնակցում եմ ծառայությանը:

Ապաքինման առաջին չորս տարիների ընթացքում ես անհրաժեշտ էի համարում օգտագործել մասնագետների օգնությունը, քանի որ էմոցիոնալ առումով ինձ շատ վատ էի զգում: Կան մարդիկ, ովքեր սթափություն և երջանկություն են գտել այլ կազմակերպություններում: ԱԱ-ն ինձ սովորեցրեց, որ ես ընտրություն ունեմ. կանգ չառնել ոչնչի առջև իմ սթափությունն ամրապնդելու գործում: ԱԱ-ն, գուցե, համադարման չէ, բայց մի տեսակ կենտրոնն է իմ սթափ կյանքի:

Ապրիլի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ

Ալկոհոլիզմը մեզ տարավ դեպի մենակություն, թեև շուրջը կային մարդիկ, ովքեր սիրում էին մեզ… Մենք փորձում էինք ձեռք բերել էմոցիոնալ անվտանգություն՝ ղեկավարելով ուրիշներին կամ կախվածության մեջ լինելով նրանցից… Մենք ապարդյուն փորձում էինք ապահովել մեր անվտանգությունը իշխելու կամ ենթարկվելու անառողջ ճանապարհով:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 252)

Անցկացնելով իմ բարոյական գույքագրումը՝ ես հայտնաբերեցի, որ ես միշտ անառողջ հարաբերություններ եմ ունեցել մարդկանց մեծամասնության հետ՝ օրինակ՝ ընկերների կամ ընտանիքի հետ: Ես միշտ ինձ մեկուսացված և միայնակ էի զգում և խմում էի՝ էմոցիոնալ ցավը խլացնելու համար: Հենց սթափության, լավ հովանավորի և Տասներկու Քայլերով աշխատանքի շնորհիվ ես կարողացա բարձրացնել իմ ցածր ինքնագնահատականը: Նախ Տասներկու Քայլերն ինձ սովորեցրին, թե ինչպես կարող եմ ընկերանալ ինքս ինձ հետ, իսկ հետո, երբ կարողացա սիրել ինձ, մերձենալ մարդկանց և սիրել նաև նրանց:

Ապրիլի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄՏՆԵԼՈՎ ՆՈՐ ՉԱՓՈՒՄ

Հարբեցողության ուշ փուլում անհետացավ դիմադրելու մեր կամքը: Եվ այնուամենայնիվ, երբ մենք ընդունենք լիակատար պարտությունը և լիովին պատրաստ լինենք փորձելու ԱԱ-ի սկզբունքները, մոլուցքը կլքի մեզ, և մենք կմտնենք նոր չափում՝ ազատություն Աստծո ներքո, ինչպես որ մենք ենք Նրան հասկանում:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 283)

Ես երջանիկ եմ, որ գտնվում եմ նրանց շարքում, ովքեր զգացել են այս ապշեցուցիչ փոփոխությունները կյանքում: Երբ ես՝ միայնակ ու հուսահատված, մտա ԱԱ-ի դռներով, ես պատրաստ էի հավատալ այն ամենին, ինչ լսում էի: Ի թիվս այլ բաների ես լսեցի. «Սա կարող է լինել քո վերջին խումարը (պոխմելը), կամ էլ դու կպտտվես շրջանագծով»: Տղամարդը, որն ասաց դա, ակնհայտորեն իրեն ավելի լավ էր զգում և ավելի լավ տեսք ուներ, քան ես: Ինձ դուր եկավ իմ պարտությունն ընդունելու գաղափարը, և այդ պահից ես ազատ էի: Իմ սիրտը լսեց այն, ինչ երբեք չէր կարող լսել բանականությունը. «Ալկոհոլի դիմաց անզորության մեջ ոչ մի արտառոց բան չկա»: Ես ազատ եմ, և ես երախտապարտ եմ:

Ապրիլի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՆԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ

Կարծում եմ՝ բանը երջանկության կամ դժբախտության մեջ չէ: Ինչպե՞ս ենք մենք լուծում այն խնդիրները, որոնց բախվում ենք: Ի՞նչ դաս ենք քաղում դրանցից և ինչպե՞ս ենք փոխանցում ուրիշներին այն, ինչ սովորել ենք, եթե նրանք պատրաստ են դա ընդունել:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 306)

«Երջանիկ լինելու» իմ ձգտման մեջ ես փոխում էի աշխատանքս, ամուսնանում և բաժանվում էի, փոխում էի բնակությանս վայրերը, ընկնում էի պարտքերի մեջ՝ ֆինանսական, էմոցիոնալ և հոգևոր: ԱԱ-ում ես սովորում եմ մեծանալ: Փոխանակ մարդկանցից, վայրերից և իրերից պահանջելու, որ ինձ երջանիկ դարձնեն, ես կարող եմ Աստծուն խնդրել սովորեցնել ինձ, թե ինչպես ընդունել ինքս ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Երբ ինչ-որ խնդիր տանջում է ինձ, ԱԱ-ի Տասներկու Քայլերն օգնում են ինձ հաղթահարել ցավը:

Գիտելիքը, որը ես ստանում եմ, կարող է նվեր դառնալ նաև այլ մարդկանց համար, ովքեր տառապում են նույն խնդրից: Ինչպես ասել է Բիլլը. «Եթե ցավ է առաջանում, ապա շատ հնարավոր է, որ այն տրվել է մեզ, որպեսզի մենք պատրաստ լինենք դրանից դաս քաղելու և օգնենք ուրիշներին սովորել մեր օրինակով: Երբ գալիս է երջանկությունը, մենք այն ընդունում ենք որպես պարգև և շնորհակալություն ենք հայտնում Աստծուն դրա համար»:

Ապրիլի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՐԱԽԱԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք հասկանում ենք մեր գիտելիքների սահմանափակ լինելը: Աստված անընդհատ նոր բաներ կբացահայտի ձեզ և մեզ: Հարցրեք Նրան ձեր առավոտյան խորհրդածությունների ժամանակ, թե ինչ կարող եք անել նրանց համար, ովքեր դեռ հիվանդ են: Դուք պատասխաններ կստանաք, եթե ձեր սեփական տնտեսության մեջ կարգուկանոն եք հաստատել: Միանգամայն ակնհայտ է, որ դուք չեք կարող ուրիշներին փոխանցել այն, ինչ չունեք: Հետևեք, որ ձեր հարաբերություններն Աստծո հետ միշտ լինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն, և այն ժամանակ նշանակալի իրադարձություններ տեղի կունենան ձեզ և շատ այլ մարդկանց հետ: Մեզ համար սա Մեծ Փաստ է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 160 / Alcoholics Anonymous, p. 164)

Սթափությունը ճանապարհորդություն է հանուն ուրախալի հայտնագործությունների: Յուրաքանչյուր նոր օր բերում է նոր փորձ, նոր գիտակցում, ավելի մեծ հույսեր, ավելի խորը հավատք, ավելի մեծ հանդուրժողականություն: Ես պետք է պահպանեմ այս հատկությունները, այլապես ես ոչինչ չեմ ունենա ուրիշներին տալու համար: Ապաքինվող ալկոհոլիկի համար հսկայական իրադարձություններ են սովորական առօրյա ուրախությունները, որոնք նա գտնում է Աստծո շնորհով ևս մեկ օր ապրելու իր ունակության մեջ:

Ապրիլի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԿՈՒ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

Ապաքինումն ԱԱ-ում կարելի է գնահատել երկու հասկացությունների օգնությամբ՝ խոնարհության և պատասխանատվության: Մեր ողջ հոգևոր զարգացումը կարող է ճշգրիտ չափվել այս հիանալի հատկանիշներին մեր հավատարմության աստիճանով:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 271)

Այլ մարդկանց հայացքների, ձեռքբերումների և իրավունքների ընդունումն ու հարգանքը՝ իմ սխալ լինելն ընդունելու հետ մեկտեղ, ինձ ցույց են տալիս խոնարհության ճանապարհը: ԱԱ-ի սկզբունքների կիրառումը բոլոր գործերում ինձ տանում է դեպի պատասխանատվություն: Այս բոլոր սկզբունքների պահպանումը վստահություն է առաջացնում ինչպես Չորրորդ, այնպես էլ մեր Ընկերակցության մնացած բոլոր Ավանդույթների նկատմամբ: Անանուն Ալկոհոլիկները մշակել են ողջամիտ ցանկություններով լի, սկզբունքներով և էթիկական արժեքներով առավելագույնս հարստացված կյանքի փիլիսոփայություն. մշակել են նաև հայացք կյանքի նկատմամբ, որը կարող է կիրառվել ոչ միայն ալկոհոլիկների կողմից: Այս սկզբունքներին հետևելու համար ինձ պարզապես պետք է աղոթել և հոգ տանել իմ ընկերների մասին այնպես, կարծես նրանցից յուրաքանչյուրն իմ եղբայրը լինի:

Ապրիլի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՄԲԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ-որ մեկը կարող է մտածել, որ մենք խմբերի ինքնուրույնության սկզբունքները հասցրել ենք ծայրահեղության: Օրինակ, իր «ընդլայնված ձևով» Չորրորդ Ավանդույթը հաստատում է. «Ցանկացած երկու կամ երեք ալկոհոլիկներ, ովքեր միավորվել են սթափ ապրելակերպ սկսելու համար, կարող են իրենց կոչել ԱԱ խումբ պայմանով, որ նրանք ոչ մի կապ չունեն այլ միավորումների հետ…» Այնուամենայնիվ, այս գերազատության մեջ այնքան էլ շատ ռիսկ չկա, որքան կարող է թվալ:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, pp. 104–105)

Որպես ակտիվ ալկոհոլիկ՝ ես չարաշահում էի ցանկացած ազատություն, որն ինձ ընձեռում էր կյանքը: Ուստի ինչպե՞ս կարող էր ԱԱ-ն ակնկալել ինձանից Չորրորդ Ավանդույթի կողմից առաջարկվող «գերազատության» հարգում: Հարգանք սովորելը դարձավ իմ առօրյա գործը: ԱԱ-ն ինձ ստիպեց լիովին ընդունել կարգապահության անհրաժեշտությունը և այն, որ եթե ես չունենամ դրա նկատմամբ ներքին համոզմունք, ես ստիպված կլինեմ վճարել դրա համար: Նույնը վերաբերում է նաև խմբերին: Չորրորդ Ավանդույթը, չնայած իմ ալկոհոլային հակումներին, ցույց է տալիս ինձ հոգևոր ուղղությունը:

Ապրիլի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵԾ ՊԱՐԱԴՈՔՍԸ

Հեշտ է միմյանց հետ փոխանակվել ալկոհոլիկների միջավայրում անցյալի տառապանքներով և ապաքինման մասին պատմությամբ: Նման շփման ունակությունը պարգև է, որը մենք ստացել ենք Աստծուց, և այն ուրիշներին փոխանցելը միակ նպատակն է, որ դնում են իրենց առջև ԱԱ խմբերն ամբողջ աշխարհում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 169 / Twelve Steps and Twelve Traditions, p. 151)

ԱԱ-ի մեծ պարադոքսն այն է, որ ես գիտեմ, որ չեմ կարող պահպանել սթափության թանկարժեք նվերը, եթե չկիսվեմ դրանով: Իմ հիմնական խնդիրը սթափ մնալն է: ԱԱ-ում ես չունեմ ոչ մի այլ նպատակ, և դրա կարևորությունն ինձ համար կենաց և մահու հարց է: Եթե ես նահանջեմ այս նպատակից, ապա կպարտվեմ: Բայց ԱԱ-ն գոյություն ունի ոչ միայն ինձ համար: ԱԱ-ն այն ալկոհոլիկի համար է, որը դեռ տառապում է: Ապաքինվող ալկոհոլիկների լեգեոնները մնում են սթափ՝ կիսվելով իրենց ալկոհոլիկ ընկերների հետ: Իմ ապաքինման ուղին կայանում է նրանում, որ ցույց տամ ԱԱ-ում գտնվող մարդկանց, որ երբ ես կիսվում եմ նրանց հետ, մենք բոլորս, Բարձրագույն Ուժի ողորմությամբ, աճում ենք և գնում դեպի երջանիկ ճակատագիր:

Մայիսի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲՈՒԺԵԼՈՎ ՍԻՐՏՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աստծո, ինքներս մեր և մեկ այլ մարդու առաջ ընդունեցինք մեր մոլորությունների իսկական բնույթը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 64 / Twelve Steps and Twelve Traditions, p. 55)

Քանի որ ճշմարտացի է այն պնդումը, որ Աստված գործում է մարդկանց միջոցով, ես նկատում եմ, որ մարդկանց հեռավորության վրա պահելով՝ հեռավորության վրա եմ պահում նաև Աստծուն: Իսկ Աստված շատ ավելի մոտ է ինձ, քան ես մտածում եմ: Ես կարող եմ զգալ Նրա ներկայությունը՝ սիրելով մարդկանց և թույլ տալով նրանց սիրել ինձ: Բայց ես չեմ կարող ոչ սիրել, ոչ էլ սիրված լինել, եթե թույլ եմ տալիս, որ իմ գաղտնիքները կանգնեն իմ ճանապարհին: Սա ինքս իմ այն կողմն է, որի վրա ես հրաժարվում եմ ուշադրություն դարձնել, և այն ղեկավարում է ինձ:

Որպեսզի բանականությունն ու սիրտը բուժվեն (իսկ ինձ համար դա ազատության ուղին է), ինձ մոտ պետք է ցանկություն առաջանա նայելու իմ այս մութ կողմին: Ես պետք է սուզվեմ մթության մեջ, որպեսզի գտնեմ լույսը, և վախի մեջ, որպեսզի գտնեմ խաղաղություն: Բացահայտելով իմ գաղտնիքները և այդպիսով ազատվելով մեղքի զգացումից՝ ես, ըստ էության, փոխում եմ իմ մտածելակերպը. փոխելով մտածելակերպը՝ ես կարող եմ փոխել ինքս ինձ: Իմ մտքերը ստեղծում են իմ ապագան: Այն, թե ինչպիսին ես կլինեմ վաղը, որոշվում է նրանով, թե ինչ եմ ես մտածում այսօր:

Մայիսի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՎ ՄՈՒԹ ԱՆՑՅԱԼԸ

Դուք պետք է մտածեք, որ Ամենաբարձրյալի ձեռքերում ձեր մութ անցյալը վերածվում է մեծագույն գանձի՝ բանալի դեպի ուրիշների կյանքն ու երջանկությունը: Ձեր փորձը կօգնի ուրիշներին խուսափել մահվանից ու վշտից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 120 / Alcoholics Anonymous, p. 124)

Իմ անցյալն այլևս ինքնակենսագրություն չէ: Դա տեղեկատու է, որը պետք է վերցնել, բացել և որի բովանդակությամբ պետք է կիսվել ինչ-որ մեկի հետ: Այսօր, գալով աշխատանքի, ես հրաշալի պատկեր եմ տեսնում: Ես վստահ եմ, որ նույնիսկ եթե այս օրը մռայլ է, ինչպես և լինում են առանձին օրեր, մի փոքր ուշ վառ կշողան աստղերը:

Եվ իմ ներկայությունն այս շողքի ժամանակ կֆիքսվի և կդրսևորվի արդեն մոտ ապագայում: Այս օրը իմ ողջ անցյալը կլինի իմ մի մասը, որովհետև այն բանալի է, այլ ոչ թե կողպեք:

Մայիսի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱՆ ՄԱՔՐՈՒՄ

Ինչ-որ պատճառով մեզ ավելի քիչ է շփոթեցնում Աստծո հետ մենակ մնալու հեռանկարը, քան մեկ այլ մարդու առաջ կանգնելը: Քանի դեռ մենք չենք նստել ինչ-որ մեկի հետ և չենք քննարկել այն, ինչ այդքան երկար թաքցրել ենք մեր մեջ, «տանը մաքրում անելու» մեր ցանկությունը գոյություն ունի հիմնականում տեսականորեն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 69 / Twelve Steps and Twelve Traditions, p. 60)

Ինձ համար բավականին հեշտ էր պատմել Աստծուն և ինքս ինձ իմ բնավորության թերությունների մասին: Բայց դեմ առ դեմ նստել մեկ այլ մարդու հետ և նրա հետ քննարկել իմ կյանքի ամենանվիրական մանրամասները շատ ավելի դժվար ստացվեց: Իսկ երբ դա տեղի ունեցավ, ես զգացի նույնպիսի թեթևացում, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ ինձ ալկոհոլիկ ճանաչեցի: Ես սկսեցի գնահատել Ծրագրի հոգևոր նշանակությունը և հասկանալ, որ այս Քայլն ընդամենը նախերգանք է այն ամենի, ինչ դեռ կհետևի մյուս Քայլերում:

Մայիսի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱԶՆԻՎ

Եթե մենք ուզում ենք երկար ապրել կամ երջանիկ լինել այս աշխարհում, մենք պետք է լիովին ազնիվ լինենք ինչ-որ մեկի առաջ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 72 / Alcoholics Anonymous, pp. 73–74)

Ազնվությամբ, ինչպես և այլ առաքինություններով, պետք է կիսվել: Ազնվությունը եկավ, երբ ես կիսվեցի «…իմ ողջ կյանքի պատմությամբ մեկ այլ մարդու հետ…», ընդ որում, դա արեցի նրա համար, որպեսզի գտնեմ իմ տեղն Ընկերակցությունում: Ավելի ուշ, նորեկներին օգնելու համար գտնելու իրենց տեղը մեզ մոտ, ես նրանց հետ կիսվում էի սեփական փորձով: Նման փոխանակումն օգնում է ինձ ազնիվ լինել իմ բոլոր գործերում և հավատալ, որ Աստծո մտադրությունն իմ նկատմամբ կյանքի է կոչվում իմ անկեղծ բացության, ցանկության և պատրաստակամության միջոցով:

Մայիսի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԾԱՌԵՐ ԵՎ ԱՆՏԱՌ

Եթե մենք ուզում ենք երկար ապրել կամ երջանիկ լինել այս աշխարհում, մենք պետք է լիովին ազնիվ լինենք ինչ-որ մեկի առաջ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 69–70 / Twelve Steps and Twelve Traditions, p. 60)

Չհաշվել, թե քանի անգամ եմ չարության և հիասթափության պոռթկումների մեջ ինքս ինձ ասել. «Ծառերի հետևում ես անտառը չեմ տեսնում»: Վերջապես ես հասկացա, որ նման ցավոտ պահերին ինձ պետք է մեկը, ով կուղղորդեր ինձ, որպեսզի կարողանամ առանձնացնել ծառերը անտառից. ով կառաջարկեր ավելի լավ ճանապարհ, որով ես պետք է գնամ. ով կօգներ ինձ մարել հրդեհները, կօգներ շրջանցել ժայռերն ու փոսերը: Երբ ես «անտառում եմ», խնդրում եմ Աստծուն ինձ արիություն տալ զանգահարելու ԱԱ-ի անդամներից որևէ մեկին:

Մայիսի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՉԻՆՉ ՉՊԱՀԵԼ ԻՐ ՄԵՋ

Ճիշտ ընտրության լավագույն ապացույցը ձեր բացվելու պատրաստակամությունն է և վստահությունն այն մարդու հանդեպ, որի հետ պատրաստվում եք կիսվել ձեր անցյալի բարոյական գնահատականով: …Եթե դուք ոչինչ չթաքցնեք, թեթևացման զգացումը կաճի ամեն րոպե: Տարիներ շարունակ կուտակված զզվելի էմոցիաները կճեղքեն իրենց զսպող պատնեշը և հրաշքով կանհետանան անմիջապես այն բանից հետո, երբ դուք կպատմեք դրանց մասին մեկ այլ մարդու: Հենց որ ցավը մեղմանա, նրա տեղը կզբաղեցնի ապաքինող խաղաղությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 71–72 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 61–62)

Երկար ժամանակ զսպված զգացմունքների փոքրիկ սերմը սկսեց ծլել, երբ ես հաճախեցի ԱԱ-ի առաջին մի քանի ժողովներին: Եվ հենց այդ ժամանակ էլ ինքնաճանաչումն ինձ համար դարձավ ուսումնասիրության առարկա: Ինքս իմ նոր ըմբռնումը փոխեց իմ արձագանքը կյանքի իրավիճակներին: Ես հասկացա, որ ընտրության իրավունք ունեմ, և սովորությունների ներքին թելադրանքն աստիճանաբար թուլացավ: Կարծում եմ, որ եթե ես Աստված եմ փնտրում, ապա կարող եմ ինձ համար ավելի ընդունելի ապրելակերպ հաստատել: Ուստի ես ամեն օր խնդրում եմ Նրան օգնել ինձ ապրել սթափ կյանքով:

Մայիսի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Մենք կարող ենք ամեն ինչ պատմել մի մարդու, ով կհասկանա մեզ, բայց ինքը չի տուժի դրանից: Կանոնը կայանում է նրանում, որ մենք պետք է պահանջկոտ լինենք մեր նկատմամբ, բայց ուշադիր լինենք ուրիշների հանդեպ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 72 / Alcoholics Anonymous, p. 74)

Հարգանք ուրիշների նկատմամբ՝ ահա այն դասը, որը ես քաղում եմ այս մեջբերումից: Եթե ես ուզում եմ գտնել հոգու այն վիճակը, որն այդքան երկար փնտրում եմ, ես պարտավոր եմ գնալ ամեն ինչի հանուն իմ ազատագրման: Սակայն այդ ազատությունը ոչ մի դեպքում չպետք է ձեռք բերվի այլ մարդկանց հաշվին: Եսասիրությունը տեղ չունի այն կյանքում, որը կառուցվում է ԱԱ-ի սկզբունքների վրա:

Երբ ես աշխատում եմ Հինգերորդ Քայլով, միանգամայն խելամիտ է ընտրել մի մարդու, ով ունի ինձ հետ ընդհանուր նպատակներ: Հակառակ դեպքում, եթե մարդն ինձ չի հասկանում, ապա իմ հոգևոր աճը կարող է կանգ առնել. կարող է նույնիսկ հետընթացի վտանգ առաջանալ: Այնպես որ, նախքան որևէ մեկին վստահելի անձ ընտրելը, ես Աստծուց ղեկավարող ցուցումներ եմ խնդրում:

Մայիսի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՆԳՍՏԻ ՎԱՅՐ

ԱԱ-ի բոլոր Տասներկու Քայլերը հակասության մեջ են մտնում մեր բնական ցանկությունների հետ… դրանք նսեմացնում են մեր «ես»-ը: Երբ բանը հասնում է սեփական «ես»-ի նսեմացմանը, ապա ամենադժվարը Հինգերորդ Քայլն է: Բայց հետագա սթափ ապրելակերպի և հոգեկան անդորրի համար սա ամենաանհրաժեշտ Քայլն է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 64 / Twelve Steps and Twelve Traditions, p. 55)

Նույնիսկ այն բանից հետո, երբ ես թղթի վրա գրեցի իմ բնավորության թերությունները, պատրաստ չէի խոսել դրանց մասին: Բայց ի վերջո ես որոշեցի, որ ժամանակն է դադարեցնել այս բեռը մենակ քարշ տալը: Այն չափազանց ծանր է ինձ մենակի համար: Ինձ պետք էր որևէ մեկին պատմել իմ այս թերությունների մասին: Ես կարդացել էի (և ինձ ասել էին), որ եթե չանեմ դա, չեմ կարողանա սթափ մնալ:

Երբ ես իմ առօրյա կյանքում սկսեցի կիրառել Հինգերորդ Քայլը, խոնարհության և հոգեկան անդորրի հետ մեկտեղ ձեռք բերեցի մարդկանց հետ հաղորդակցության զգացում: Կարևոր էր ընդունել իմ բնավորության թերությունները հենց այն հերթականությամբ, որը ձևակերպված է Հինգերորդ Քայլում. «Աստծո, ինքներս մեր և մեկ այլ մարդու առաջ»: Առաջին հերթին Աստծո առաջ ընդունելը հարթեց ճանապարհը ինքս իմ և մեկ այլ մարդու առաջ ընդունելուն: Ինչպես և գրված է Հինգերորդ Քայլում, Աստծո և իմ ընկերոջ հետ միասնության զգացումն ինձ բերեց հանգստի վայր: Այստեղ ես կարողացա նախապատրաստվել մնացած Քայլերով աշխատանքին, որոնք տանում են դեպի լիարժեք և ինձ համար այդքան նշանակալի սթափություն:

Մայիսի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՔԱՅԼ ԱՆԵԼ ՎԱԽԻ ՎՐԱՅՈՎ

Եթե մենք դեռ չենք ուզում ազատվել մեր մեջ եղած ողջ վատից, ապա մենք խնդրում ենք Աստծուն օգնել մեզ ձեռք բերել այդ ցանկությունը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74 / Alcoholics Anonymous, p. 76)

Հինգերորդ Քայլով աշխատանքի գործընթացում ես գիտակցեցի, որ իմ բնավորության բոլոր թերությունները բխում են անվտանգություն զգալու և սիրված լինելու պահանջմունքից: Այս թերությունների վրա աշխատելը միայն իմ կամքի օգնությամբ ավելին չէր լինի, քան խելագարություն: Վեցերորդ Քայլում ես սկսեցի մեծացնել ջանքերս: Մասնավորապես, մեդիտացիա էի անում, անընդհատ կրկնում էի Քայլի բովանդակությունը, հաճախում էի ժողովների, հետևում էի հովանավորի խորհուրդներին, կարդում էի, փնտրում էի իմ ներսում:

Սթափության առաջին երեք տարիների ընթացքում ես վախենում էի մենակ մտնել վերելակ: Մի անգամ ես որոշեցի քայլ անել այս վախի վրայով (հաղթահարել վախը): Ես Աստծուց օգնություն խնդրեցի և մտա վերելակ, որտեղ տեսա լացող մի կնոջ: Նա ասաց, որ ամուսնուն թաղելուց ի վեր մահու չափ վախենում է վերելակներից: Ես մոռացա իմ վախի մասին և սկսեցի հանգստացնել նրան: Այս հոգևոր փորձն ինձ օգնեց հասկանալ, որ պատրաստակամությունը բանալի է Տասներկու Քայլերով իմ ապաքինման աշխատանքի համար: Աստված օգնում է նրանց, ովքեր իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստում:

Մայիսի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԱԶԱՏ

Մյուս պարգևը, որ մենք կարող ենք ակնկալել մեր թերությունները մեկ այլ մարդու առաջ խոստովանելուց, խոնարհությունն է, մի բառ, որը հաճախ սխալ են հասկանում… դա հավասարազոր է գիտակցմանը, թե ովքեր ենք մենք և ինչ ենք իրենցից ներկայացնում, ինչին պարտադիր հետևում է ավելի լավը դառնալու անկեղծ փորձը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 67 / Twelve Steps and Twelve Traditions, p. 58)

Հոգուս խորքում ես զգում էի, որ եթե ուզում եմ լինել ուրախ, երջանիկ և ազատ, ապա պետք է կիսվեմ որևէ մեկի հետ իմ անցյալ կյանքի պատմությամբ: Այն ուրախությունն ու թեթևացումը, որոնք համակեցին ինձ այն բանից հետո, երբ ես արեցի դա, անհնար է նկարագրել: Եվ Հինգերորդ Քայլից գրեթե անմիջապես հետո ես ինձ ազատ զգացի սեփական կապանքների և ալկոհոլի կապանքների ստրկությունից: Այս ազատությունը պահպանվում է երեսունվեց տարի շարունակ՝ օրեցօր: Ես տեսնում եմ, որ Աստված կարող է ինձ համար անել այն, ինչ ես ինքս ինձ համար ի վիճակի չեմ անել:

Մայիսի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶԳԱՑՈՒՄ

Քանի դեռ մենք լիակատար անկեղծությամբ չէինք զրուցել ինչ-որ մեկի հետ մեր հակամարտությունների մասին և չէինք լսել, թե ինչպես է ինչ-որ մեկն անում նույնը, մենք դեռևս չէինք զգում լիարժեք պատկանելիություն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 67 / Twelve Steps and Twelve Traditions, p. 57)

ԱԱ-ում չորս տարի անցկացնելուց հետո ես հնարավորություն տեսա ազատվելու խորը թաքնված էմոցիաների բեռից, որոնք ինձ ուժեղ ցավ էին պատճառում: Մասնագետների խորհրդատվությունների և ԱԱ-ի օգնության շնորհիվ ցավը մեղմացավ, և ես զգացի լիարժեք պատկանելիության և խաղաղության իմաստը: Ես զգացի նաև Աստծո ուրախությունն ու սերը, ինչը երբեք նախկինում չէի ապրել: Ես խոնարհվում եմ Հինգերորդ Քայլի զորության առաջ:

Մայիսի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՑՅԱԼՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

ԱԱ-ի մյուս անդամների փորձը համոզեց մեզ, որ մենակ մենք չենք կարող ապրել մեզ ճնշող խնդիրների և բնավորության այն թերությունների հետ, որոնք առաջացրել են կամ սրել այդ խնդիրները: Եթե, կատարելով Չորրորդ Քայլը, մենք, լուսարձակի պես, լուսավորեցինք մեր ողջ կյանքը՝ ակնառու կերպով ի հայտ բերելով այն անցյալը, որը մենք չէինք ցանկանա հիշել. եթե մենք հանգեցինք այն բանի գիտակցմանը, թե ինչպես են անխոհեմ դատողություններն ու արարքները վնաս հասցրել մեզ և շրջապատին, ապա դա նշանակում է, որ մենք չպետք է շարունակենք ապրել մեզ տանջող մեր անցյալի այս ուրվականների հետ: Մենք պետք է զրուցենք ինչ-որ մեկի հետ դրանց մասին:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 64 / Twelve Steps and Twelve Traditions, p. 55)

Ինչ արված է, արված է: Դա արդեն հնարավոր չէ փոխել: Բայց իմ վերաբերմունքն անցյալի նկատմամբ կարելի է փոխել՝ խոսելով նրանց հետ, ովքեր արդեն անցել են այս ճանապարհով ինձանից առաջ, ինչպես նաև հովանավորների հետ: Ես, միգուցե, կուզենայի, որ այդ իմ անցյալն ընդհանրապես չլիներ, բայց եթե ես փոխեմ իմ գործողությունները կատարվածի նկատմամբ, ապա կփոխվի և իմ վերաբերմունքը: Այո, ես կարող եմ փոխել իմ զգացմունքներն ու իմ վերաբերմունքը, բայց միայն գործելով, և միայն իմ ալկոհոլիկ ընկերների օգնությամբ:

Մայիսի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԵՎ ՄԵՂՄ ՃԱՆԱՊԱՐՀ

…եթե մենք չանցնենք այս կարևոր փուլը, ապա չենք կարողանա թողնել խմելը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 70 / Alcoholics Anonymous, p. 72)

Ես, իհարկե, ուրախություն չէի զգում այն ինձ հետ դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությունից, ինչպիսին ես էի նախկինում: Հատկապես դա չէի ուզում այն ժամանակ, երբ իմ հարբեցողության օրերի տառապանքները դեռ ամպի պես կախված էին իմ վրա: Բայց շուտով ժողովներին ես լսեցի ԱԱ-ի մի անդամի մասին, ով չէր ցանկանում աշխատել Հինգերորդ Քայլով: Նա շարունակում էր հաճախել ժողովներին՝ դողալով այն սարսափից, որ անցյալը կարող է կենդանանալ իր հիշողության մեջ: Շատ ավելի հեշտ և պարզ է անել այս Քայլերը մեր ճակատագրական հիվանդությունից դեպի ազատություն և հավատալ մեր Ընկերակցությանը և Բարձրագույն Ուժին:

Մայիսի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԻՆՔԴ ՔԵԶՆՈՎ

Ժամանակ առ ժամանակ նորեկները փորձում էին չբացահայտել իրենց կյանքի որոշ փաստեր… նրանք օգտագործում էին ավելի պարզ մեթոդներ… Բայց իրականում նրանք բավարար չափով չէին ճանաչել խոնարհությունը…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 70–71 / Alcoholics Anonymous, pp. 72–73)

Խոնարհությունը շատերի կողմից ընկալվում է որպես ստորացում, մինչդեռ իրականում դա ինքդ քեզ նայելու և բացահայտածդ ազնվորեն ընդունելու ունակությունն է: Ինձ այլևս պետք չէ լինել «ամենախելացին», «ամենալավը» և մնացած ամեն ինչում «ամենա-ամենան»: Ի վերջո, բոլորովին էլ վատ չէ պարզապես լինել ինքդ քեզնով:

Ինձ ավելի հեշտ է ընդունել ինքս ինձ, եթե ես կիսվել եմ որևէ մեկի հետ իմ ողջ կյանքի պատմությամբ: Եթե ես չեմ կարող դա անել ժողովներին, ապա արժե, որ ես գտնեմ հովանավոր՝ այնպիսին, ում ես կկարողանամ պատմել «որոշակի բնույթի» այն փաստերի մասին, որոնք կարող են վերադարձնել ինձ հարբեցողության, այսինքն՝ դեպի մահ: Ես պետք է կատարեմ բոլոր Քայլերը: Հինգերորդ Քայլն ինձ պետք է՝ իսկական խոնարհություն սովորելու համար: Ավելի հեշտ մեթոդները չեն գործում:

Մայիսի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՃԱՆԱՉԻՐ ԱՍՏԾՈՒՆ՝ ԿՃԱՆԱՉԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Միանգամայն ակնհայտ է, որ դժգոհության զգացումով լի կյանքն անիմաստ է և զուրկ երջանկությունից… Ալկոհոլիկների համար, ում հույսերը կապված են հոգևոր փորձի պահպանման և աճի հետ, դժգոհությունը հատկապես անցանկալի է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 64 / Alcoholics Anonymous, p 66)

ՃԱՆԱՉԻՐ ԱՍՏԾՈՒՆ — ԿՃԱՆԱՉԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:

ՉԿԱ ԱՍՏՎԱԾ — ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:

Մայիսի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ…

Հաճախ, աշխատելով հենց այս Քայլով հովանավորի կամ հոգևորականի հետ, մենք առաջին անգամ զգացինք, որ ի վիճակի ենք ներել ուրիշներին, որքան էլ նրանք խիստ վիրավորած լինեն մեզ: Սեփական «ես»-ի մեր բարոյական գնահատականը համոզեց մեզ, որ ցանկալի է միշտ ներել: Բայց միայն լրջորեն ձեռնամուխ լինելով Հինգերորդ Քայլի աշխատանքին՝ մենք ներքուստ գիտակցում ենք այն հավանականությունը, որ մենք կներվենք, և սեփական ունակությունը՝ ներում շնորհելու:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 67 / Twelve Steps and Twelve Traditions, p. 58)

Ինչպիսի՜ մեծ զգացմունք է ներումը: Որքան նոր բան է բացահայտվում իմ էմոցիոնալ, հոգեբանական և հոգևոր բնույթի մեջ: Եվ դրա համար պահանջվում է ընդամենը ներելու պատրաստակամություն, մնացած ամեն ինչ կանի Աստված:

Մայիսի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

…ԵՎ ՆԵՐԵԼ

Իմ կյանքի ամենաբարդ հանգամանքներում կրկին ու կրկին ներել ուրիշներին՝ նշանակում է ներել ինքդ քեզ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 268)

Ներել ինքդ քեզ և ներել ուրիշներին՝ դրանք երկու հոսանք են մեկ գետում, որոնց խանգարում, իսկ երբեմն էլ ընդհանրապես փակում է դրանք վիրավորանքի զգացումից կառուցված պատվարը: Եթե պատվարը վերացվի, երկու հոսանքներն էլ կվերսկսեն իրենց հոսքը: ԱԱ-ի Քայլերը թույլ են տալիս ինձ տեսնել, թե ինչպես է ձևավորվել վիրավորանքի զգացումը և ինչպես է այնուհետև այն արգելափակել իմ կյանքի հոսքը: Քայլերը ցույց են տալիս այն ճանապարհը, որին հետևելով, Աստծո ողորմությամբ, ինչպես ես Նրան հասկանում եմ, կարելի է վերացնել այդ զգացմունքը: Այս լուծման արդյունքում ես կարող եմ գտնել այն անհրաժեշտ շնորհը, որն ինձ հնարավորություն կտա ներել ինքս ինձ և ուրիշներին:

Մայիսի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔԴ ՔԵԶՆՈՎ ԼԻՆԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Եթե մեր զարգացման այս փուլը ցավոտ է մեզ համար, մենք կզարմանանք, երբ ճանապարհի կեսը մնա հետևում: Մենք կճանաչենք նոր ազատություն և նոր երջանկություն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 83)

Իմ առաջին և իրական ազատությունն այն ազատությունն է, որ այսօր չխմեմ: Եթե ես անկեղծորեն ուզում եմ գտնել այն, ապա կաշխատեմ Տասներկու Քայլերով: Եվ այս ազատության երջանկությունը կգա ինձ մոտ հենց Քայլերի միջոցով, գուցե շուտով, իսկ գուցե և ոչ այնքան: Դրան կհետևեն այլ ազատություններ, դրանց ճանաչումը նոր ազատություն է: Այսօր ինձ տրված է նոր ազատություն՝ լինելու ինքս ինձնով: Ես ազատություն ունեմ լինել ավելի լավը, քան երբևէ նախկինում:

Մայիսի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱԼԻՍ ԵՆՔ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Եվ նա շատ լավ գիտի, որ իր սեփական կյանքն ավելի հարուստ է դարձել, և սա լրացուցիչ պարգև է այն բանի համար, որ նա ինչ-որ բան տալիս է ուրիշին՝ դիմացը ոչինչ չպահանջելով:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 69)

Առաջին անգամ ծանոթանալով Ծրագրին՝ ես վատ հասկացա դրա «տալ առանց որևէ պայմանների» հայեցակարգը: Ես կասկածանքով էի վերաբերվում յուրաքանչյուրին, ով փորձում էր օգնել ինձ: Ես մտածում էի. «Իսկ ի՞նչ են նրանք ուզում դրա դիմաց»: Բայց շուտով, օգնելով այլ ալկոհոլիկներին, ես ճանաչեցի ուրախությունը և վերջապես հասկացա, թե ինչու էին սկզբում նրանք էլ համապատասխանաբար վերաբերվում ինձ:

Իմ վերաբերմունքը փոխվեց, և ուրիշներին օգնելու ցանկություն առաջացավ: Երբեմն ես մի փոքր անհանգստանում էի, քանի որ շատ էի ուզում, որ նրանք էլ ճանաչեն սթափության ուրախությունը և այն, որ կյանքը կարող է գեղեցիկ լինել: Երբ իմ կյանքը լի է սիրով առ Աստված, ինչպես ես հասկանում եմ Նրան, և ես կիսվում եմ այս սիրով իմ ալկոհոլիկ ընկերների հետ, ինձ մոտ առաջանում է անբացատրելի զգացում, որ ես տիրապետում եմ ինչ-որ հատուկ հարստության:

Մայիսի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՕՐԵՑՕՐ

Եվ բացի այդ, արա դա օրեցօր:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 11)

Ինչո՞ւ եմ ես ինձ խաբում նրանով, որ պետք է չխմեմ միայն մեկ օր, երբ շատ լավ գիտեմ, որ չպետք է խմեմ իմ մնացած ողջ կյանքի ընթացքում: Ոչ, ես ինձ չեմ խաբում, որովհետև, ըստ երևույթին, օրեցօր մոտեցումը սթափ մնալու երկարաժամկետ նպատակին հասնելու միակ ճանապարհն է: Եթե ես հաստատապես որոշում եմ, որ իմ ողջ կյանքի ընթացքում այլևս չեմ խմելու, ես ինձ որոշակի շրջանակների մեջ եմ մտցնում:

Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ չեմ խմի, երբ գաղափար անգամ չունեմ, թե ինչ է ինձ խոստանում ապագան: Հիմնվելով «օրեցօր, միայն այսօրվա համար» հայեցակարգի վրա՝ ես հավատում եմ, որ կարող եմ յոլա գնալ առանց խմիչքի մեկ օրվա ընթացքում: Ես սկսում եմ օրը՝ հենվելով այս հավատքի վրա: Օրվա վերջում ես ստանում եմ պարգև. իմ նպատակն իրագործված է: Իսկ երբ ես ինչ-որ բանի եմ հասնում, ապա և՛ ինձ լավ եմ զգում, և՛ ուզում եմ երկարացնել այդ զգացողությունները:

Մայիսի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Այն վարժություններից մեկը, որով ես զբաղվում եմ, կայանում է նրանում, որ ես փորձում եմ կազմել իմ բարիքների ամբողջական ցուցակը:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 37)

Ի՞նչ ունեի ես այնպիսին, ինչի համար կարող էի երախտապարտ լինել: Ես առանձնացա և սկսեցի կազմել այն բարեգործությունների (պարգևների) ցուցակը, որոնք իմ արժանիքը չէին՝ սկսած նրանից, որ ծնվել էի առողջ մտքով և մարմնով: Ես անցա իմ կյանքի բոլոր յոթանասունհինգ տարիներով՝ սկզբից մինչև ներկա պահը: Ցուցակը ձգվեց երկու էջ.

ես դրա վրա ծախսեցի երկու ժամ. դրա մեջ ներառեցի այնպիսի բաժիններ, ինչպիսիք են առողջությունը, ընտանիքը, փողը, ԱԱ-ն՝ մի խոսքով, ամբողջ գամման: Ամեն օր իմ աղոթքներում ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ միշտ հիշել այս ցուցակը և երախտապարտ լինել դրա համար ամբողջ օրվա ընթացքում: Քանի դեռ ես հիշում եմ այս երախտագիտության ցուցակը, ինձ դժվար է ենթադրել, որ Աստված անարդար է իմ հանդեպ:

Մայիսի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

Մենք… (Առաջին Քայլի առաջին բառը)

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 26 / Twelve Steps and Twelve Traditions, p. 21)

Երբ ես խմում էի, կարող էի մտածել միայն՝ «Ես, ես, ես» կամ «Ինձ, ինձ, ինձ»: Ինքս իմ վրա նման հիվանդագին, մոլագար կենտրոնացվածությունը, նման հոգեկան հիվանդությունը, նման հոգեկան եսասիրությունն իմ կյանքի ավելի քան կեսի ընթացքում ինձ կապում էին շշին: Աստծո և Նրա կամքը կատարելու ուղիների որոնումներն օրեցօր սկսվեցին Առաջին Քայլի առաջին բառով՝ «ՄԵՆՔ»:

Այս «ՄԵՆՔ»-ի մեջ ամփոփված է իշխանություն, ամփոփված է ուժ, դրա մեջ կա անվտանգություն, և ինձ նման ալկոհոլիկի համար՝ այս «ՄԵՆՔ»-ի մեջ ամփոփված է կյանք: Եթե ես փորձեի ապաքինվել մենակ, հավանաբար կմեռնեի: Աստծո և մեկ այլ ալկոհոլիկի հետ ես կյանքում սուրբ նպատակ ունեմ… Ես դարձա Աստծո ապաքինող սիրո հաղորդիչը:

Մայիսի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երբ մենք հաղթահարում ենք հոգու հիվանդությունը, մենք բուժվում ենք նաև հոգեպես և ֆիզիկապես:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 62–63 / Alcoholics Anonymous, pp. 64)

Ինձ համար դժվար է հաշտվել իմ հոգևոր հիվանդության հետ՝ նյութական բարեկեցության և ինտելեկտուալ ներուժի վրա հիմնված չափազանց մեծ հպարտության (գոռոզության) պատճառով: Ինտելեկտն ինձ համար լիովին համատեղելի է խոնարհության հետ այն պայմանով, որ խոնարհությունը ես դնում եմ առաջին տեղում: Հեղինակության և հարստության ձգտումը ժամանակակից աշխարհում շատ մարդկանց վերջնական նպատակն է:

Հաջողության հասնելու և իրականությունից ավելի լավը երևալու ցանկությունը հոգևոր հիվանդություն է: Սեփական թուլությունները ճանաչելն ու ընդունելը հենց հոգևոր ապաքինման սկիզբն է: Հոգևոր առողջության նշանը ամեն օր Աստծուն խնդրելու ունակությունն է՝ լուսավորել ինձ, թույլ տալ ինձ իմանալ Իր կամքը և ուժ տալ այն կատարելու համար: Ես հոգեպես առողջ եմ, եթե գիտակցում եմ, որ որքան լավ են գնում իմ գործերը, այնքան ավելի շատ եմ դրսից օգնության կարիք զգում:

Մայիսի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԵՐՋԱՆԻԿ, ՈՒՐԱԽ ԵՎ ԱԶԱՏ»

Մենք համոզված ենք, որ Աստված ուզում է մեզ տեսնել երջանիկ, ուրախ և ազատ: Մենք չենք ուզում հավատալ, որ մեր կյանքը արցունքների հովիտ է, թեև ժամանակին այն հենց այդպիսին էր: Բայց չէ՞ որ բոլորը հասկանում են, որ մենք ինքներս ենք դարձել մեր դժբախտության պատճառը: Աստված չի բերել դա մեր գլխին: Խուսափեք միտումնավոր ստեղծել իրավիճակներ, որոնք տառապանք են բերում, բայց եթե փորձանքն այնուամենայնիվ պատահի, օգտագործեք այն, որպեսզի ցուցադրեք բոլորին Նրա զորությունը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 128 / Alcoholics Anonymous, p 133)

Ես երկար տարիներ հավատում էի պատժող Աստծուն և մեղադրում էի Նրան իմ խղճուկ գոյության համար: Ես իմացա, որ ԱԱ Ծրագրի «գործիքները» վերցնելու համար ես պետք է վայր դնեմ իմ «զենքը»: Ես չեմ պայքարում Ծրագրի հետ, որովհետև դա նվեր է ինձ, իսկ ես երբեք չեմ դիմադրել նվերներին: Եվ եթե երբեմն պայքարում էլ եմ, ապա միայն այն պատճառով, որ դեռևս կառչում եմ իմ հին պատկերացումներից, և այն ժամանակ «…արդյունքը զրոյական է»:

Մայիսի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԸՆԴՀԱՏ ԱՃՈՂ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երախտագիտությունը պետք է աճի, ոչ թե նվազի:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 29)

Ես շատ երախտապարտ եմ նրա համար, որ իմ Բարձրագույն Ուժն ինձ ևս մեկ շանս ընձեռեց՝ արժանապատիվ կյանքով ապրելու: Իմ ողջախոհությունը վերադառնում է Անանուն Ալկոհոլիկների օգնությամբ: Քայլերի կողմից ինձ տրված Խոստումներն իրականանում են: Ես երախտապարտ եմ, որ ազատվել եմ ալկոհոլային ստրկությունից: Ես երախտապարտ եմ հոգեկան անդորրի և հոգևոր աճի հնարավորության համար: Բայց իմ երախտագիտությունը պետք է աճի, ոչ թե նվազի.

ես պետք է շարժվեմ առաջ, այլ ոչ թե հետ-հետ գնամ: Ես չեմ կարող սթափ մնալ երեկվա ժողովների կամ Տասներկու Քայլերի անցյալ կոչերի հաշվին. ես պետք է մարմնավորեմ իմ երախտագիտությունը այսօրվա գործողությունների մեջ: Մեր հիմնադիրներից մեկն ասել է, որ մեր երախտագիտության լավագույն դրսևորումը կլինի Ընկերակցության գաղափարները այլ մարդկանց փոխանցելը: Առանց գործողությունների իմ երախտագիտությունն ընդամենը հաճելի էմոցիա է: Ես պետք է մարմնավորեմ այն գործերի մեջ՝ աշխատելով Տասներկուերորդ Քայլով, — այլ կերպ ասած՝ փոխանցելով մեր գաղափարների իմաստը և կիրառելով ԱԱ-ի սկզբունքներն իմ բոլոր գործերում: Ես երախտապարտ եմ այսօրվա հնարավորության համար՝ մարդկանց փոխանցել մեր գաղափարների իմաստը:

Մայիսի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՎԵՐԱԾԵԼՈՎ ԴՐԱԿԱՆԻ

Մեր հոգևոր և էմոցիոնալ աճն ԱԱ-ում կախված է ոչ այնքան հաջողությունից, որքան անհաջողություններից ու սխալներից: Եթե դուք հիշեք դա, ես կարծում եմ, որ հետ սայթաքելը ձեզ կմղի վեր, այլ ոչ թե վար:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 184)

Հիմնվելով կրած ցավի և ճակատագրի հարվածների վրա, որոնք զգացել են և որոնք հաղթահարել են մեր հիմնադիրները ԱԱ-ի ստեղծման ժամանակ՝ Բիլլ Վ.-ն մեզ հստակ ցուցում է թողել. խափանումը (սռիվը) կարող է դառնալ դրական փորձ դեպի սթափություն և առողջ կյանք տանող ճանապարհին: Խափանումը միայն հաստատում է այն բանի ճշմարտացիությունը, ինչ մենք անընդհատ լսում ենք ժողովների ժամանակ. «Մի՛ խմիր առաջին բաժակը», հաստատում է հիվանդության խորացող բնույթը և ընդգծում մեր հոգևոր Ծրագրի անհրաժեշտությունը, նրա գրավչությունը և հանդուրժողականությունը: Իսկ եթե ինձ շարժում է իմ էգոն, ապա այս պարզ ճշմարտությունները հասնում են ինձ փշոտ ճանապարհներով:

Մայիսի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՆՑ ՄԵՂՔԻ ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ԲԱՐԴՈՒՅԹԻ

Օրեցօր մենք փորձում ենք դանդաղ շարժվել դեպի Աստվածային կատարելություն: Եվ ուստի չպետք է տրվենք մեղքի լացակումած զգացմանը…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 15)

Երբ ես առաջին անգամ հայտնաբերեցի ինձ համար, որ ԱԱ-ի Տասներկու Քայլերում չկա ոչ մի «Մի արա», ես ցնցված էի, քանի որ այս բացահայտումը լայնորեն բացեց իմ առջև մի հսկայական դարպաս: Միայն այն ժամանակ ես կարողացա հասկանալ, թե ինչ է նշանակում ինձ համար ԱԱ-ն.

ԱԱ-ն «Մի արա» ծրագիր չէ, այլ՝ «Արա»: ԱԱ-ն ռազմական դրության օրենք չէ. դա ազատություն է:

ԱԱ-ն արցունքներ չէ թերությունների վրա, այլ դրանք շտկելու քաղցրությունն է: ԱԱ-ն զղջում չէ, այլ՝ փրկություն:

ԱԱ-ն «Վա՜յ ինձ» չէ իմ մեղքերի համար՝ անցյալ և ներկա: ԱԱ-ն «Փառք Աստծո» է այն առաջընթացի համար, որին ես հասնում եմ այսօր:

Մայիսի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Ժամանակ առ ժամանակ շատ ԱԱ խմբերում բուռն վիճում են կանոնների մշակման շուրջ… Ժամանակի ընթացքում վախն ու անհանդուրժողականությունը անհետանում են: Մենք չենք ուզում ոչ մեկին զրկել ալկոհոլիզմից ապաքինվելու շանսից: Մենք ուզում ենք որքան հնարավոր է շատ ընդունել և երբեք չբացառել:

(ԱԱ Ավանդույթները՝ ինչպես էին դրանք զարգանում / AA Tradition: How It Developed, pp. 10, 11, 12)

ԱԱ-ում ինձ առաջարկեցին լիակատար ազատություն և ընդունեցին Ընկերակցության մեջ այնպիսին, ինչպիսին ես կամ: Իմ անդամակցությունը կախված չէր որևէ բանի հետ իմ համաձայնությունից, ֆինանսական վիճակից կամ կրթությունից, և ես երախտապարտ եմ դրա համար: Ես հաճախ հարցնում եմ ինքս ինձ, արդյո՞ք կարող եմ առաջարկել նույնպիսի հավասարություն ուրիշներին, թե՞ մերժում եմ նրանց ինձանից տարբերվելու ազատությունը:

Այսօր ես փորձում եմ փոխարինել վախն ու անհանդուրժողականությունը հավատքով, հանդուրժողականությամբ, սիրով և ընդունումով: Ես կարող եմ մտցնել այս ուժերը ԱԱ խումբ, իմ տուն և աշխատավայր: Ես փորձում եմ ստեղծել դրական հարաբերություններ ամենուր, որտեղ լինում եմ:
Ես չունեմ ո՛չ իրավունք, ո՛չ պարտականություն դատելու ուրիշներին: Կախված իմ վերաբերմունքից՝ ես կարող եմ ԱԱ նորեկների, իմ ընտանիքի անդամների և ընկերների մեջ տեսնել սպառնալիք կամ ուսուցիչների: Երբ ես հիշում եմ իմ անցյալի որոշ դատողություններ, հստակ տեսնում եմ, թե ինչպես էր իմ ինքնագոհությունը վնասում իմ հոգևորությանը:

Մայիսի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱ անդամ դառնալու միակ պայմանը խմելը թողնելու ցանկությունն է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 155 / Twelve Steps and Twelve Traditions, p. 139)

Երրորդ Ավանդույթի հակիրճ ձևակերպումը ես առաջին անգամ լսեցի Նախաբանում: ԱԱ-ում գտնվելուս սկզբում ես չէի կարողանում ընդունել ինքս ինձ, իմ ալկոհոլիզմը կամ Բարձրագույն Ուժը: Եթե ԱԱ-ի անդամակցության համար գոյություն ունենային ֆիզիկական, մտավոր, բարոյական կամ կրոնական պահանջներ, ես արդեն մեռած կլինեի: Բիլլ Վ.-ն

Ավանդույթների մասին մագնիտոֆոնային ձայնագրության մեջ ասում է, որ Երրորդ Ավանդույթն անհատական ազատության խարտիա է: Ինձ ամենաշատը ցնցեց այն զգացողությունը, որ ԱԱ անդամները, ովքեր ապրում են Երրորդ Ավանդույթով, ընդունեցին ինձ: Ես զգում եմ, որ ընդունումը սեր է, իսկ սերը Աստծո կամքն է, որը մենք պետք է կատարենք:

Մայիսի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Որքան շատ է ԱԱ-ն հավատարիմ մնում իր հիմնական նպատակին, այնքան ավելի ծանրակշիռ կլինի նրա օգուտը ամենուր:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 109)

Ես երախտագիտությամբ եմ մտածում մեր Ընկերակցության սկզբնական շրջանի և նրա իմաստուն ու նվիրված «առաջամարտիկների» մասին, ովքեր հռչակեցին, որ մենք չպետք է շեղվենք մեր գլխավոր նպատակից՝ հասցնել մեր գաղափարների իմաստը դեռևս տառապող ալկոհոլիկին: Հստակ գիտակցելով, որ ԱԱ-ն չի զբաղվում ոչ մի այլ գործով, բացի իր սեփականից, ես հարգանք եմ տածում նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ալկոհոլիզմի ոլորտում: Ես պետք է հիշեմ, որ ԱԱ-ն չի հավակնում հրաշքներ գործելու մենաշնորհի, և մնում եմ խոնարհաբար երախտապարտ սիրող Աստծուն, Ով հնարավոր դարձրեց ԱԱ-ի գոյությունը:

Մայիսի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

…ստիպեցին մեզ [մեր Ընկերակցությանը] ընդունել, որ մենք ունենք միայն մեկ առաքելություն՝ կիսվել մեր փորձով նրանց հետ, ովքեր դեռ չգիտեն, որ փրկությունը հնարավոր է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 169 / Twelve Steps and Twelve Traditions, p. 151)

Ազատության «լույսը» վառ լուսավորում է ինձ և ԱԱ-ի իմ ընկերներին, եթե մենք անկեղծորեն ձգտում ենք հոգևոր աճի: Ինքնակատարելագործման «Քայլերը» սկսվում են փոքրից, բայց յուրաքանչյուր Քայլ դառնում է հիասթափության անդունդից դեպի նոր հույսեր տանող «սանդուղքի» ևս մեկ աստիճան: Ազնվությունը դառնում է իմ «գործիքը», որն անհրաժեշտ է ինձ կաշկանդող «շղթաները» խզելու համար:

Հովանավորը՝ այս ուշադիր ունկնդիրը, կարող է օգնել ինձ իսկապես լսել ուղերձը, որն ինձ տանում է դեպի ազատություն: Ես Աստծուց արիություն եմ խնդրում ապրել այնպես, որ Ընկերակցությունը կարողանա դառնալ վկայությունն այն բանի, որ Նա իսկապես գոյություն ունի: Այս կոչումն ինձ թույլ է տալիս կիսվել իմ ձեռքբերումներով և հոգևոր պատրաստակամությամբ ծառայել ուրիշներին:

Հունիսի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՓՈԽՎԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐ

Կփոխվի մեր աշխարհայացքը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Երբ ես խմում էի, իմ վերաբերմունքը բոլորի և ամեն ինչի նկատմամբ բացարձակապես եսասիրական և էգոցենտրիկ էր. առաջին տեղում իմ սեփական հաճույքներն ու հարմարավետությունն էին: Հիմա, երբ ես սթափ եմ, էգոցենտրիզմը սկսել է թուլանալ: Փոխվում է իմ վերաբերմունքը կյանքի և մարդկանց նկատմամբ:

Ինձ համար առաջին «Ա»-ն մեր անվանման մեջ դա վերաբերմունքն է, դիրքորոշումը (attitude. Ծանոթ. թարգմ.): Իմ կենսական դիրքորոշումները փոխվում են մյուս «Ա»-ի՝ գործողության (action. Ծանոթ. թարգմ.) շնորհիվ: Քայլերով աշխատանքը, ժողովների հաճախելը և մեր գաղափարների տարածումն օգնում են վերադարձնել ողջախոհությունը: Գործողությունը կախարդական բառ է: Դրական, օգտակար վերաբերմունքով և ԱԱ-ում մշտական գործունեությամբ ես կարող եմ մնալ սթափ և օգնել այլ ալկոհոլիկների՝ ձեռք բերել սթափություն: Այժմ ես պատրաստ եմ անցնել ցանկացած ճանապարհ՝ սթափ մնալու համար:

Հունիսի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՎԵՐ

Ահա մեր կողմից ձեռնարկված քայլերը…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57 / Alcoholics Anonymous, p. 59)

Սրանք բառեր են, որոնք տանում են ինձ դեպի Տասներկու Քայլերը: Իրենց ուղղակի պարզության մեջ դրանք մի կողմ են նետում բոլոր հոգեբանական և փիլիսոփայական դատողությունները Քայլերի ճշմարտացիության մասին: Նրանք նկարագրում են այն, ինչ ես արել եմ. ես ձեռնարկել եմ Քայլեր, և դրա արդյունքը դարձավ սթափությունը: Այս բառերն ամենևին չեն ենթադրում, որ ես պետք է գնամ այն ճանապարհով, որով անցել են ինձանից առաջ անցնողները:

Ինձ համար, ավելի շուտ, գոյություն ունի իմ սեփական ճանապարհը դեպի սթափություն, և այդ ճանապարհը ես դեռ պետք է գտնեմ: Սա նոր ճանապարհ է, որը տանում է դեպի անսահման լույս լեռան գագաթին: Քայլերն ինձ հուշում են, թե որտեղ կան հուսալի հենման կետեր, իսկ որտեղ՝ ճեղքվածքներ, և ինչպես շրջանցել դրանք: Նրանք ինձ ապահովում են գործիքներով, որոնք ինձ պետք են իմ հոգու առանձնացած ճանապարհորդության ժամանակ: Երբ ես խոսում եմ այս ճանապարհորդության մասին, ես մարդկանց հետ կիսվում եմ իմ փորձով, ուժով և հույսով:

Հունիսի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԹԵՎԵՐՈՎ ԵՎ ԱՂՈԹՔՈՎ

…ապա մենք կարող ենք անցնել Վեցերորդ Քայլին: Մենք ամենուր ընդգծել ենք, որ առանց ցանկության մենք չենք ապաքինվի:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 73 / Alcoholics Anonymous, p. 76)

Ա՜խ, որքան դժվարությամբ տրվեցին ինձ Չորրորդ և Հինգերորդ Քայլերը: Բայց դրանք արժեին դրան: Հիմա ես լռվել եմ Վեցերորդ Քայլի վրա: Հուսահատված վերցրի Մեծ Գիրքը և կարդացի այս հատվածը:
Ես փողոցում էի և աղոթում էի, որպեսզի պատրաստակամություն ձեռք բերեմ: Աչքերս բարձրացնելով երկինք՝ տեսա մի հսկայական թռչող թռչուն: Ես հետևում էի, թե ինչպես է նա տրվում լեռների հզոր օդային հոսանքներին:

Սրընթաց սուրալով մի կողմ, վար սլանալով և վեր խոյանալով՝ թռչունը, թվում էր, անհնարինն էր անում: Սա ոգեշնչող օրինակ էր այն բանի, թե ինչպես է կենդանի արարածն «իրեն հանձնում» մի Ուժի, որն ավելի հզոր է, քան ինքը: Ես հասկացա, որ եթե այս թռչունը «վերադառնար իր կամքին» և փորձեր թռչել ավելի պակաս հավատքով՝ հույսը դնելով միայն իր սեփական ուժերի վրա, դա կվնասեր նրա ազատ թռիչքին: Կատարվածի գիտակցումն ինձ մղեց Յոթերորդ Քայլի աղոթքը կարդալուն:
Հեշտ չէ ճանաչել Աստծո կամքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Ես պետք է գտնեմ հոսանքները և պատրաստ լինեմ տրվել դրանց, ահա հենց այստեղ էլ օգնում են աղոթքներն ու մեդիտացիաները: Քանի որ ինքս ինձնով ես ոչնչություն եմ, ես խնդրում եմ Աստծուն շնորհել ինձ Իր կամքի ճանաչում, ուժ և արիություն՝ այն կատարելու համար. այսօր:

Հունիսի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏՈՒՄ ՀԻՆ «ԵՍ»-ԻՑ

Վերընթերցելով առաջին Հինգ Քայլերը՝ մենք հարցնում ենք ինքներս մեզ, արդյոք մենք ինչ-որ բան բաց չե՞նք թողել: Չէ՞ որ մենք կառուցում ենք կամար, որի միջով դուրս կգանք կյանք որպես ազատ մարդիկ… Պատրա՞ստ ենք արդյոք մենք, որ Աստված ազատի մեզ այն ամենից, ինչ մենք համարում ենք անցանկալի մեզ համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 73 / Alcoholics Anonymous, pp. 75, 76)

Վեցերորդ Քայլը վերջինն է «նախապատրաստական» Քայլերից: Ես արդեն շատ եմ աղոթել առաջին Վեց Քայլերում, բայց դեռ ոչ մի անգամ ուղիղ խնդրանքով չեմ դիմել իմ Բարձրագույն Ուժին: Ես որոշել եմ իմ խնդիրը, հավատացել եմ, որ գոյություն ունի դրա լուծումը, տրամադրվել եմ այդ լուծումը գտնելուն և «մաքրություն եմ արել իմ տանը»: Հիմա ես հարցնում եմ ինքս ինձ. «Պատրա՞ստ եմ արդյոք ես ապրել սթափության մեջ, փոխվել դեպի լավը, ազատվել իմ հին «ես»-ից»:

Ես պետք է հասկանամ, արդյոք իսկապես պատրաստ եմ փոխվել: Ես վերլուծում եմ այն, ինչ արդեն արել եմ, և պատրաստվում եմ նրան, որ Աստված ինձ կազատի իմ բնավորության բոլոր թերություններից, չէ՞ որ հաջորդ Քայլում ես կասեմ իմ Արարչին, որ պատրաստ եմ, և օգնություն կխնդրեմ Նրանից: Եթե ես ավարտել եմ այս հիմքի դրումը և զգում եմ, որ ուզում եմ փոխվել, նշանակում է՝ ես պատրաստ եմ անցնել հաջորդ Քայլին: «Եթե մենք դեռևս կառչում ենք ինչ-որ բանից, չենք ուզում բաց թողնել, մենք խնդրում ենք Աստծուն օգնել մեզ ձեռք բերել այդ ցանկությունը»: (Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74):

Հունիսի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼԻՈՎԻ՞Ն ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ

«Սա Քայլ է, որը տարանջատում է տղամարդկանց տղաներից… տարբերությունը տղայի և տղամարդու միջև» սա տարբերությունն է սեփական նպատակներին ձգտելու և Աստծո կողմից սահմանված կատարյալ նպատակներին ձգտելու միջև… Մեզ առաջարկվում է լիովին պատրաստ լինել շարժվելու դեպի կատարելություն… Հենց որ մենք ասում ենք. «Ոչ, երբեք», մեր գիտակցությունը փակվում է Աստծո շնորհի համար… Հենց այս կետում մենք հեռանում ենք սահմանափակ նպատակներից և շարժվում ենք դեպի Աստծո կամքի ընդունումը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 73, 79, 80 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 63, 68, 69)

Լիովի՞ն եմ արդյոք ես պատրաստ, որպեսզի Աստված վերացնի իմ բնավորության թերությունները: Հասկացա՞ արդյոք ես վերջապես, որ ինքս ինձ փրկել չեմ կարող: Ես համոզվեցի, որ դա այդպես է: Եթե ես ի վիճակի չեմ, եթե իմ լավագույն մտադրությունները սխալ են, եթե իմ ցանկություններն առաջանում են եսասիրությունից, իսկ գիտելիքներն ու կամքը սահմանափակ են, — ուրեմն ես պատրաստ եմ ընդունել Աստծո կամքն իմ կյանքում:

Հունիսի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ. ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ

Կարո՞ղ է արդյոք Նա ազատել մեզ այս ամենից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 73–74 / Alcoholics Anonymous, p. 76)

Վեցերորդ Քայլով աշխատանքն ինձ օգնեց հասկանալ, որ ես իսկապես ձգտում եմ «հոգևոր առաջընթացի»: Այո, իմ բնավորության որոշ թերություններ, հնարավոր է, և կմնան ինձ հետ ամբողջ կյանքում, բայց մեծ մասն արդեն կա՛մ ավելի պակաս նկատելի են դարձել, կա՛մ ընդհանրապես անհետացել են: Այն ամենը, ինչ խնդրում է ինձանից Վեցերորդ Քայլը՝ պատրաստ լինել նշել թերությունները, ընդունել դրանք որպես իմը և ցանկանալ վերացնել նրանք, որոնք կարող եմ, միայն այսօրվա համար: Ծրագրում հոգևոր աճին զուգընթաց ես ավելի ու ավելի անընդունելի եմ համարում իմ որոշ թերություններ, և հետևաբար, ես պետք է կրկնեմ Վեցերորդ Քայլը, որպեսզի ինձ ավելի լավ զգամ ինքս իմ հետ և հոգուս մեջ խաղաղություն տիրի:

Հունիսի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀՈՒՅՍ

Քանի որ մենք ծնվում ենք մեծ քանակությամբ բնական ցանկություններով, զարմանալի չէ, որ մենք թույլ ենք տալիս նրանցից մի քանիսին գերազանցել իրենց ուղղակի պարտականությունները: Երբ դրանք կուրորեն տանում են մեզ, կամ երբ մենք ինքնակամորեն պահանջում ենք, որ դրանք մեզ ավելի շատ բավարարվածություն կամ ավելի շատ հաճույքներ պարգևեն, քան դա հնարավոր է կամ քան մեզ հասնում է, այն ժամանակ մենք կորցնում ենք կատարելության այն մակարդակը, որն Աստված նախատեսել է մեզ համար Երկրի վրա: Սա մեր բնավորության փչացածության չափն է կամ, եթե կուզեք, մեր մեղքերի չափը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 75 / Twelve Steps and Twelve Traditions, p. 65)

Հենց այստեղ է ծնվում երկարաժամկետ հույսը և որոշվում են իմ հիվանդության բնույթի և ապաքինման ուղիների ըմբռնման հեռանկարները: ԱԱ-ի գեղեցկությունը կայանում է այն բանի գիտակցման մեջ, որ կյանքը, Աստծո օգնությամբ, կդառնա ավելի լավը: ԱԱ-ով ճանապարհորդությունը դառնում է ավելի բովանդակալից, ըմբռնումը դառնում է ճշմարտություն, երազանքները դառնում են իրականություն, և «այսօր»-ը դառնում է հավերժություն: Երբ ես մտնում եմ ԱԱ-ի լույսի մեջ, սիրտս լցվում է Աստծո ներկայությամբ:

Հունիսի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑՎԵԼՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ինքնավերլուծությունը այն միջոցն է, որով մենք նոր տեսլական, նոր գործողություններ և Աստծո ողորմություն ենք բերում մեր բնույթի մութ ու բացասական կողմերի մեջ: Եվ որպես դրա հետևանք, մեր մեջ, համապատասխանաբար, զարգանում է խոնարհության այն տեսակը, որը թույլ է տալիս մեզ օգնություն ստանալ Աստծուց…. մենք տեսնում ենք, որ քիչ առ քիչ կարող ենք հրաժարվել հին կյանքից (այն կյանքից, որը չի աշխատում) հօգուտ նորի, որը կարող է աշխատել և աշխատում է ցանկացած պայմաններում:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, pp. 10, 8)

Այն պայմանով, որ ես ձգտում եմ հոգևոր առաջընթացի, այլ ոչ թե հոգևոր կատարելության, ինձ, կախված իմ հոգեվիճակից, տրվում է դատավճռի ամենօրյա տարկետում: Որպեսզի նախապատրաստվեմ հնարավոր փոփոխություններին, ես բացվում եմ փոխվելու հնարավորություններին: Եթե ես գիտակցում եմ, որ ինչ-որ թերություններ խոչընդոտում են իմ մասնակցությանը ԱԱ-ի և այլ մարդկանց կյանքին, ես խորհում եմ և ցուցումներ եմ ստանում վերևից: «Մեզանից ոմանք փորձում էին կառչել իրենց հին պատկերացումներից և ոչ մի արդյունքի չհասան, քանի դեռ լիովին չհրաժարվեցին դրանցից»:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 58): Որպեսզի ապավինեմ Աստծուն և թույլ տամ իրադարձություններին ընթանալ իրենց հունով, ինձ պարզապես պետք է Նրան հանձնել իմ ողջ անցյալը: Ես այլևս չեմ պայքարում և չեմ ձգտում ղեկավարել իմ կյանքը, այլ հավատում եմ, որ Աստծո օգնությամբ ես փոխվում եմ: Ամրապնդելով իմ մեջ այս հավատքը՝ ես պատրաստակամություն եմ ցուցաբերում նոր փոփոխությունների հանդեպ: Ես դատարկում եմ ինձ, որպեսզի լցվեմ գիտակցությամբ, լույսով և սիրով, և ես պատրաստ եմ հույսով դիմավորել յուրաքանչյուր նոր օր:

Հունիսի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊՐԵԼ ՆԵՐԿԱՅՈՒՄ

Նախևառաջ մենք փորձում ենք ապրել այսօրվա օրով, որպեսզի սթափ մնանք, — և սա մեզ օգնում է: Հենց որ այս գաղափարն արմատավորվում է մեր գիտակցության մեջ, մենք հայտնաբերում ենք, որ օրվա պլանն արդյունավետ և գործուն միջոց է մեր կյանքի բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար ևս:

(Ապրել սթափ, էջ 12 / Living Sober, p. 7)

«Ապրել այսօրվա օրով»: Նորեկի համար սա և ԱԱ-ի այլ նշանաբաններ կարող են անհեթեթ թվալ: Բայց դրանք էլ հենց կարող են դառնալ փրկարար օղակ շփոթության րոպեին: Ամեն օր կարող է նման լինել վարդի, որը բացվում է ի կատարումն մի Ուժի մտադրության, որն ավելի հզոր է, քան իմ սեփականը: Իմ Ծրագիրը պետք է տնկվի դրա համար հարմար վայրում, որովհետև այն կպահանջի խնամք, սնուցում և պաշտպանություն հիվանդություններից:

Իմ ցանքը կպահանջի համբերություն և այն բանի գիտակցում, որ որոշ ծաղիկներ ավելի կատարյալ կլինեն, քան մյուսները: Թերթիկների բացվելու յուրաքանչյուր փուլ ընդունակ է հիացմունք և ուրախություն առաջացնել, բայց միայն այն պայմանով, որ ես չխառնվեմ այդ գործընթացին և թույլ չտամ իմ ակնկալիքներին գերիշխել այն ամենի վրա, ինչ ես ունեմ: Եվ այն ժամանակ ես անպայման ձեռք կբերեմ հոգեկան անդորր:

Հունիսի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՄԲԵՐԵԼՈՒ ՈՒԺ ՉԿԱ՞. ՓՈՐՁԻՐ ՆԱՅԵԼ ԴՐԱՆ ՎԵՐԵՎԻՑ

Մենք արձագանքում էինք հիասթափություններին ավելի ուժեղ, քան նորմալ մարդիկ:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 111)

Անհանդուրժողականությունը այլ մարդկանց հետ հարաբերություններում իմ հիմնական թերություններից մեկն է: Դանդաղ ընթացող ավտոմեքենայի հետևից գնալը, եթե վազանցն արգելված է, կամ ռեստորանում հաշվին սպասելն ինձ կատաղության են հասցնում: Նախքան Աստծուն ինձ հանգստացնելու հնարավորություն տալը ես պայթում եմ: Եվ սա անվանում եմ «լինել ավելի արագ, քան Աստված»: Այս բազմակի իրավիճակներն ինձ հանգեցրին այն մտքին. իսկ ի՞նչ, եթե ես կարողանամ դրանց նայել Աստծո աչքերով:

Հնարավոր է՝ ինձ հաջողվի ավելի լավ վերահսկել իմ զգացմունքներն ու վարքագիծը: Ես փորձեցի, և երբ հասա հերթական դանդաղ վարորդին, «վերևից նայեցի» այդ ավտոմեքենային և ինքս ինձ: Ես տեսա. գնում է տարեց ամուսնական զույգ և ուրախությամբ քննարկում իրենց թոռներին: Նրանց հետևից ցռված աչքերով և կարմրած դեմքով գնում եմ ես, ընդ որում՝ ինձ, ընդհանուր առմամբ, առանձնապես շտապելու տեղ չկա: Ես այնքան հիմար տեսք ունեի, որ վերադարձա իրականություն և նվազեցրի արագությունը: Իրերին Աստծո աչքերով նայելը կարող է օգնել թուլանալու (լիցքաթափվելու):

Հունիսի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

…հոգևոր կյանքը, որը բացառում է պարտավորությունները ընտանիքի նկատմամբ, այնքան էլ կատարյալ չէ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 125 / Alcoholics Anonymous, p. 129)

Ես կարող եմ հաջողության հասնել Ծրագրով աշխատանքում. կիրառել այն ժողովներին, աշխատավայրում, ծառայության մեջ, — և հայտնաբերել, որ ընտանիքում ամեն ինչ տակնուվրա է: Ես հասկացողություն եմ սպասում իմ սիրելիներից, բայց դա տեղի չի ունենում: Ես սպասում եմ, որ նրանք կնկատեն և կգնահատեն իմ հոգևոր աճը, բայց դա չի լինի, քանի դեռ ես ցույց չտամ նրանց դա: Միգուցե ես ուշադրություն չե՞մ դարձնում նրանց, անտեսո՞ւմ եմ նրանց կարիքներն ու ցանկությունները, չե՞մ հոգում նրանց մասին:

Միգուցե ես նյարդայնացա՞ծ և տաղտկալի՞ եմ, երբ նրանց հետ եմ: Միգուցե հարթո՞ւմ եմ իմ մեղքը նրանց առաջ՝ անհոդաբաշխ մրմնջալով. «Կներես, մեղավոր եմ», կամ դա անում եմ համբերատա՞ր և ինքս հանդուրժողականությո՞ւն եմ ցուցաբերում: Միգուցե ես նրանց բարոյախոսությո՞ւն եմ կարդում՝ փորձելով վերափոխել նրանց կամ «իրենց տեղը դնել»: Երբևէ ես տունը մաքրե՞լ եմ նրանց հետ միասին: «Հոգևոր կյանքը տեսություն չէ: Պետք է ապրել հոգևոր կյանքով»: (Անանուն Ալկոհոլիկներ, էջ 80):

Հունիսի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Բայց չէ՞ որ մեզանից շատերն ամենից շատ տուժել են ընտանիքում, ընկերների, և առհասարակ շրջապատի հետ փչացած հարաբերություններից: Հենց սրանում ենք մենք ամենաշատը հիմարություն և համառություն դրսևորել: Հիմնական փաստը, որը մենք չբարեհաճեցինք ընդունել, համագործակցության վրա հիմնված հարաբերություններ այլ մարդկանց հետ հաստատելու մեր անկարողությունն է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 61 / Twelve Steps and Twelve Traditions, p. 53)

Կիրառելի՞ են արդյոք այսօր այս բառերն իմ նկատմամբ: Ճի՞շտ է արդյոք, որ ես դեռևս ի վիճակի չեմ իսկական համագործակցություն հաստատել մեկ այլ մարդու հետ: Ինչպիսի՜ սարսափելի խոչընդոտ դա կարող է դառնալ իմ սթափության համար: Սթափության մեջ ես կզբաղվեմ մեդիտացիայով և կաղոթեմ, որպեսզի հասկանամ, թե ինչպես կարող եմ դառնալ հուսալի ընկեր և ուղեկից:

Հունիսի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊՐԵԼ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՎ ՎՆԱՍԸ

Ալկոհոլիկի հետ կյանքի տարիները գրեթե անպայմանորեն կնոջը կամ երեխային դարձնում են նևրոտիկ: Ամբողջ ընտանիքն ինչ-որ չափով հիվանդ է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 118 / Alcoholics Anonymous, p. 122)

Ինձ համար կարևոր է գիտակցել, որ որպես ալկոհոլիկ ես վնասել եմ ոչ միայն ինձ, այլև շրջապատին: Իմ ընտանիքին և այլ ալկոհոլիկների դեռևս տառապող ընտանիքներին վնասի փոխհատուցումը միշտ խիստ կարևոր կլինի ինձ համար: Իմ կողմից հասցված վնասի գիտակցումը և ավերվածը վերականգնելու փորձերը կդառնան իմ ամբողջ կյանքի գործը: Իմ սթափության օրինակը կարող է նաև ուրիշներին հույս և հավատ տալ՝ օգնելու ինքներս մեզ:

Հունիսի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԲ ԴԺՎԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Դժվար րոպեներին գոյատևել օգնում է նպատակը կյանքում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 14 / Alcoholics Anonymous, p. 15)

ԱԱ գալուց հետո ես հասկացա, որ Ընկերակցությունը զարմանալիորեն օգնում է ինձ պահպանել սթափությունը: Բայց արդյո՞ք դա գործում է իրական կյանքի այն խնդիրների լուծման դեպքում, որոնք կապված չեն հարբեցողության հետ: Այս առումով ես կասկածներ ունեի: Սթափության երկուսից մի փոքր ավելի տարի անց ես ստացա պատասխանը: Ես կորցրի աշխատանքս, առողջական խնդիրներ առաջացան, իմ դիաբետիկ հոր ոտքն անդամահատեցին, իսկ սիրած կինը գնաց ուրիշի մոտ:

Այս ամենը տեղի ունեցավ երկու շաբաթվա ընթացքում: Իրականությունը փլվեց ինձ վրա, և այնուամենայնիվ, ԱԱ-ն կողքիս էր՝ աջակցելու ինձ, հանգստացնելու և ինձ ուժ տալու համար: Այն սկզբունքները, որոնք ես յուրացրել էի իմ սթափության սկզբնական շրջանում, դարձան իմ կյանքի հենարանը, ուստի ես ոչ միայն անցա այս ամենի միջով, այլև չէի դադարում օգնել նորեկներին: ԱԱ-ն սովորեցրեց ինձ չտրվել խուճապի, այլ հասկանալ և ընդունել կյանքն այնպես, ինչպես այն դասավորվում է:

Հունիսի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԱ-Ն ԴԱՐՁՆԵԼ ԻՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒԺԸ

Դու կարող ես… համարել ԱԱ-ն «Բարձրագույն Ուժ»: Չէ՞ որ դա մարդկանց բավականին մեծ խումբ է, ովքեր լուծել են ալկոհոլիզմի խնդիրը… ԱԱ-ի շատ անդամներ կարողացել են հաղթահարել արգելքը հենց այս եղանակով… Նրանց հավատքն ընդլայնվել և խորացել է… նրանք հավատացել են Բարձրագույն Ուժին:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 34 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 27–28)

Երբ ես խմում էի, չկար ավելի հզոր մարդ, քան ես, համենայն դեպս իմ սեփական աչքերում: Եվ միևնույն ժամանակ ես անգամ չէի համարձակվում ժպտալ ինձ հայելու մեջ: Գալով ԱԱ՝ ես ուրիշների հետ լսեցի, թե ինչպես են խոսում Բարձրագույն Ուժի մասին: Ես չէի կարող ընդունել Բարձրագույն Ուժի հասկացությունը, քանի որ համոզված էի, որ Աստված դաժան է և չի սիրում ինձ:

Հուսահատության մեջ ես որպես իմ Բարձրագույն Ուժ ընտրում էի սեղան, ծառ, ապա իմ ԱԱ խումբը: Ժամանակն անցնում էր, իմ կյանքը կարգավորվում էր, և ես սկսեցի մտածել հենց այս Բարձրագույն Ուժի մասին: Աստիճանաբար, համբերատար, խոնարհաբար և տալով բազմաթիվ հարցեր, ես հավատացի Աստծուն: Այժմ Նրա հետ իմ հարաբերություններն ինձ ուժ են տալիս ապրելու երջանիկ սթափ կյանքով:

Հունիսի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԿԱՆԽԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մենք հայտնաբերեցինք, որ Աստված չափազանց կոշտ պայմաններ չի դնում նրանց համար, ովքեր փնտրում են Իրեն: Մեզ համար Հոգու արքայությունը լայն է, ընդարձակ, համապարփակ և անհասանելի կամ արգելված չէ նրանց համար, ովքեր անկեղծորեն փնտրում են: Մենք հավատում ենք, որ այն բաց է բոլորի համար:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 7)

Անկողմնակալ վերաբերմունքը Բարձրագույն Ուժի նկատմամբ բացում է հոգևոր դարպասները: Տարբեր ուսմունքներում և հավատալիքներում ես հաճախ եմ գտնում համամարդկային հոգևորություն: Ես հոգևորություն եմ ձեռք բերում՝ կիսելով իմ կյանքը ուրիշների հետ: Միայն այդպես ես միանում եմ մարդկային հանրությանը և ավելի մոտենում Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան:

Հունիսի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ

Հոգու խորքում մենք հայտնաբերեցինք Մեծ Իրականությունը: Ի վերջո, միայն այնտեղ կարելի է Նրան գտնել… մեր վկայությունները… կտան եռանդ սեփական «ես»-ի հետազոտության մեջ… Դեպի աշխարհը նման հայացքով դուք չեք կորչի: Ձեզ վերջապես կգա հավատքի գիտակցումը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 54 / Alcoholics Anonymous, p. 55)

Մենության, դեպրեսիայի և հուսահատության ամենախորքերից ես դիմեցի ԱԱ-ի օգնությանը: Ապաքինմանը զուգընթաց ինձ բացվում էին իմ կյանքի դատարկությունն ու ավերակները: Բայց ԱԱ Ծրագրում ես աստիճանաբար իմանում էի բուժման հնարավորությունների մասին: Հաճախելով ժողովներին, սթափ մնալով և աշխատելով Քայլերով՝ ես ավելի ու ավելի մեծ ուշադրությամբ կարող եմ ականջ դնել հոգուս խորքերին: Ամեն օր հույսով և երախտագիտությամբ ես սպասում էի այս անվերապահ հավատքին և ամուր սիրուն, որոնց այնպես կարոտում էի ամբողջ կյանքում: Այս ճանապարհին ես հանդիպեցի իմ Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան:

Հունիսի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

…եթե մարդկանց տրամադրվեր բացարձակ ազատություն, և նրանք ոչ մեկին չենթարկվեին, ապա նրանք կամավոր կմիավորվեին հանուն ընդհանուր գործի:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 54)

Երբ իմ վրա այլևս չի ծանրանում մեկ այլ մարդու կամ ալկոհոլի թելադրանքը, ես նոր ազատություն եմ ձեռք բերում: Երբ ես ազատվում եմ անցյալից և ավելորդ բեռից, որն այդքան երկար քարշ էի տալիս իմ վրա, ես ճանաչում եմ ազատությունը: Ինձ տարան դեպի կյանք և դեպի ազատության եղբայրություն: Քայլերը «առաջարկվող» միջոց են՝ գտնելու նոր կյանք, ԱԱ-ում չկա թելադրանք, և ոչ ոք ոչ մեկի չի հրամայում:

Ես ազատ եմ ծառայության մեջ իմ ցանկությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի հրամանով: Ինձ պարզ է, որ ես օգուտ եմ քաղում ԱԱ մյուս անդամների հոգևոր աճից և վերցնում եմ նրանցից այն, ինչ ուզում եմ սովորել, և վերադարձնում եմ դա խմբին: «Ընդհանուր բարօրությունը» կարող է աճել միայն ազատ անհատների միջավայրում:

Հունիսի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԱԱ-ՈՒՄ»

Այսպիսին է ԱԱ-ում վերածննդի պարադոքսը. ուժ, որն առաջանում է լիակատար պարտությունից և թուլությունից. մարդու կողմից հին կյանքի կորուստը՝ որպես նորը ձեռք բերելու պայման:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 46)

Կանաչ Օձի (ալկոհոլի. Ծանոթ. թարգմ.) հազարավոր խայթոցներն ինձ չստիպեցին ընդունել պարտությունը: Ես կարծում էի, որ դա իմ բարոյական պարտքն է՝ հաղթել «ընկեր-թշնամուն»: ԱԱ-ի առաջին ժողովին ես երջանիկ էի՝ զգալով, որ նորմալ է ընդունել պարտությունը հիվանդության առաջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի իմ «բարոյական կայունության» հետ: Բնազդաբար ես հասկանում էի, որ, մտնելով ԱԱ-ի դռներով, հայտնվել եմ մեծ սիրո դաշտում: Առանց որևէ ջանքի իմ կողմից ես գիտակցեցի, որ ինքդ քեզ սիրելը լավ է ու ճիշտ և կանխորոշված է Աստծո կողմից: Իմ զգացմունքներն ազատեցին ինձ այնտեղ, որտեղ մտքերը պահում էին ստրկության մեջ: Ես երախտապարտ եմ:

Հունիսի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՎԱԽԻՑ

Վախի խնդրի լուծումն ունի երկու ասպեկտ: Մենք պետք է հասնենք վախից առավելագույն ազատության, և դա մեզ հասանելի է: Այնուհետև մեզ կպահանջվեն և՛ արիություն, և՛ շնորհ, որպեսզի կառուցողական կերպով լուծենք մնացած վախերի հետ կապված հարցերը:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 61)

Իմ որոշումների մեծ մասը հիմնված է եղել վախի վրա: Ալկոհոլը թեթևացնում էր կյանքի դժվարությունները, բայց եկավ մի ժամանակ, երբ այն դադարեց օգնել ինձ ընդդիմանալ վախին: Ինձ համար ԱԱ-ում մեծագույն պարգևներից մեկը Աստծո օգնությամբ գործելու արիությունն է: Սթափության հինգ տարիներից հետո ես բախվեցի ուժեղ վախի: Աստված տվեց մարդկանց, ովքեր օգնեցին ինձ գլուխ հանել իրավիճակից և հաղթահարել վախը: Տասներկու Քայլերով աշխատելով՝ ես դառնում եմ ամբողջական անհատականություն, որպիսին և ուզում եմ լինել: Եվ դրա համար ես խորապես երախտապարտ եմ:

Հունիսի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԱԽ ԵՎ ՀԱՎԱՏՔ

Վախից ազատագրումը ամբողջ կյանքի գործ է, որը հազիվ թե հնարավոր լինի լիովին հասցնել ավարտին: Անսպասելի լուրջ հիվանդության կամ որևէ այլ վտանգավոր իրավիճակի դեպքում մենք բոլորս դրսևորում ենք այս էմոցիոնալ վիճակը՝ վատ, թե լավ, դա արդեն ինչպես կստացվի: Միայն նրանք, ովքեր զբաղվում են ինքնախաբեությամբ, հայտարարում են վախից լիակատար ազատության մասին:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 263)

Վախն էր տառապանքների պատճառն այն ժամանակներում, երբ ինձ չէր հերիքում հավատքը: Երբեմն անսպասելիորեն վախն ինձ պատռում է մասերի, ընդ որում հենց այն ժամանակ, երբ ես ուրախանում եմ, երջանիկ եմ և հոգուս մեջ թեթև է: Հավատքը և Բարձրագույն Ուժի համար իմ արժեքավոր լինելու զգացումն օգնում են ինձ տանել և՛ ողբերգությունները, և՛ հրճվանքները: Միայն իմ բոլոր վախերը հանձնելով Բարձրագույն Ուժին՝ ես ազատ կլինեմ:

Հունիսի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՅՍՕՐ ԵՍ ԱԶԱՏ ԵՄ

Սա ինձ հանգեցրեց այն բանի ողջամիտ գիտակցմանը, որ աշխարհում դեռ շատ իրավիճակներ կան, որոնց առաջ անձամբ ես անզոր եմ: Եթե ես պատրաստակամորեն ընդունեցի դա ալկոհոլի դեպքում, ապա պետք է ընդունեմ նույնը և շատ այլ բաների նկատմամբ: Ես պետք է հանգստանամ և պարզեմ, որ դա Նա է՝ Աստված, և բոլորովին ոչ ես:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 134)

Հոգեկան անդորր վայելելու համար ես սովորում եմ ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, բոլոր իրավիճակներում: Կար ժամանակ, երբ կյանքն ինձ համար մշտական մարտ էր. ինձ թվում էր, որ ամեն օր ես պետք է մինչև լիակատար հաղթանակ պայքարեմ ինքս իմ և ուրիշների հետ: Ի վերջո ես տանուլ տվեցի այս մարտը: Միշտ ավարտվում էր նրանով, որ ես հարբում էի և սգում իմ ոչ նախանձելի վիճակը: Միայն թույլ տալով իրադարձություններին ընթանալ իրենց հունով, իսկ Աստծուն՝ վերցնել իմ կյանքը, ես գտա հոգեկան անդորր: Այսօր ես ազատ եմ: Ինձ այլևս պետք չէ ոչ մեկի և ոչնչի հետ պայքարել:

Հունիսի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎՍՏԱՀԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Մի՞թե վստահությունը պահանջում է, որ մենք աչք փակենք ուրիշ մարդկանց կամ մեր սեփական դրդապատճառների վրա: Ոչ մի նման բան. դա հիմարություն կլիներ: Ամենայն հավանականությամբ, մենք պետք է գնահատենք, թե որքանով է այն մարդը, որին մենք վստահում ենք, ընդունակ վատ բանի, ինչպես և լավի: Նման անձնական գույքագրումը կարող է ցույց տալ վստահության այն աստիճանը, որը մենք պետք է ցուցաբերենք յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 144)

Ես բոլորովին էլ մարդկանց զոհը չեմ, ավելի շուտ՝ ես իմ սեփական ակնկալիքների, ընտրության և անազնվության զոհն եմ: Երբ ես սպասում եմ, որ մարդիկ կլինեն այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նրանք կան, ես ինձ դատապարտում եմ տառապանքի: Երբ ես էգոցենտրիկ եմ, ապա հայտնվում եմ միայնակ և անվստահող: Իսկ եթե ես ազնիվ եմ իմ բոլոր գործերում, ապա ձեռք եմ բերում ինքնավստահություն: Եթե ես փորձում եմ հասկանալ իմ դրդապատճառները, եթե ես ազնիվ եմ և վստահում եմ ուրիշներին, ապա կանխատեսում եմ վտանգավոր իրավիճակներ և կարող եմ խուսափել դրանցից:

Հունիսի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵՎՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Մենք միայն ղեկավարում ենք հոգևոր մանկապարտեզը, որտեղ մարդկանց հնարավորություն է ընձեռվում հաղթահարելու հարբեցողությունը և գտնելու շնորհ, որը թույլ է տալիս ապրել լիարժեք կյանքով:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 95)

Ես՝ ալկոհոլի կողմից փակուղի մղված, եկա ԱԱ՝ ցանկանալով ազատվել ոգելից խմիչքի հանդեպ մոլուցքից, բայց գաղափար անգամ չունեի, թե ինչպես դա անել: Ես որոշեցի մնալ այնքան, որքան կպահանջվի, որպեսզի պարզեմ դա նրանցից, ովքեր ավելի շուտ էին եկել: Բոլորովին անսպասելիորեն ես սկսեցի մտածել Աստծո մասին: Ինձ խորհուրդ տվեցին գտնել Բարձրագույն Ուժ, բայց ես հասկացողություն չունեի, թե դա ինչ է: Ես իմացա, որ կան շատ Բարձրագույն Ուժեր: Ինձ ասացին, որ ԱԱ-ում չկա Աստվածության մասին ոչ մի դոկտրինա, և ես պետք է գտնեմ իմ Աստծուն այնպես, ինչպես ես եմ Նրան հասկանում: Ես գտա այն, ինչն ինձ օգնեց, և հետո խնդրեցի այդ Ուժին վերադարձնել ինձ ողջախոհությունը: Խմիչքի հանդեպ մոլուցքն անհետացավ, իմ կյանքը սկսեց հոսել օրեցօր, և ես սովորեցի ապրել սթափ:

Հունիսի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՄԲ ՓՈՂՈՑ

Եթե մենք խնդրենք Աստծուն, ապա Նա, իհարկե, կների մեզ մեր արարքները: Բայց Նա երբեք չի լվանա մեզ մինչև ճերմակություն և չի պահպանի անբասիրության մեջ առանց Նրա հետ մեր համագործակցության:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 75 / Twelve Steps and Twelve Traditions, p. 65)

Աղոթելիս ես երբեմն բաց էի թողնում շատ բաներ, որոնց համար պետք է ներում ստանայի: Ես մտածում էի, որ եթե Աստծուն չասեմ այս բաների մասին, ապա Նա երբեք դրանց մասին չի էլ իմանա: Ես չէի էլ կասկածում, որ եթե ես ինձ ներեմ անցյալի մեղքերի համար, Աստված էլ ինձ կների: Ինձ միշտ սովորեցնում էին նախապատրաստվել կյանքի ճանապարհորդությանը, բայց մինչ ԱԱ գալը (երբ ես անկեղծորեն ցանկացա սովորել ներել և ներված լինել), ես չէի հասկանում, որ կյանքն արդեն ինքնին ճանապարհորդություն է: Իսկ ճանապարհորդությունը երջանիկ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ես պատրաստ եմ ընդունել փոփոխությունները և ստանձնել պատասխանատվություն:

Հունիսի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՐԳԵՎ, ՈՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Շատերի համար ալկոհոլը կապված է ուրախության և ընկերների հետ շփման հետ: Այն արթնացնում է երևակայությունը, ազատում է հոգսերից, ձանձրույթից և անհանգստությունից: Այն ընկերների հետ ուրախ մտերմության զգացում է տալիս և ստիպում է մտածել, որ կյանքը հիասքանչ է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 147 / Alcoholics Anonymous, p. 151)

Որքան շատ էի ընկնում պատրանքային ալկոհոլային զգացողությունների հետևից, այնքան ավելի անհասանելի էին դրանք ինձ համար: Սակայն կիրառելով Մեծ Գրքից այս հատվածն իմ սթափության նկատմամբ՝ ես հայտնաբերեցի, որ դրանում ինձ համար բացվում է նոր հոյակապ կյանք, որը հասանելի է դարձել ԱԱ Ծրագրի շնորհիվ: Կյանքն իսկապես «դառնում է ավելի գեղեցիկ» օրեցօր: Ամեն անգամ, երբ ես կարդում եմ այս բառերը, ուրախությունը, սերը և ջերմությունը, որոնք արտահայտված են դրանցում նման պարզությամբ, դառնում են ավելի լայն և խորը: Սթափությունը պարգև է, որը մեծանում է ժամանակի ընթացքում:

Հունիսի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱԱ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ

Մենք ենթարկվում ենք ԱԱ-ի Քայլերին և Ավանդույթներին, որովհետև մենք իսկապես ուզում ենք դրանք: Սա բարու և չարի հարց չէ. մենք ենթարկվում ենք, որովհետև անկեղծորեն ուզում ենք ենթարկվել: Այսպիսին է մեր աճի գործընթացը միասնության և գործողության մեջ: Սա մեզ հետ Աստծո շնորհի և սիրո ներկայության վկայությունն է:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 106)

Հետաքրքիր է հետևել ԱԱ-ում սեփական հոգևոր աճին: Սկզբում ես ընդդիմանում էի Ընկերակցության սկզբունքներին ենթարկվելուն: Բայց իմ ռազմատենչության կողմից ինձ պատճառած ցավն ինձ սովորեցրեց, որ, ընտրելով ԱԱ-ի ապրելակերպը, ես բացվում եմ Աստծո շնորհի և սիրո համար: Եվ այն ժամանակ ես սկսեցի գիտակցել, թե ինչ է նշանակում լինել ԱԱ անդամ:

Հունիսի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեկուկես տարի անց այս երեքը կարողացան փրկել ևս յոթ հոգու:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 155 / Alcoholics Anonymous, p. 159)

Եթե չլիներ մեր հիմնադիրների հաստատուն վճռականությունը, ԱԱ-ն արագ կանհետանար՝ շատ այլ այսպես կոչված բարի գործերի նման: Ես գիտեմ, որ մեր քաղաքում ամեն շաբաթ անցկացվում են հարյուրավոր ժողովներ, և որ ԱԱ-ն հասանելի է օրը 24 ժամ: Եթե ես չունենայի ոչինչ, բացի հույսից և խմելը թողնելու ցանկությունից, և ինձ ամենուր մերժեին, ես կսկսեի փնտրել ավելի հեշտ և մեղմ ուղիներ և կվերադառնայի նախկին ապրելակերպին:

Հունիսի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԼԻՔԻ ԷՖԵԿՏԸ

Սովորելով ապրել երջանիկ՝ մենք ցույց կտանք ուրիշներին, թե ինչպես հասնել դրան… Այո, մենք [ԱԱ-ում] երազում էինք այս ամենի մասին: Դա միանգամայն բնական էր, քանի որ ալկոհոլիկների մեծ մասը սնանկացած իդեալիստներ են… Ինչո՞ւ չկիսվել մեր ապրելակերպի գաղտնիքով բոլոր մյուս մարդկանց հետ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 174 / Twelve Steps and Twelve Traditions, p. 156)

Սթափության մեծ հայտնագործությունն ինձ մոտ ցանկություն առաջացրեց անպայման կիսվել «բարի լուրով» ամբողջ աշխարհի հետ: Ինձ վերադարձան իմ հարբեցողության ժամանակների մեծամիտ մտքերը: Ավելի ուշ ես իմացա, որ սեփական ապաքինման վրա ուշադրության կենտրոնացումը հեշտ գործ չէ, որը զբաղեցնում է ամբողջ ժամանակը: Դառնալով այս աշխարհի սթափ քաղաքացի՝ ես նկատեցի ալիքի էֆեկտը, որն առանց իմ կողմից որևէ գիտակցված ջանքերի հասնում է ցանկացած «հարակից հաստատության կամ կողմնակի ձեռնարկության»՝ չշեղելով ինձ իմ հիմնական նպատակից. մնալ սթափ և օգնել այլ ալկոհոլիկներին ձեռք բերել սթափություն:

Հունիսի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ=ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ=ԳՈՅԱՏԵՎՈՒՄ

ԱԱ-ի միասնությունը, արդյունավետությունը և նույնիսկ բուն գոյատևումը միշտ կախված կլինեն մեր մշտական պատրաստակամությունից՝ զոհաբերելու մեր որոշ անձնական հավակնություններ ու կրքոտ ցանկություններ հանուն ընդհանուր անվտանգության և ընդհանուր բարեկեցության:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 220)

Ես իմացա, որ պետք է զոհաբերեմ իմ բնավորության որոշ գծեր հանուն ԱԱ-ի բարօրության, և արդյունքում պարգևատրվեցի: Կեղծ հպարտությունը կարելի է սնուցել հեղինակության միջոցով, բայց, ապրելով Վեցերորդ Ավանդույթով, դրա փոխարեն ես ստանում եմ խոնարհության պարգև: Համագործակցությունն առանց որոշակի կազմակերպության ներքին պատկանելիության հաճախ խաբուսիկ է: Եթե ես «կապված» չեմ ինչ-որ կողմնակի գործերի, ինձ ավելի հեշտ է պահպանել ԱԱ-ի ինքնակառավարումը: Եվ այն ժամանակ Ընկերակցությունը՝ առողջ և ուժեղ, կպահպանվի ապագա սերունդների համար:

Հուլիսի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Մեր կողմից շարադրված սկզբունքներն ուղեցույց են դեպի առաջընթաց տանող ճանապարհին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 58 / Alcoholics Anonymous, p. 60)

Ինչպես քանդակագործն է արվեստի գործ ստեղծելիս օգտագործում տարբեր գործիքներ ցանկալի էֆեկտի հասնելու համար, այնպես էլ Տասներկու Քայլերը՝ որպես ԱԱ գործիք, իմ կողմից օգտագործվում են որոշակի կենսական արդյունքների հասնելու համար: Ես չեմ ծանրաբեռնում ինձ կենցաղային խնդիրներով և ծրագրերով՝ որոշելով, թե դեռ որքան բան պետք է անեմ:

Ես հանգիստ եմ այն գիտակցումից, որ իմ կյանքն այժմ իմ Բարձրագույն Ուժի՝ հմուտ վարպետի ձեռքերում է, ով իմ կյանքի յուրաքանչյուր կողմը վերածում է եզակի արվեստի գործի: Ես բավարարվածություն եմ զգում Ծրագրով իմ աշխատանքից միայն այն ժամանակ, երբ գիտեմ, որ «անելով լավագույնն այն ամենից, ինչ կարող ենք անել այսօր, մենք անում ենք այն ամենը, ինչ խնդրում է մեզանից Աստված»:

Հուլիսի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Մենք գտնում ենք, որ Ծրագրի հոգևոր կողմը չպետք է դժվարություններ առաջացնի: Ցանկությունը, ազնվությունը և անկողմնակալությունը ապաքինման համար անհրաժեշտ հիմնական հատկություններն են: Եվ դրանք անփոխարինելի են:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 184 / Alcoholics Anonymous, p. 570)

Բավականաչափ ազնի՞վ եմ արդյոք ես, որպեսզի ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և թույլ տամ ուրիշներին տեսնել ինձ ճշմարիտ լույսի ներքո: Պատրա՞ստ եմ արդյոք գնալ ամեն ինչի և անել անհրաժեշտ ամեն ինչ՝ սթափ մնալու համար: Որքանո՞վ եմ բաց՝ լսելու այն, ինչ ինձ պետք է լսել, մտածելու այնպես, ինչպես ինձ պետք է մտածել և զգալու այնպես, ինչպես ինձ պետք է զգալ:

Եթե այս հարցերին իմ պատասխանները «այո» են, նշանակում է ես գիտեմ Ծրագրի հոգևորության մասին բավականաչափ՝ սթափ մնալու համար: Տասներկու Քայլերով աշխատելուն զուգընթաց ես առաջ եմ շարժվում դեպի իսկական սթափության բուն էությունը՝ պարզություն և հոգեկան անդորր ինքս իմ, այլ մարդկանց և Աստծո հետ, ինչպես ես հասկանում եմ Նրան:

Հուլիսի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՓՈՐՁԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ

Քանի որ սկզբում մենք դեռ անփորձ ենք, քանզի բոլորովին վերջերս ենք կապ հաստատել Աստծո հետ, հնարավոր է, մենք միշտ չէ, որ ոգեշնչում կզգանք:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 84 / Alcoholics Anonymous, p. 87)

Ասում են, որ փորձը լավագույն ուսուցիչն է, իսկ ես վստահ եմ, որ փորձը միակ ուսուցիչն է: Ես կարողացա իմանալ իմ հանդեպ Աստծո սիրո մասին միայն այն ժամանակ, երբ զգացի իմ կախվածությունն այդ սիրուց: Սկզբում ես վստահ չէի, որ Նա ղեկավարում է իմ կյանքը: Բայց հիմա տեսնում եմ, որ եթե ես բավականաչափ արիություն ունեմ Նրանից ղեկավարում խնդրելու համար, ապա պետք է գործեմ այնպես, կարծես Նա արդեն տվել է ինձ այն: Ես հաճախ եմ խնդրում Աստծուն օգնել ինձ չմոռանալ, որ հենց Նա է ինձ ցույց տալիս ճանապարհը:

Հուլիսի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔ

…յուրաքանչյուր տղամարդու, յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր երեխայի հոգու խորքում կա Աստծո հիմնարար գաղափարը: Այն կարող է ընկալվել անորոշ կերպով՝ ստվերված դժբախտությամբ, ճոռոմությամբ կամ այլ բաների առջև խոնարհումով, բայց այս կամ այն ձևով այն միշտ կա: Քանզի կա հավատք՝ նույնքան հին, որքան ինքը՝ մարդը, դա հավատք է մեզանից ավելի հզոր Ուժին և մարդկանց կյանքում այդ Ուժի հրաշալի դրսևորումներին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 53 / Alcoholics Anonymous, p. 55)

Ես տեսել եմ անտեսանելի Աստծո արարքները ԱԱ-ի սենյակներում ողջ երկրով մեկ: Ապաքինման հրաշքները կարելի է սեփական աչքերով տեսնել ամենուրեք: Այժմ ես հավատում եմ, որ Աստված և՛ այդ սենյակներում է, և՛ իմ սրտում: Այսօր ինձ՝ նախկին ագնոստիկի համար, հավատքը նույնքան բնական է, որքան շնչելը, ուտելը և քնելը: Տասներկու Քայլերն օգնեցին ինձ շատ բան փոխել իմ կյանքում, բայց ամենակարևորն ու գործունն այն է, որ ես գտա Բարձրագույն Ուժ:

Հուլիսի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Մեր ներքին պաշարները, գլխավորապես կամքը, պարզվեց, որ անբավարար են, նրանց համար դա անիրագործելի խնդիր էր… Ամեն օր մենք պետք է մեր գործողությունների մեջ մտցնենք Աստծո կամքի տեսլականը…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 44, 82 / Alcoholics Anonymous, pp. 45, 85)

Ես լսում եմ խոսակցություններ «թուլակամ» ալկոհոլիկի մասին, բայց ես աշխարհի ամենաուժեղ կամք ունեցող մարդկանցից մեկն եմ: Հիմա ես գիտեմ, որ իմ անհավանական կամքի ուժը բավարար չէ իմ կյանքը փրկելու համար: Իմ խնդիրը ամենևին էլ «թուլության» խնդիր չէ, այլ ավելի շուտ՝ ղեկավարման (առաջնորդության):

Երբ ես, առանց կեղծ ինքնաստորացման, ընդունում եմ իմ բնավորության իսկական թերությունները և դիմում եմ Աստծուն առաջնորդության համար, իմ ամենամեծ թերությունները դառնում են մեծագույն արժանիքներ: Իմ ուժեղ կամքը, որն ուղղված է ճիշտ հունով, ստիպում է ինձ աշխատել այնքան ժամանակ, մինչև Ծրագրի Խոստումները դառնան իմ առօրյա իրականությունը:

Հուլիսի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՃԱՆԱՉԵԼՈՎ ՎԱԽԸ…

Մեր թերությունների գլխավոր հարուցիչը եսասիրական վախն էր…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 87 / Twelve Steps and Twelve Traditions, p. 76)

Երբ ինձ անհարմար է, երբ ես նյարդայնացած եմ կամ դեպրեսիայի մեջ եմ, ես վախ եմ փնտրում: Այս «չարագուշակ և քայքայիչ սպառնալիքը» հենց իմ տառապանքների աղբյուրն ու պատճառն է: Վախ անհաջողությունից, վախ մարդկանց կարծիքից, վախ չարից, վախ ինչ-որ մեկին վնասելուց և բազմաթիվ այլ վախեր: Ես գտել եմ Բարձրագույն Ուժ, որը չի ուզում, որ ես ապրեմ վախի մեջ, և որպես դրա արդյունք՝ ԱԱ-ում ձեռք բերած իմ փորձն ինձ ուրախություն և ազատություն է բերում:

Ես այլևս չեմ ուզում ապրել բնավորության այն բազմաթիվ թերություններով, որոնք ղեկավարում էին իմ կյանքը, երբ ես խմում էի: Յոթերորդ Քայլը դրանցից ազատվելու իմ ճանապարհն է: Ես աղոթում եմ օգնության համար՝ ճանաչելու վախը, որը թաքնված է այս կամ այն թերության հետևում, իսկ հետո խնդրում եմ Աստծուն ազատել ինձ այդ վախից: Այս մեթոդը գործում է անխափան, և սա Անանուն Ալկոհոլիկների հետ իմ կյանքի մեծագույն հրաշքներից մեկն է:

Հուլիսի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

…ԵՎ ԱԶԱՏՎԵԼՈՎ ՆՐԱՆԻՑ

…նախևառաջ վախ, որ մենք կկորցնենք այն, ինչ ունենք, կամ չենք ստանա այն, ինչ մեզ ուզում ենք ունենալ: Ապրելով չբավարարված ցանկությունների զգացումով՝ մենք անընդհատ անհանգստություն և դժգոհություն էինք ապրում: Մենք չէինք կարող խաղաղություն գտնել, քանի դեռ չէինք նվազեցրել մեր հավակնությունները: Հուսով ենք, որ հավակնության և խնդրանքի միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 87, 88 / Twelve Steps and Twelve Traditions, p. 76)

Ես կարող եմ հանգիստ լինել միայն այն ժամանակ, երբ ազատվում եմ ակնկալիքներից: Իսկ երբ ես կլանված եմ մտքերով այն մասին, թե ինչ եմ ուզում կամ ինչ կարող եմ ստանալ, ես համակված եմ վախով կամ գտնվում եմ տագնապալի սպասման վիճակում: Եվ դա, բնականաբար, չի նպաստում իմ էմոցիոնալ սթափությանը: Ես պետք է նորից ու նորից կապիտուլյացիայի ենթարկվեմ Աստծուց իմ կախվածության իրականության առաջ, քանի որ միայն այդ ժամանակ ես կգտնեմ հանգստություն, երախտագիտություն և հոգևոր անվտանգություն:

Հուլիսի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՇԵՂՈՐԵՆ ԱՃՈՂ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, Յոթերորդ Քայլը թույլ է տալիս մեզ՝ փոխելով մեր կենսական դիրքորոշումը և որպես ուղեկցող վերցնելով խոնարհությունը, դուրս գալ մեր «ես»-ի սահմաններից՝ ընդառաջ գնալով այլ մարդկանց և Աստծուն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 88 / Twelve Steps and Twelve Traditions, p. 76)

Երբ ես վերջապես խնդրեցի Աստծուն հեռացնել այն ամենը, ինչն ինձ բաժանում էր և՛ Նրանից, և՛ Հոգու արևի լույսից, ես մեկնեցի այնպիսի գրավիչ ճանապարհորդության, որպիսին չէի էլ կարող ինձ պատկերացնել: Ես ազատվեցի բնավորության այն գծերից, որոնք ինձ դատապարտում էին ինքնամփոփության: Շնորհիվ այս խոնարհ Քայլի՝ ես ինձ մաքրված եմ զգում: Ես այս Քայլը հատկապես պարզ եմ գիտակցում այն պատճառով, որ այժմ ունակ եմ օգտակար լինելու Աստծուն և իմ ընկերներին:

Ես գիտեմ, որ Նա ինձ ուժ է շնորհել՝ կատարելու Իր կամքը, և նախապատրաստել է ինձ արժանապատվորեն դիմավորելու ամեն ինչ, ինչն այսօր կկանգնի իմ ճանապարհին: Ես իսկապես Նրա ձեռքերում եմ և շնորհակալ եմ այսօր ինչ-որ մեկին օգտակար լինելու ուրախության համար:

Հուլիսի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ԳՈՐԾԻՔ ԵՄ

Խոնարհաբար խնդրեցինք Նրան շտկել մեր արատները:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 81 / Twelve Steps and Twelve Traditions, p. 70)

Խոնարհության հարցը բավականին բարդ է: Խոնարհությունն ինձ համար ամենևին չի նշանակում ինձ ավելի վատ համարել, քան կամ իրականում: Այն որոշակի բաներ լավ անելն ընդունելու մեջ է, ինչպես նաև գովասանքը երախտագիտությամբ ընդունելու ունակության մեջ: Աստված ինձ համար կարող է անել միայն այն, ինչ Նա կարող է անել իմ միջոցով:

Խոնարհությունը գիտակցման արդյունք է, որ գործում է Աստված, այլ ոչ թե ես: Այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ ես հպարտանալ իմ ձեռքբերումներով: Ես գործիք եմ, և ցանկացած աշխատանք, որը, ինչպես ինձ թվում է, կատարում եմ ես, իրականում կատարվում է Աստծո կողմից իմ միջոցով: Ես ամեն օր խնդրում եմ Աստծուն վերացնել իմ թերությունները, որպեսզի ես կարողանամ ավելի ազատորեն զբաղվել ԱԱ-ում «սիրո և ծառայության» գործով:

Հուլիսի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐ

…եթե մենք բացահայտել ենք մեր մեջ մեր թերություններից մի քանիսը, քննարկել ենք դրանք որևէ այլ մարդու հետ և ցանկացել ենք ազատվել դրանցից, խոնարհության մասին մեր պատկերացումն ավելի լայն իմաստ է ստանում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 85 / Twelve Steps and Twelve Traditions, p. 74)

Երբ առաջանում են իմ հոգեկան անդորրը խանգարող իրավիճակներ, դրանցից եկող ցավն ինձ դրդում է Աստծուն պայծառատեսություն խնդրել, որպեսզի ես կարողանամ հասկանալ իմ դերը այս կամ այն իրավիճակում: Ընդունելով իմ անզորությունը՝ ես խոնարհաբար աղերսում եմ կատարվածն ընդունելու կարողություն: Ես փորձում եմ տեսնել, թե ինչպես են իմ բնավորության թերություններն ազդել իրավիճակի վրա: Կարո՞ղ էի ես ավելի շատ համբերություն դրսևորել: Անհանդուրժո՞ղ էի արդյոք: Պնդո՞ւմ էի արդյոք իմը: Վախենո՞ւմ էի:

Ինչքանով որ իմ թերությունները բացահայտվում են, ես մի կողմ եմ նետում իմ ինքնավստահությունը և խոնարհաբար խնդրում եմ Աստծուն ազատել ինձ այդ թերություններից: Իրավիճակը, հնարավոր է, չփոխվի, բայց եթե ես շարունակում եմ խոնարհություն դրսևորել, ես գտնում եմ խաղաղություն և հոգեկան անդորր, իսկ դրանք, բնականաբար, ինձանից ավելի հզոր Ուժի վրա իմ ապավինման ածանցյալներն են:

Հուլիսի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ

Երբ մենք սկսեցինք դիտարկել խոնարհությունը որպես մեզ համար ցանկալի մի բան, այլ ոչ թե որպես այն, ինչ ուզես թե չուզես՝ պետք է ունենանք, դա դարձավ մեր կյանքի շրջադարձային պահը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 87 / Twelve Steps and Twelve Traditions, p. 75)

Կա՛մ ԱԱ-ի ապրելակերպը դառնում է ուրախություն, կա՛մ ես վերադառնում եմ ալկոհոլիզմի խավարին ու հուսահատությանը: Ուրախությունը գալիս է այն ժամանակ, երբ իմ վերաբերմունքն Աստծո և խոնարհության նկատմամբ վերածվում է ցանկության, այլ ոչ թե բեռի: Եվ երբ ես գիտակցում եմ, որ եթե ես ճշմարտախոս և ազնիվ եմ գույքագրումը նախապատրաստելիս, ապա անպայման ձեռք եմ բերում պարզություն, հոգեկան անդորր, ազատություն և ուրախություն, իսկ կյանքի խավարին փոխարինելու է գալիս ճառագող լույսը:

Իմ Բարձրագույն Ուժի հանդեպ հավատքն ամրապնդվում է, և իմ ողջ էությունը լցվում է երախտագիտության զգացումով: Ես համոզված եմ, որ խոնարհ լինել նշանակում է լինել ճշմարտախոս և ազնիվ ինքդ քո և Աստծո առաջ: Միայն այդ ժամանակ խոնարհությունը դառնում է այն, ինչ ես «իսկապես ուզում եմ», այլ ոչ թե այն, ինչ ես «պարտավոր եմ ունենալ»:

Հուլիսի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԻՑ

…քանզի առանց որոշակի աստիճանի խոնարհության ոչ մի ալկոհոլիկ չի կարող մնալ սթափ… Առանց դրա նրանք չեն կարողանա իրենց առջև դնել որևէ օգտակար նպատակ, իսկ կյանքի դժվարին պահերին հենվել հավատքի վրա՝ փորձություններին դիմանալու համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 81 / Twelve Steps and Twelve Traditions, p. 72)

Ինչո՞ւ եմ ես ընդդիմանում «խոնարհություն» բառին: Ես խոնարհվում եմ ոչ թե այլ մարդկանց առաջ, այլ Աստծո առաջ, ինչպես ես հասկանում եմ Նրան: Խոնարհությունը նշանակում է «հնազանդ հարգանքի» դրսևորում, և խոնարհ լինելով՝ ես գիտակցում եմ, որ ես Տիեզերքի կենտրոնը չեմ: Քանի դեռ ես խմում էի, ես ամբողջովին հպարտության և էգոցենտրիզմի իշխանության տակ էի՝ կարծելով, թե աշխարհը պտտվում է իմ շուրջը, և որ ես իմ ճակատագրի տերն եմ:

Խոնարհությունը թույլ է տալիս ինձ ավելի շատ ապավինել Աստծուն կյանքի արգելքները հաղթահարելու և թերություններից ազատվելու գործում, որպեսզի ես կարողանամ հոգեպես աճել: Իմ պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու համար ես պետք է լուծեմ ավելի ու ավելի բարդ խնդիրներ, իսկ երբ իմ ճանապարհին խոչընդոտներ են առաջանում՝ սովորել հաղթահարել դրանք Աստծո օգնությամբ: Ամենօրյա շփումն Աստծո հետ հաստատում է իմ խոնարհությունը և թույլ է տալիս ինձ գիտակցել, որ Ինչ-որ Մեկը, ով ավելի հզոր է, քան ես, պատրաստ է օգնել ինձ, եթե ես դադարեմ ինձ Աստված երևակայելուց:

Հուլիսի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎ

Եթե մենք առաջին հերթին հույսներս դնում էինք սեփական ուժերի վրա, որևէ հենարան Բարձրագույն Ուժի վրա բացառվում էր: Բացակայում էր ցանկացած խոնարհության հիմնական տարրը՝ Աստծո կամքը ճանաչելու և դրան հետևելու ցանկությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 84 / Twelve Steps and Twelve Traditions, p. 72)

Երբ ես առաջին անգամ եկա ԱԱ, ես կրքոտ ցանկանում էի ձեռք բերել խոնարհություն կոչվող ինչ-որ պատրանքային հատկություն: Ես չէի գիտակցում, որ փնտրում էի խոնարհություն միայն այն պատճառով, որ կարծում էի, թե այն կօգնի ինձ ստանալ այն, ինչ ուզում եմ: Մարդկանց համար ես պատրաստ էի ամեն ինչի, բայց միայն այն պայմանով, որ Աստված անպայման կպարգևատրի ինձ դրա համար:

Հիմա ես փորձում եմ հիշել, որ մարդիկ, ում ես հանդիպում եմ օրվա ընթացքում, այնքան մոտ են Աստծուն, որքան ես դժվար թե երբևէ լինեմ: Ես պետք է աղոթեմ այսօր Աստծո կամքը ճանաչելու համար և փորձեմ տեսնել, թե ինչպես հույսի և ցավի իմ անձնական փորձը կարող է օգնել մարդկանց: Եվ եթե դա հաջողվի, ինձ պետք չէ փնտրել խոնարհություն, այն ինքն ինձ գտել է:

Հուլիսի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍՆՆԴԱՐԱՐ ՆՅՈՒԹ

Խոնարհությունը, որի յուրացումը անցյալում ընկալվում էր որպես ստորացման դառը արգանակով բռնի կերակրում, դառնում է օգտակար սննդարար նյութ, որը հոգեկան անդորր է բերում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 86 / Twelve Steps and Twelve Traditions, p. 74)

Որքա՜ն հաճախ եմ ես «տարվում» իմ խնդիրներով ու հիասթափություններով: Եթե ինձ մոտ «լավ օր» է, նույն այդ խնդիրները կորցնում են իրենց նշանակությունը, և դրանցով իմ մտահոգությունը նվազում է: Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե ես կարողանայի բանալի գտնել իմ «լավ օրերի» «հրաշքը» բացելու համար և օգտագործել այն «վատ օրերի» դժբախտությունների մեջ:

Ես արդեն ունեմ լուծումը: Փոխանակ փախչելու ցավից և մտովի վանելու ինձանից խնդիրները, ես կարող եմ աղոթել խոնարհության համար: Խոնարհությունը կբուժի ցավը: Խոնարհությունն ինձ կհեռացնի ինքս ինձանից: Ես կարող եմ խնդրել խոնարհություն, այս ուժը, այս ամրությունը, որն ինձ շնորհվում է «մի Ուժի կողմից, որն ավելի հզոր է, քան ես ինքս»: Խոնարհությունը կվերականգնի հավասարակշռությունն իմ կյանքում: Խոնարհությունն ինձ թույլ կտա ուրախությամբ ընդունել իմ նոր մարդկային էությունը:

Հուլիսի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հազարամյակներ շարունակ մենք փորձել ենք պահանջել մեզ հասանելիքից ավելի մեծ բաժին ապահովվածությունից, հեղինակությունից և սիրուց: Երբ մեզ թվում էր, թե մենք հասնում ենք դրան, մենք խմում էինք՝ կառուցելով էլ ավելի վիթխարի երազանքներ: Կրելով թեկուզ չնչին անհաջողություն՝ մենք խմում էինք՝ մոռացվելու համար: Մենք անզուսպ էինք նրանում, ինչը համարում էինք մեր կարիքները: Այս բոլոր ձգտումների մեջ, որոնցից շատերը ոչ մի դատապարտելի բան չէին պարունակում իրենց մեջ, դրսևորվում էր մեր մեջ խոնարհության բացակայությունը: Մեզ չէր հերիքում հեռանկարի զգացումը՝ հասկանալու համար, որ գլխավոր ուշադրությունը պետք է դարձվեր անհատի զարգացմանը և հոգևոր արժեքներին, և որ նյութական կարիքների բավարարումը կյանքի նպատակը չէ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 82–83 / Twelve Steps and Twelve Traditions, p. 71)

Նորից ու նորից ես մոտենում էի Յոթերորդ Քայլին միայն նրա համար, որպեսզի նահանջեմ և կենտրոնանամ: Ինչ-որ բան ակնհայտորեն պակասում էր, և այս Քայլի իմաստը խույս էր տալիս ինձանից: Ի՞նչ էի ես բաց թողել: — Պարզվում է, միակ բառը, որը կարդացել էի, բայց անտեսել, բոլոր Քայլերի հիմքը և, ըստ էության, ԱԱ ողջ Ծրագրի հիմքը: Այդ բառը «խոնարհաբար»-ն է:

Ես հասկացա իմ թերությունները. անընդհատ հետաձգում եմ որոշում կայացնելը «հետոյի» վրա, հեշտությամբ նյարդայնանում եմ, ունեմ ինքնախղճահարության հիվանդագին զգացում: Եվ ես սկսեցի մտածել. ինչո՞ւ հենց ես: Հետո ես հիշեցի. «Հպարտությունը նախորդում է անկմանը» և հեռացրի հպարտությունն իմ կյանքից:

Հուլիսի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ»

Եվ ամեն անգամ ցավն այն գինն էր, որը պետք էր վճարել նոր կյանք մտնելու համար: Բայց այս վճարի դիմաց մենք ձեռք էինք բերում ավելին, քան ակնկալում էինք: Մենք ստանում էինք այնպիսի խոնարհություն, որն, ինչպես պարզվեց, բուժում էր ցավը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 86 / Twelve Steps and Twelve Traditions, p. 75)

Նույնիսկ եթե հաջողությունը խույս էր տալիս ինձանից, կյանքի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելը մնում էր խիստ ցավոտ գործ: Իսկ երբ անհաջողությունները սկսում էին հետապնդել ինձ, ես խմում էի մոռացվելու համար: Ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա, կարելի է միայն խոնարհության միջոցով, որը ես ճանաչում եմ միայն իմ կամքն ու կյանքը հանձնելով Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան: Երբ իմ կյանքն Աստծո խնամքի տակ է, վախը, անվստահությունը և զայրույթը դադարում են լինել իմ արձագանքն անցանկալի կյանքի իրավիճակներին: Նման ժամանակահատվածներում ցավը կարելի է վերացնել՝ հավատալով, որ ինձ տրված է հոգևոր ուժ գոյատևելու համար:

Հուլիսի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իմ կայունությունն աճում էր տալու ձգտումից, այլ ոչ թե ինձ համար ստանալու պահանջից: Նման մոտեցումը, իմ կարծիքով, պիտանի է նաև էմոցիոնալ սթափություն ձեռք բերելու համար: Եթե մենք վերլուծենք ցանկացած անախորժություն, մեծ կամ ոչ շատ, ապա դրա հիմքում կհայտնաբերենք ինչ-որ անառողջ կախվածություն և դրանից բխող անառողջ պահանջ մեր կողմից: Եկեք Աստծո օգնությամբ հրաժարվենք այս հավակնություններից, որոնք կաշկանդում են մեզ: Այն ժամանակ մենք ազատ կդառնանք կյանքի և սիրո համար: Այն ժամանակ մենք կկարողանանք Տասներկուերորդ Քայլի օգնությամբ տանել մեզ և ուրիշներին դեպի էմոցիոնալ սթափություն:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 238)

Ալկոհոլից՝ տրամադրությունը փոխող քիմիական նյութից կախվածության տարիներն ինձ զրկել էին ընկերների հետ էմոցիոնալ շփվելու ունակությունից: Ես կարծում էի, որ պետք է լինեմ ինքնուրույն, հույսս դնեմ միայն ինձ վրա և ինքս ղեկավարեմ իմ կյանքը մի աշխարհում մարդկանց, որոնց վրա չի կարելի հույս դնել: Ի վերջո ես կորցրի հարգանքն ինքս իմ նկատմամբ և մնացի մեն-մենակ իմ կախվածության հետ՝ անկարող վստահելու ինքս ինձ կամ հավատալու որևէ բանի: Կապիտուլյացիան և ինքնավերլուծությունը, զուգորդված նորեկներին իմ մասին պատմությունների հետ, օգնեցին ինձ խոնարհաբար օգնություն խնդրել:

Հուլիսի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԻՆՉ ՈՒՆԵՄ

Բացահայտելով մեզ համար խոնարհության իմաստը՝ մենք լրջորեն փոխեցինք մեր վերաբերմունքն առ Աստված…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 86 / Twelve Steps and Twelve Traditions, p. 75)

Այսօր իմ աղոթքները հիմնականում բաղկացած են Բարձրագույն Ուժին իմ սթափության և Նրա ողորմության համար ուղղված երախտագիտության խոսքերից: Սակայն ես պետք է նաև օգնություն և ուժ խնդրեմ՝ իմ նկատմամբ Աստծո կամքը կատարելու համար: Ինձ այլևս պետք չէ, որ Աստված ամեն րոպե ինձ դուրս բերի այն իրավիճակներից, որոնց մեջ ես ինքս եմ հայտնվում՝ չկատարելով Նրա կամքը: Այժմ, ինչպես ինձ թվում է, իմ երախտագիտությունն ուղղակիորեն կապված է խոնարհության հետ: Քանի դեռ ես խոնարհություն ունեմ շնորհակալություն հայտնելու Աստծուն այն բանի համար, ինչ ունեմ, Նա չի թողնի ինձ առանց Իր ողորմության:

Հուլիսի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԵՂԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մեզանից նրանք, ովքեր հավատացյալ էին, հասկացան Աստծո մասին նման պատկերացման սահմանափակությունը: Հրաժարվելով առաջին հերթին միշտ Նրան դիմելուց՝ մենք դրանով իսկ զրկեցինք մեզ Նրա օգնությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 87 / Twelve Steps and Twelve Traditions, p. 75)

Կեղծ հպարտությունը հաճախ ծնում է կեղծ հասկացություններ: Դեպի արժանապատիվ կյանք մեզ ուղղորդում է հույսը, որը մենք գտնում ենք ԱԱ-ում: Այս ճանապարհով տարիներ շարունակ (մեկական օրով) անցածներն ասում են, որ կյանքը, որի կենտրոնում Աստված է, ունի անսահման հնարավորություններ անհատի հոգևոր աճի համար: Իսկ քանի որ դա հենց այդպես է, ապա հույսը զգալի չափով փոխանցվում է ԱԱ-ի սթափության մեծ ստաժ ունեցող անդամների կողմից:

Ես շնորհակալություն եմ հայտնում իմ Բարձրագույն Ուժին այն բանի համար, որ Նա ինձ հասկացրեց, որ Նա գործում է մարդկանց միջոցով: Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան մեր վստահությամբ օժտված կատարողների համար, ովքեր օգնում են ԱԱ-ի նոր անդամներին հրաժարվել կեղծ իդեալներից և ընդունել այն իդեալները, որոնք տանում են դեպի ուրիշների հանդեպ վստահությամբ և կարեկցանքով լի կյանք: ԱԱ-ի ավագները կոչ են անում նորեկներին «գալ», որպեսզի նրանք կարողանան «գալ համոզման»: Ես խնդրում եմ իմ Բարձրագույն Ուժին օգնել ինձ ազատվել իմ անհավատությունից:

Հուլիսի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ

Այժմ «ես ինքս ինձնով ոչինչ եմ, ամեն ինչ որոշում է Երկնային Հայրը» խոսքերի մեջ իմաստ հայտնվեց և օգնության խոստում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 87 / Twelve Steps and Twelve Traditions, p. 75)

Ձեռնամուխ լինելով Յոթերորդ Քայլի կատարմանը՝ ես պետք է հիշեմ, որ այստեղ պետք չէ լրացնել ոչ մի ձևաթուղթ կամ բլանկ: Այնտեղ ասված չէ. «Խոնարհաբար խնդրեցինք» Նրան (արագ լրացնելով բլանկը) վերացնել մեր թերությունները: Տարիներ շարունակ ես լրացնում էի երևակայական բլանկներ՝ հետևյալ կետերով. «Օգնիր ինձ», «Տուր ինձ արիություն անելու այսինչ և այնինչ բանը», «Տուր ինձ ուժ…» և այլն:

Յոթերորդ Քայլում պարզապես ասվում է, որ Աստված կվերացնի իմ թերությունները: Միակ ջանքը, որ ինձանից պահանջվում է, դա «խոնարհաբար խնդրելն է»: Իսկ ինձ համար դա նշանակում է խնդրել այն գիտակցմամբ, որ ինքս ոչնչություն եմ, իսկ իմ կյանքում ամեն ինչ «որոշում է Երկնային Հայրը»:

Հուլիսի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՊԱՐԳԵՎ

Այս ժամանակին, ամենայն հավանականությամբ, մենք արդեն ինչ-որ չափով ազատվել ենք մեր ամենաաղաղակող արատներից: Երբեմն մենք հաճույք ենք զգում իսկական հոգեկան անդորրի նմանվող ինչ-որ բանից: Մեզանից նրանց համար, ովքեր մինչ այժմ եղել են գրգռվածության, դեպրեսիայի կամ անհանգստության վիճակում, այլ կերպ ասած՝ մեզ բոլորիս համար, այս ձեռք բերված հանգստությունը թվում է անգնահատելի պարգև:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 85–86 / Twelve Steps and Twelve Traditions, p. 74)

Ես սովորում եմ թույլ տալ իրադարձություններին ընթանալ իրենց հունով և ինքս ապավինել Աստծո կամքին՝ բաց պահելով իմ բանականությունը, իսկ սիրտը՝ պատրաստ ընդունելու Աստծո ողորմությունը իմ բոլոր գործերում: Միայն այդ ժամանակ ես կարող եմ զգալ խաղաղություն և ազատություն, որոնք ձեռք եմ բերում կապիտուլյացիայի արդյունքում: Ինձ արդեն ապացուցել են, որ պայքարից հրաժարումը, որն առաջանում է հուսահատությունից ու պարտությունից, կարող է վերածվել հավատքի իրական գործերի, և որ այս հավատքը նշանակում է ազատություն և հաղթանակ:

Հուլիսի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«Ե՛Վ ԼԱՎԸ, Ե՛Վ ՎԱՏԸ»

«Արարիչ, ես ուզում եմ, որ Դու ընդունես ինձ այն ամենով, ինչ կա իմ մեջ, և՛ լավով, և՛ վատով»:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74 / Alcoholics Anonymous, p. 76)

Կյանքի ուրախությունը կայանում է տալու մեջ: Ազատվելով իմ որոշ թերություններից՝ ես կարող եմ ավելի շատ զբաղվել ծառայությամբ, և խոնարհությունն էլ իմ մեջ ամրապնդվում է: Իմ թերությունները կարող են խոնարհաբար հանձնվել Աստծո կամքին և վերացվել Նրա կողմից: Յոթերորդ Քայլի էությունը խոնարհության մեջ է, և չկա խոնարհություն փնտրելու ավելի լավ ճանապարհ, քան քեզ ամբողջությամբ՝ լավ թե վատ, Աստծուն հանձնելը: Նա կարող է վերացնել վատը և ինձ վերադարձնել լավը:

Հուլիսի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ ՈՐՈՇԵԼ

«Աղաչում եմ Քեզ, ազատիր ինձ իմ բնավորության բոլոր թերություններից, որոնք խանգարում են ինձ օգտակար լինել Քեզ և ուրիշներին»:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74 / Alcoholics Anonymous, p. 76)

Ընդունելով իմ անզորությունը և որոշում կայացնելով հանձնել իմ կամքն ու կյանքն Աստծուն, ինչպես ես հասկանում եմ Նրան, ես ինքս չեմ որոշում, թե որ թերությունները պետք է վերացվեն և ինչ հերթականությամբ, կամ թե որ ժամանակի համար: Ես խնդրում եմ Աստծուն որոշել, թե իմ որ թերություններն են ինձ խանգարում ծառայել Իրեն և մարդկանց, և հետո խոնարհաբար խնդրում եմ Նրան վերացնել դրանք:

Հուլիսի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՕԳՆԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Մեր բուն գոյությունը (իսկ մենք մարդիկ ենք, ովքեր անցյալում չարաշահել են ոգելից խմիչքներ) կախված է ուրիշների հանդեպ մեր մշտական հոգատարությունից և նրանից, թե որքանով մենք կարող ենք օգտակար լինել նրանց:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 19 / Alcoholics Anonymous, p. 20)

Իմ հավերժական խնդիրը էգոցենտրիզմն էր: Մարդիկ միշտ ինչ-որ բան անում էին ինձ համար: Իսկ ես ոչ միայն ընդունում էի դա որպես հասանելիք, այլև միշտ աներախտագետ էի և դժգոհ, որ նրանք ավելին չեն անում: Ինչո՞ւ ես պետք է օգնեմ ուրիշներին, երբ նրանք պետք է օգնեն ինձ: Եթե նրանք անախորժություններ ունեն, մի՞թե դրանք չեն արժանացել դրանց:

Ինձ համակել էր ինքնախղճահարությունը, զայրույթը և վիրավորանքի զգացումը: Հետո ես իմացա, որ, օգնելով ուրիշներին՝ առանց որևէ բան ակնկալելու փոխարենը, ես կարող եմ հաղթահարել էգոցենտրիզմի այս մոլուցքը, և որ եթե հասկանամ խոնարհությունը, կճանաչեմ հոգեկան անդորր և մտքի պարզություն: Եվ ինձ այլևս պետք չէ խմել:

Հուլիսի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԴԵՌ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ

Իսկ մեզ համար, եթե մենք չօգնենք նրանց, ովքեր հիվանդ են, գոյություն ունի մշտական սպառնալիք կյանքի և հոգեկան առողջության համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 169 / Twelve Steps and Twelve Traditions, p. 151)

Ես լավ գիտեմ խմելու անզուսպ ցանկության այս տանջանքը՝ իմ նյարդերը և վախերը հանգստացնելու համար: Գիտեմ ես և սեղմած ատամներով սթափության ցավը: Ես չեմ մոռանում այն անծանոթին, ով անձայն տառապում է՝ միայնակ թաքնվելով իր մեջ ալկոհոլի մեջ զզվելի թեթևացում գտնելու հուսահատ փորձերով: Ես խնդրում եմ Բարձրագույն Ուժին ինձ ուժ, արիություն և պատրաստակամություն տալ՝ լինելու Նրա գործիքը և կարեկցելու ու օգնելու մարդկանց անշահախնդրորեն: Թող խումբը նախկինի պես ինձ ուժ տա ուրիշների հետ միասին անելու այն, ինչը ես չեմ կարող անել մենակ:

Հուլիսի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ «ԳԻՆԸ»

ԱԱ-ի յուրաքանչյուր խմբի հարկ է լիովին հենվել սեփական ուժերի վրա՝ հրաժարվելով դրսից եկող օգնությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 178 / Twelve Steps and Twelve Traditions, p. 160)

Երբ ես գալիս եմ խանութ, նայում եմ գներին, և եթե տեսնում եմ այն, ինչ ինձ պետք է, ապա, վճարելով անհրաժեշտ գումարը, գնում եմ դա: Հիմա, երբ համարվում է, որ ես ապաքինվում եմ, ես պետք է շտկեմ իմ կյանքը: Ժողովի ժամանակ ես սուրճ եմ խմում շաքարավազով և կաթով, երբեմն էլ՝ մեկ բաժակից ավելի: Բայց երբ սկսվում է հանգանակությունների հավաքումը, ես կամ չափազանց զբաղված եմ դրամապանակս բացելու համար, կամ էլ առանց այդ էլ քիչ փող ունեմ:

Բայց չէ՞ որ ես այնտեղ գտնվում եմ այն պատճառով, որ այս ժողովն ինձ անհրաժեշտ է: Ես լսել եմ, թե ինչպես է ինչ-որ մեկն առաջարկել զամբյուղի (գլխարկի, գավաթի և այլն) մեջ գցել մեկ տուփ գարեջրի արժեքը, և մտածել եմ. «Դե, դա արդեն չափազանց է»: Ես գրեթե երբեք մեկ դոլարից ավելի չէի տալիս: Ինչպես և շատ ուրիշներ, ես հույսս դնում եմ ավելի առատաձեռն անդամների վրա՝ Ընկերակցությունը ֆինանսավորելու համար: Ես մոռանում եմ, որ փողն անհրաժեշտ է տարածքի վարձակալության, սուրճի, շաքարավազի և բաժակների գնման համար: Ես, առանց տատանվելու, կվճարեմ իննսուն ցենտ մեկ գավաթ սուրճի համար սրճարանում. դրա համար ես միշտ փող կգտնեմ: Այսպիսով՝ որքա՞ն արժեն իմ սթափությունը և իմ հոգեկան անդորրը:

Հուլիսի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱԼՈՎ ԱԶԱՏՈՐԵՆ

Մենք ցանկացած զոհողության կգնանք՝ պահպանելու ԱԱ-ի միասնությունը: Մենք դա կանենք այն պատճառով, որ սովորել ենք սիրել Աստծուն և միմյանց:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 234)

Երբ ես խմում էի, ինձ հազվադեպ էր հաջողվում պահել ինքս ինձ. փող վաստակելը երբեք չի եղել իմ բնավորության ուժեղ կողմը: Եվ երբ բանը հասնում էր անձնական ժամանակի կամ փողի ծախսերին, միշտ առաջանում էր նաև գնի հարցը: Ես դեռ նորեկ էի, երբ ինձ ասացին, որ «մենք պետք է տանք, որպեսզի պահպանենք»: Սկսելով կիրառել ԱԱ-ի սկզբունքներն իմ կյանքում՝ ես շուտով հայտնաբերեցի, որ Ընկերակցությանն ինչ-որ բան տալը պատվի հարց է, և դրանում է արտահայտվում իմ սրտի երախտագիտությունը: Իմ սերն առ Աստված և մարդիկ, ընդ որում առանց փոխարենը ինչ-որ բան ստանալու որևէ մտքի, դարձավ որոշիչ գործոն իմ կյանքում: Այժմ ես հասկանում եմ, որ երբ տալիս եմ հեշտությամբ, դրանով իսկ Աստծո համար հնարավորություն եմ բացում արտահայտելու Իրեն իմ միջոցով:

Հուլիսի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԴԵՌ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ

Եկեք ձեռնպահ մնանք այն ինքնավստահ մտքերից, թե եթե Աստված մեզ օժտել է գործունեության որևէ ոլորտում հաջողության հասնելու ունակությամբ, ապա մեզ վիճակված է լինել փրկարար ողորմածության հաղորդիչ բոլորի համար:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 232)

ԱԱ խմբերը գոյություն ունեն նրա համար, որպեսզի օգնեն ալկոհոլիկներին հասնելու սթափության: Մեծ թե փոքր, կայացած թե նորաստեղծ, սպիկերական, բանավեճային թե ուսումնական՝ նրանք բոլորը գոյություն ունեն մեկ միակ նպատակով. հասցնել մեր գաղափարների իմաստը դեռևս տառապող ալկոհոլիկին: Խումբը գոյություն ունի նրա համար, որպեսզի այդ ալկոհոլիկը կարողանա ձեռք բերել նոր ապրելակերպ. կյանք, որը լի է երջանկությամբ, ուրախությամբ և ազատությամբ: Ապաքինման համար ալկոհոլիկների մեծ մասը կարիք ունի այլ ալկոհոլիկների խմբի աջակցության, ովքեր կիսվում են իրենց փորձով, ուժով և հույսով: Այսպիսով, իմ սթափությունը և մեր ընդհանուր գոյատևումը, Ծրագրին համապատասխան, կախված են գլխավորն առաջին տեղում դնելու իմ վճռականությունից:

Հուլիսի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԱՆՈՒՆ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ

Լինելով խմող ալկոհոլիկներ՝ մենք այս կամ այն ձևով միշտ ողորմություն (подачка) էինք փնտրում:

(Տասներկու Ավանդույթները նկարազարդումներով / The Twelve Traditions Illustrated, p. 14)

Յոթերորդ Ավանդույթը անձնական մարտահրավեր է, որը հիշեցնում է ինձ ուրիշների հետ կիսվելու և ինձ նվիրելու անհրաժեշտության մասին: Հարբեցողության մեջ միակ բանը, որը ես երբևէ մշակել եմ իմ մեջ, խմելու սովորությունն էր: Իսկ հիմա ժպիտը, բարի խոսքը և բարությունը՝ ահա թե ինչին են ուղղված իմ բոլոր ջանքերը: Ես հասկացա, որ պետք է սկսեմ անել իմ գործը և թույլ տամ նոր ընկերներին քայլել իմ կողքով, քանի որ Տասներկու Քայլերով և Տասներկու Ավանդույթներով աշխատանքի շնորհիվ ես ինձ լավ եմ զգում, ինչպես երբեք նախկինում:

Հուլիսի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱԼԸ

…նա գտել է ավելին, քան ոսկին… Նա դեռ չի հասկանում, որ դիպել է հարուստ երակին, որն իրեն շահույթ կբերի միայն այն դեպքում, եթե նա փորի մինչև կյանքի վերջ և պնդի, որ բոլոր արդյունահանվածները բաժանվեն անվճար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 124–125 / Alcoholics Anonymous, p. 129)

Իմ մասնակցությունը Յոթերորդ Ավանդույթին շատ ավելին է նշանակում, քան պարզապես վճարել մեկ գավաթ սուրճի համար: Դա նշանակում է ընդունել ինձ որպես խմբի անդամ: Առաջին անգամ ես կարող եմ պատասխանատու լինել, քանի որ ընտրություն ունեմ: Ներգրավվելով ԱԱ-ի «գործերի» մեջ՝ ես կարող եմ ճանաչել խնդիրների լուծման սկզբունքները նաև իմ առօրյա կյանքում: Ապահովելով ինքս ինձ՝ ես կարող եմ տալ ԱԱ-ին այն, ինչ ԱԱ-ն տվել է ինձ: Տալով ԱԱ-ին՝ ես երաշխավորում եմ ոչ միայն իմ սեփական սթափությունը, այլև ԱԱ-ի գոյությունն իմ սերունդների համար:

Հուլիսի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աստված, տուր ինձ բանականություն և հոգեկան անդորր՝ ընդունելու այն, ինչ ի վիճակի չեմ փոխել. արիություն՝ փոխելու այն, ինչ կարող եմ. և իմաստություն՝ տարբերելու մեկը մյուսից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 141 / Twelve Steps and Twelve Traditions, p. 145)

Այս աղոթքի զորությունն այն է, որ այն համապարփակ է և նույնքան պարզ ու գեղեցիկ, որքան ԱԱ Ընկերակցությունը: Պատահում է, ես սայթաքում եմ այն կրկնելիս, բայց եթե վերլուծում եմ դրա այն մասը, որն ինձ շփոթեցնում է, ապա գտնում եմ, թե որտեղ է խնդիրը: Երբ դա տեղի ունեցավ առաջին անգամ, ես վախեցա, բայց հիմա ես այն օգտագործում եմ որպես արդյունավետ գործիք: Ընդունելով կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ ես ձեռք եմ բերում մտքի պարզություն և հոգեկան անդորր:

Որոշակի գործողություններ ձեռնարկելով՝ ես ձեռք եմ բերում արիություն և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ինձ տրված ունակության համար՝ տարբերելու այն իրավիճակները, որոնց վրա կարող եմ աշխատել, նրանցից, որտեղ պետք է նահանջեմ: Այն ամենը, ինչ ես ունեմ հիմա, Աստծո պարգևն է. իմ կյանքը, ծառայությունը, իմ հոգեկան անդորրը և այս Ծրագիրը: Մտքի պարզությունը և հոգեկան անդորրն ինձ հնարավորություն են տալիս շարունակել առաջընթացը: Անանուն Ալկոհոլիկները հենց ավելի հեշտ, մեղմ ճանապարհն են:

Օգոստոսի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊՐԵԼ ԴՐԱՆՈՎ

Հոգևոր կյանքը տեսություն չէ: Պետք է ապրել հոգևոր կյանքով:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 80 / Alcoholics Anonymous, p. 83)

Որպես նորեկ Ծրագրում՝ ես չէի կարողանում մինչև վերջ հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել Ծրագրի հոգևոր կողմին համապատասխան: Բայց հիմա, սթափ վիճակում, ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա: Ես հոգևորություն էի փնտրում: Աստված, ինչպես ես հասկանում եմ Նրան, վերջապես ինձ պատասխանեց այն հարցերին, որոնք ինձ ստիպում էին խմել քսան տարի շարունակ: Ապրելով հոգևոր կյանքով, Աստծուց օգնություն խնդրելով՝ ես սովորեցի սիրել, հոգ տանել իմ ընկերների մասին, կարեկցել նրանց և ուրախություն զգալ մի աշխարհում, որտեղ նախկինում միայն վախ էի զգում:

Օգոստոսի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ԼՑՎԵՑԻՆՔ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

Տվյալ պահին մենք փորձում ենք կարգի բերել մեր սեփական կյանքը: Բայց դա ինքնանպատակ չէ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74 / Alcoholics Anonymous, p. 77)

Որքա՜ն հեշտությամբ ես կարող եմ շեղվել ճանապարհից Ութերորդ Քայլի մատույցներում: Ես ուզում եմ ազատ լինել և ինչ-որ կերպ փոխվել՝ աշխատելով Վեցերորդ և Յոթերորդ Քայլերով: Այժմ, ավելի քան երբևէ, ինձ սպառնում են շահամոլությունը և թաքնված մտադրությունները: Ես փորձում եմ հիշել, որ ինքնագոհությունը, որը երբեմն գալիս է, երբ ինձ ներում են նրանք, ում ես վնաս եմ հասցրել, ամենևին էլ իմ գլխավոր նպատակը չէ: Ես լցվում եմ իմ հասցրած վնասը փոխհատուցելու ցանկությամբ՝ միաժամանակ հասկանալով, որ այսպիսով ես ուղղվում եմ և կարող եմ առաջ շարժվել դեպի Աստծո կամքի ճանաչումն իմ նկատմամբ:

Օգոստոսի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

…ԾԱՌԱՅԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻՆ

Մեր իսկական նպատակն է՝ փոխել մեր կյանքն այնպես, որ այն առավելագույն օգուտ բերի Աստծուն և շրջապատին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74, 75 / Alcoholics Anonymous, p. 77)

Միանգամայն պարզ է, որ Աստծո մտադրությունն իմ նկատմամբ դրսևորվում է սիրո միջոցով: Աստված այնքան շատ է ինձ սիրում, որ ինձ հանեց աղբանոցներից ու բանտերից, որպեսզի ես դառնամ Նրա աշխարհի օգտակար մասնակիցը: Նրան իմ պատասխանը պետք է դառնա իմ սերը Նրա բոլոր զավակների հանդեպ, որն արտահայտվում է, այդ թվում, ծառայության և իմ սեփական օրինակի մեջ: Ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ սիրել մարդկանց այնպես, ինչպես Նա է ինձ սիրում:

Օգոստոսի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՏՔԻ ՍԵՐՄԵՐ

Հավատքն, իհարկե, անհրաժեշտ է, բայց միայն հավատքը բավարար չէ: Մենք կարող ենք հավատալ, բայց միևնույն ժամանակ հեռու լինել Աստծուց:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 41 / Twelve Steps and Twelve Traditions, p. 34)

Ես երեխայի պես անընդհատ կասկածի տակ էի դնում Աստծո գոյությունը: Ինձ նման «գիտական մտածողը» ոչ մի պատասխան չէր թողնում առանց մանրամասն վերլուծության: Եվ դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մի շատ համբերատար կին ի վերջո ինձ ասաց. «Դու պետք է հավատք գտնես»: Այս պարզ բառերը ցանեցին իմ ապաքինման սերմերը:
Այսօր, երբ ես, քաղհանելով ալկոհոլիզմի մոլախոտերը, զբաղված եմ իմ ապաքինմամբ, դանդաղորեն թույլ եմ տալիս հավատքի այս վաղուց ցանված սերմերին ծլել ու ծաղկել: Ապաքինման յուրաքանչյուր օր՝ հավատքի այգու այս սիրալիր խնամքը, Բարձրագույն Ուժին, ինչպես ես եմ Նրան հասկանում, բերում է իմ կյանք: Աստված միշտ ինձ հետ է եղել հավատքի մեջ, բայց ես եմ պատասխանատու Նրա ներկայությունն ընդունելու իմ պատրաստակամության համար: Ես խնդրում եմ Աստծուն շնորհել ինձ Իր կամքը կատարելու պատրաստակամություն:

Օգոստոսի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵԼՈՎ

Որքա՜ն համառորեն ենք մենք պաշտպանում մեր իրավունքը՝ մտածելու և գործելու ամբողջովին յուրովի:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 44 / Twelve Steps and Twelve Traditions, p. 37)

Եթե ես ընդունում եմ այն մարդկանց խորհուրդները, ովքեր ստիպել են Ծրագիրն աշխատել իրենց համար, և գործում եմ այնպես, ինչպես նրանք, ապա ես շանս ունեմ դուրս գալու անցյալի շրջանակներից: Որոշ խնդիրներ կվերանան, մյուսները կպահանջեն համբերություն և լավ մտածված գործողություններ: Ուշադիր լսելով մարդկանց, ովքեր կիսվում են իրենց փորձով, կարելի է նաև ինքդ քո մեջ ինտուիցիա մշակել անսպասելի ծագող խնդիրների լուծման գործում: Ինձ համար լավագույնն է՝ խուսափել հապշտապ գործողություններից: Ժողովներին հաճախելը կամ ԱԱ ընկերոջը զանգահարելը սովորաբար նվազեցնում են լարվածությունը և թեթևացում են բերում նույնիսկ ինձ նման հավերժ տառապյալին:

ԱԱ ժողովներին կամ հովանավորի հետ առանձին կիսվելով իմ խնդիրներով այլ ալկոհոլիկների հետ՝ կարելի է փոխել այն իրավիճակի առանձին ասպեկտները, որում ես հայտնվել եմ: Բացահայտելով իմ բնավորության թերությունները՝ ես սկսում եմ տեսնել, թե ինչպես են դրանք աշխատում իմ դեմ: Երբ ես հավատում եմ Ծրագրի հոգևոր ուժին, երբ վստահում եմ ուրիշներին սովորեցնել ինձ, թե ինչ պետք է անել ավելի լավ կյանքի համար, ես հայտնաբերում եմ, որ կարող եմ նաև ինձ վստահել անել այն, ինչ անհրաժեշտ է:

Օգոստոսի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ

Տարված լինելով վախի տարբեր ձևերով, ինքնախաբեությամբ, շահամոլությամբ, ինքնախղճահարությամբ՝ մենք արմունկներով հրմշտում ենք շրջապատին, իսկ նրանք մեզ վճարում են նույն մետաղադրամով:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 60 / Alcoholics Anonymous, p. 62)

Եսասիրությունն իմ հարբեցողության շարժիչ ուժն էր: Ես խմում էի՝ տոնելով հաջողությունը, և խմում էի՝ խեղդելու իմ վիշտը: Դրա այլընտրանքը խոնարհությունն է: Ես սովորում եմ իմ կամքն ու կյանքը հանձնել Աստծուն: Իմ հովանավորն ասում է, որ ծառայությունը պահպանում է իմ սթափությունը: Այսօր ես հարցնում եմ ինքս ինձ. «Ճանաչեցի՞ արդյոք ես Նրա կամքը, որը պետք է կատարեմ: Ծառայո՞ւմ եմ արդյոք ԱԱ իմ խմբին»:

Օգոստոսի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿ

Մենք, մեր հերթին, փնտրում էինք նույն այս ելքը խեղդվողի հուսահատությամբ: Այն, ինչ սկզբում թվում էր փխրուն եղեգն, պարզվեց Աստծո սիրող և զորեղ աջն է: Նոր կյանք էր բացվել մեզ համար, կամ, եթե կուզեք, «օրինակ, որով պետք է ապրել», — և այն իսկապես օգնում է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 27 / Alcoholics Anonymous, p. 28)

Ամեն օր ես ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բանի համար, որ Նա ինձ ցույց տվեց «օրինակ, որով պետք է ապրել», որն «իսկապես գործում է» մեր հիանալի Ընկերակցության միջոցով: Բայց ի՞նչ է իրականում ներկայացնում իրենից այս «ապրելու օրինակը», որն «իսկապես գործում է»: Ինձ համար դա Տասներկու Քայլերով լիարժեք նվիրումով աշխատանքն է, Աստծո մշտական գիտակցումը, ով սիրում է ինձ առանց որևէ պայմանների, և հույսը, որ յուրաքանչյուր նոր օր ես ապրելու նպատակ ունեմ: Ես իսկապես շատ երջանիկ եմ այս Ընկերակցությունում:

Օգոստոսի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԿԱԶՄԵՑԻՆՔ ՑՈՒՑԱԿ…»

Կազմեցինք բոլոր այն մարդկանց ցուցակը, ում մենք չարիք էինք պատճառել…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 89 / Twelve Steps and Twelve Traditions, p. 77)

Ութերորդ Քայլին «մոտենալիս» ես տարակուսում էի, թե ինչպես կարելի է թվարկել այն ամենը, ինչ ես արել եմ ուրիշ մարդկանց, չէ՞ որ նրանք այնքան շատ են, իսկ ոմանք արդեն ողջ էլ չեն… Իմ հասցրած վիրավորանքներից մի քանիսն աննշան էին, բայց դրանք, այնուամենայնիվ, շատ էին անհանգստացնում ինձ: Այս Քայլում գլխավորը ցանկությամբ լցվելու անհրաժեշտությունն է՝ անելու ամեն ինչ վնասը լավագույն կերպով փոխհատուցելու համար, ընդ որում հենց հիմա: Այնտեղ, որտեղ կա ցանկություն, կգտնվի նաև միջոց. ուստի, եթե ես ուզում եմ ինձ ավելի լավ զգալ, ես պետք է ազատվեմ ինձ ճնշող մեղքի զգացումից: Դրա համար տեղ չկա հոգեկան անդորրի մեջ:
Եթե ես ազնիվ եմ ինքս իմ հետ, ապա Բարձրագույն Ուժի օգնությամբ կարող եմ մաքրել իմ գիտակցությունը այս զգացմունքներից:

Օգոստոսի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«…ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՒՄ ՄԵՆՔ ՉԱՐԻՔ ԵՆՔ ՊԱՏՃԱՌԵԼ»

…և լցվեցինք նրանց առաջ մեր մեղքը քավելու ցանկությամբ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 89 / Twelve Steps and Twelve Traditions, p. 77)

«Բոլոր» բառը Ութերորդ Քայլի հիմնաբառերից մեկն է: Ես ազատ չեմ որոշ անուններ ներառել ցուցակում, իսկ մյուսները՝ ոչ: Սա «բոլոր» այն մարդկանց ցուցակն է, որոնց ես չարիք եմ պատճառել: Ես միանգամից տեսնում եմ, որ այս Քայլը ենթադրում է ներում, որովհետև եթե ես չեմ ուզում ներել ինչ-որ մեկին, ապա, ամենայն հավանականությամբ, նրան չեմ էլ ներառի ցուցակի մեջ: Նախքան առաջին անունը ցուցակում գրելը ես կարդացի մի փոքրիկ աղոթք. «Ես ներում եմ բոլորին և յուրաքանչյուրին, ով երբևէ և որևէ հանգամանքներում ինձ չարիք է պատճառել»:

Տերունական աղոթքը (Հայր մեր. Ծանոթ. թարգմ.) կարդալուց առաջ ինձ օգտակար է խորհել կարճ, բայց շատ նշանակալից բառի շուրջ՝ «ինչպես» բառի: Ես խնդրում եմ. «Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում նրանց, ովքեր մեղանչել են մեր դեմ»: Տվյալ դեպքում «ինչպես» նշանակում է «նմանապես»: Ես խնդրում եմ ներել ինձ ճիշտ այնպես, ինչպես ես եմ ներում ուրիշներին: Եթե աղոթքի այս մասը կարդալիս ինձ տիրում են ատելությունն ու վիրավորանքի զգացումը, ապա ես միայն խորացնում եմ այդ զգացմունքները, մինչդեռ պետք է աղերսեի ներման ոգուն:

Օգոստոսի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՄԵՐ ՋԱՆՔԵՐԸ

Վերլուծելով իր բարոյական հատկանիշները՝ նա արդեն որոշ չափով արել է դա, բայց այժմ նա պետք է կրկնապատկի իր ջանքերը՝ հասկանալու համար, թե քանի մարդու է նա վնաս հասցրել և հատկապես ինչպիսի:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 89–90 / Twelve Steps and Twelve Traditions, p. 77)

Սթափության մեջ իմ հոգևոր աճին զուգընթաց ես ավելի ու ավելի եմ գիտակցում ինձ որպես արժեքավոր մարդ: Միաժամանակ աճում է նաև իմ ունակությունը՝ ցանկացած այլ մարդու որպես անհատականություն համարելու: Եվ սրա հետ մեկտեղ գալիս է այն բանի ըմբռնումը, որ հենց դրանք են այն մարդիկ, որոնց ես չարիք էի պատճառում, երբ խմում էի: Ես պարզապես չէի ստում, ես ստում էի Թոմի մասին: Ես պարզապես չէի խաբում, ես խաբում էի Ջոյին:

Այն, ինչ թվում էր ոչ անհատականացված արարքներ, իրականում հարձակումներ էին կոնկրետ մարդկանց վրա, որովհետև հենց այդ մարդկանց (և արժանապատիվ մարդկանց) ես նեղացրի: Սթափությունը հանգիստ վայելելու համար ես պետք է ինչ-որ բան անեմ իմ կողմից նեղացված մարդկանց նկատմամբ:

Օգոստոսի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆՔ «ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ»

Բարոյական գույքագրումը հանգիստ վերլուծություն է այն վնասի, որը պատճառվել է մեր կողմից կյանքի ընթացքում, և անկեղծ ցանկություն նայել դրան առանց կանխակալության: Դա ստեղծում է այնպիսի արդյունք, կարծես մեզանից խլել են վերջին կաթիլը, այդ էմոցիոնալ սուբստանցիան, որը դեռևս վիրավորում է և խանգարում:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 140)

Իմ ցուցակը, որը կազմվել էր Ութերորդ Քայլով, երբեմն ինձ մոտ վիրավորանքի սարսափելի զգացում էր առաջացնում: Սթափության չորս տարիներից հետո ինձ բառացիորեն կաթվածահար արեց ժխտումը, որն առաջացել էր վախի և հպարտության միջև հիվանդագին կախվածությունից: Նրանց միջև վեճը թուլանում էր այնքանով, որքանով այս Քայլի բառերը տեղափոխվում էին իմ գլխից իմ սիրտ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես բացեցի իմ ցավերի արկղը և դուրս թափեցի անկեղծ զայրույթը:

Դա կարմիր, սև և դեղին գույների պայթյուն էր: Երբ ես նայում էի իմ նկարին, այտերովս հոսում էին ուրախության և թեթևացման արցունքներ: Իմ հիվանդության հետ ես թողել էի արվեստը՝ դրանով իսկ ինքս ինձ նշանակելով պատիժ, որը շատ ավելի ուժեղ էր, քան ուրիշների կողմից նշանակվածներից որևէ մեկը: Ապաքինման գործընթացում ես իմացա, որ իմ թերություններից եկող ցավն այն նյութն է, որն Աստված օգտագործում է իմ բնավորությունը շտկելու և ինձ ազատելու համար:

Օգոստոսի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՅԱՑՔ ԱՆՑՅԱԼԻՆ

Նախևառաջ մենք պետք է հետ նայենք մեր անցյալին և փորձենք հասկանալ, թե որտեղ և երբ ենք մենք սխալ եղել: Ապա մենք պետք է եռանդուն փորձ անենք վերականգնելու մեր կողմից ավերված ամեն ինչ…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 89–90 / Twelve Steps and Twelve Traditions, p. 77)

ԱԱ-ի հետ կատարելով հրապուրիչ ճանապարհորդություն Ապաքինում կոչվող երկրով՝ ես նորից գտա հոգեկան անդորր: Եվ կյանքի հորիզոնը, մութ ու մշուշոտից, դարձավ մաքուր և լուսավոր: Հետ նայել և նայել ապրած կյանքին՝ սխալներ փնտրելու համար, ինձ վտանգավոր և դժվարին խնդիր էր թվում: Տանջանք էր կանգ առնելն ու հետ նայելը: Ես վախենում էի, որ կարող եմ սայթաքել: Կարո՞ղ եմ արդյոք ես գլխիցս հանել անցյալը և ապրել իմ ոսկե ներկայում:

Ես հասկանում էի, որ նրանք, ում ես անցյալում չարիք եմ պատճառել, կանգնած են իմ և դեպի հոգեկան անդորր շարժվելու իմ ցանկության միջև: Ես պետք է խնդրեմ Աստծուն տալ ինձ արիություն ազնվորեն և համարձակորեն կանգնել այն մարդկանց առաջ, ովքեր եղել են իմ կյանքում և շարունակում են մնալ իմ գիտակցության մեջ, որպեսզի որոշեմ իմ մեղքը նրանց հանդեպ և զբաղվեմ դրանով: Ես պետք է որոշեմ նրանց հասցված վնասը և պատրաստակամություն դրսևորեմ հարթելու իմ մեղքը: Միայն այդ ժամանակ իմ հոգևոր ճանապարհորդությունը կարող է վերսկսվել:

Օգոստոսի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՄԱՔՐՈՒՄ

Եվ, վերջապես, մաքրելով մեր անցյալի գործունեության ավերակները, մենք կարող ենք, ղեկավարվելով ինքներս մեր մասին նոր ձեռք բերված գիտելիքներով, սկսել նորմալ հարաբերություններ կառուցել բոլոր այն մարդկանց հետ, որոնց մենք ճանաչում ենք:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 89 / Twelve Steps and Twelve Traditions, p. 77)

Երբ ես մոտեցա Ութերորդ Քայլին, ես տեսա, որ այն ամենը, ինչ պահանջվում էր նախորդ Յոթ Քայլերով հաջող աշխատանքի համար, այստեղ միավորվեց. արիություն, ազնվություն, անկեղծություն, պատրաստակամություն և հանգամանալիցություն: Սկզբում ինձ չէր հերիքում ուժ այս խնդրի հետ գլուխ հանելու համար: Ահա թե ինչու է այս Քայլում ասվում. «Լցվեցինք ցանկությամբ…» Ես պետք է իմ մեջ մշակեմ արիություն՝ սկսելու համար, ազնվություն՝ տեսնելու, թե ինչում եմ սխալ, անկեղծ ցանկություն՝ ամեն ինչ իր տեղը դնելու համար, հանգամանալիցություն՝ ցուցակը նախապատրաստելիս, և պատրաստակամություն՝ ստանձնելու այն աշխատանքը, որն անհրաժեշտ է ճշմարիտ խոնարհության համար: Իմ Բարձրագույն Ուժի օգնությամբ ես իմ մեջ մշակեցի այս հատկությունները: Եվ դա թույլ տվեց ինձ ավարտել այս Քայլը և շարունակել առաջընթացը հոգևոր աճի ձգտման մեջ:

Օգոստոսի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՏԿՈՒՄ ԵՆՔ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք պետք է փորձենք մեր կյանքի ճանապարհից հեռացնել ողջ հնոտիքը, որը կուտակվել է միայն մեր կամքով ղեկավարվելու և մյուսներին ստվերելու մեր ցանկության պատճառով: Եթե մենք չենք ուզում դա անել, մենք խնդրում ենք Աստծուն, որ մեզ մոտ այդպիսի ցանկություն առաջանա: Հիշեք, որ ամենասկզբից մենք որոշեցինք պատրաստ լինել ցանկացած զոհողության՝ ալկոհոլը հաղթելու համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 74–75 / Alcoholics Anonymous, pp. 72–73)

Այն մարդկանց ցուցակը կազմելը, ում ես չարիք էի պատճառել, մեծ դժվարություն չներկայացրեց: Նրանք արդեն առկա էին Չորրորդ Քայլում իմ գույքագրման մեջ. մարդիկ, որոնցից ես վիրավորված էի, իրական կամ երևակայական, ինչպես նաև նրանք, որոնց ես տառապանք էի պատճառել իբր որպես վրեժ: Որպեսզի իմ ապաքինումը հիմնավոր լինի, բացարձակապես էական չէ, որ ինձ վնասած մարդիկ հարթեն իրենց մեղքն իմ առաջ: Աստծո հետ իմ հարաբերություններում կարևոր է միայն այն, որ ես կանգնած եմ Նրա առջև՝ իմանալով, որ արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուղղեմ այն վնասը, որը հասցրել եմ ես:

Օգոստոսի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ՆԵՂԱՑՐԵԼ

Բայց մեզանից ոմանք սայթաքում էին մեկ այլ բանի վրա: Մենք համառորեն պնդում էինք, որ մեր հարբեցողությունը վնասել է միայն մեզ և ուրիշ ոչ մեկի:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 91 / Twelve Steps and Twelve Traditions, p. 79)

Այս Քայլն ինձ այնքան պարզ էր թվում: Ես գտա մի քանի հոգու, որոնց չարիք էի պատճառել, բայց նրանք այլևս իմ կողքին չէին: Եվ այնուամենայնիվ ես ինձ անհարմար էի զգում և խուսափում էի խոսակցություններից այս Քայլի մասին: Ժամանակի ընթացքում ես սովորեցի տեսնել իմ կյանքի բոլոր կողմերը, որոնք ինձ անհանգստություն էին պատճառում: Իմ որոնումներում ես հասա ծնողներիս, ովքեր վիրավորված էին ինձանից իմ հեռվացվածության պատճառով.

գործատուիս, ով անհանգստացած էր իմ բացակայություններից, մոռացկոտությունից և իմ պահվածքից. ընկերներիս, որոնցից ես խուսափում էի առանց որևէ բացատրության: Միայն այն ժամանակ, երբ ես սեփական աչքերով տեսա իրական վնասը, որը հասցրել էի մարդկանց, Ութերորդ Քայլն ինձ համար նոր իմաստ ստացավ: Ես այլևս անհարմարություն չեմ զգում և ինձ զգում եմ մաքրված ու լուսավորված:

Օգոստոսի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԵՍ ԴՈՒՐՍ ԷԻ ԸՆԿԵԼ ՇՓՈՒՄԻՑ»

Կարելի է հարց տալ ինքդ քեզ, թե ինչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք, որ «նեղացրել ենք» ուրիշ մարդկանց: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ «վիրավորանքներ» կարող են մարդիկ հասցնել միմյանց: Մենք կարող էինք գործնականում սահմանել «վիրավորանք» բառը որպես բնազդների բախման արդյունք, որը մարդկանց հասցնում է ֆիզիկական, հոգեկան, էմոցիոնալ և հոգևոր վնաս:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 92–93 / Twelve Steps and Twelve Traditions, p. 80)

Ներկա գտնվելով Ութերորդ Քայլի ժողովներին՝ ես միշտ մտածում էի. «Ես, ըստ էության, հիմնական վնասը պատճառել եմ ոչ թե մարդկանց, այլ ինքս ինձ»: Ժամանակի ընթացքում ես պատրաստեցի իմ ցուցակը, և այն այնքան էլ կարճ չստացվեց, որքան ես կարծում էի նախկինում: Ամեն ինչ, ինչպես պարզվեց, շատ պարզ էր. դուք ինձ կա՛մ դուր էիք գալիս, կա՛մ դուր չէիք գալիս, կա՛մ էլ ինձ ինչ-որ բան էր պետք ձեզանից: Մարդիկ չէին անում այն, ինչ ես նրանցից սպասում էի. իսկ մտերիմ հարաբերություններն անհնար էին իմ զուգընկերների անհիմն պահանջների պատճառով:

Արդյո՞ք դա անտեսում էր: Խմելու պատճառով ես «դուրս էի ընկել շփումից». երբեք բացիկներ չէի ուղարկում, չէի պատասխանում զանգերին, անհասանելի էի մարդկանց համար և չէի մասնակցում նրանց կյանքին: Ինչպիսի՜ բարիք դարձավ ինձ համար հնարավորությունն ուշադիր նայելու այս հարաբերություններին և հանգիստ, մենակ Աստծո հետ, ինչպես ես հասկանում եմ Նրան, անցկացնել ինքնագնահատում և ամեն օր առաջ գնալ՝ պատրաստ լինելով լինել ազնիվ և պատասխանատու մարդկանց հետ փոխհարաբերություններում:

Օգոստոսի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՒՂՂԵԼՈՎ ՍԽԱԼՆԵՐԸ

Շատ դեպքերում մենք կհայտնաբերենք, որ այլ մարդկանց մեր կողմից հասցված վնասն իսկապես մեծ չէ, բայց այն էմոցիոնալ վնասը, որ մենք հասցրել ենք ինքներս մեզ, շատ ավելի մեծ է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 92 / Twelve Steps and Twelve Traditions, p. 79)

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ ձեր գործընկերոջը կամ ընտանիքի անդամին ձեր կողմից հասցված վնասն այնքան աննշան էր, որ չի պահանջում ներողություն, քանի որ նրանք արդեն մոռացել են դրա մասին: Եթե ինչ-որ մարդ և նրան հասցված չարիքն անընդհատ դուրս չեն գալիս իմ գլխից՝ առաջացնելով անհանգստություն կամ նույնիսկ մեղքի զգացում, ապա ես նման մարդուն առաջին տեղում եմ դնում իմ «մեղքը հարթելու» ցուցակում և պատրաստվում եմ նրան անկեղծ ներողություն խնդրել: Ես գիտեմ, որ հենց որ իմ ապաքինման այս շատ կարևոր մասն ավարտվի, ես ինձ հանգիստ և անկաշկանդ կզգամ այս՝ ժամանակին իմ կողմից նեղացված մարդու հետ:

Օգոստոսի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Անցյալի էմոցիոնալ հակամարտությունները, որոնք անհանգստացնում են մեզ, թաղված են ենթագիտակցության մեջ երբեմն այնքան խորը, որ մենք մոռացել ենք դրանց մասին:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 92 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 79–80)

Միայն բարի գործերով ես կարող եմ ազատվել մեղքի կամ ամոթի զգացման մնացորդներից, որոնք առաջացել են հարբեցողության պատճառով: Իմ հարբած արկածների ժամանակ ընկերներս մեկ անգամ չէ, որ ասել են. «Ինչո՞ւ ես դա անում: Դու միայն վնասում ես ինքդ քեզ»: Դժվար թե ես այն ժամանակ գիտակցեի, թե որքան ճշմարտացի էին նրանց խոսքերը: Եվ թեև ես վնասում էի նաև մարդկանց, իմ շատ արարքներ խոր վերքեր էին թողնում հենց իմ սեփական հոգում:

Ութերորդ Քայլը հնարավորություն է տալիս ինձ ներել ինքս ինձ: Կազմելով նրանց ցուցակը, ում ես չարիք եմ պատճառել, ես դրանով իսկ բացահայտում եմ այն վնասը, որը հասցրել եմ մարդկանց: Փոխհատուցելով վնասը՝ ես ազատվում եմ ծանր բեռից, և դա օգնում է իմ ապաքինմանը:

Օգոստոսի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԵՍԱԿԵՏ

Վերադառնանք մեր ցուցակին: Գլխներիցս դեն նետելով մտքերն այն չարիքի մասին, որ մեզ պատճառել են ուրիշները, մենք վճռականությամբ ձեռնամուխ եղանք մեր սեփական սխալների որոնմանը: Ո՞ր դեպքերում ենք մենք եսասիրություն դրսևորել, եղել անազնիվ, ինքնասիրահարված, հետապնդել մեր շահամոլական շահերը, վախկոտություն ցուցաբերել:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 65–66 / Alcoholics Anonymous, p. 67)

Հրաշալի ազատություն կա նրանում, որ ես այլևս կարիք չունեմ իմ գործընկերների կամ մարդկանց, ում սիրում եմ, մշտական հավանությանը: Ափսոս, որ ես չգիտեի այս Քայլի մասին ավելի վաղ. միայն որոշակի տեսակետ մշակելով՝ ես ինձ ունակ զգացի հետագայում հերթական անգամ ճիշտ վարվել, իմանալով, որ այս արարքը համապատասխանում է իրավիճակին և միակ ճիշտն է:

Օգոստոսի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԵՊԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Քանի որ փչացած հարաբերությունները [մարդկանց հետ] գրեթե միշտ մեր դժբախտությունների, այդ թվում և ալկոհոլիզմի անմիջական պատճառն են եղել, վերլուծության ոչ մի ոլորտ չի տա ավելի արժեքավոր արդյունքներ, քան սա:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 92 / Twelve Steps and Twelve Traditions, p. 80)

Պատրաստակամությունը ինձ համար յուրահատուկ վիճակ է: Նախ գալիս է հասկացողությունը, ապա՝ անհարմարության զգացումը, որն ինձ մոտ գործելու ցանկություն է առաջացնում: Ութերորդ Քայլի շուրջ մտորումներում մարդկանց վնասը փոխհատուցելու իմ պատրաստակամությունն առաջացավ որպես ուրիշներին և ինքս ինձ ներելու ցանկություն: Իսկ ուրիշներին ներել ես ցանկացա միայն այն ժամանակ, երբ գիտակցեցի իմ դերը մարդկանց հետ բարդ հարաբերություններում: Ես երազում էի զգալ մտքի պարզություն և հոգեկան անդորր, որոնց մասին ասվում է Խոստումներում:

Աշխատելով առաջին յոթ Քայլերով՝ ես հասկացա, թե ում եմ չարիք պատճառել, և գիտակցեցի, որ ինքս ինձ համար ամենամեծ թշնամին ես ինքս էի: Ես հասկացա. շրջապատող մարդկանց հետ հարաբերությունները վերականգնելու համար ես ինքս պետք է փոխվեմ: Ես ուզում էի սովորել ապրել ներդաշնակության մեջ ինքս ինձ և մարդկանց հետ՝ որպեսզի ապրեմ էմոցիոնալ առումով ազատ: Իմ ընկերներից և Աստծուց իմ մեկուսացման վերջի սկիզբը վրա հասավ, երբ ես կազմեցի իմ ցուցակը Ութերորդ Քայլով:

Օգոստոսի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ

Իմ կայունությունն առաջանում էր պարզապես տալու ձգտումից, այլ ոչ թե փոխարենը ինչ-որ բան ստանալու պահանջներից:

(Լավագույնը Բիլից / The Best of Bill, pp. 46–47)

Երբ ես ողջ սրտով ու հոգով տալիս եմ ուրիշներին այն, ինչ ինձ է փոխանցվել, և ոչինչ չեմ պահանջում դրա դիմաց, ամեն ինչ նորմալ է ընթանում: Մինչ ԱԱ Ծրագիրը ես երբեք չէի կարող որևէ բան տալ՝ չպահանջելով ինչ-որ բան դրա դիմաց: Ես չգիտեի էլ, որ հենց սկսեմ տալ իմ մի մասնիկը՝ չպահանջելով և չակնկալելով ոչինչ դրա դիմաց, կսկսեմ և ստանալ: Պարգևները, որոնք ես ստանում եմ այսօր, ինչպես ստանում էր և Բիլլը, դա իմ կայունությունն է ԱԱ Ծրագրում, ներքին կայունությունը և, ամենակարևորը, կայունությունն իմ հարաբերություններում Բարձրագույն Ուժի հետ, որին ես անվանում եմ Աստված:

Օգոստոսի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԷՄՈՑԻՈՆԱԼ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Երբ մենք բարձրացանք զարգացման ավելի բարձր աստիճանի, մենք հայտնաբերեցինք, որ էմոցիոնալ կայունության լավագույն աղբյուրն ինքը Աստված է: Մենք իմացանք, որ Նրա անբասիր արդարությունից, ամենաներողությունից և սիրուց կախվածությունը նպաստում է հոգեկան առողջությանը և օգնում է այնտեղ, որտեղ այլևս օգնություն սպասելու տեղ չկա: Եթե մենք իսկապես կախված ենք Աստծուց, ապա չենք ձևացնի մեզ Աստված մեր ընկերների առաջ և չենք ցանկանա լիովին կախված լինել մարդկանց պաշտպանությունից և աջակցությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 131 / Twelve Steps and Twelve Traditions, p. 116)

Իմ էմոցիոնալ կարիքներում և պաշտպանության հարցում ես միշտ կախված եմ եղել մարդկանցից: Բայց ես այլևս չեմ կարող այդպես ապրել: Աստծո ողորմությամբ ես ընդունեցի իմ անզորությունը մարդկանց, իրավիճակների և իրերի նկատմամբ: Ես տարված էի շփումով. ուր էլ գնայի, այնտեղ անպայման պետք է լիներ մեկը, ով ուշադրություն կդարձներ ինձ վրա: Այսպիսի մոտեցումը միայն վնաս է բերում, քանի որ որքան շատ էի ես կախված ուրիշներից և ուշադրություն էի պահանջում, այնքան ավելի քիչ էի ստանում:

Ես դադարեցի հավատալ, որ մարդկային որևէ ուժ կարող է ինձ ազատել այս դատարկ զգացումից: Եվ թեև ես մնում եմ փխրուն մարդկային էակ, որին անհրաժեշտ է աշխատել ԱԱ-ի Քայլերով՝ սկզբունքները անձնական շահերից վեր պահելու համար, միայն սիրող Աստված կարող է ինձ ներքին խաղաղություն և էմոցիոնալ կայունություն տալ:

Օգոստոսի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱՆԵԼ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ ՏՈՒՆ

Կարո՞ղ ենք մենք դրսևորել սիրո և հանդուրժողականության ոգի մեր խաթարված ընտանեկան կյանքում այն չափով, որքանով մենք այն դրսևորում ենք ԱԱ խմբում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 126 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 111–112)

Իմ ընտանիքի անդամները տառապում են իմ հիվանդության հետևանքներից: Սիրել և ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ճիշտ այնպես, ինչպես ես սիրում և ընդունում եմ ԱԱ անդամներին, նպաստում է իմ կյանքում սիրո, հանդուրժողականության և ներդաշնակության վերադարձին: Պարզ քաղաքավարությունը և այլ մարդկանց անձնական սահմանների հարգումը գիտակցված անհրաժեշտություն են իմ ողջ կյանքի համար:

Օգոստոսի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՆԵԼՈՒԿ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Հավանաբար կարելի է բացատրություն գտնել նաև այնպիսի հոգևոր փորձի համար, ինչպիսին մերն է: Ես հաճախ եմ փորձել բացատրություն գտնել իմ սեփականին և հաջողել եմ միայն նրանում, որպեսզի միայն շարադրեմ իմ սեփականն ու իմ պատմությունը: Ես գիտեմ այն զգացումը, որն առաջացնում է այս փորձը, և արդյունքները, որոնք հետևում են դրան, բայց գիտակցում եմ, որ, հնարավոր է, երբեք լիովին չհասկանամ նրա խորքային «ինչպես»-ը և «ինչու»-ն:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 313)

Ես խոր հոգևոր ցնցում ապրեցի ԱԱ-ի բաց ժողովի ժամանակ, և դա ինձ ստիպեց բացականչել. «Ես ալկոհոլիկ եմ»: Այդ օրվանից ես ոչ մի անգամ չեմ խմել: Կարող եմ պատմել այն բառերի մասին, որոնք լսեցի անմիջապես իմ խոստովանությունից առաջ, և այն մասին, թե ինչպես դրանք ազդեցին ինձ վրա: Բայց բացատրել, թե ինչ տեղի ունեցավ, միևնույն է, չեմ կարող: Ես հավատում եմ, որ Ուժը, որն ավելի հզոր է, քան ես, ընտրեց ինձ ապաքինման համար, և այնուամենայնիվ չգիտեմ, թե ինչու:

Ես փորձում եմ չանհանգստանալ և չկասկածել նրանում, ինչ ես դեռ չգիտեմ: Փոխարենը ես պարզապես հավատում եմ, որ եթե շարունակեմ աշխատել Քայլերով, կիրառել ԱԱ-ի սկզբունքներն իմ կյանքում և կիսվել իմ փորձով, ապա սիրով կառաջնորդվեմ դեպի խոր և հասուն հոգևորություն, որտեղ ինձ շատ բան կբացահայտվի: Իսկ առայժմ ինձ համար պարգև են հավատքն առ Աստված, Քայլերով աշխատանքը և իմ օգնությունն ուրիշներին:

Օգոստոսի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԿԱՊԻ ՊԱՐԳԵՎԸ

Ազատիր ինձ եսասիրության կապանքներից, որպեսզի ես կարողանամ ավելի լավ կատարել Քո կամքը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 61 / Alcoholics Anonymous, p. 63)

Իմ հարբեցողության ժամանակներում ես մեկ անգամ չէ, որ խմել եմ՝ այլ մարդկանց հետ կապ հաստատելու համար, բայց հաջողել եմ միայն ալկոհոլային մենության ստրկության կապանքներ ձեռք բերելու մեջ: ԱԱ-ում ես ստացա կապի պարգև նրանց հետ, ովքեր այնտեղ էին ինձանից առաջ, նրանց հետ, ովքեր հիմա այնտեղ են, և նրանց հետ, ովքեր դեռ կգան: Ես անասելի երախտապարտ եմ Աստծուն Նրա այս բարի պարգևի համար:

Օգոստոսի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱԼԸ

Թեև նրանք գիտեին, որ պետք է օգնեն այլ ալկոհոլիկներին, որպեսզի իրենք չխմեն, այս դրդապատճառը նրանց համար դարձավ երկրորդական: Ավելի կարևոր էր երջանկության զգացումը, որ նրանք ապրեցին՝ օգնելով ուրիշներին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 155 / Alcoholics Anonymous, p. 159)

Ինձ համար այս բառերը վերաբերում են ուրիշներին այն ուժի փոխանցմանը, որի միջոցով Աստված, ինչպես ես եմ Նրան հասկանում, մուտք է գործում իմ կյանք: Աղոթելով և մտորելով՝ ես բացում եմ կապի ուղիներ Աստծո հետ, հաստատում և ամրապնդում եմ իմ գիտակցված կապը Նրա հետ: Գործելով՝ ես ստանում եմ ուժ, որն ինձ անհրաժեշտ է ամեն օր սթափությունը պահպանելու համար: Պահպանելով իմ հոգևոր վիճակը, տալով այն, ինչն ինձ անհատույց տրվել է, ես ստանում եմ դատավճռի ի կատար ածման ամենօրյա տարկետում:

Օգոստոսի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼԸ

Երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, մեր կախվածությունը (որպես ԱԱ անդամների) Բարձրագույն Ուժից անցավ իր առաջին լուրջ փորձությունը: ԱԱ անդամները հայտնվեցին Զինված Ուժերում և ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ: Արդյո՞ք նրանք կենթարկվեն կարգապահությանը, կդիմանա՞ն արդյոք կրակի տակ, կդիմանա՞ն արդյոք…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 200)

Ես կկենտրոնանամ Բարձրագույն Ուժի վրա: Ես ամեն ինչ կհանձնեմ իմ ներսում եղած այդ Ուժին: Ես կլինեմ այս Ուժի զինվորը՝ զգալով հոգևոր բանակի հզորությունը, որն այսօր գոյություն ունի իմ կյանքում: Ես թույլ կտամ հոգևոր միասնության ալիքին՝ իմ երախտագիտության, հնազանդության և կարգապահության միջոցով, կապել ինձ այս Բարձրագույն Ուժի հետ: Թող այս Ուժն ինձ տանի օրվա բոլոր դժվարությունների միջով: Թող այն քայլերը, որոնք ես այսօր ձեռնարկում եմ, ամրապնդեն իմ խոսքերն ու գործերը: Եվ թող ես միշտ հիշեմ, որ մեր գաղափարների իմաստը, որը ես կրում եմ, անհատույց տրվել է ինձ ինձանից ավելի հզոր Ուժի կողմից, որպեսզի ես կիսվեմ դրանցով այլ մարդկանց հետ:

Օգոստոսի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՎ ԲԵՌԸ

…Ցույց տալ ուրիշներին, թե ինչպես մեզ նմանատիպ իրավիճակում օգնություն եկավ: Հենց դա է մեր կյանքը դարձնում ավելի արժեքավոր… մեր մութ անցյալը — …բանալի դեպի ուրիշների կյանքն ու երջանկությունը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 120 / Alcoholics Anonymous, p. 124)

Սթափության ընթացքում ես ազատվել եմ բազմաթիվ տառապանքներից՝ զուգընկերոջ խաբեության, լավագույն ընկերոջ դավաճանության, իմ նկատմամբ մորս հույսերի փլուզման պատճառով: Յուրաքանչյուր դեպքում ինչ-որ մեկը Ծրագրում պատմում էր ինձ նմանատիպ խնդրի մասին, և դա ինձ թույլ էր տալիս կիսվել այն բանով, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ: Իսկ երբ իմ պատմությունը պատմվում էր իմ կողմից, մենք երկուսս էլ բաժանվում էինք թեթև սրտով:

Օգոստոսի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՆԱՆՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Մենք վստահ ենք, որ խոնարհությունը, որն արտահայտվում է անանունության մեջ, լավագույն պաշտպանությունն է, որը երբևէ ունեցել է Անանուն Ալկոհոլիկների Ընկերակցությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 208 / Twelve Steps and Twelve Traditions, p. 187)

ԱԱ-ում ոչ մի կանոն չկա, և հետևաբար ես գտնվում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, իսկ դա նշանակում է՝ նախընտրում եմ անանունությունը: Ես ցանկանում եմ, որ իմ Աստված օգտագործի ինձ, խոնարհիս, որպես իր գործիքներից մեկը այս Ծրագրում: Զոհաբերությունը (անձնազոհությունը) անհատույց ինքդ քեզ տալու արվեստն է՝ փոխարինելով քո եսասիրությունը խոնարհությամբ: Սթափության մեջ ես ճնշում եմ ամբողջ աշխարհին գոռալու ցանկությունը. «Ես ԱԱ անդամ եմ», և դրա հետ մեկտեղ զգում եմ ներքին խաղաղություն և ուրախություն:

Ես թույլ եմ տալիս մարդկանց տեսնել իմ մեջ տեղի ունեցած փոփոխությունները և հուսով եմ, որ նրանք կհարցնեն, թե ինչ է պատահել ինձ հետ: Ես հոգևորության սկզբունքները վեր եմ դասում այլ մարդկանց դատապարտելուց, թերությունների որոնումից և քննադատությունից: Իմ խմբում ես սեր և փոխադարձ հոգատարություն եմ ուզում, որպեսզի կարողանամ հոգեպես աճել:

Օգոստոսի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆԸ

Մենք վստահ ենք, որ խոնարհությունը, որն արտահայտվում է անանունության մեջ, լավագույն պաշտպանությունն է, որը երբևէ ունեցել է Անանուն Ալկոհոլիկների Ընկերակցությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 156 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 139–140)

Ես երախտապարտ եմ նրա համար, որ Երրորդ Ավանդույթն ինձանից պահանջում է միայն խմելը թողնելու ցանկություն: Տարիներ շարունակ ես չեմ կատարել իմ խոստումները: Ընկերակցությունում ես պարտավոր չէի որևէ բան խոստանալ և դրա պատճառով ստիպված չէի լարվել: Ինձանից պահանջվեց հաճախել միայն մեկ ժողովի՝ հասկանալու համար, որ ես տանն եմ: Ինձ պետք չէր երդվել հավերժական սիրո մեջ:

Այստեղ անծանոթ մարդիկ գրկում էին ինձ: «Ավելի լավ կլինի»,- ասում էին նրանք, և՝ «Օրեցօր դա քեզ մոտ կստացվի»: Նրանք այլևս անծանոթներ չէին, նրանք հոգատար ընկերներ էին: Ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ օգնության ձեռք մեկնել մարդկանց, ովքեր սթափություն են ցանկանում: Եվ խնդրում եմ, Տե՛ր, օգնիր ինձ մնալ երախտապարտ:

Օգոստոսի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵԶԱԿԻ ԾՐԱԳԻՐ

Անանուն Ալկոհոլիկները երբեք չեն դառնա պրոֆեսիոնալներ: Մենք ինչ-որ չափով հասկացանք հնագույն բառերի իմաստը. «անվճար ստացածը՝ տուր անվճար»: Մենք հայտնագործություն արեցինք, որ պրոֆեսիոնալ մակարդակում հոգևորությունը և փողը անհամատեղելի են:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 185 / Twelve Steps and Twelve Traditions, p. 166)

Ես կարծում եմ, որ ԱԱ-ն առանձնանում է ալկոհոլիզմի բուժման հարցում, որովհետև այն հիմնված է բացառապես այն սկզբունքի վրա, երբ մի ալկոհոլիկը կիսվում է մեկ այլ ալկոհոլիկի հետ: Հենց սրանում է կայանում Ծրագրի եզակիությունը: Երբ ես որոշեցի, որ ուզում եմ սթափ մնալ, ես դիմեցի մի կնոջ, որին ճանաչում էի որպես ԱԱ-ի սթափ անդամ: Նա ինձ պատմեց ԱԱ գաղափարի մասին: Նա ոչ մի դրամական փոխհատուցում չստացավ, բայց նրա համար վճարը եղավ ևս մեկ սթափ օր: Այսօր ես չէի կարողանա ոչ մի այլ վճար խնդրել, բացի ևս մեկ օրից առանց ալկոհոլի: Եվ իմ աշխատանքն առատորեն վարձատրվում է:

Սեպտեմբերի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՃԻՆ

Որպեսզի մենք կարողանանք ավելի շատ պարգևներ ստանալ, պետք է շարունակվի մեր զարթոնքը:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 8)

Սթափությունը լցնում է իմ հոգու ցավոտ դատարկությունը, որն ստեղծել էր ալկոհոլիզմը: Երբեմն ես ինձ այնքան լավ եմ զգում, որ սկսում եմ մտածել, թե աշխատանքն ավարտված է: Սակայն ուրախությունը միայն տառապանքի բացակայությունը չէ, դա շարունակվող հոգևոր զարթոնքի պարգևն է: Ուրախությունը գալիս է ապաքինման սկզբունքների անընդհատ ու ակտիվ ուսումնասիրությամբ ու առօրյա կյանքում կիրառմամբ, ինչպես նաև սեփական փորձն ուրիշներին փոխանցելով: Իմ Բարձրագույն Ուժն ինձ բազում հնարավորություններ է ընձեռում ավելի խորը հոգևոր զարթոնքի համար: Իսկ ինձ պարզապես պետք է պատրաստ լինել այս աճին: Այսօր ես պատրաստ եմ հոգեպես աճել:

Սեպտեմբերի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՏՆԵԼ ՊԱՏՃԱՌ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Աճի պատրաստակամությունն է ողջ հոգևոր զարգացման էությունը:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 171)

Երգի տողերից մեկն ասում է. «…ես պատճառ եմ փնտրում հավատալու համար…»: Սա ինձ հիշեցնում է, որ եղել են ժամանակներ, երբ ես չէի կարողանում պատճառ գտնել հավատալու, որ իմ կյանքը կարգավորվել է: Չնայած այն բանին, որ իմ գալն ԱԱ փրկեց կյանքս, երեք ամիս անց ես նորից խմեցի: Ինչ-որ մեկն ինձ ասաց. «Դու պարտավոր չես հավատալ հարկադրաբար: Մի՞թե դու ցանկություն չունես հավատալու, որ քո կյանքում կա ինչ-որ իմաստ, նույնիսկ եթե դու չես էլ հասկանում, թե այն ինչում է կայանում, և երբեմն չգիտես, թե ինչպես քեզ պահես»:

Երբ ես տեսա, թե որքան շատ եմ ուզում հավատալ, որ իմ կյանքում իմաստ կա, կարողացա սկսել աշխատանքը Քայլերով: Հիմա, երբ ես սկսում եմ. «Այո, ես ցանկություն ունեմ…», ապա օգտագործում եմ սա որպես բանալի, որը բացում է դեպի գործողություն, ազնվություն և բաց լինել տանող ճանապարհը Բարձրագույն Ուժի առաջ, Որն ինձ հետ է եղել իմ ողջ կյանքի ընթացքում:

Սեպտեմբերի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԿՅԱՆՔ

Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր մտածում են, թե բավական է միայն սթափ լինել, որպեսզի ամեն ինչ կարգավորվի, սխալվում են:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 80 / Alcoholics Anonymous, p. 82)

Երբ ես մտորում եմ Իններորդ Քայլի մասին, տեսնում եմ, որ պարզապես սթափ մնալն ինձ բավարար չէ: Պետք է միայն հիշել անհուսության այն զգացումը, որ տիրել էր ինձ, երբ ես խմում էի, և իմ այն ժամանակվա պատրաստակամությունն ամեն գնով սթափություն ձեռք բերելու համար: Սակայն շրջապատի համար իմ միայն սթափ լինելը բավարար չէ: Եվ ուստի ես պետք է փորձեմ օգտագործել այս Աստվածային պարգևը՝ իմ սիրելիների և ընտանիքիս համար նոր կյանք ստեղծելու նպատակով: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ ես պետք է օգնեմ նրանց, ովքեր ուզում են գնալ ԱԱ-ի ճանապարհով: Ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ կիսվել սթափության պարգևով, որպեսզի Նրա բարիքները հասանելի դառնան այն մարդկանց, որոնց ես ճանաչում և սիրում եմ:

Սեպտեմբերի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Մեզ սպասում է վերականգնման երկարատև շրջան…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 80 / Alcoholics Anonymous, p. 83)

Քանի դեռ ես, օրեցօր, խուսափում եմ առաջին բաժակից, իմ ապաքինման գործընթացում հիմնական նպատակը մնում է իմ կյանքի վերականգնումը: Եվ այս խնդիրը լավագույնս լուծվում է ԱԱ Քայլերով աշխատելով: Հոգևոր կյանքը տեսություն չէ, այն իրական է, և ես պետք է ապրեմ դրանով: Երկրորդ Քայլը դարձավ իմ հոգևոր ճանապարհի սկիզբը: Իններորդ Քայլը թույլ է տալիս ինձ մոտենալ Քայլերի եզրափակիչ փուլին, որոնք սովորեցրին ինձ ապրել հոգևոր կյանքով:

Առանց Բարձրագույն Ուժի առաջնորդության ու զորության անհնար կլիներ անցնել վերականգնման տարբեր փուլերով: Ես գիտակցում եմ, որ Աստված գործում է ինձ համար և իմ միջոցով: Հեռացնելով ինձ ճնշող խմելու ցանկությունը՝ Աստված արեց ինձ համար այն, ինչ ես ինքս ինձ համար չէի կարող անել, և եթե ես գիտակցում եմ այս ճշմարտությունը, ապա դա արդեն իսկ ապացույց է: Ամեն օր ես պետք է շարունակեմ Աստծո առաջնորդության որոնումը: Նա ինձ պարգևում է դատավճռի ամենօրյա տարկետում և տալիս է ուժ, որն անհրաժեշտ է իմ կյանքի վերականգնման համար:

Սեպտեմբերի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

Փոխհատուցեցինք այդ մարդկանց պատճառված վնասը, որտեղ միայն դա հնարավոր էր…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 95 / Twelve Steps and Twelve Traditions, p. 83)

Հետ նայելով իմ հարբեցողության օրերին՝ ես հիշում եմ շատ մարդկանց, որոնց հանդիպել եմ պատահաբար, բայց որոնց կյանքը, այնուամենայնիվ, ես թունավորել եմ իմ չարությամբ ու սարկազմով: Այդ մարդկանց հնարավոր չէ գտնել, և ներողություն խնդրել նրանցից անհնար է: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել նրանց համար, այն ամենը, ինչ կարող եմ առաջարկել «դեպի լավը փոխվելու համար», դրանք անուղղակի ներողություններն են, որոնք ես բերում եմ ուրիշ մարդկանց, որոնց հետ ինձ հանդիպեցնում է ճակատագիրը: Մշտապես դրսևորվող քաղաքավարությունն ու բարությունը օգնում են ինձ ապրել էմոցիոնալ հավասարակշռության և ինքս իմ հետ համաձայնության մեջ:

Սեպտեմբերի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԵՐԱՑՆԵԼ ՍԹԱՓՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

…բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող էր վնասել նրանց կամ որևէ մեկ ուրիշին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57 / Alcoholics Anonymous, p. 59)

Իններորդ Քայլը վերականգնում է իմ մեջ ընդհանրության զգացումը ոչ միայն ողջ մարդկության, այլև առօրյա կյանքում ինձ շրջապատող մարդկանց հետ: Նախ, այս Քայլը թույլ է տալիս ինձ դուրս գալ ԱԱ-ի խնամակալությունից և շփվել մարդկանց հետ «այնտեղ»՝ ԱԱ-ից դուրս, ընդ որում՝ նրանց պայմաններով, այլ ոչ թե իմ: Սա սարսափելի է, բայց անհրաժեշտ է, եթե ես ուզում եմ վերադառնալ նորմալ կյանքի: Երկրորդ, Իններորդ Քայլը վերականգնում և հարթում է իմ հարաբերությունները մարդկանց հետ, և մաքրելով անցյալի փլատակները, որոնք կարող են կործանել ինձ, վերացնում է իմ սթափությանը սպառնացող վտանգը: Այսպիսով, Իններորդ Քայլը ինձ ցույց է տալիս ճանապարհ դեպի ավելի հանգիստ սթափություն:

Սեպտեմբերի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԿՈՂՄԸ ՓՈՂՈՑԻ

…բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող էր վնասել նրանց կամ որևէ մեկ ուրիշին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57–76 / Alcoholics Anonymous, pp. 59–78)

Խմելը թողնելուց կարճ ժամանակ անց ես փորձեցի հարթել իմ մեղքը հորս առաջ: Նա խուլ մնաց իմ խոսքերին, քանի որ իմ դժբախտությունների մեջ ես մեղադրում էի նրան: Մի քանի ամիս անց ես նոր փորձ արեցի: Այս անգամ ես նամակ գրեցի, և դրանում չկային ո՛չ մեղադրանքներ նրա հասցեին, ո՛չ հիշատակումներ նրա սխալ արարքների մասին: Սա ազդեց, և ես վերջապես հասկացա. ես պատասխանատու եմ միայն իմ կողմի փողոցի համար, և փառք Աստծո ու ԱԱ-ին, այսօր այն մաքուր է:

Սեպտեմբերի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ մերժելով՝ մենք խնդրեցինք Նրան հոգատարության և պաշտպանության մասին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57 / Alcoholics Anonymous, p. 59)

Ես մենակ գլուխ չհանեցի իմ կյանքից: Ես փորձեցի, բայց ֆիասկո կրեցի: Իմ «ամենասարսափելի մեղքը» ինձ տարավ ամենահատակը: Ի վիճակի չլինելով նույնիսկ պարզապես գոյություն ունենալու՝ ես հասկացա, որ հուսահատորեն օգնության կարիք ունեմ: Ես դադարեցրի պայքարը և լիովին հանձնեցի ինձ Աստծուն:
Միայն այդ ժամանակ ես սկսեցի հոգեպես աճել: Աստված ներեց ինձ:

Ինձ փրկել կարող էր միայն Բարձրագույն Ուժը, քանի որ բժիշկները չէին երաշխավորում իմ կյանքը: Այժմ ես ինքս ինձ էլ եմ ներել և վայելում եմ երբևէ չտեսնված ազատություն: Ես բացեցի Նրա առաջ իմ հոգին և միտքը: Որքան շատ եմ սովորում, այնքան քիչ գիտեմ: Սա սովորեցնում է խոնարհության, իսկ ես անկեղծորեն ցանկանում եմ շարունակել իմ հոգևոր աճը: Ես վայելում եմ հոգեկան անդորր, բայց միայն այն դեպքում, եթե լիովին հանձնում եմ իմ կյանքն Աստծուն:

Քանի դեռ ես ազնիվ եմ ինքս իմ հետ և խնդրում եմ Նրան օգնություն, կյանքը պարգևատրում է ինձ: Միայն այսօր ես ձգտում եմ ապրել Նրա կամքով՝ սթափ: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բանի համար, որ այսօր կարող եմ չխմել: Այսօր կյանքը հիասքանչ է:

Սեպտեմբերի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ՆՈՐ ԴՌՆԵՐ

Ամեն ինչ մերժելով՝ մենք խնդրեցինք Նրան հոգատարության և պաշտպանության մասին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Ծրագրի Խոստումները, որոնց մասին խոսվում է այս հատվածում, աստիճանաբար իրականանում են: Գործնականում կիրառելով Իններորդ Քայլը՝ ես հույս գտա: Այս Քայլը թույլ տվեց ինձ տեսնել և իմ առջև դնել ապաքինման խնդիրներ: Նախկին սովորությունները և վարքագծի կարծրատիպերը դժվարությամբ են վերանում: Բայց Իններորդ Քայլով աշխատանքը հնարավորություն է տալիս ինձ շրխկոցով փակել դուռը այն հարբեցողի հետևից, որը ես էի, և բացել նոր լայն ուղիներ ինձ համար՝ արդեն սթափ ալկոհոլիկիս:

Ինձ համար չափազանց կարևոր է ուղղակիորեն փոխհատուցել վնասը: Որքանով որ ես կարգավորում եմ հարաբերությունները և շտկում եմ իմ պահվածքը, ինձ ավելի լավ է հաջողվում ապրել սթափության մեջ: Չնայած որ ես արդեն մի քանի տարի սթափ եմ, պատահում է, որ պահանջվում է զբաղվել «անցյալի մնացուկներով»: Իսկ Իններորդ Քայլը միշտ օգնում է, եթե ես աշխատում եմ դրանով:

Սեպտեմբերի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

Ո՞ՒՄ ՎՍՏԱՀԵԼ ԱՊԱՔԻՆՈՒՄԸ

Այս ամենը [Խոստումները] իրականություն են դառնում, եթե ջանքեր գործադրվեն:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Երբեմն ես մտածում եմ. «Վնասը փոխհատուցելը չափազանցություն է: Չի կարելի այդպես ստորանալ»: Եվ, այնուամենայնիվ, հենց խոնարհությունն է ինձ մոտեցնում Հոգու արևի լույսին: ԱԱ-ն իմ միակ հույսն է, եթե ես ուզում եմ շարունակել ապաքինվել և գտնել կյանք՝ լի երջանկությամբ, ընկերությամբ և ներդաշնակությամբ:

Սեպտեմբերի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ՎՆԱՍԸ

Նախևառաջ մենք պետք է փորձենք միանգամայն վստահ լինել, որ մենք չենք հետաձգում այս գործը միայն այն պատճառով, որ վախենում ենք:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 99 / Twelve Steps and Twelve Traditions, p. 87)

Արիությունը և վախի բացակայությունը իմ սթափության պարգևներն են: Դրանք ինձ ուժ են տալիս օգնություն խնդրել՝ արժանապատվության զգացումով և խոնարհությամբ, և հետագայում փոխհատուցել վնասը: Վնասի փոխհատուցումը պահանջում է որոշակի ազնվություն, որն ինձ, ինչպես ես զգում եմ, չի հերիքում: Եվ այնուամենայնիվ, Աստծո օգնությամբ և հենվելով այլ մարդկանց իմաստության վրա՝ ես ի վիճակի եմ նայել իմ ներսը և ուժ գտնել կոնկրետ գործողության համար: Մարդիկ կարող են ընդունել կամ չընդունել իմ ներողությունները, բայց այն բանից հետո, երբ ես խնդրել եմ դրանք, ես կարող եմ ինձ ազատ զգալ և վստահ լինել, որ պատասխանատու եմ այսօրվա օրվա համար:

Սեպտեմբերի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Քանզի մեր անցյալ արարքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը վերցնելու և միևնույն ժամանակ ուրիշ մարդկանց բարեկեցության համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը կազմում է Իններորդ Քայլի էությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 99 / Twelve Steps and Twelve Traditions, p. 87)

Ապաքինվելով ԱԱ-ի օգնությամբ՝ ես հասկացա, որ իմ սեփական ազատությունն այն է, ինչից ես վախենում եմ: Այս վախը բխում է որևէ պատասխանատվություն ստանձնելու վախից. ես մերժում եմ, անտեսում եմ, մեղադրում եմ, խուսափում եմ: Հետո ժամանակ է անցնում, և ես դիտարկում եմ, գիտակցում եմ և ընդունում: Իմ կողմից զգացվող ազատությունը, ապաքինումն ու բուժումը կայանում են դիտարկման, գիտակցման և ընդունման մեջ: Ես սովորում եմ ասել. «Այո, ես եմ պատասխանատու»: Երբ ես այս խոսքերն ասում եմ ազնվորեն և անկեղծորեն՝ ես ազատ եմ:

Սեպտեմբերի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՎԵՐՎԱԾԸ

Դատողությունների ողջախոհությունը, ժամանակի մանրակրկիտ ընտրությունը, համարձակությունը և խոհեմությունը՝ ահա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են Իններորդ Քայլի իրականացման համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 95 / Twelve Steps and Twelve Traditions, p. 83)

Մեղքը հարթելը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջինը. եթե, օրինակ, ես կոտրել եմ հարևանի ցանկապատը, նորոգել այն, և սա «ուղղակի փոխհատուցում է»: Երկրորդը. փոխել իմ վարքագիծը, քանի որ իմ գործողություններն ինչ-որ մեկին վնաս են պատճառել, և փորձել այլևս չանել դա հետագայում: Ես փոխում եմ իմ ապրելակերպը, և սա անուղղակի փոխհատուցում է: Ո՞ր մոտեցումն է ավելի լավ:

Միակ ճիշտը, պայմանով, որ այն ոչ մեկին չի վնասի: Այլ կերպ ասած՝ համապատասխան պայմաններում՝ և՛ մեկը, և՛ մյուսը: Եթե ես վնաս եմ պատճառել, ապա պարզապես «նորոգում եմ իմ ճանապարհները»՝ փորձելով շտկել իրավիճակը: Սա էլ հենց վնասի ազնիվ փոխհատուցումն է:

Սեպտեմբերի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐ

Պե՞տք է արդյոք քննարկել այս հարցը ԱԱ-ի հովանավորի կամ հոգևորականի հետ և անկեղծորեն խնդրել Աստծո օգնությունն ու առաջնորդությունը, միաժամանակ որոշելով անել այն, ինչը ճիշտ կլինի, ինչ էլ որ դա արժենա մեզ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 99 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 86–87)

Բարձրագույն Ուժի հանդեպ հավատքը Իններորդ Քայլով իմ աշխատանքի էական մասն է. ներումը, ժամանակի ընտրությունը և ճիշտ դրդապատճառները մյուս բաղադրիչներն են: Այս Քայլով աշխատելու պատրաստակամությունը բխում է իմ անընդհատ աճող փորձից: Իսկ այդ փորձը դռներ է բացում դեպի նոր և ազնիվ հարաբերություններ այն մարդկանց հետ, որոնց ես չարիք եմ պատճառել: Իմ պատասխանատու գործողություններն ինձ մոտեցնում են Ծրագրի հոգևոր սկզբունքներին՝ սիրուն և ծառայությանը: Այնուհետև անպայման կհետևեն հոգեկան անդորր և էլ ավելի ամուր հավատք:

Սեպտեմբերի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆՈՐ ԿՅԱՆՔ

Պե՞տք է արդյոք քննարկել այս հարցը ԱԱ-ի հովանավորի կամ հոգևորականի հետ և անկեղծորեն խնդրել Աստծո օգնությունն ու առաջնորդությունը, միաժամանակ որոշելով անել այն, ինչը ճիշտ կլինի, ինչ էլ որ դա արժենա մեզ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 148 / Twelve Steps and Twelve Traditions, p. 152)

Առանց ալկոհոլի կյանքն ավելի լավ է: ԱԱ-ն և Բարձրագույն Ուժը պահպանում են իմ սթափությունը, իսկ Աստծո շնորհն այն էլ ավելի հարուստ է դարձնում. այն բերում է իմ կյանք ծառայությունը: ԱԱ Ծրագրին ծանոթանալն ինձ սովորեցնում է նորովի և ավելի խորը հասկանալ, թե ինչ է ԱԱ-ն և ինչ է անում այն: Բայց որ ավելի կարևոր է, այն օգնում է ինձ տեսնել, թե ով եմ ես. մի ալկոհոլիկ, ում, Բարձրագույն Ուժի կողմից տրված կյանքով ապրելու համար, անընդհատ պետք է Անանուն Ալկոհոլիկների փորձը:

Սեպտեմբերի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ՝ ԿԱՄ ԸՆԿՆՈՒՄ ԵՆՔ՝ ՄԻԱՍԻՆ

…տղամարդկանց և կանանց ոչ մի այլ միավորում այսքան սուր կարիք չի ունեցել մշտական միասնության և իր ջանքերի արդյունավետության ձգտման: Մենք՝ ալկոհոլիկներս, տեսնում ենք, որ պետք է համատեղ աշխատենք և պահենք իրար, հակառակ դեպքում մեզանից շատերն ի վերջո կկործանվեն միայնության մեջ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 173 / Twelve Steps and Twelve Traditions, p. 563)

Պատահական չէ, որ ԱԱ-ի Տասներկու Քայլերը գրված են որոշակի հաջորդականությամբ, և նույնը կարելի է ասել Տասներկու Ավանդույթների մասին: Առաջին Քայլի և Առաջին Ավանդույթի խնդիրն է՝ ինձ բավականաչափ խոնարհություն սերմանել, որպեսզի ողջ մնալու հնարավորություն ստանամ: Միասին դրանք կազմում են այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր Քայլերն ու Ավանդույթները: Ինքնանսեմացման այս գործընթացը թույլ է տալիս ինձ որպես անհատականության հոգեպես աճել Քայլերով, իսկ որպես խմբի օգտակար անդամ՝ Ավանդույթներով:

Առաջին Ավանդույթի լիակատար ընդունումը թույլ է տալիս ինձ մի կողմ նետել անձնական հավակնությունները, վախերը և չարությունը, որոնք վնասում են ընդհանուր բարօրությանը: Եվ այդպիսով այն նպաստում է աշխատանքին այլ ալկոհոլիկների հետ միասին՝ մեր համատեղ գոյատևման համար: Առանց Առաջին Ավանդույթի մենք քիչ հնարավորություններ ունենք պահպանելու միասնությունը, որն այդքան անհրաժեշտ է արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Առանց դրա ես կարող եմ կորցնել նաև մնացած Ավանդույթները, Ընկերակցությունը և իմ կյանքը:

Սեպտեմբերի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻՑ

Երբ Աստծո օգնությամբ մենք հայտնաբերեցինք, որ հանգիստ ընդունում ենք մեր ճակատագիրը, այն ժամանակ մենք հասկացանք, որ կարող ենք խաղաղության մեջ ապրել ինքներս մեզ հետ և ցույց տալ ուրիշներին, որ նրանք նույնպես կարող են ազատվել իրենց վախերից: Մենք հասկացանք, որ վախերից ազատությունն ավելի կարևոր է, քան կարիքից ազատությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 137 / Twelve Steps and Twelve Traditions, p. 132)

Ակտիվ ալկոհոլիզմի երկար տարիների ընթացքում իմ կյանքը ղեկավարում էին նյութական արժեքները: Ես համոզված էի, որ հենց դրանք ինձ երջանիկ կդարձնեն, բայց, նույնիսկ ունենալով դրանք, ես դեռևս ինձ սնանկ էի զգում: Առաջին անգամ հայտնվելով ԱԱ-ում՝ ես իմացա այլ ապրելակերպի մասին: Սովորելով վստահել ուրիշներին՝ ես սկսեցի հավատալ մի Ուժի, որն ավելի հզոր է, քան ես: Հավատքն ազատեց ինձ սեփական «ես»-ի կապանքներից: Նյութական արժեքները հոգևորներով փոխարինելուն զուգընթաց իմ կյանքը դարձավ կառավարելի: Եվ ես որոշեցի կիսվել իմ փորձով այլ ալկոհոլիկների հետ:

Սեպտեմբերի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊԱՔԻՆՎԵԼ ՍԻՐՈՎ

Մեզ պետք էր մերժել ինքնաբավության մեր ողջ «թանկարժեք» փիլիսոփայությունը: Սա անհնար էր անել՝ հենվելով սովորական կամքի ուժի վրա: Ոչ, դա այս նոր փաստերն ընդունելու պատրաստակամության հարց էր: Մենք չէինք փախչում, բայց և չէինք պայքարում: Մենք ընդունեցինք: Եվ այն ժամանակ ազատ դարձանք:

(«Գրեյպվայնի» լավագույնը, հատոր 1, էջ 198 / Best of Grapevine, vol. 1, p. 198)

Ես կարող եմ ազատվել իմ նախկին՝ ինձ ստրկացնող «ես»-ից: Վերջապես ես իմ մեջ ինչ-որ լավ բան տեսա և հավատացի դրան: Ես տեսնում եմ, որ Բարձրագույն Ուժը, որը պարուրում է ինձ, սիրում է ինձ և տանում է դեպի ապաքինում: Իմ Բարձրագույն Ուժը դառնում է սիրո և զորության աղբյուր, որն իմ մեջ մշտական հրաշք է գործում: Ես սթափ եմ… և ես երախտապարտ եմ:

Սեպտեմբերի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՈՒՆՈՒՄ

Մենք ընդունեցինք, որ չէինք կարող հրաժարվել ալկոհոլից՝ հենվելով միայն սեփական ուժերի մնացորդների վրա: Միաժամանակ որպես փաստ ընդունեցինք, որ Բարձրագույն Ուժից կախվածությունը (ԱԱ մեր խմբի միջոցով) կարող է կատարել այս, մինչ այժմ անիրագործելի աշխատանքը: Այն պահից ի վեր, երբ մենք կարողացանք լիովին ընդունել նշված փաստերը, սկսվեց մեր ազատագրումը ալկոհոլի հանդեպ հակվածությունից:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 109)

Ես ազատություն գտա միայն ընդունելով, որ կարող եմ իմ կամքն ու կյանքը հանձնել Բարձրագույն Ուժին, որին ես անվանում եմ Աստված: Իմ կյանքի քաոսի մեջ հոգեկան անդորր եկավ միայն այն ժամանակ, երբ ես ընդունեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ հենց կյանքն է, և որ Աստված կօգնի ինձ և՛ դժվարություններում, և՛ մնացած ամեն ինչում: Այդ ժամանակից ի վեր Նա ինձ օգնում էր բացարձակապես ամեն ինչում: Երբ ես ընդունում եմ իրավիճակն այնպես, ինչպես որ կա, և ոչ թե այնպես, ինչպես կուզենայի, ես սկսում եմ հոգեպես աճել և ձեռք եմ բերում խաղաղություն և հոգեկան անդորր:

Սեպտեմբերի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒԺԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԵԿՑՈՐԴ

Հետևեք, որ ձեր հարաբերություններն Աստծո հետ միշտ լինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն, և այն ժամանակ նշանակալի իրադարձություններ տեղի կունենան ձեզ և շատ այլ մարդկանց հետ: Մեզ համար սա Մեծ Փաստ է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 160 / Alcoholics Anonymous, p. 164)

Աստծո հետ ճիշտ հարաբերություններ կառուցելն ինձ անիրագործելի պահանջ էր թվում: Իմ անկանոն անցյալն ինձ որպես ժառանգություն թողել էր և՛ մեղքի զգացում, և՛ խղճի խայթ, և՛ կասկածներ այս բոլոր «Աստվածային գործերի» հանդեպ: ԱԱ-ում ինձ ասացին, որ ես պետք է իմ կամքն ու կյանքը հանձնեմ Աստծո խնամքին, ինչպես որ ես Նրան հասկանում եմ:

Իսկ քանի որ այլևս դիմելու տեղ չունեի, ես ծնկի իջա և լաց եղա. «Աստված, ես այլևս չեմ կարող: Օգնիր ինձ, խնդրում եմ»: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ընդունեցի իմ անզորությունը, լույսի շողեր թափանցեցին իմ հոգին, և ցանկություն առաջացավ Աստծուն տրամադրել ղեկավարելու իմ կյանքը: Իսկ երբ Նա դարձավ իմ ղեկավարը, իմ կյանքում սկսեցին կարևոր իրադարձություններ տեղի ունենալ, և ես սկսեցի սթափվել:

Սեպտեմբերի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Մենք հանկարծ կհասկանանք, որ Աստված անում է մեզ համար այն, ինչ մենք չէինք կարող ինքներս անել մեզ համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 81 / Alcoholics Anonymous, p. 84)

Մեծ Գրքի Վերջին Խոստումն իրականացավ ինձ համար սթափության հենց առաջին օրը: Այդ օրը Աստված ինձ սթափ պահեց, և դրանից հետո ես ամեն օր թույլ եմ տալիս Նրան ղեկավարել իմ կյանքը: Նա ինձ ուժ, արիություն է տալիս և ղեկավարում է ինձ իմ պարտականությունները կատարելիս, որպեսզի ես կարողանամ ուշադրություն դարձնել այլ մարդկանց, օգնել նրանց մնալ սթափ և հոգեպես աճել:

Աստված դրսևորում է Իրեն իմ մեջ, դարձնում է ինձ Իր խոսքի, մտքերի և գործերի հաղորդիչը: Նա գործում է իմ ներսում, իսկ ես դա բերում եմ արտաքին աշխարհ. չէ՞ որ Նա իմ փոխարեն չի անի այն, ինչ ես կարող եմ ինքս ինձ համար անել: Ես միշտ պետք է պատրաստ լինեմ կատարելու Նրա աշխատանքը, որպեսզի Նա կարողանա հաջողությամբ գործել իմ միջոցով:

Սեպտեմբերի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՐՈՒՍՏ ԵՐԱԿ

Ինչպես հյուծված ոսկեխույզը, որին մնացել է հացի վերջին չորուկը, մենք բրիչով բախվեցինք ոսկու երակին, և հիասթափությունների անվերջ շարքը հաղթահարելուց հետո ուրախությունը սահմաններ չուներ: Հայրը զգում է, որ գտել է ավելին, քան ոսկին: Երբեմն նա, գուցե, կփորձի ինչ-որ բան թաքցնել իր համար: Նա դեռ չի հասկանում, որ դիպել է հարուստ երակին, որն իրեն շահույթ կբերի միայն այն դեպքում, եթե նա փորի մինչև կյանքի վերջ և պնդի, որ բոլոր արդյունահանվածները բաժանվեն անվճար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 124–125 / Alcoholics Anonymous, pp. 128–129)

Երբ ես խոսում եմ ԱԱ նորեկի հետ, ինձ վրա ուղիղ նայում է իմ անցյալը: Ես աչքերում ցավ եմ տեսնում, բայց հույսը դեռ չի մեռել: Ես մեկնում եմ ձեռքս, և հրաշք է տեղի ունենում. ես ապաքինվում եմ: Իմ խնդիրներն անհետանում են, հենց որ ես դիպչում եմ այս դողացող հոգուն:

Սեպտեմբերի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԵՍ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷԻ»

Նա [Bill W.] ինձ ասաց մեղմ ու պարզ. «Կարծո՞ւմ եք, դուք մեզանից մեկն եք»:

(Անանուն Ալկոհոլիկներ / Alcoholics Anonymous, p. 413)

Հարբած կյանքում ես համոզված էի սեփական բացառիկությանս մեջ: Ես մտածում էի, որ ավելի բարձր եմ կանգնած համընդհանուր մանրակրկիտ պահանջներից և ներման իրավունք ունեմ: Ես երբեք չէի գիտակցում, որ իմ հայացքների մութ կողմը «մերժվածության» մշտական զգացումն է: Սկզբում ԱԱ-ում ես նմանություն էի գտնում այլ մարդկանց հետ միայն որպես ալկոհոլիկ:

Ինչպիսի՜ հրաշալի արթնացում դարձավ ինձ համար այն բանի գիտակցումը, որ եթե մարդիկ անում են ամեն ինչ հնարավորինս լավ, ապա այդպես եմ վարվում նաև ես: Նրանց ապրած բոլոր ցավերը, տագնապներն ու ուրախությունները բացառիկ չեն, դրանք իմ կյանքի մի մասն են ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ մարդու:

Սեպտեմբերի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ

Հերթական անգամ մենք համոզվում ենք հետևյալ պնդման ճշմարտացիության մեջ. «Եթե դու ալկոհոլիկ ես, ապա դա արդեն ընդմիշտ է»: Եթե երկարատև ժուժկալությունից հետո մենք սկսում ենք խմել, ապա շատ շուտով հայտնվում ենք նույնքան ողբալի վիճակում, որքան մեր վատագույն ժամանակներում: Եթե դուք որոշել եք թողնել խմելը, այդ որոշումը պետք է լինի անվերապահ, առանց որևէ հետին մտքի՝ երբևէ վերադառնալու ալկոհոլի նորմալ օգտագործմանը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 32 / Alcoholics Anonymous, p. 33)

Այսօր ես ալկոհոլիկ եմ, կմնամ այդպիսին նաև վաղը: Ալկոհոլիզմն ապրում է իմ մեջ հիմա և կմնա ինձ հետ ընդմիշտ: Ես երբեք չպետք է մոռանամ, թե ով եմ ես: Ալկոհոլը հաստատ կսպանի ինձ, եթե ես ամեն օր չճանաչեմ և չընդունեմ նրան: Սա այն խաղը չէ, որտեղ պարտությունն ընդամենը ժամանակավոր անհաջողություն է: Ես գործ ունեմ իմ հիվանդության հետ, որն անբուժելի է և անպայմանորեն պահանջում է դեղամիջոց՝ դրա ամենօրյա գիտակցում, և հետևաբար՝ զգոնություն:

Սեպտեմբերի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԳԼԽԱՎՈՐԸ

Մեզանից շատերը սեփական մաշկի վրա են ճանաչել մի պարզ ճշմարտություն. ունենք մենք աշխատանք, թե ոչ, ունենք կին, թե ոչ, մենք շարունակում ենք խմել, քանի դեռ առաջին հերթին հույսներս դնում ենք մարդկանց վրա, այլ ոչ թե Աստծո:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 95 / Alcoholics Anonymous, p. 98)

Մինչ ԱԱ գալը ես միշտ արդարացումներ էի գտնում խմելու համար. «Նա ասաց…», «Նա ասաց…», «Ինձ երեկ աշխատանքից ազատեցին…», «Այսօր ես այնքան լավ կատարեցի աշխատանքը…»: Եթե ես նորից սկսեմ խմել, իմ կյանքի ոլորտներից ոչ մեկը ոչնչով բարեկեցիկ չի լինի: Սթափության մեջ կյանքն օրեցօր ավելի լավ է դառնում: Ես միշտ պետք է հիշեմ չխմելու, Աստծուն վստահելու և ԱԱ ակտիվ անդամ մնալու մասին: Այսօր արդյո՞ք ես ինչ-որ բան վեր եմ դասում սթափությունից, Աստծուց և ԱԱ-ից:

Սեպտեմբերի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Երբեմն ալկոհոլիկի համար դժվար է վերականգնել ընկերական հարաբերությունները երեխաների հետ… Ժամանակի ընթացքում նրանք կհամոզվեն, որ իրենց հայրն այլ մարդ է դարձել, և հասկանալ կտան նրան դա… Այդ պահից սկսած հարաբերությունների զարգացումն արագ կընթանա: Հաճախ նման հաշտությունից հետո արդյունքները պարզապես ապշեցուցիչ են լինում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 130 / Alcoholics Anonymous, p. 134)

Ապաքինման ճանապարհին ես մի նվեր ստացա, որը ոչ մի փողով չես գնի: Դա մի բացիկ էր իմ ուսանող որդուց, որտեղ նա գրել էր. «Պապ, դու չես կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է: Շնորհավոր ծննդյանդ օրը: Ես քեզ սիրում եմ»:

Որդիս նախկինում էլ էր ասում, որ սիրում է ինձ: Նախորդ Սուրբ Ծննդյան արձակուրդներին նա լացելով ասաց. «Պապ, ես սիրում եմ քեզ: Մի՞թե դու չես տեսնում, թե ինչ ես անում քեզ հետ»: Իսկ ես չէի տեսնում: Ես լաց էի լինում՝ խեղդվելով արցունքներից: Երբ ես ստացա բացիկը, ես նույնպես լաց եղա՝ խեղդվելով հուզմունքից: Բայց դրանք ուրախության, այլ ոչ թե հուսահատության արցունքներ էին:

Սեպտեմբերի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ

Երախտագիտությամբ լցված [մարդկային սիրտը], յուրաքանչյուր զարկի հետ այն, իհարկե, սեր կճառագի…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 32)

Եթե մարդկանց ծառայելու գործընթացն ինձ հասցնում է մեծամտության մոլուցքի, արժե, որ ես մտածեմ դրա պատճառի մասին: Այն, ինչ տրվել է ուրախությամբ ու սիրով, պետք է և ուրիշներին փոխանցվի առանց վերապահումների և դիմացը որևէ բան ակնկալելու: Քանզի իմ հոգևոր աճին զուգընթաց ես հայտնաբերում եմ, որ որքան էլ որ սիրով տամ, հոգեպես շատ ավելին եմ ստանում:

Սեպտեմբերի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԵՐ ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Պրակտիկան ցույց է տալիս, որ ալկոհոլի դեմ ամենակայուն իմունիտետը տալիս է ինտենսիվ աշխատանքը այլ ալկոհոլիկների հետ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 86 / Alcoholics Anonymous, p. 89)

Հովանավորությունն ինձ երկու անակնկալ մատուցեց: Առաջինը՝ իմ հովանավորյալները հոգ էին տանում իմ մասին: Այն, ինչ ես երախտագիտություն էի համարում, ավելի շատ սեր էր հիշեցնում: Նրանք ուզում էին, որ ես երջանիկ լինեմ, հոգեպես աճեմ և սթափ մնամ: Իմ հանդեպ նրանց նման վերաբերմունքը մեկ անգամ չէ, որ կանգնեցրել է ինձ խմելուց:

Երկրորդ՝ ես բացահայտեցի ինձ համար, որ ունակ եմ սիրել մեկ այլ մարդու պատասխանատվության զգացումով, անկեղծ և հարգալից հոգատարությամբ նրա հոգևոր աճի նկատմամբ: Մինչ այդ ես մտածում էի, որ մեկ այլ մարդու բարեկեցության մասին անկեղծորեն հոգալու իմ ունակությունը ատրոֆացել էր պրակտիկայի բացակայության պատճառով: Ծրագրի մեծագույն պարգևներից մեկն այն է, որ ես ունակ եմ սիրել առանց նախանձի և տագնապի: Այս պարգևի համար երախտագիտությունը երկար տարիներ պահպանում է իմ սթափությունը:

Սեպտեմբերի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՄԻԱՆՄԱՆ

Հաճախակի շփումները նորեկների հետ և միմյանց հետ դարձան մեր կյանքի վառ իրադարձությունները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 86 / Alcoholics Anonymous, p. 89)

Ժողովի եկավ մի հարբած, ընդհատեց ելույթ ունեցողին, վեր կացավ ու հանեց վերնաշապիկը, աղմկելով և օրորվելով վերցրեց սուրճը, խոսք պահանջեց և, ի վերջո, խմբի քարտուղարին անվայելուչ բառով անվանելով, հեռացավ: Ես ուրախ էի նրա հայտնվելուն, քանի որ նորից տեսա նախկին ինձ: Բայց ես տեսա նաև, թե ով եմ ես հիմա և ինչպիսին կարող էի լինել:

Բոլորովին պարտադիր չէ հարբել՝ բացառիկ դառնալու և ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ես հաճախ էի ինձ վիրավորված զգում և պատասխանում էի վիրավորանքով, եթե ինձ վերաբերվում էին որպես սովորական մարդու: Որքան շատ էր այս հարբածը փորձում յուրահատուկ թվալ, այնքան ավելի սուր էի ես գիտակցում, որ մենք նրա հետ բացարձակապես միանման ենք:

Սեպտեմբերի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՐՋԱՆ ԵՎ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Շրջանը խորհրդանշում է ԱԱ-ի ողջ աշխարհը, իսկ եռանկյունին՝ ԱԱ-ի երեք Սկզբունքները. Ապաքինում, Միասնություն, Ծառայություն: Մեր նոր հրաշալի աշխարհում մենք ազատություն գտանք մահացու մոլուցքից:

(ԱԱ-ն հասունանում է / AA Comes of Age, p. 139)

ԱԱ-ում իմ գտնվելու սկզբում ես սկսեցի զբաղվել ծառայությամբ և ինձ համար բացատրություն գտա մեր խորհրդանիշի համար: Նախ՝ դա սիրո և ծառայության շրջան է՝ ներսում հավասարակողմ եռանկյունիով, որի հիմքն իրենից ներկայացնում է մեր Ապաքինումը Տասներկու Քայլերով: Մյուս երկու կողմերը նշանակում են, համապատասխանաբար, Միասնություն և Ծառայություն: Եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են: ԱԱ-ում հոգևոր աճիս զուգընթաց ես նույնացնում էի ինձ այս խորհրդանիշի հետ: Ես շրջանն եմ, իսկ եռանկյան կողմերն իրենցից ներկայացնում են իմ անհատականության երեք ասպեկտները՝ ֆիզիկական, էմոցիոնալ, հոգևոր: Վերջինս խորհրդանիշի հիմքն է: Միասին այս երեք ասպեկտները կազմում են իմ սթափ և երջանիկ կյանքը:

Հոկտեմբերի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՈՒՍԱՓԵԼ ԻՆՔՆԱԳՈՀՈՒԹՅՈՒՆԻՑ

Շատ հեշտ է լքել ողջ հոգևոր Ծրագիրը և ննջել դափնիների վրա: Եթե մենք անենք դա, մեզ առջևում փորձանք է սպասում, որովհետև ալկոհոլը նենգ թշնամի է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 85)

Երբ իմ հոգին վատ է, ես փորձում եմ մոտ մնալ այն ընկերներին, որոնց գտել եմ Ծրագրում: Տառապանքները կարելի է թեթևացնել՝ օգտագործելով ԱԱ-ի Տասներկու Քայլերում պարունակվող լուծումները: Բայց երբ ինձ լավ եմ զգում և ամեն ինչ նորմալ է ընթանում, ես կարող եմ ինքնագոհ դառնալ:

Պարզ ասած՝ ես ծուլանում եմ և խորասուզվում խնդրի մեջ, փոխանակ լուծելու այն: Ես պետք է գործեմ և, քննադատաբար գնահատելով իմ վիճակը, ճշտեմ՝ որտեղ եմ գտնվում և ուր եմ գնում: Ամենօրյա ինքնավերլուծությունը կհուշի ինձ, թե հատկապես ինչ պետք է փոխեմ՝ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Աստծո և մեկ այլ մարդու առաջ այն բանի խոստովանումը, ինչ ես հայտնաբերում եմ իմ մեջ, թույլ է տալիս ինձ մնալ ազնիվ և խոնարհ:

Հոկտեմբերի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԼԱԿՄՈՒՍԱՅԻՆ ԹՈՒՂԹ»

Աշխատելով առաջին Ինը Քայլերով՝ մենք նախապատրաստվում ենք նոր կյանքի արկածներին: Բայց եթե մենք մոտեցել ենք Տասներորդ Քայլին, դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք ապրել ԱԱ-ի սկզբունքներով օրեցօր, այլաբանորեն ասած՝ և՛ լավ, և՛ վատ եղանակին: Գալիս է լուրջ փորձության պահը. ընդունա՞կ ենք արդյոք մենք վարել սթափ ապրելակերպ, պահպանել էմոցիոնալ հավասարակշռությունը և տեսնել նպատակը ցանկացած պայմաններում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 100 / Alcoholics Anonymous, p. 88)

Ես գիտեմ, որ Խոստումներն իրականանում են իմ կյանքում, բայց ուզում եմ բազմապատկել և կատարելագործել դրանք՝ ամեն օր կիրառելով Տասներորդ Քայլը: Այս Քայլն ինձ սովորեցրել է, որ եթե ինձ անհանգիստ է, նշանակում է՝ իմ մեջ ամեն ինչ կարգին չէ: Հնարավոր է՝ դիմացինս էլ է սխալ, բայց ես կարող եմ գլուխ հանել միայն իմ սեփական զգացմունքներից: Երբ ես վիրավորված կամ վշտացած եմ, պետք է պատճառը փնտրեմ իմ մեջ, իսկ հետո ընդունեմ իմ սխալները և ուղղեմ դրանք:

Դա հեշտ չէ, բայց քանի դեռ գիտեմ, որ հոգեպես աճում եմ, ես կարող եմ գնահատել իմ ջանքերը որպես լավ կատարված աշխատանք: Ես հասկացա, որ տառապանքն իմ ընկերն է. այն իմաց է տալիս, որ իմ էմոցիաները կարգին չեն, ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական ցավը խոսում է օրգանիզմի խանգարումների մասին: Երբ ես համապատասխան գործողություններ եմ ձեռնարկում Տասներկու Քայլերով, ցավն աստիճանաբար անհետանում է:

Հոկտեմբերի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՓՈԹՈՐԿԻՑ ՀԵՏՈ

Մի մարդ, ով զգացել է դա իր վրա, մի անգամ ցավն անվանեց հոգևոր աճի փորձաքար: Մենք՝ ԱԱ անդամներս, լիովին համաձայն ենք դրա հետ…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 106 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 93–94)

Երբ ինձ «շպրտում է» էմոցիոնալ հորձանուտներում, ես հիշում եմ, որ հոգևոր աճի գործընթացը հաճախ շատ ցավոտ է: ԱԱ Ծրագրում իմ զարգացումն ինձ սովորեցրել է, որ ես պետք է ապրեմ ներքին փոփոխությունները, որքան էլ որ ցավոտ լինեն դրանք, որովհետև հենց դրանք են ինձ տանում եսասիրությունից դեպի անշահախնդրություն: Եթե ես ուզում եմ հանգիստ լինել, ես պետք է ՔԱՅԼԵՄ էմոցիոնալ խանգարումների և դրանց հաջորդող «խումարների» (պոխմելների) վրայով և երախտապարտ լինեմ շարունակվող հոգևոր աճի համար:

Հոկտեմբերի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՎԵԼՈՐԴԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ, ով զգացել է դա իր վրա, մի անգամ ցավն անվանեց հոգևոր աճի փորձաքար: Մենք՝ ԱԱ անդամներս, լիովին համաձայն ենք դրա հետ…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 106 / Twelve Steps and Twelve Traditions, p.94)

Ես սիրում եմ ժամանակ անցկացնել այգում՝ ջրելով, էտելով և պարզապես խնամելով իմ գեղեցիկ ծաղիկները: Մի անգամ, երբ ես գործնականորեն աշխատում էի, մոտեցավ հարևանուհիս: Նա ասաց. «Ինչպիսի՜ հրաշալի ծաղիկներ են, ինչպե՞ս կարելի է դրանք այսպես էտել»: Ես պատասխանեցի. «Ես ձեզ հասկանում եմ, բայց որպեսզի նրանք աճեն ուժեղ և առողջ, անհրաժեշտ է հեռացնել ավելորդը»:

Ավելի ուշ ես մտածեցի, որ գուցե իմ ծաղիկներին էլ է ցավոտ, բայց Աստված ու ես, երկուսս էլ գիտենք, որ սա ծրագրի մի մասն է, և ես չէ՞ որ տեսել եմ արդյունքը: Սա ինձ անմիջապես հիշեցրեց ԱԱ-ի իմ թանկարժեք Ծրագրի մասին և այն մասին, որ մենք բոլորս աճում ենք ցավի միջով: Ես խնդրում եմ Աստծուն, երբ գա ժամանակը, հեռացնել ողջ ավելորդը, որպեսզի ես կարողանամ ավելի լավ աճել:

Հոկտեմբերի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԵԿՎԱ ՈՒՂԵԲԵՌԸ

Քանզի իմաստուն մարդիկ միշտ իմացել են, որ չի կարելի կյանքում շատ բանի հասնել, քանի դեռ ինքնավերլուծությունը չի դարձել ամենօրյա պրակտիկա, քանի դեռ մարդը չի կարող ընդունել իր որոնումների արդյունքները և քանի դեռ նա համբերատար և համառորեն չի փորձի ուղղել իր թերությունները:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 100 / Twelve Steps and Twelve Traditions, p. 88)

Ինձ համար ավելին քան բավարար է իմ հոգսերի այսօրվա բեռը, որպեսզի քարշ տամ նաև երեկվա ուղեբեռը: Եթե ես ուզում եմ հնարավորություն ստանալ կատարելու վաղվա առաջադրանքները, ինձ անհրաժեշտ է ավարտել այսօրվա գործերը: Այդ պատճառով ես հարցնում եմ ինքս ինձ՝ որտեղ եմ սխալվել և ինչպես կարող եմ խուսափել նման վարքագծից: Նեղացրե՞լ եմ արդյոք ինչ-որ մեկին, օգնե՞լ եմ արդյոք ինչ-որ մեկին, ինչպե՞ս և ինչո՞ւ: Այսօրվա օրվանից ինչ-որ բան կանցնի վաղվան, բայց եթե ես ամեն օր ազնվորեն ինքնավերլուծություն եմ անում, ապա մեծ մասն ինձ հետ տանելու կարիք չի լինի:

Հոկտեմբերի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԻՆՔՍ ԻՄ ՀԵՏ

…իսկ Վախը շշնջում է. «Դու չես համարձակվի նայել»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 58 / Twelve Steps and Twelve Traditions, p. 49)

Որքա՜ն հաճախ իմ հարբեցողության օրերին ես խուսափում էի խնդրների լուծումից. դրանք ինձ այնքան հսկայական էին թվում: Եվ զարմանալի չէ, որ նույնիսկ հիմա, մնալով սթափ, ես ինձ պահում եմ ճիշտ նույն կերպ, երբ բախվում եմ ինքս իմ հանգամանալից և անվախ բարոյական գույքագրման հսկայական աշխատանքին: Երբ այս աշխատանքն ավարտված է, ես հասկանում եմ, որ պատրանքն ավելի մեծ էր, քան բուն իրականությունը: Իմ իրական «ես»-ի մեջ նայելու վախն ինձ ստիպում էր անգործության մատնվել. և հետևաբար, հիմնվելով ինչ-որ ուրվական պատրանքների վրա, ես ինքս էի խանգարում իմ հոգևոր աճին: Եվ այդպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև ես պատրաստակամություն զգացի վերցնելու թուղթ ու մատիտ:

Հոկտեմբերի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԵՆ ՕՐ ՀԵՏԵՎԵԼ

Շարունակեցինք ինքնավերլուծությունը…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 100 / Twelve Steps and Twelve Traditions, p. 88)

Տասներորդ Քայլի հոգևոր աքսիոման այսպիսին է. ամեն անգամ, երբ մենք վշտացած ենք, ապա, անկախ պատճառից, ինչ-որ բանում մեղավոր ենք նաև ինքներս: Բացառություններ չեն լինում: Որքան էլ անխոհեմ թվան ուրիշ մարդիկ, իմ բացասական արձագանքի համար պատասխանատվություն եմ կրում միայն ես: Ինչ էլ որ կատարվի շուրջս, այն ամենի համար, ինչ կատարվում է իմ ներսում, պատասխանատու եմ ես: Հենց ես եմ ստեղծում իմ սեփական իրականությունը: Ամենօրյա ինքնավերլուծություն իրականացնելու գործընթացում ես գիտակցում եմ, որ պետք է դադարեմ դատապարտել մարդկանց: Եթե ես դատապարտում եմ նրանց, ապա, հավանաբար, դատապարտում եմ նաև ինքս ինձ: Նա, ով ամենաշատն է ինձ վշտացրել, հենց նա է իմ լավագույն ուսուցիչը: Այս իրավիճակում շատ բան կա, որից ես պետք է սովորեմ, և իմ սրտում ես պետք է շնորհակալ լինեմ այդ մարդուն:

Հոկտեմբերի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԵՆՕՐՅԱ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

…և երբ սխալներ էինք գործում, անմիջապես ընդունում էինք դա:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 57 / Alcoholics Anonymous, p. 59)

Ես մոտենում էի նոր սթափ կյանքին ինձ համար անսովոր էնտուզիազմով: Ի հայտ էին գալիս նոր ընկերներ, վերականգնվում էին նախկինում քանդված հարաբերությունները: Կյանքը դառնում էր հետաքրքիր, և ինձ անգամ սկսեց դուր գալ իմ աշխատանքը: Ես այնքան համարձակվեցի, որ զեկուցագիր գրեցի մեր որոշ հաճախորդների նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայության մասին:

Շուտով գործընկերս ասաց, որ իմ ղեկավարը վշտացած է. ես զեկուցագիրը ներկայացրել էի վերադաս ղեկավարությանը՝ «շրջանցելով նրան», և դա նրան դժվարին կացության մեջ էր գցել: Ես հասկացա, որ խնդիրն առաջացել է իմ զեկուցագրի պատճառով, և ինձ պատասխանատու համարեցի ղեկավարի դժվարությունների համար: Ինձ հետ այս իրավիճակը քննարկելիս գործընկերս փորձում էր ինձ համոզել, որ ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա: Բայց ես շուտով եկա այն եզրակացության, որ պետք է ինչ-որ բան անեմ՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվի ամեն ինչ: Ես գնացի ղեկավարի մոտ և ինձ վրա վերցրի նրա դժվարությունների պատասխանատվությունը: Նա, պետք է ասել, շատ զարմացավ: Մեր հանդիպման արդյունքն անսպասելի էր. մենք կարողացանք պայմանավորվել ապագայում ավելի անկեղծ և արդյունավետ համագործակցության մասին:

Հոկտեմբերի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՈԳԵՎՈՐ ԱՔՍԻՈՄԱ

…և երբ սխալներ էինք գործում, անմիջապես ընդունում էինք դա:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 102 / Twelve Steps and Twelve Traditions, p. 90)

Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ Տասներորդ Քայլի հոգևոր աքսիոման, մինչև որ տեղի չունեցավ հետևյալը: Ես նստած էի ննջասենյակում և կարդում էի: Արդեն ուշ էր, և հանկարծ բակում հաչացին իմ շները: Հարևաններին նրանց հաչոցը, բնականաբար, դուր չի գալիս, և նրանք չեն էլ թաքցնում դա: Եվ ես անմիջապես, չարության, ամոթի և վախի խառը զգացումով, շներին տուն կանչեցի: Որոշ ժամանակ անց իրավիճակը կրկնվեց:

Բայց շնորհիվ այն բանի, որ այդ պահին ես հաշտ էի ինքս իմ հետ, ինձ հաջողվեց ընդունել իրավիճակն այնպես, ինչպես որ կա: Շները հաչելու են… և ես կամացուկ կանչեցի նրանց: Երկու դեպքերն էլ ինձ սովորեցրին, որ եթե մարդը հայտնվում է նմանատիպ իրավիճակներում և տարբեր կերպ է արձագանքում դրանց, ապա նշանակում է՝ կարևորը ոչ թե բուն իրադարձությունն է, այլ մարդու հոգեվիճակը: Զգացմունքները գալիս են ներսից, այլ ոչ թե կախված են արտաքին հանգամանքներից: Երբ իմ հոգեվիճակը դրական է, ապա ես էլ դրական եմ արձագանքում:

Հոկտեմբերի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԱՐԳԻ ԲԵՐ ՔԵԶ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒՐԻՇԻՆ

Եթե ինչ-որ մեկը վիրավորել է մեզ և մեզ ցավոտ է, ապա դա նույնպես մատնանշում է թերություն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 102 / Twelve Steps and Twelve Traditions, p. 90)

Ինչպիսի՜ ազատություն ես զգացի, երբ ինձ մատնանշեցին այս բառերը: Հանկարծ ես հասկացա, որ կարող եմ ինչ-որ բան անել իմ չարության հետ: Ես կարող եմ ինձ կարգի բերել, փոխանակ նրանց իրենց տեղը դնելու: Ես համոզված եմ, որ այս դրույթից բացառություններ չկան:
Երբ ես բարկանում եմ, իմ զայրույթը միշտ եսասիրական է: Ես պետք է անընդհատ հիշեցնեմ ինքս ինձ, որ ես պարզապես մարդ եմ և անում եմ այն ամենը, ինչ իմ ուժերի ներածին չափով է, նույնիսկ եթե, ի վերջո, այդ «ամենը» պարզվում է անբավարար է: Ուստի ես խնդրում եմ Աստծուն հեռացնել իմ զայրույթը և իսկապես ազատել ինձ:

Հոկտեմբերի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ

Եթե ինչ-որ մեկը վիրավորել է մեզ և մեզ ցավոտ է, ապա դա նույնպես մատնանշում է թերություն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 103 / Twelve Steps and Twelve Traditions, p. 91)

Աշխատանքի գնալն ինձ ժամանակ է տալիս ինքնավերլուծության համար: Այսպես, մի անգամ, նման ուղևորության ժամանակ ես սկսեցի վերլուծել իմ առաջընթացը սթափության մեջ և հաճույք չստացա տեսածիցս: Ես հուսով էի, որ աշխատանքային օրվա ընթացքում այս տագնապալի մտքերը կմոռացվեն, բայց որքան մի անախորժությանը հաջորդում էր մյուսը, իմ վրդովմունքը միայն ուժեղանում էր, իսկ ներքին լարվածությունն աճում էր: Ես առանձնացա ճաշարանում և հարցրի ինքս ինձ, թե ինչպես կարող եմ լավագույնս օգտագործել օրվա մնացած մասը:

Անցյալում, երբ ինչ-որ բան այնպես չէր լինում, ինչպես ես էի ուզում, ես բնազդաբար «նետվում էի մարտի»: Բայց այն կարճ ժամանակահատվածում, որ ես ԱԱ Ծրագրում եմ, արդեն սովորել եմ, թե ինչպես նահանջել և ինքս ինձ կողքից նայել: Ես ընդունեցի, որ, թեև ես այնպիսին չեմ, ինչպիսին կուզենայի լինել, բայց, այնուամենայնիվ, արդեն սովորել եմ չարձագանքել այնպես, ինչպես նախկինում: Վարքագծի հին մոդելները և՛ ինձ, և՛ մարդկանց միայն վիշտ ու ցավ էին բերում: Ես վերադարձա աշխատավայր՝ տրամադրված այս օրն օգտակար դարձնելուն, և շնորհակալություն հայտնեցի Աստծուն հոգեպես աճելու ինձ տրված այսօրվա հնարավորության համար:

Հոկտեմբերի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԱՆՁԵԼ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երբ մենք խոսում կամ գործում ենք հապշտապ, խելամիտ և համբերատար լինելու մեր կարողությունն ակնթարթորեն անհետանում է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 103 / Twelve Steps and Twelve Traditions, p. 91)

Խոհեմությունն ու հանդուրժողականությունը այն նպատակներն են, որոնց ես պետք է ձգտեմ ամեն օր: Ես խնդրում եմ Աստծուն, ինչպես ես եմ Նրան հասկանում, օգնել ինձ լինել սիրող և հանդուրժող և՛ իմ մտերիմների, և՛ նրանց հանդեպ, ովքեր անընդհատ շրջապատում են ինձ: Ես խնդրում եմ Նրա առաջնորդությունը, որպեսզի ժամանակին «կծեմ լեզուս», երբ գրգռված եմ, կանգ առնեմ և մտածեմ այն հոգեկան հուզմունքի մասին, որն իմ խոսքերը կարող են առաջացնել ոչ միայն այլ մարդկանց, այլև ինքս իմ մեջ: Աղոթքը, խորը մտորումները և ինքնավերլուծությունը ողջախոհության և դրական գործողությունների բանալիներն են:

Հոկտեմբերի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Շարունակեք հետևել նրան, որ նորից չհայտնվեն այնպիսի գծեր, ինչպիսիք են եսասիրությունը, անազնվությունը, վիրավորանքներն ու վախը: Եթե դրանք հայտնվեն, պետք է խնդրել Աստծուն ազատել մեզ դրանցից: Պետք է անհապաղ քննարկել դա ինչ-որ մեկի հետ և փորձել առանց հապաղելու ազատվել այդ հատկանիշներից: Եթե մենք նեղացրել ենք ինչ-որ մեկին, պետք է անհապաղ ներողություն խնդրել և հաշտվել: Հետո մենք մտքով դիմում ենք նրան, ում կարող ենք օգնել:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 84)

Անհապաղ ընդունել սեփական սխալ մտքերն ու արարքները դժվար խնդիր է մարդկանց մեծամասնության համար, իսկ ինձ նման ապաքինվող ալկոհոլիկի համար այն կրկնակի բարդ է՝ եսասիրության, վախի և հպարտության հանդեպ իմ հակվածության պատճառով: Ազատությունը, որն ինձ առաջարկում է ԱԱ Ծրագիրը, դառնում է էլ ավելի մեծ, երբ մշտական վերագնահատումների միջոցով ես ընդունում և պատասխանատվություն եմ կրում իմ մտքերի և գործերի համար: Այդ ժամանակ ինձ հաջողվում է ավելի խորը և ճիշտ հասկանալ խոնարհությունը: Իմ մեղքն ընդունելու իմ պատրաստակամությունը նպաստում է իմ հոգևոր աճին և օգնում է ինձ ավելի լավ հասկանալ ուրիշներին ու օգտակար լինել նրանց:

Հոկտեմբերի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿՅԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ

Երբ մենք պառկում ենք քնելու, մտովի գնահատում ենք ապրած օրը… Առավոտյան արթնանալով՝ պետք է մտածել կյանքի գալիք 24 ժամվա մասին… Օրվա հենց սկզբում մենք խնդրում ենք Աստծուն մեր մտքերն ուղղորդել ճիշտ հունով, զերծ պահել մեզ ինքնախղճահարությունից, անազնվությունից, շահամոլությունից:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 84–85 / Alcoholics Anonymous, p. 86)

Ինձ չէր հերիքում հոգեկան անդորրը: Գործերը միշտ ավելին էին լինում, քան հնարավոր էր թվում անել: Եվ որքան էլ ես փորձում էի, հետ էի մնում ավելի ու ավելի: Տագնապը երեկվա չարածի համար և վախը վաղվա վերջնաժամկետի առաջ ինձ զրկում էին հանգստությունից, որն անհրաժեշտ է ամենօրյա արդյունավետ աշխատանքի համար: Նախքան Տասներորդ և Տասնմեկերորդ Քայլերն անելը ես սկսեցի կարդալ վերը բերվածի նման հատվածներ: Ես փորձում էի կենտրոնանալ Աստծո կամքի վրա, այլ ոչ թե իմ խնդիրների, և հավատալ, որ Նա կկարգավորի իմ օրը: Դա աշխատեց: Դանդաղ, բայց աշխատեց:

Հոկտեմբերի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔՈ ՑՈՒՑԱԿԸ

Մեր զայրույթի արդյունքը՝ խայթող բամբասանքը, համբավը խարխլելու միջոցով սպանության այս քաղաքավարի ձևը, այն նույնպես ունակ է բավարարվածություն բերել: Ընդ որում, մենք չենք փորձում օգնել նրանց, ում քննադատում ենք. մենք ձգտում ենք ինքնահաստատվել:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 77–78 / Twelve Steps and Twelve Traditions, p. 67)

Երբեմն ես չեմ գիտակցում, որ բամբասել եմ, մինչև որ գա երեկոն և ես չսկսեմ վերլուծել իմ արարքներն օրվա ընթացքում: Այդ ժամանակ այս բամբասանքը մթագնում է ողջ հիանալի ապրած օրը: Ինչպե՞ս կարող էի ես նման բան ասել: Բամբասանքն իր այլանդակ դեմքը ցույց է տալիս ճաշի ընդմիջման կամ աշխատակիցների հետ մի գավաթ սուրճի ժամանակ: Ես բամբասում եմ նաև երեկոյան, երբ ցերեկվա աշխատանքներից հոգնած՝ արդարացված եմ համարում ինձ բարձրացնել ինչ-որ մեկի հաշվին:

Բամբասանքների նման բնավորության թերությունները թափանցում են իմ կյանք, եթե իմ ապաքինման համար ես չեմ աշխատում Տասներկու Քայլերով: Ես պետք է հիշեցնեմ ինձ, որ իմ յուրահատկությունն ինձ շնորհված ողորմություն է, և դա հավասարապես վերաբերում է բոլոր նրանց, ում հետ ես շփվում եմ: Միակ գույքագրումը, որը ես այսօր պետք է անեմ, իմ սեփականն է: Ուրիշներին դատելը ես կփոխանցեմ Գերագույն Դատավորին՝ Աստվածային Նախախնամությանը:

Հոկտեմբերի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դա մեկ օրում չի լինում: Սա խնդիր է ողջ մնացած կյանքի համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 82 / Twelve Steps and Twelve Traditions, p. 84)

ԱԱ-ում իմ գտնվելու առաջին տարիներին ես ընկալում էի Տասներորդ Քայլը որպես խորհուրդ՝ պարբերաբար հետևելու իմ պահվածքին և իմ արձագանքին մարդկանց և հանգամանքներին: Եթե ինչ-որ բան այնպես չէր, նշանակում է՝ ես պետք է ընդունեի դա, եթե պետք էր ներողություն խնդրել, ապա այդպես էլ պետք է լիներ: Սթափության մի քանի տարի անց ես զգացի, որ պետք է ավելի հաճախ զբաղվեմ ինքնավերլուծությամբ: Եվ միայն սթափ կյանքի ևս մի քանի տարի անց ես գիտակցեցի Տասներորդ Քայլի և «շարունակում էինք» բառի ամբողջական իմաստը: «Շարունակում էինք» չի նշանակում ժամանակ առ ժամանակ կամ հաճախ: Դա նշանակում է՝ ամբողջ օրվա ընթացքում, և այդպես՝ ամեն օր:

Հոկտեմբերի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՆԴՐԵԼ ԱՄԵՆ ՕՐ

Ամեն օր մենք պետք է մեր գործողությունների մեջ մտցնենք Աստծո կամքի գաղափարը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 85)

Ինչպե՞ս եմ ես պահպանում իմ հոգևոր վիճակը: Ինձ համար դա պարզ է. առավոտյան ես խնդրում եմ իմ Բարձրագույն Ուժին սթափություն պարգևել ինձ գալիք օրվա համար: Ես զրուցել եմ շատ ալկոհոլիկների հետ, ովքեր նորից սկսել են խմել, և միշտ հարցրել եմ նրանց. «Արդյո՞ք դու աղոթել ես սթափության համար այն օրը, երբ խմեցիր առաջին բաժակը»: Նրանցից ոչ մեկը չպատասխանեց «այո»: Աշխատելով Տասներորդ Քայլով և ամեն օր փորձելով պահել «իմ տունը» կարգուկանոնի մեջ՝ ես գիտեմ, որ եթե խնդրեմ տարկետում մեկ օրով, կստանամ այն:

Հոկտեմբերի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Իսկական խոնարհությունը և անկողմնակալ վերաբերմունքը կարող են մեզ հասցնել հավատքի…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 40 / Twelve Steps and Twelve Traditions, p. 33)

Իմ ալկոհոլային մտածելակերպը համոզում էր ինձ, որ ես կարող եմ վերահսկել ոգելից խմիչքի օգտագործումը: Բայց ես չէի կարող: Երբ ես եկա ԱԱ, հասկացա, որ խմբի միջոցով ինձ հետ խոսում է Աստված: Իմ բանականությունը բավականաչափ բաց էր հասկանալու համար, որ ես Նրա օգնության կարիքն ունեմ: Ավելի շատ ժամանակ պահանջվեց ԱԱ-ի ճշմարիտ, ազնիվ ընդունման համար, բայց դրա հետ եկավ և խոնարհությունը: Այժմ ես գիտեմ, թե որքան խելագար էի, և անսահման երախտապարտ եմ ինձ վերադարձված ողջախոհության և սթափ ալկոհոլիկ լինելու հնարավորության համար: ԱԱ-ի հետ, նորացված և սթափ, ես այսօր շատ ավելի լավն եմ, քան երբևէ եղել եմ առանց ԱԱ-ի:

Հոկտեմբերի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԱ-Ի «ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԸ»

Այն սկզբունքը, համաձայն որի մենք չենք գտնի որևէ հուսալի հենարան, քանի դեռ չենք ընդունել լիակատար պարտություն, այն արմատն է, որի հիման վրա ծնվել և ծաղկել է մեր Ընկերակցությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 27 / Twelve Steps and Twelve Traditions, p. 21–22)

Ես ջախջախված էի և գիտեի այդ մասին, երբ առաջին անգամ մտա ԱԱ-ի դռներով: Ես մենակ էի և վախենում էի անհայտությունից: Ինչ-որ արտաքին ուժ ինձ բարձրացրեց անկողնուց, ուղղորդեց դեպի հեռախոսային տեղեկատու, հետո ավտոբուսի կանգառ և դեպի ԱԱ-ի դռներ: Հայտնվելով ԱԱ-ում՝ ես զգացի, որ ինձ սիրում և ընդունում են, ինչը չէի զգացել վաղ մանկությունից ի վեր: Թող ինձ երբեք չլքի ուրախալի զարմանքի զգացումը, որն ապրեցի ԱԱ-ի իմ առաջին երեկոյան՝ իմ ողջ կյանքի մեծագույն իրադարձության երեկոյան:

Հոկտեմբերի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԽԻԹԱՐԱՆՔ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ

Պարզ է, որ հավատքից հեռացածը գտնվում է ծայրահեղ շփոթության վիճակում: Նա մտածում է, որ իրեն այլևս չի վիճակված գտնել որևէ համոզմունք: Նա չի կարող հասնել հավատացյալի, ագնոստիկի կամ աթեիստի համոզվածության նույնիսկ չնչին աստիճանի: Նա պարզապես շփոթված է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 35 / Twelve Steps and Twelve Traditions, p. 28)

ԱԱ-ում գտնվելուս առաջին տարիներին ես պայքարում էի Աստծո գաղափարի հետ: Իմ երևակայության մեջ դեռևս ամուր էին անցյալիցս եկած պատկերացումները՝ լի վախով, մերժվածությամբ և դատապարտումով: Հետո իմ ընկեր Էդը պատմեց ինձ Բարձրագույն Ուժի մասին իր հասկացողությունը: Մանկության տարիներին նրան թույլ էին տալիս լակոտներ պահել պայմանով, որ նա ինքը կխնամի և կմաքրի նրանց հետևից: Ամեն առավոտ խոհանոցի հատակին նա գտնում էր անխուսափելի լակոտային «թափոններ»: Չնայած գրգռվածությանը, ասում էր Էդը, նա երբեք չէր բարկանում, քանի որ «այդպիսին է լակոտների բնույթը»: Էդը կարծում է, որ Աստված մեր թերություններին և անկատարությանը նայում է նույնպիսի հասկացողությամբ և ջերմությամբ: Հաճախ, ինչ-որ բանից դժգոհ, ես մխիթարություն եմ գտնում Աստծո այն հանգստացնող պատկերացման մեջ, որն ուներ Էդը:

Հոկտեմբերի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՃՈՒՄ

Պարզ է, որ հավատքից հեռացածը գտնվում է ծայրահեղ շփոթության վիճակում: Նա մտածում է, որ իրեն այլևս չի վիճակված գտնել որևէ համոզմունք: Նա չի կարող հասնել հավատացյալի, ագնոստիկի կամ աթեիստի համոզվածության նույնիսկ չնչին աստիճանի: Նա պարզապես շփոթված է:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 10)

Տասներորդ Քայլով աշխատանքի ընթացքում ձեռք բերված ինքնակարգապահության և ինտուիցիայի շնորհիվ ես սկսեցի բավարարվածություն ստանալ իմ սթափությունից, ընդ որում՝ ոչ միայն որպես ալկոհոլից ժուժկալություն, այլ որպես ապաքինում իմ կյանքի բոլոր ոլորտներում: Վերածնվում են հույսն ու հավատքը, վերադառնում են արժանապատվության և ինքնահարգանքի զգացումները: Ես ինձ համար բացահայտեցի «և» բառը հետևյալ արտահայտության մեջ. «…և երբ սխալներ էինք գործում, անմիջապես ընդունում էինք դա»: Համոզվելով, որ ես միշտ չէ, որ մոլորվում եմ, ես սովորում եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, բայց արդեն այն մարդու դիրքորոշումից, ով ճանաչել է սթափության և հոգեկան անդորրի հրաշքը:

Հոկտեմբերի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի վերջո, մենք տեսնում ենք, որ բոլոր մարդիկ, ներառյալ մենք, ինչ-որ չափով էմոցիոնալ առումով անհավասարակշիռ են և հաճախ սխալվում են: Եվ այստեղ մենք ընդհուպ մոտենում ենք իսկական հանդուրժողականության և մարդկանց հանդեպ իսկական սիրո իմաստի ըմբռնմանը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 104–105 / Twelve Steps and Twelve Traditions, p. 92)

Ինձ մտքով անցավ, որ բոլոր մարդիկ ինչ-որ չափով էմոցիոնալ հիվանդ են: Իսկ ինչպե՞ս այլ կերպ: Մեզանից ո՞վ է հոգեպես կատարյալ: Իսկ էմոցիոնա՞լ: Իսկ ֆիզիկապե՞ս: Ուստի մեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան հանդուրժել միմյանց և վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես մենք ենք ուզում, որ վերաբերվեն մեզ: Սա էլ հենց իսկական սերն է:

Հոկտեմբերի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԱՄԵՆԻՑ ԼԱՎ

«Եթե դու կոշկակար ես, ապա մնա այդպիսին մինչև քո օրերի վերջը»: …ավելի լավ է անել մի բան իսկապես լավ, քան շատ բան՝ վատ: Սա է այս Ավանդույթի կենտրոնական թեման: Դրա շնորհիվ ձևավորվում է մեր Ընկերակցության միասնությունը: ԱԱ-ի բուն գոյությունը պահանջում է այս սկզբունքի պահպանումը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 168 / Twelve Steps and Twelve Traditions, p. 150)

ԱԱ-ի ճակատագիրը կախված է միասնությունից: Ի՞նչ կպատահեր, եթե, ասենք, խումբը որոշեր դառնալ զբաղվածության բյուրո, բուժական կենտրոն կամ սոցիալական օգնության գործակալություն: Չափազանց լայն մասնագիտացումը հանգեցնում է ընդհանրապես որևէ մասնագիտացման կորստի, ջանքերի փոշիացման և ի վերջո՝ անկման: Ես սովորել եմ կիսվել նորեկների հետ և՛ իմ ապրումներով, և՛ ապաքինման մեթոդներով:

ԱԱ-ի հիմնական նպատակին հավատարմությունն ապահովում է սթափության հրաշալի պարգևի անվտանգությունը, և ուստի ինձ վրա հսկայական պատասխանատվություն է ընկած: Միլիոնավոր ալկոհոլիկների կյանքը սերտորեն կապված է իմ ունակության հետ՝ «հասցնելու մեր գաղափարների իմաստը դեռևս տառապող ալկոհոլիկին»:

Հոկտեմբերի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ՀԱՎԱՏՔՈՎ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

Մեր Ընկերակցության կառուցվածքը ձևավորվել է պրակտիկայի բովում… Այդպես եղավ և ԱԱ Ընկերակցության դեպքում: Հավատքը և գործունեությունը դարձան մեր ձեռք բերած հսկայական փորձի հիմքը: Այն ապրում է Անանուն Ալկոհոլիկների Տասներկու Ավանդույթներում, որոնք Աստծո օգնությամբ կպահպանեն մեր միասնությունը այնքան ժամանակ, քանի դեռ մենք պետք ենք Նրան:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 145–146 / Twelve Steps and Twelve Traditions, p. 131)

Աստված ինձ սխալվելու իրավունք տվեց, որպեսզի մեր Ընկերակցությունը գոյություն ունենա այնպիսին, ինչպիսին այն կա հիմա: Եթե իմ կյանքում ես առաջին տեղում դնեմ Աստծո կամքը, ապա ամենայն հավանականությամբ ԱԱ-ն, ինչպիսին ես այն գիտեմ հիմա, ապագայում էլ անփոփոխ կմնա:

Հոկտեմբերի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԱ-Ի ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԸ

Առանց միասնության ԱԱ-ի սիրտը կդադարի բաբախել…

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 125)

Առանց միասնության ես չէի կարողանա ապաքինվել ԱԱ-ում օրեցօր: Հավատարիմ մնալով միասնության սկզբունքին իմ խմբում, ԱԱ-ի այլ անդամների հետ և այս մեծ Ընկերակցության բոլոր մակարդակներում՝ ես հստակ գիտակցում եմ, որ հանդիսանում եմ Աստծո կամքով ստեղծված հրաշքի մի մասը: Բիլլ Վ.-ի և դոկտոր Բոբի՝ համատեղ աշխատելու և ԱԱ-ի մյուս անդամների հետ կիսվելու ունակությունն ինձ ասում է, որ տալ նշանակում է պահպանել: Միասնությունը ամբողջականություն է, իսկ Ընկերակցությունը բոլորիս համար է:

Հոկտեմբերի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր խմբի գործերում կա միայն մեկ բարձրագույն հեղինակություն՝ սիրող Աստված, ով ընկալվում է մեր կողմից այն ձևով, որով Նա կարող է հայտնվել մեր խմբային գիտակցության մեջ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 147 / Twelve Steps and Twelve Traditions, p. 132)

Երբ ԱԱ-ի իմ եղբայրներն ընտրում են ինձ որոշակի փոքր պարտականություններ կատարելու համար, ես խնդրում եմ Աստծուն շնորհել ինձ համբերություն, անկողմնակալություն և պատրաստակամություն՝ լսելու նրանց, ում ինձ վստահված է ղեկավարել: Ես պարտավոր եմ հիշել, որ ես ընդամենը վստահությամբ օժտված կատարող եմ, այլ ոչ թե «կառավարիչ», ոչ թե «ուսուցիչ» և ոչ թե «հրահանգիչ»: Աստված ուղղորդում է իմ խոսքերն ու արարքները, իսկ ես պատասխանատու եմ Նրա առաջարկություններին հետևելու համար: Վստահություն՝ ահա իմ նշանաբանը: Ես վստահում եմ նրանց, ովքեր ղեկավարում են: Մեր Ընկերակցությունում ամեն ինչ ղեկավարելու բոլոր լիազորությունները տրված են բարձրագույն հեղինակությանը՝ Աստծուն:

Հոկտեմբերի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԻՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Մեր խմբի գործերում կա միայն մեկ բարձրագույն հեղինակություն՝ սիրող Աստված, ով ընկալվում է մեր կողմից այն ձևով, որով Նա կարող է հայտնվել մեր խմբային գիտակցության մեջ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 169 / Twelve Steps and Twelve Traditions, p. 151)

ԱԱ-ի ուժը կայանում է աշխարհի ցանկացած անկյունում յուրաքանչյուր անդամի և յուրաքանչյուր խմբի ցանկության մեջ՝ կիսվելու այլ ալկոհոլիկների հետ իրենց ապրումներով և սթափություն ձեռք բերելու ու պահպանելու քայլերով: Պահպանելով գիտակցված կապն իմ Բարձրագույն Ուժի հետ՝ ես դրանով իսկ խորացնում եմ իմ հավատքն առ այն, որ ինձ կբավարարեն ուժերը՝ կյանքի կոչելու այլ ալկոհոլիկներին օգնելու իմ ցանկությունը: Իսկ դա իր հերթին կապահովի ԱԱ հրաշալի եղբայրության կյանքի շարունակությունը:

Հոկտեմբերի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՈՉ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՉԽԱԽՏՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Մենք գտնում ենք, որ Ընկերակցության պահպանումը և նրա գործունեության ընդլայնումը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան այն ներդրումը, որը մենք միասին կարող էինք անել հանուն որևէ գործի պայքարում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 169 / Twelve Steps and Twelve Traditions, p. 177)

Որքա՜ն շատ բան է ինձ համար նշանակում այն, որ ոչ մեկի կողմից չխախտված Ավանդույթը, որը գոյություն ունի արդեն ավելի քան հիսուն տարի, անտեսանելի թելով կապում է ինձ Բիլլ Վ.-ի և դոկտոր Բոբի հետ: Որքա՜ն խիստ եմ ես համոզված Ընկերակցությունում մնալու իմ ցանկության մեջ, որի նպատակները մշտական են և անսասան: Ես երախտապարտ եմ նրա համար, որ ԱԱ-ի էներգիան երբեք չի փոշիացել, այլ կենտրոնացել է Ընկերակցության անդամների և նրանցից յուրաքանչյուրի սթափության վրա:

Իմ համոզմունքներն այն են, ինչն ինձ մարդ է դարձնում: Ես ազատ եմ ունենալու սեփական կարծիք, բայց ԱԱ-ի նպատակը, որն այդքան հստակ ձևակերպվել է ավելի քան կես դար առաջ, իմ սթափությունը պահպանելն է: Հանուն այս նպատակի իրագործման շուրջօրյա անցկացվում են ժողովներ, հազարավոր կամավորներ աշխատում են հազարավոր բյուրոներում և ծառայություններում: Նման խոշորացույցով կենտրոնացած արևի ճառագայթներին՝ ԱԱ-ի միացյալ հայացքը վառել է սթափության հանդեպ հավատքի կրակը միլիոնավոր սրտերում, այդ թվում և իմ:

Հոկտեմբերի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ

Քանի որ ալկոհոլիզմից ազատվելը մեզ համար կյանքի բովանդակությունն է, կարևոր է, որ մենք լիարժեք ուժով պահպանենք մեր գոյատևման միջոցը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 197 / Twelve Steps and Twelve Traditions, p. 177)

ԱԱ անդամների կողմից ժողովներին դրսևորվող ազնվությունն օժտված է իմ սիրտը բացելու զորությամբ: Ոչինչ չի կարող կանգնեցնել էներգիայի հոսքը, որն իր հետ բերում է ազնվությունը: Այս հոսքի միակ խոչընդոտը հարբած վիճակն է, բայց նույնիսկ այդ ժամանակ ոչ ոք մարդու երեսին դուռը չի շրխկացնի, եթե նա ցանկանա վերադառնալ: Սթափության պարգևն ստանալու հենց այն պահից՝ ԱԱ-ի յուրաքանչյուր անդամ կանգնած է ազնվության Ծրագիրն ամեն օր ընդունելու անհրաժեշտության առաջ: Իմ Բարձրագույն Ուժն ստեղծել է ինձ կյանքում ինչ-որ նպատակի համար: Ես խնդրում եմ Նրան ընդունել իմ ազնիվ ջանքերը՝ շարունակելու իմ ճանապարհորդությունը հոգևոր ուղիով: Ես խնդրում եմ Նրան ինձ ուժ տալ՝ լսելու և ճանաչելու Իր կամքը:

Հոկտեմբերի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊՐԻՐ ԵՎ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԱՊՐԵԼ

ԱԱ-ի հիմնադրման պահից ի վեր կազմակերպությունում ոչ մի անգամ պառակտում չի եղել որևէ վիճելի հարցի պատճառով: Մեր Ընկերակցությունը երբեք հրապարակայնորեն չի կանգնել կողմերից մեկի դիրքորոշման վրա մեր թշնամացող աշխարհում: Սա չի կարելի համարել ձեռք բերված առաքինություն: Կարելի է ասել, որ մեր Ընկերակցությունը ծնվել է այս հատկանիշով… «Քանի որ մենք այս վեճերը չենք վարում մասնավոր զրույցներում, մենք հաստատապես չենք վարի դրանք հրապարակայնորեն»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 196 / Twelve Steps and Twelve Traditions, p. 176)

Հիշո՞ւմ եմ արդյոք ես, որ ունեմ սեփական կարծիքի իրավունք, բայց որ այլ մարդիկ բոլորովին պարտավոր չեն այն կիսել: Հենց սրանում է կայանում «Ապրիր և թույլ տուր ուրիշներին ապրել» նշանաբանի հոգևոր իմաստը: Հոգեկան անդորրի աղոթքը հիշեցնում է ինձ Աստծո օգնությամբ «ընդունել այն, ինչն ի վիճակի չեմ փոխել» անհրաժեշտության մասին: Միգուցե ես դեռ փորձո՞ւմ եմ փոխել ուրիշներին: Երբ բանը հասնում է «այն փոխելու արիությանը, ինչը կարող եմ», հիշո՞ւմ եմ արդյոք ես, որ իմ հայացքներն իմ հայացքներն են, իսկ ձերը՝ ձերը:

Վախենո՞ւմ եմ արդյոք ես, ինչպես առաջ, լինել ինքս ինձնով: Երբ խոսքը վերաբերում է «իմաստությանը՝ տարբերելու մեկը մյուսից», հիշո՞ւմ եմ արդյոք ես, որ իմ հայացքները բխում են իմ փորձից: Արդյո՞ք ես չեմ ընդունում ամենագետի կեցվածք, երբ ինձ ուղղակի ուզում է առարկել հակառակվելու ոգուց դրդված:

Հոկտեմբերի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՈՒՍԱՓԵԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Պատմությունը մեզ բավականաչափ օրինակներ է տալիս մրցակցող ազգերի և պայքարող խմբավորումների, որոնք ի վերջո կործանվեցին, որովհետև ստեղծված էին մրցակցության համար կամ ներքաշվեցին դրա մեջ: Մյուսները փլուզվեցին կատարյալ ինքնագոհության պատճառով՝ փորձելով մարդկության մնացած մասին պարտադրել «ոսկե դար» իրենց հատուկ ընկալմամբ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 196–197 / Twelve Steps and Twelve Traditions, p. 176)

Որպես ԱԱ անդամ և հովանավոր՝ ես գիտեմ, որ կարող եմ իրական վնաս պատճառել, եթե տրվեմ գայթակղությանը խորհուրդներ տալու որևէ մեկին բժշկական, նյութական կամ կրոնական խնդիրների վերաբերյալ: Ես բժիշկ չեմ, խորհրդատու չեմ և փաստաբան չեմ: Ես չպետք է ոչ մեկին թելադրեմ, թե ինչպես նա պետք է ապրի: Սակայն ես կարող եմ կիսվել այն բանով, թե ինչպես եմ գլուխ հանել նմանատիպ իրավիճակներից առանց ալկոհոլի, և թե ինչպես են ԱԱ-ի Քայլերն ու Ավանդույթներն օգնում ինձ հաղթահարել կյանքը:

Նոյեմբերի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ ՔԱՄՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Վտանգ կա, որ լքելով ողջ հոգևոր ծրագիրը՝ մենք, այսպես ասած, կննջենք դափնիների վրա: Այդ ժամանակ մեզ առջևում փորձանք է սպասում, որովհետև ալկոհոլը նենգ թշնամի է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Alcoholics Anonymous, p. 85)

Իմ առաջին հովանավորն ասում էր, որ աղոթքի և խորը մտորումների մասին պետք է հիշել հետևյալը. նախ՝ պետք է սկսել, և երկրորդ՝ պետք է շարունակել: Ես եկա ԱԱ հոգևորապես սնանկացած: Եթե ես դիմում էի Աստծուն, ապա միայն այն ժամանակ, երբ որևէ խնդիր լուծելու համար իմ սեփական կամքի ուժը չէր հերիքում կամ երբ ինձ պատում էր համապարփակ վախը:

Այսօր ես երախտապարտ եմ նոր կյանքի համար, որում իմ աղոթքները երախտագիտության աղոթքներ են: Աղոթելիս ես ավելի շատ լսում եմ, քան խոսում: Այսօր ես գիտեմ, որ եթե չեմ կարող փոխել քամու ուղղությունը, ապա ճիշտ տեղադրել առագաստն ի վիճակի եմ: Ես գիտեմ սնահավատության և հոգևորության միջև եղած տարբերությունը: Ես գիտեմ, որ գոյություն ունի ճշմարտության շնորհալի ճանապարհ և ստի բազմաթիվ ճանապարհներ:

Նոյեմբերի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՀՊԱՆԵԼ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Մյուս Քայլերն օգնում են մեզ մնալ սթափ և ինչ-որ կերպ դիմանալ: Իսկ Տասնմեկերորդ Քայլն օգնում է մեզ հոգեպես աճել…

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 240)

Սթափ ալկոհոլիկի համար զգալիորեն ավելի հեշտ է պահպանել կենսական լավատեսությունը: Իմ լավատեսությունը դրա բնական արդյունքն է, որ ես աստիճանաբար սովորել եմ քաղել ինձ համար յուրաքանչյուր իրավիճակից լավագույնը, այլ ոչ թե վատագույնը: Իմ ֆիզիկական սթափության շարունակվելուն զուգընթաց ես դուրս եմ գալիս մշուշից, ձեռք եմ բերում ավելի հստակ հեռանկար և ունակություն՝ հասկանալու, թե որ ուղղությամբ շարժվել:

Բայց ոչ պակաս, քան ֆիզիկական սթափությունը, ինձ համար կարևոր է նաև ավելի մեծ հոգևոր ներուժի հասնելու հնարավորությունը: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ես զարգացնում եմ իմ պատրաստակամությունը՝ մշտապես օգտագործելու Բարձրագույն Ուժի առաջնորդությունն ու օգնությունը: Այդպիսի ունակությունը բխում է ԱԱ Ծրագրի սկզբունքների ուսումնասիրությունից և գործնականում կիրառելուց: Ֆիզիկական և հոգևոր սթափության համադրությունը կազմում է կյանքի հանդեպ դրական մոտեցման էությունը:

Նոյեմբերի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԵՎ ԼՍԵԼ

Գոյություն ունի ուղիղ կապ ինքնավերլուծության, մեդիտացիայի և աղոթքի միջև: Առանձին վերցրած՝ դրանք շատ օգուտ և թեթևացում են բերում մարդուն:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 111 / Twelve Steps and Twelve Traditions, p. 98)

Եթե ես նախ զբաղվում եմ ինքնավերլուծությամբ, ինձ հաստատ կհերիքի խոնարհությունը աղոթքի և մտորումների համար, որովհետև ես կտեսնեմ և կզգամ դրա անհրաժեշտությունը: Ոմանք նախընտրում են սկսել աղոթքով և ավարտել դրանով՝ ինքնավերլուծությունն ու մեդիտացիան թողնելով ինչ-որ տեղ մեջտեղում: Ուրիշները սկսում են խորը մտորումներով՝ ձգտելով լսել Աստծուց խորհուրդ իրենց թաքնված կամ դեռևս անհայտ թերությունների մասին:

Էլի ինչ-որ մեկը գրավոր կամ բանավոր աշխատում է իր թերությունների վրա՝ ավարտելով երախտագիտության խոսքերով կամ գոհաբանական աղոթքով: Այս երեք բաղադրիչները՝ ինքնավերլուծությունը, խորը մտորումները և աղոթքը, կազմում են մի շրջան՝ առանց սկզբի և առանց վերջի: Անկախ նրանից, թե որտեղ և ինչպես եմ ես սկսում, ի վերջո ես հասնում եմ նպատակակետին՝ լավագույն կյանքին:

Նոյեմբերի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԵՆՕՐՅԱ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

…բայց երբ դրանք [ինքնավերլուծությունը, մեդիտացիան և աղոթքը] տրամաբանորեն միահյուսված են, դրանք կազմում են մարդու կյանքի անքակտելի հիմքը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 111 / Twelve Steps and Twelve Traditions, p. 98)

Ծրագրի վերջին երեք Քայլերով սիրող Աստված սանձում է իմ կամայական բնույթը: Եթե ես երեկոյան հատկացնում եմ գոնե մի քանի րոպե օրվա հիմնական իրադարձությունների դիտարկմանը՝ նշելով և ընդունելով դրա հետ մեկտեղ դրանց ոչ ամենահաճելի ասպեկտները, ապա ես այսպիսով հավաքում եմ իմ անձնական պատմությունը: Իսկ այն խիստ կարևոր է ինքնաճանաչման համար: Ես տեսնում եմ իմ հոգևոր աճը կամ դրա բացակայությունը և, աղոթելով, խնդրում եմ ինձ ազատել ինձ ցավ ու տառապանք պատճառող թերություններից:

Մեդիտացիան և աղոթքը սովորեցնում են ինձ կենտրոնանալու և լսելու արվեստը: Ես զգում եմ, թե ինչպես են հանդարտվում օրվա կրքերը, երբ ես աղոթում եմ Աստծո կամքի և Նրա առաջնորդության համար: Նրան օգնության դիմելը դեպի կատարելություն իմ ձգտման մեջ թույլ է տալիս ինձ նորովի նայել առօրյա կենցաղին: Այժմ ես գիտեմ, որ ցանկացած, իմ կողմից լավ կատարված աշխատանք արժանի է հարգանքի: Ամենօրյա աղոթքն ու մտորումները կարգապահում են ինձ, պահպանում են առողջ հոգեվիճակում՝ պատրաստ դեմ առ դեմ հանդիպելու այն ամենին, ինչ բերում է ինձ օրը, առանց խմելու մասին մտքերի:

Նոյեմբերի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԱՎԱՏՔԻ ՈՐԱԿԸ

Այստեղ բանը հավատքի որակի մեջ է… Եթե չափենք մեծ հաշվով, ապա մենք այդպես էլ չբարեհաճեցինք անցկացնել մեր հոգեկան հատկանիշների լուրջ և խորը քննադատական գնահատական… Մենք անգամ չգիտեինք իսկապես աղոթել: Մենք միշտ ասում էինք. «Կատարիր իմ ցանկությունները» փոխանակ ասելու. «Թող կատարվի Քո կամքը»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 39 / Twelve Steps and Twelve Traditions, p. 32)

Աստված ինձ չի շնորհում նյութական բարիքներ, չի ազատում տառապանքներից ու փորձանքներից: Բայց Նա ինձ տալիս է հոգեկան անդորր և կյանքի դժվարությունների հետ գլուխ հանելու ունակություն: Իմ աղոթքները պարզ են: Նախ՝ նրանցում արտահայտվում է իմ երախտագիտությունն իմ կյանքում եղած ողջ լավի համար, անկախ նրանից, թե որքան դժվարությամբ է դա ինձ տրվել, և, երկրորդ՝ ես խնդրում եմ միայն ուժ և իմաստություն՝ Նրա կամքը կատարելու համար: Նա պատասխանում է իմ խնդիրների լուծմամբ, աջակցելով իմ ունակությանը՝ վերապրելու ամենօրյա անախորժությունները հանգստությամբ, որի մասին ես չէի էլ կասկածում, և ուժով, որը թույլ է տալիս գործնականում կիրառել ԱԱ-ի սկզբունքները առօրյա գործերում:

Նոյեմբերի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՆԱԼ ՀՈՍԱՆՔՈՎ

Ձգտում էինք աղոթքի և մտորումների միջոցով խորացնել շփումն Աստծո հետ, ինչպես մենք հասկանում էինք Նրան…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 109 / Twelve Steps and Twelve Traditions, p. 96)

Առաջին բառերը, որոնք ես արտասանում եմ առավոտյան. «Ես արթնանում եմ, Աստված, կատարելու Քո կամքը»: Սա ամենակարճ աղոթքն է, որը ես գիտեմ, և այն խորը տպվել է իմ գիտակցության և հոգու մեջ: Աղոթքը չի փոխում Աստծո վերաբերմունքն իմ հանդեպ, այն փոխում է իմ վերաբերմունքն առ Աստված: Ի տարբերություն աղոթքի՝ խորը մտորումը լռության ժամանակ է, ժամանակ առանց բառերի: Կենտրոնանալ նշանակում է թոթափել ֆիզիկական լարվածությունը, լինել էմոցիոնալ առումով հանգիստ, կենտրոնացած և ինքդ քեզ հոգեպես գիտակցող: Քեզ բաց պահելու և Աստծո հետ գիտակցված կապը բարելավելու եղանակներից մեկը քո մեջ Նրա հանդեպ երախտագիտության զգացում մշտապես պահպանելն է: Երբ ես երախտապարտ եմ, իմ կյանքում շատ լավ բաներ են տեղի ունենում: Ոչ թե Աստված է փակում այս հոսանքը, այլ իմ բացասական վերաբերմունքը:

Նոյեմբերի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՑ ԹՈՂ ԵՎ ԱՊԱՎԻՆԻՐ ԱՍՏԾՈՒՆ

…աղոթելով միայն Նրա կամքի ճանաչման համար, որը մենք պետք է կատարենք, և դրա համար ուժի շնորհման համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 109 / Twelve Steps and Twelve Traditions, p. 96)

Երբ ես «բաց եմ թողնում և ապավինում Աստծուն», ապա և տրամաբանում եմ ավելի հստակ ու իմաստուն: Ազատվելով ինչ-որ կոնկրետ բանի վրա կենտրոնացվածությունից՝ ես արագ ազատվում եմ ցավից և անհարմարությունից: Իսկ քանի որ ինձ համար դժվար է «բաց թողնել» մտքերն ու զգացմունքները, որոնք հսկայական տառապանքներ են պատճառում, ապա այն ամենը, ինչ ինձ պետք է այդ պահին, թույլ տալ Աստծուն, ինչպես ես եմ Նրան հասկանում, ազատել ինձ դրանցից:

Եվ այն ժամանակ տագնապալի մտքերը, զգացմունքները և հիշողությունները լքում են ինձ: Օգնություն ստանալով Աստծուց՝ ես սովորում եմ հասկանալ Նրան և օրեցօր գլուխ հանել ցանկացած խնդրից իմ ճանապարհին: Միայն այդ ժամանակ ես կարող եմ ապրել՝ հաղթելով ալկոհոլին և վայելելով հանգիստ սթափությունը:

Նոյեմբերի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Մեդիտացիայի արվեստը միշտ կարող է կատարելագործվել: Դրա համար գոյություն չունեն սահմաններ ո՛չ լայնությամբ, ո՛չ բարձրությամբ: Այսպիսի խրատից հետո… պարզ է դառնում, որ մեդիտացիան անհատական ճանապարհորդություն է դեպի անհայտություն, որը մեզանից յուրաքանչյուրն իրականացնում է յուրովի:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 109 / Twelve Steps and Twelve Traditions, p. 101)

Հոգեպես ես աճում եմ Աստծո հետ, ինչպես ես հասկանում եմ Նրան, և Նրա հետ գտնում եմ իմ իրական «ես»-ը: Ամենօրյա մտորումներն ու աղոթքներն ամրապնդում և նորացնում են իմ բարեկեցության աղբյուրը: Այդ ժամանակ ես բացվում եմ, որպեսզի ընդունեմ այն ամենը, ինչ Նա ինձ առաջարկում է: Աստծո հետ ես վստահ եմ, որ իմ կենսական ճանապարհորդությունը կլինի այնպիսին, ինչպիսին ուզում է Նա: Ես երախտապարտ եմ, որ իմ կյանքում կա Աստված:

Նոյեմբերի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄՏՆԵԼ ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ

Բայց նախևառաջ մենք արևի լույս կցանկանանք. մթության մեջ ոչինչ չի կարող աճել: Խորը մտորումը մեր առաջընթաց քայլն է՝ դեպի արևի լույս:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 10)

Երբեմն ինձ թվում է, թե ես ժամանակ չունեմ մտորումների և աղոթքի համար, և մոռանում եմ դրա հետ մեկտեղ, որ առաջ միշտ ժամանակ էի գտնում խմելու համար: Ժամանակ կարելի է գտնել ցանկացած բանի համար, հատկապես եթե ես դա շատ եմ ուզում: Պլանավորելով իմ օրը՝ անհրաժեշտ է որոշակի ժամանակ հատկացնել ամենօրյա աղոթքներին և մեդիտացիաներին: Առավոտյան ես մի էջ եմ կարդում մեր Ընկերակցության գրքերից և ասում եմ. «Շնորհակալություն Քեզ, Աստված» երեկոյան, քնելուց առաջ: Երբ աղոթքը սովորություն է դառնում, ես նրան ավելի շատ ժամանակ եմ հատկացնում՝ չնկատելով անգամ, թե ինչպես է այն սեպվում իմ խիստ զբաղված օրվա մեջ:

Եթե ինձ դժվար է աղոթել, ես պարզապես կրկնում եմ «Հայր Մեր»-ը, որովհետև այս աղոթքն իսկապես ընդգրկում է ամեն ինչ: Հետո ես մտածում եմ այն մասին, թե ինչի համար եմ երախտապարտ, և արտասանում եմ երախտագիտության խոսքեր: Ինձ պետք չէ ինչ-որ տեղ փակվել աղոթելու համար: Դա կարելի է անել նաև այնպիսի սենյակում, որտեղ լիքը մարդ կա: Ես պարզապես մտովի մեկուսանում եմ: Քանի որ շարունակում եմ կանոնավոր աղոթել, ես հասկանում եմ, որ ինձ արդեն բարձրաձայն խոսքեր պետք չեն, որովհետև Աստված կարող է լսել և լսում է իմ մտքերը:

Նոյեմբերի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Հնարավոր է, ամենամեծ պարգևներից մեկը, որը մենք ստանում ենք մեր աղոթքների և մեդիտացիայի համար, հաղորդակցության զգացումն է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 119 / Twelve Steps and Twelve Traditions, p. 105)

Այ քեզ բա՜ն. պատկանելիություն: Խորը մտորելուց հետո ես հասկացա, որ զգացումը, որը համակել էր ինձ, հաղորդակցությունն էր, ուրիշների հետ ընդհանրության զգացումը, չէ՞ որ ինձ այնքան թեթև և ազատ էր: Ես զգում էի ներքին խաղաղություն և մանր անախորժությունները վերացնելու պատրաստակամություն: Ինձ դուր է գալիս իմ հումորի զգացումը: Ամենօրյա եռուզեռի մեջ ինձ մոտ առաջանում է Աստծո աշխարհի արարչագործ հոսանքին պատկանելիության զարմանալի զգացում: Այն, որ աղոթքն ու մեդիտացիան ուղղակիորեն գրված են ԱԱ ապրելակերպի մեջ, անսովոր բարերար է բոլորիս համար:

Նոյեմբերի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՈՒՆԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ

Մենք գիտենք, որ Աստված սիրով հետևում է մեզ: Մենք գիտենք, որ երբ մենք դիմենք Նրան, ամեն ինչ մեզ մոտ լավ կլինի և՛ այսօր, և՛ միշտ…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 119 / Twelve Steps and Twelve Traditions, p. 105)

Ես աղոթում եմ ինձ շնորհված պատրաստակամության համար՝ հիշելու, որ ես Աստծո զավակ եմ, սուրբ հոգի մարդկային պատյանում, և որ իմ հիմնական և հրատապ խնդիրն է՝ ընդունել, ճանաչել, սիրել և դաստիարակել ինքս ինձ: Ընդունելով ինձ՝ ես ընդունում եմ Աստծո կամքը: Ճանաչելով և սիրելով ինձ՝ ես ճանաչում և սիրում եմ Աստծուն: Դաստիարակելով ինձ՝ ես գործում եմ Աստծո կամքով: Ես աղոթում եմ մեծամիտ ինքնաքննադատությունից ազատվելու ցանկության համար, որպեսզի փառաբանեմ Աստծուն՝ դրա հետ մեկտեղ խոնարհաբար ընդունելով ինձ և հոգ տանելով իմ մասին:

Նոյեմբերի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄՏՔԵՐ

Մենք գիտենք, որ Աստված սիրով հետևում է մեզ: Մենք գիտենք, որ երբ մենք դիմենք Նրան, ամեն ինչ մեզ մոտ լավ կլինի և՛ այսօր, և՛ միշտ…

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 160 / Alcoholics Anonymous, p. 164)

Երկար տարիներ ես մտածում էի Աստծո կամքի մասին իմ նկատմամբ՝ հավատալով, որ ինձ, հնարավոր է, պատրաստված է մեծ ճակատագիր: Ի վերջո, ես ծնվել եմ որոշակի հավատքով, և մի՞թե դեռ վաղ մանկության տարիներին ինձ չեն ասել, որ ես «ընտրյալ» եմ: Երբ ես մտածում էի այս բառի մասին, վերջապես հասկացա, որ Աստծո կամքը, որը ես պետք է կատարեմ, պարզ է և կայանում է Տասներկուերորդ Քայլով իմ ամենօրյա աշխատանքի մեջ: Ավելին, ես գիտակցեցի, որ դա պետք է անել իմ ուժերի և ունակությունների լիարժեք չափով: Շուտով ես իմացա, որ նման պրակտիկան օգնում է ինձ լինել օրվա բոլոր իրադարձությունների կիզակետում:

Նոյեմբերի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՆԱՅԵԼ ՍԵՓԱԿԱՆ «ԵՍ»-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Մասնավորապես մենք խնդրում ենք ազատել մեզ ինքնակամությունից և դրա հետ մեկտեղ հիշում ենք, որ չարժե խնդրել որևէ բան միայն ինքներս մեզ համար: Մենք կարող ենք խնդրել ինչ-որ բան մեզ համար, եթե դա օգուտ կբերի նաև ուրիշներին: Մենք երբեք չենք աղոթում, որպեսզի իրականացնենք մեր եսասիրական նպատակները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 84 / Alcoholics Anonymous, p. 87)

Որպես ակտիվ ալկոհոլիկ՝ ես թույլ էի տալիս եսասիրությանը իմ կյանքում ծաղկել ճոխ գույներով: Ես այնքան էի կլանված իմ հարբեցողությամբ և եսասիրական սովորություններով, որ մարդիկ և բարոյական սկզբունքները միշտ մղվում էին երկրորդ պլան: Հիմա, երբ ես ավելի շատ աղոթում եմ ուրիշների բարեկեցության համար, քան «իմ եսասիրական շահերի», ես սովորում եմ հրաժարվել եսասիրական կապվածություններից՝ հոգ տանելով իմ եղբայրների մասին և նախապատրաստվելով այն օրվան, երբ ինձնից կպահանջվի բաց թողնել բոլոր երկրային կապվածությունները:

Նոյեմբերի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՆՏՈՒԻՑԻԱ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՒՄ

…պետք է ոգեշնչում խնդրենք Աստծուց, որպեսզի մեզ մոտ ինտուիտիվ մտքեր կամ որոշումներ առաջանան: Մենք հանգստանում ենք և չենք նյարդայնանում: Մենք ոչ մեկի հետ և ոչնչի հետ չենք պայքարում:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 84 / Alcoholics Anonymous, p. 86)

Ես իմ ժամանակը ծախսում եմ նրա վրա, ինչն իսկապես սիրում եմ: Տասնմեկերորդ Քայլը կարգապահության պահպանումն է, որը թույլ է տալիս ինձ և իմ Բարձրագույն Ուժին միասին լինել, հիշեցնելով, որ Աստծո օգնությամբ ինձ մոտ հնարավոր են և՛ ինտուիցիա, և՛ ոգեշնչում: Մշտապես կիրառելով այս Քայլը՝ ես կարող եմ սովորել սիրել ինքս ինձ: Համառ ջանքերով բարելավելով իմ գիտակցված կապը Բարձրագույն Ուժի հետ՝ ես ինձ հիշեցնում եմ իմ անառողջ անցյալի մասին՝ իր մեծամիտ մտորումներով ու ծրագրերով և իմ ամենակարողության կեղծ զգացումով: Երբ ես ուժ եմ խնդրում կատարելու Աստծո կամքը, ես գիտակցում եմ իմ անզորությունը: Խոնարհությունը և ինքդ քո հանդեպ առողջ սերը համատեղելի են. և դա Տասնմեկերորդ Քայլով աշխատանքի ուղղակի արդյունքն է:

Նոյեմբերի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԵՆՍԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեզանից նրանք, ովքեր սկսել են կանոնավոր աղոթել, չեն կարող յոլա գնալ առանց աղոթքի, ինչպես առանց օդի, սննդի կամ արևի լույսի: Եվ միևնույն պատճառներով: Երբ մենք մերժում ենք ինքներս մեզ օդը, լույսը կամ սնունդը, մեր մարմինը տառապում է: Ճիշտ նույն կերպ, երբ մենք հրաժարվում ենք մեդիտացիայից և աղոթքից, մենք զրկում ենք մեր գիտակցությունը, մեր զգացմունքները և մեր ինտուիցիան նրանց համար կենսականորեն անհրաժեշտ աջակցությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 110–111 / Twelve Steps and Twelve Traditions, p. 97)

Տասնմեկերորդ Քայլը չպետք է ճնշի ինձ: Գիտակցված կապն Աստծո հետ կարող է լինել նույնքան պարզ և նույնքան խորը, որքան և գիտակցված կապը մեկ այլ մարդու հետ: Ես կարող եմ ժպտալ: Ես կարող եմ լսել: Ես կարող եմ ներել: Այլ մարդու հետ յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն է աղոթքի, իմ մեջ Աստծո ներկայությունը ճանաչելու համար: Այսօր ես կարող եմ ինձ մի փոքր մոտեցնել Բարձրագույն Ուժին: Որքան շատ եմ ես փնտրում Աստծո արարչագործության գեղեցկությունը այլ մարդկանց մեջ, այնքան ավելի վստահ եմ իմ մեջ Նրա ներկայության հարցում:

Նոյեմբերի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԵՆՕՐՅԱ ՏԱՐԿԵՏՈՒՄ

Պարզապես ամեն օր մեզ տրվում է դատավճռի տարկետում՝ մեր հոգևոր աճի պայմանով:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82 / Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82)

Իմ հոգևոր վիճակի պահպանումը նման է ամենօրյա աշխատանքի պլանի մշակմանը, նախապատրաստմանը մարաթոնի, վազքի, լողի: Այլ կերպ ասած, լավ հոգևոր մարզավիճակի պահպանումը պահանջում է աղոթք և մտորում: Ինձ համար Բարձրագույն Ուժի հետ գիտակցված կապը բարելավելու միակ և ամենակարևոր միջոցը աղոթելն ու խորհելն է: Ես նույնքան չեմ կարող հաղթել ալկոհոլին, որքան և շրջել գետի հոսանքը, և մարդկային ոչ մի ուժ ի վիճակի չէ հաղթահարել իմ ալկոհոլիզմը:

Այժմ ես ի վիճակի եմ շնչել ուրախության, երջանկության և ողջախոհության օդը: Ես ուժ ունեմ սիրելու և արձագանքելու ինձ շրջապատող իրադարձություններին՝ հավատալով «ինչ-որ անհավանական բանի» հնարավորությանը: Իմ ամենօրյա տարկետումը նշանակում է, որ որքան էլ դժվար և ցավոտ թվա այսօրվա օրը, ես, որպեսզի ազատ մնամ իմ նենգ, ուժեղ, շփոթեցնող հիվանդությունից, կարող եմ հույսս դնել Ծրագրի ուժի վրա:

Նոյեմբերի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

Գրեթե առանց բացառության բոլոր ալկոհոլիկները գիտեն միայնության խոշտանգումը: Նույնիսկ մինչ այն, երբ մեր հարբեցողությունը սպառնացող չափեր ընդունեց, և մարդիկ սկսեցին խուսափել մեզանից, մեզանից գրեթե բոլորը տառապում էին ինչ-որ կտրվածության զգացումից:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 90)

Տանջանքներն ու դատարկությունը, որոնք ես հաճախ էի զգում իմ ներսում, այսօր գնալով ավելի հազվադեպ են հայտնվում իմ կյանքում: Ես սովորեցի գլուխ հանել մենության հետ: Ես կարող եմ շփվել Աստծո հետ միայն այն ժամանակ, երբ մենակ եմ և հանգիստ, բայց եթե ես եռուզեռի մեջ եմ, նույնիսկ Նա չի կարող հասնել ինձ: Ցանկացած ժամանակ լավ է Աստծո հետ կապի մեջ լինելը, բայց երբ ամեն ինչ, ինչպես ինձ թվում է, վատ է, բացառապես կարևոր է աղոթքով և մտորումներով պահպանել այդ կապը Նրա հետ:

Նոյեմբերի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ

Երբեմն… խռովքը մեր ներսում այնքան մեծ է, որ մենք ընդհանրապես չենք ուզում աղոթել: Եթե նման բան է պատահում մեզ հետ, մենք չպետք է դատենք ինքներս մեզ չափազանց խիստ: Մենք պետք է նորից անցնենք աղոթքի, երբ դա հնարավոր դառնա՝ հիշելով, որ դա բարիք է մեզ համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 119 / Twelve Steps and Twelve Traditions, p. 105)

Երբեմն ես գոռում եմ, ոտքերս գետնին եմ խփում և մեջքով շրջվում եմ իմ Բարձրագույն Ուժին: Այդ ժամանակ հիվանդությունս ասում է ինձ, որ ես անհաջողակ եմ: Եթե ես շարունակեմ բարկանալ, ապա հաստատ կհարբեմ: Ինքնակամության նման պահերը շատ նման են նրան, կարծես ես ընկել եմ ժայռից և կախված եմ մեկ ձեռքից: Իսկ ահա վերը բերված հատվածն իմ ապահովագրական ցանցն է, որը կոչ է անում ինձ փորձել ինձ նորովի պահել. օրինակ՝ լինել մեղմ և համբերատար ինքս իմ հանդեպ: Այն համոզում է ինձ նաև, որ իմ Բարձրագույն Ուժը սպասում է, մինչև ինձ մոտ ցանկություն առաջանա ռիսկի դիմել ևս մեկ անգամ. բաց թողնել ձեռքս, ընկնել ցանցի մեջ և աղոթել:

Նոյեմբերի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԵՍ ԱՐԱԳ ՍԱՅԹԱՔՈՒՄ ԷԻ»

Մենք՝ ԱԱ անդամներս, ակտիվ մարդիկ ենք. մենք հաճույք ենք ստանում կյանքի խնդիրների լուծումից… Ուստի զարմանալի չէ, որ մենք հաճախ արհամարհանքով ենք վերաբերվում լուրջ մեդիտացիային և աղոթքին՝ համարելով դրանք ոչ պարտադիր:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 109 / Twelve Steps and Twelve Traditions, p. 96)

Որոշ ժամանակով ես հեռանում էի Ծրագրից և սայթաքում էի, և միայն մահվան սպառնալիքն ինձ հետ բերեց և, առաջին հերթին, մեր օրհնյալ Ընկերակցության Տասնմեկերորդ Քայլով աշխատանքին: Չնայած որ ես արդեն տասնհինգ տարվա սթափություն ունեի և դեռևս ակտիվորեն աշխատում էի Ծրագրով, ես հասկանում էի, որ իմ սթափության որակը զգալիորեն վատացել էր: Տասնութ ամիս անց ինձ մոտ հայտնաբերեցին չարորակ ուռուցք, և բժիշկների կանխատեսումներով կես տարուց ես պետք է մահանայի:

Հուսահատությունն ինձ համակեց, երբ ինձ բուժման կուրս նշանակեցին, իսկ հետո ես երկու ինսուլտ տարա, ինչը հանգեցրեց ուղեղի ևս երկու ուռուցքի առաջացմանը: Իմ կողմից ավելի ու ավելի նոր հատակների հասնելուն զուգընթաց՝ ես սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ինչու է նման բան պատահում ինձ հետ: Աստված թույլ տվեց ինձ տեսնել իմ անազնվությունը և օգնեց կրկին ձեռք բերել կյանքը սովորելու ունակություն: Եվ սկսեցին հրաշքներ տեղի ունենալ: Բայց մինչ այդ ես նորովի իմացա Տասնմեկերորդ Քայլի ողջ կարևորությունը: Ես դեռևս անառողջ եմ, բայց դա արդեն մանրուք է՝ համեմատած այն բանի հետ, ինչ ես քիչ էր մնում լիովին կորցնեի:

Նոյեմբերի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ՔՈ ԿԱՄՔԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԻՄԸ»

Մենք՝ ԱԱ անդամներս, ակտիվ մարդիկ ենք. մենք հաճույք ենք ստանում կյանքի խնդիրների լուծումից… Ուստի զարմանալի չէ, որ մենք հաճախ արհամարհանքով ենք վերաբերվում լուրջ մեդիտացիային և աղոթքին՝ համարելով դրանք ոչ պարտադիր:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 116 / Twelve Steps and Twelve Traditions, p. 102)

Ես պարզապես խնդրում եմ, որ օրվա ընթացքում Աստված ինձ հնարավորություն տա ավելի լավ հասկանալ Իր կամքն այս օրվա համար և օրհնի ինձ այն կատարելու: Օրվա ընթացքում, բախվելով իրավիճակների, որոնք ես պետք է լուծեմ, ես կարող եմ կանգ առնել և նորից պարզապես ասել. «Թող լինի Քո կամքը, այլ ոչ թե իմը»: Ես պետք է անընդհատ հիշեմ, որ ցանկացած իրավիճակում ես պատասխանատու եմ գործադրվող ջանքերի համար, իսկ արդյունքը ես թողնում եմ Աստծուն: Ես կարող եմ «բաց թողնել և ապավինել Աստծուն»՝ խոնարհաբար կրկնելով. «թող կատարվի Քո կամքը, այլ ոչ թե իմը»: Համբերությունը և հաստատակամությունը Նրա կամքի որոնման մեջ կազատեն ինձ եսասիրական ակնկալիքների ցավից:

Նոյեմբերի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԴԱՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ

«Տեր, արա այնպես, որ իմ միջոցով Քո խաղաղությունն ու հանգստությունն իջնեն մարդկանց վրա, որպեսզի այնտեղ, որտեղ կա ատելություն, ես սեր բերեմ. այնտեղ, որտեղ կա չարիք, ես ներման ոգի բերեմ. այնտեղ, որտեղ կան տարաձայնություններ, ես ներդաշնակություն բերեմ. այնտեղ, որտեղ կան մոլորություններ, ես ճշմարտություն բերեմ. այնտեղ, որտեղ կան կասկածներ, ես հավատք բերեմ. այնտեղ, որտեղ կա հուսահատություն, ես հույս բերեմ. այնտեղ, որտեղ ստվեր է, ես լույս բերեմ. այնտեղ, որտեղ տիրում է տխրությունը, ես ուրախություն բերեմ: Տեր, արա այնպես, որ ես կարողանամ մխիթարել, այլ ոչ թե մխիթարված լինել, հասկանալ, այլ ոչ թե հասկացված լինել, սիրել, այլ ոչ թե սիրված լինել: Քանզի ձեռք ես բերում՝ մոռանալով քո մասին: Ներելով ուրիշներին՝ ստանում ես ներում: Մահանալով՝ արթնանում ես Հավերժական Կյանքի համար: Ամեն»:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 112–113 / Twelve Steps and Twelve Traditions, p. 99)

Անկախ իմ հոգևոր աճի փուլից, Սուրբ Ֆրանցիսկոսի աղոթքն օգնում է ինձ բարելավել Աստծո հետ գիտակցված կապը, ինչպես ես հասկանում եմ Նրան: Կարծում եմ, որ Աստծո հանդեպ իմ հավատքի հսկայական առավելություններից մեկն այն է, որ ես չեմ հասկանում Նրան: Միգուցե դա տեղի է ունենում այն պատճառով, որ իմ հարաբերությունները Բարձրագույն Ուժի հետ այնքան արդյունավետ են, որ ինձ չի էլ պահանջվում հասկանալ: Միակ բանը, որում ես վստահ եմ, այն է, որ եթե ես կանոնավոր և լիարժեք ուժով աշխատեմ Տասնմեկերորդ Քայլով, ապա անպայման կշարունակեմ ամրապնդել իմ գիտակցված կապն Աստծո հետ, կճանաչեմ Նրա կամքն իմ նկատմամբ, և ինձ կհերիքի ուժ՝ այն կատարելու համար:

Նոյեմբերի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՄԵՂՔ

…կա միայն երկու մեղք. առաջինը՝ խանգարել մեկ այլ մարդու աճին, երկրորդը՝ խանգարել սեփական աճին:

(Անանուն Ալկոհոլիկներ / Alcoholics Anonymous, p. 542)

Երջանկությունը խիստ պատրանքային վիճակ է: Որքա՜ն հաճախ են ուրիշների մասին իմ «աղոթքներն» իրենց ենթատեքստում ունենում «թաքնված» խնդրանքներ իմ մասին: Որքա՜ն հաճախ են երջանկության իմ որոնումները փլատակներ ստեղծում այլ մարդկանց և նույնիսկ հենց իմ հոգևոր աճի ճանապարհին: Խոնարհության և ընդունման մեջ հոգևոր աճի ուղիների որոնումը երբեմն բերում է այնպիսի պտուղների, որոնք առաջին հայացքից չես անվանի բարի, ամբողջական և կենսականորեն կարևոր: Եվ այնուամենայնիվ, հետ նայելով, ես տեսնում եմ, որ նույնիսկ ցավը, պայքարը և անհաջողությունները ի վերջո նպաստեցին իմ հոգևոր աճին Ծրագրում՝ իսկ դա նշանակում է, և հոգեկան անդորրին:

Նոյեմբերի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՇՐՋԵՔ ՁԵՐ ԴԵՄՔԸ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ

Հավատացեք ավելի խորը: Շրջեք ձեր դեմքը դեպի Լույսը, նույնիսկ եթե որևէ ակնթարթ դուք ոչինչ չտեսնեք:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 3)

Մի կիրակի օր, հոկտեմբերին, առավոտյան մեդիտացիայի ժամանակ ես նայեցի իմ պատուհանից այն կողմ գտնվող հացենուն: Ակնթարթորեն ես հմայվեցի նրա կախարդական ոսկեգույնով: Մինչ ես, հիացած, հիանում էի Աստծո արվեստի գործով, տերևները սկսեցին թափվել, և հաշված րոպեների ընթացքում ճյուղերը մերկացան: Ինձ տխուր դարձավ, երբ ես մտածեցի մոտեցող երկար ձմռան մասին:

Բայց մինչ ես խորհում էի բնական գործընթացների մասին, ինձ խոցեց Աստծո կողմից ուղարկված մի միտք: Ինչպես ծառերը, որոնք աշնանը կորցրել են սաղարթը, նորից ծաղկում են գարնանը, այնպես էլ ես Աստծո կողմից ազատվեցի իմ հնացած, եսասիրական սովորություններից, որպեսզի ծաղկեմ և դառնամ ԱԱ-ի սթափ ու երջանիկ անդամ: Շնորհակալ եմ Քեզ, Աստված, տարվա եղանակների հերթափոխի և իմ մշտապես փոփոխվող կյանքի համար:

Նոյեմբերի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՐՈՆՈՒՄ

Փորձեք հասկանալ, թե ինչում են ճիշտ հավատացյալ մարդիկ: Օգտվեք նրանից, ինչ նրանք առաջարկում են:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 85 / Alcoholics Anonymous, p. 87)

Ես չեմ հավակնում նրան, որ ունեմ բոլոր հոգևոր հարցերի պատասխանները, ինչպես և նրան, որ ես ամեն ինչ գիտեմ ալկոհոլիզմի մասին: Աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր զբաղվում են հոգևոր որոնումներով: Եթե ես անկողմնակալ եմ վերաբերվում այն բանին, ինչ ասում են ուրիշները, ապա կարող եմ շատ բան ձեռք բերել: Իմ սթափությունը զգալիորեն հարստանում է, և Տասնմեկերորդ Քայլով աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ, երբ ես օգտվում եմ գրականությունից և կատարում եմ իմ կրոնի կանոնները, բայց շատ բան քաղում եմ նաև այլ կրոններից: Այսպիսով՝ ալկոհոլից ժուժկալության հարցում աջակցություն ես ստանում եմ բազմաթիվ աղբյուրներից:

Նոյեմբերի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԶՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Մինչև «Անանուն Ալկոհոլիկներ» գրքի հրատարակումը մենք անուն չունեինք… Ձայների չնչին մեծամասնությամբ որոշվեց գիրքն անվանել «Ելք կա»… Մեր առաջին անդամներից մեկը… գտավ նույն վերնագրով արդեն հրատարակված տասներկու գիրք… Եվ գիրքը սկսեց կոչվել «Անանուն Ալկոհոլիկներ»: Այսպես մենք ստացանք մեր փորձի գրքի անվանումը, մեր շարժման անվանումը և, ինչպես մենք հիմա տեսնում ենք, մեծագույն հոգևոր նշանակություն ունեցող ավանդույթ:

(ԱԱ Ավանդույթները՝ ինչպես էին դրանք զարգանում / A. A. Tradition: How It Developed, pp. 35–36)

Որքա՜ն հաճախ, սկսած Ակրոնում Բիլլ Վ.-ի այն նշանակալից որոշումից՝ զանգահարել հեռախոսով, փոխանակ հյուրանոցի բար գնալու, Բարձրագույն Ուժը դրսևորում էր Իրեն մեր պատմության կրիտիկական պահերին: Այդ վաղ օրերին քչերն էին ենթադրում անանունության սկզբունքի կարևորությունը, որն այն ձեռք բերեց հետագայում: Կարող է թվալ, որ նույնիսկ մեր Ընկերակցության համար անվան ընտրության մեջ պատահականության տարր կար: Աստծուն խորթ չէ անանունությունը, և Նա հաճախ է հայտնվում մարդկային գործերում «հաջողություն», «պատահականություն» կամ «զուգադիպություն» հասկացությունների քողի տակ: Եթե անանունությունը, թեկուզև պատահաբար, դարձավ մեր Ավանդույթների հոգևոր հիմքը, ապա, ըստ երևույթին, Աստված անանուն գործում էր մեր անունից:

Նոյեմբերի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ

Այն, որ մարդիկ դառնում են շարժումների և գաղափարների խորհրդանիշներ, հանդիսանում է կարևոր հոգեբանական պահանջմունք, որը թաքնված է գիտակցության ընդերքում: Մենք ԱԱ-ում չենք կասկածում դրան: Բայց մենք պետք է սթափ գնահատենք այն փաստը, որ միշտ աչքի առաջ լինելը ռիսկային է, հատկապես մեզ համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 201 / Twelve Steps and Twelve Traditions, p. 181)

Որպես ապաքինվող ալկոհոլիկ՝ ես պետք է փորձեմ գործնականում կիրառել ԱԱ Ծրագրի սկզբունքները, որոնք հիմնված են ազնվության, ճշմարտացիության և խոնարհության վրա: Երբ ես խմում էի, միշտ ձգտում էի աչքի առաջ լինել: Հիմա, երբ ես գիտակցում եմ իմ անցյալի սխալները և նախկինում ամբողջականության բացակայությունը, ինձ համար անազնիվ կլիներ ձգտել հեղինակության (պրեստիժի), նույնիսկ եթե այս ձգտումն արդարացվում է ԱԱ-ի ապաքինման գաղափարի տարածմամբ: Մի՞թե ճանաչումը, որը վայելում է ԱԱ Ընկերակցությունը, և այն հրաշքները, որոնք այն գործում է մարդկանց հետ, ավելիին արժանի չեն: Ինչո՞ւ թույլ չտալ մեզ շրջապատող մարդկանց իրենցով գնահատել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր մեջ ԱԱ-ի շնորհիվ: Սա շատ ավելի լավ երաշխավորագիր կդառնա Ընկերակցության համար, քան այն, որը կարող եմ տալ ես ինքս:

Նոյեմբերի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՉՔԻ ԱՌԱՋ ԼԻՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ

Սկզբում մամուլը չէր հասկանում գովազդին անձնական մասնակցությունից մեր հրաժարումը: Նրանց անկեղծորեն շփոթեցնում էր անանունության պահպանման մեր պահանջը: Հետո նրանք հասկացան, թե ինչումն է բանը: Նման բան հազվադեպ է պատահում մեր աշխարհում. հասարակություն, որն ուզում է գովազդել իր սկզբունքները, այլ ոչ թե իր անդամներին: Մամուլը հիացած էր նման վերաբերմունքից: Այդ ժամանակից ի վեր նրա ռեպորտաժները ԱԱ-ի մասին միշտ տոգորված են այնպիսի էնտուզիազմով, որը դժվարությամբ կարելի է գտնել ԱԱ-ի ամենաջերմեռանդ անդամների շրջանում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 202 / Twelve Steps and Twelve Traditions, p. 182)

Որպեսզի ես և Ընկերակցությունը կարողանանք գոյատևել, ինձ համար կարևոր է չօգտագործել ԱԱ-ն անձնական հայտնիություն ձեռք բերելու համար: Անանունությունն ինձ համար խոնարհություն ձեռք բերելու աշխատանքի միջոց է: Քանի որ հպարտությունն իմ ամենավտանգավոր թերություններից մեկն է, խոնարհության հետ աշխատանքը դրան հաղթահարելու լավագույն միջոցներից մեկն է: ԱԱ Ընկերակցությունը հասնում է համաշխարհային ճանաչման՝ ամենատարբեր մեթոդներով լուսաբանելով իր աշխատանքն ու սկզբունքները, այլ բոլորովին ոչ նրա առանձին անդամների կողմից ինքնագովազդի միջոցով: Գրավչությունը, որը հայտնվել է իմ փոխված հայացքների շնորհիվ, և իմ ալտրուիզմը շատ ավելի են նպաստում ԱԱ-ի բարօրությանը, քան ինքնագովազդը:

Նոյեմբերի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Անցնելով դժվարին փորձությունների միջով՝ մենք, ինչպես մեզ թվում է, կարողացանք մշակել նման քաղաքականություն: Շատ առումներով այն սովորական գովազդային պրակտիկայի լրիվ հակառակն է: Մենք հասկացանք, որ մեր գլխավոր սկզբունքը պետք է դառնա գրավչության, այլ ոչ թե քարոզչության սկզբունքը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 201 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 180–181)

Երբ ես խմում էի, չարությամբ, ինքնախղճահարությամբ և մարտահրավերով էի արձագանքում ինձ փոխելու մարդկանց ցանկացած փորձի: Այն ամենը, ինչ ես այն ժամանակ ուզում էի, այն էր, որ ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ, և, որքան էլ տարօրինակ է, հենց դա ես գտա ԱԱ-ում: Ես դարձա գրավչության հայեցակարգի պահապանը, որը հանդիսանում է հանրության հետ մեր Ընկերակցության հարաբերությունների սկզբունքը: Գրավչությունը դա այն է, ինչով ես կարող եմ դիմել դեռևս տառապող ալկոհոլիկին:

Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն Քայլերի և Ավանդույթների լավ ծրագրված և կայուն Ծրագրի գրավչության համար: Ընկերակցության սթափ անդամներն ինձ դուր եկան իրենց խոնարհությամբ և աջակցությամբ, և ես եկա նոր ապրելակերպի ԱԱ-ի գաղափարների գրավչության, այլ ոչ թե քարոզչության միջոցով:

Նոյեմբերի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԱԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ»

Մեզ համար, սակայն, այն իրենից ներկայացնում է ավելին, քան խելամիտ քաղաքականություն հանրության նկատմամբ: Սա պարզապես անձնական շահից հրաժարում չէ: Այս Ավանդույթը մշտապես հիշեցնում է, որ ԱԱ-ում տեղ չունեն անձնական հավակնությունները: ԱԱ յուրաքանչյուր անդամ պետք է ակտիվորեն պահպանի Ընկերակցության շահերը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 203 / Twelve Steps and Twelve Traditions, p. 183)

Խոնարհության հիմնական հայեցակարգը ձևակերպված է Տասնմեկերորդ Ավանդույթում: Խոնարհությունը թույլ է տալիս ինձ լիարժեք մասնակցել Ծրագրին շատ պարզ և միևնույն ժամանակ խորը կերպով, այն բավարարում է շատ կարևոր ամբողջության անբաժանելի մասը լինելու իմ պահանջմունքը: Խոնարհությունն ինձ ավելի է մոտեցնում ամբողջականության և միասնության ճշմարիտ ոգուն, առանց որի ես չէի կարողանա մնալ սթափ: Հիշելով, որ Ընկերակցության յուրաքանչյուր անդամ սթափության օրինակ է, որ յուրաքանչյուրն ապրում է Տասնմեկերորդ Ավանդույթով, ես ազատություն եմ զգում, որովհետև մեզանից յուրաքանչյուրն աջակցում է անանունությանը:

Նոյեմբերի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Անհատական մակարդակում անանունությունը պաշտպանում է բոլոր անդամներին որպես ալկոհոլիկ ճանաչվելուց: Սա շատ կարևոր պահապան է, հատկապես նորեկների համար: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի մակարդակում անանունությունն ընդգծում է Ընկերակցության անդամների հավասարությունը՝ կանգնեցնելով նրանց, ովքեր կարող են օգտագործել ԱԱ-ին պատկանելիությունը՝ ճանաչման, իշխանության և որոշակի անձնական շահերի հասնելու համար:

(Ինչ է անանունությունը / Understanding Anonymity, p. 5)

Գրավչությունը ԱԱ Ընկերակցության գլխավոր ուժն է: Ալկոհոլիկների՝ ԱԱ-ում շարունակվող սթափության հրաշքը հաստատում է այս փաստն ամեն օր: Կործանարար կլիներ, եթե Ընկերակցությունը քարոզեր ինքն իրեն՝ ռադիոյի և հեռուստատեսության միջոցով գովազդելով հասարակության մեջ լայնորեն հայտնի դեմքերի սթափությունը, ովքեր դարձել են ԱԱ անդամներ: Եվ եթե նրանք հանկարծ սայթաքեն (սռիվ ունենան), մարդիկ կորոշեն, որ մեր շարժումը թույլ է, և կարող են կասկածի տակ դնել այս դարաշրջանի հրաշքի մասին տեղեկությունների հավաստիությունը: «Անանուն Ալկոհոլիկներ» կազմակերպությունը անանուն չէ, բայց նրա անդամները պետք է այդպիսին լինեն:

Դեկտեմբերի 1, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔԱՅԼԵՐ

Մեր վերջին Քայլը հռչակում է, որ, յուրացնելով բոլոր Քայլերի Ծրագիրը, մենք ձեռք ենք բերում մի բան, որը կոչվում է հոգևոր զարթոնք… ԱԱ անդամի համար այս պարգևի ստացման նախապատրաստումը նշանակում է Տասներկու Քայլերի կատարում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 120–121 / Twelve Steps and Twelve Traditions, pp. 106–107)

Հիշում եմ հովանավորիս պատասխանն իմ այն դիտողությանը, թե Քայլերն ընդամենը «առաջարկվում են»: Նա պատասխանեց, որ դրանք «առաջարկվում են» ճիշտ այնպես, ինչպես ինձ «առաջարկվում է» ինքնաթիռից պարաշյուտով թռչելիս քաշել օղակը՝ կյանքս փրկելու համար: Նա ընդգծեց, որ իմ փրկության համար ինձ «առաջարկվում է» աշխատել Տասներկու Քայլերով: Եվ ես փորձում եմ մշտապես հիշել, որ գոյություն ունի ապաքինման մի ամբողջ Ծրագիր՝ հիմնված Տասներկու «առաջարկվող» Քայլերի վրա:

Դեկտեմբերի 2, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐ

Հասնելով հոգևոր զարթոնքի, որին հանգեցրին այս Քայլերը…

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 120 / Twelve Steps and Twelve Traditions, p. 106–107)

Իմ կողմից ժողովներին հաճախելուն և Քայլերով աշխատելուն զուգընթաց ինձ հետ ինչ-որ բան սկսեց կատարվել: Ես շփոթված էի, որովհետև չէի հասկանում իմ նոր զգացողությունների բնույթը: Միայն ավելի ուշ ես գիտակցեցի, որ դա, պարզվում է, հոգեկան անդորրն է: Դա հաճելի էր, բայց որտեղի՞ց այն հայտնվեց: Հետո ես հասկացա, որ դա տեղի ունեցավ «…այս Քայլերի արդյունքում»:

Ծրագիրը միշտ չէ, որ հեշտ է կիրառել գործնականում, բայց ես պետք է ընդունեմ, որ հոգեկան անդորր ես գտա միայն Քայլերով աշխատելուց հետո: Իմ կյանքի բոլոր ասպեկտներում Քայլերով աշխատելուն զուգընթաց՝ կիրառելով այս սկզբունքներն իմ բոլոր գործերում, ես հայտնաբերում եմ, որ բաց եմ Աստծո, մարդկանց և ինքս իմ առաջ: Հոգևոր զարթոնքը, որին ես հասել եմ Քայլերով աշխատանքի արդյունքում, այն բանի գիտակցումն է, որ ես այլևս մենակ չեմ:

Դեկտեմբերի 3, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄԵՐ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐՈՒՄ

…մենք փորձում էինք հասցնել մեր գաղափարների իմաստը այլ ալկոհոլիկներին և կիրառել այս սկզբունքները մեր բոլոր գործերում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 120 / Twelve Steps and Twelve Traditions, p. 106)

Ես կարծում եմ, որ ապաքինման գաղափարն այլ ալկոհոլիկներին տանելը հեշտ է այն պատճառով, որ դա օգնում է ինձ մնալ սթափ և տալիս է վստահության զգացում սեփական ապաքինման հարցում: Ավելի դժվար է կիրառել այս սկզբունքներն իմ բոլոր գործերում: Կարևոր է, որ ես կիսվեմ ԱԱ-ից ստացած բարիքներով, և հատկապես՝ տանը: Մի՞թե իմ ընտանիքը արժանի չէ նույնպիսի համբերության, հասկացողության և հանդուրժողականության, որոնք ես այդքան սիրով դրսևորում եմ ալկոհոլիկների նկատմամբ:

Հետ նայելով ապրած օրվան՝ ես փորձում եմ ինքս ինձ հարցնել. «Արդյո՞ք ես այսօր հնարավորություն ունեցա ընկերաբար վերաբերվելու ինչ-որ մեկին, չբացթողեցի՞ արդյոք դա», «Արդյո՞ք ես հնարավորություն ունեի վեր կանգնելու տհաճ իրավիճակից և չխուսափեցի՞ արդյոք դրանից», «Կարո՞ղ էի ես ասել «Կներես» և արեցի՞ դա»: Ճիշտ այնպես, ինչպես ես ամեն օր խնդրում եմ Աստծուն օգնել ինձ իմ ալկոհոլային խնդրի հարցում, ես խնդրում եմ Նրան օգնել ինձ տարածել իմ ապաքինումը բոլոր իրավիճակների և բոլոր մարդկանց վրա:

Դեկտեմբերի 4, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՈՐԾԻ՛ ԱՆՑՆԵՆՔ

ԱԱ-ն ավելին է, քան սկզբունքների պարզ հավաքածու. դա ալկոհոլիկների հասարակություն է գործողության մեջ: Մենք պետք է տանենք այս գաղափարը, հակառակ դեպքում կթոշնենք, և նրանք, ում չենք հասցրել ճշմարտությունը, կարող են մեռնել:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 120 / Twelve Steps and Twelve Traditions, p. 106)

Ես հուսահատորեն ուզում էի ապրել: Բայց ողջ մնալու համար ինձ պետք էր ակտիվ դառնալ մեր՝ Աստծո կողմից տրված Ծրագրում: Ես միացա նրան, ինչն ավելի ուշ դարձավ իմ խումբը, որտեղ ես բացում էի սենյակը, սուրճ էի պատրաստում և մաքրում էի տարածքը: Ես մոտ երեք ամսվա սթափություն ունեի, երբ ԱԱ-ի հին անդամներից մեկն ասաց, որ ես աշխատում եմ Տասներկուերորդ Քայլով: Որքա՜ն ուրախալի էր ինձ համար դա իմանալը: Ես զգում էի, որ իսկապես ինչ-որ բանի հասնում եմ:

Աստված ինձ ևս մեկ շանս տվեց, ԱԱ-ն ցույց տվեց ճանապարհը, և այս պարգևները ոչ միայն անվճար էին, դրանք անգնահատելի էին: Այժմ ես ուրախանում եմ՝ հետևելով նորեկների աճին: Նրանք ինձ հիշեցնում են, թե որտեղից եմ ես եկել, որտեղ եմ ես հիմա և ինչպիսի անսահման հնարավորություններ են բացված իմ առջև: Դրա համար ես պետք է հաճախեմ ժողովներին, որ նրանք «լիցքավորեն իմ մարտկոցը», որպեսզի ես, երբ դա պետք լինի, լույս ունենամ: Ես դեռ նորեկ եմ ծառայության մեջ, բայց արդեն ստացել եմ ավելին, քան տալիս եմ: Ես չեմ կարող պահպանել, եթե չեմ տալիս: Ես արձագանքում եմ, երբ մեկ այլ մարդ օգնություն է խնդրում: Ես ուզում եմ լինել այնտեղ՝ սթափ:

Դեկտեմբերի 5, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԻՃԱԿ

Նման մարդն ստանում է պարգև, որը հավասարազոր է գիտակցության նոր վիճակի և նոր գոյության:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 121 / Twelve Steps and Twelve Traditions, p. 107)

ԱԱ-ում շատերը գլուխ են կոտրում այն բանի վրա, թե ինչ է հոգևոր զարթոնքը: Ես հակված էի հրաշք փնտրելու՝ ինչ-որ դրամատիկ, ցնցող բան: Բայց սովորաբար այնպես է լինում, որ բարեկեցության և խաղաղության զգացումը մեզ հանում է գիտակցության նոր մակարդակ: Հենց այդպես էլ եղավ ինձ հետ: Խելագարությունն ու ներքին խռովքն անհետացան, և ես մտա նոր չափում՝ հույսի, սիրո և խաղաղության արքայություն: Կարծում եմ, որ այս նոր զգացողության աստիճանն ուղիղ կախվածության մեջ է այն անկեղծությունից, խորությունից և նվիրվածությունից, որով ես աշխատում եմ ԱԱ-ի Տասներկու Քայլերով:

Դեկտեմբերի 6, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՎՃՌՈՐՈՇ ԺԱՄԸ

Երբ մենք բարձրացանք զարգացման ավելի բարձր աստիճանի, մենք հայտնաբերեցինք, որ էմոցիոնալ կայունության լավագույն աղբյուրն ինքը Աստված է: Մենք իմացանք, որ Նրա անբասիր արդարությունից, ամենաներողությունից և սիրուց կախվածությունը նպաստում է հոգեկան առողջությանը և օգնում է այնտեղ, որտեղ այլևս օգնություն սպասելու տեղ չկա: Եթե մենք իսկապես կախված ենք Աստծուց, ապա մենք չենք ձևացնի մեզ Աստված մեր ընկերների առաջ և չենք ցանկանա լիովին կախված լինել մարդկանց պաշտպանությունից և աջակցությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 131 / Twelve Steps and Twelve Traditions, p. 116)

Սեփական փորձից գիտեմ, որ երբ, ինչպես թվում է, բոլոր մարդկային հնարավորությունները սպառված են, միշտ կա Ինչ-որ Մեկը, Ով երբեք չի լքի ինձ: Ավելին, Նա միշտ կողքիս է՝ կիսելու իմ ուրախությունը, ուղղորդելու ճիշտ ճանապարհով, և Նրան, ինչպես ոչ մեկին, ես կարող եմ ամեն ինչ վստահել: Եթե իմ բարեկեցությունն ու երջանկությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել մարդկային ջանքերով, ապա միայն Աստված կարող է սիրով սնունդ տալ իմ հոգուն: Իսկ դրանից է ամեն նոր օր կախված իմ հոգևոր առողջությունը:

Դեկտեմբերի 7, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Իսկական հավակնություններն այն չեն, ինչ մենք մտածում էինք: Դա օգտակար լինելու և խոնարհաբար կյանքով քայլելու ցանկությունն է Աստծո շնորհի հովանու ներքո:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 131 / Twelve Steps and Twelve Traditions, p. 116)

Երբ ես խմում էի, իմ միակ հոգսը բոլոր շրջապատողների բարձր կարծիքն էր իմ մասին: Իմ փառասիրությունն արտահայտվում էր միշտ բարձրության վրա լինելու ցանկությամբ այն ամենում, ինչ էլ որ ես անեի: Իմ ներքին «ես»-ն անընդհատ ուրիշ բան էր ասում ինձ, բայց ես չէի կարողանում դա ընդունել: Ես անգամ թույլ չէի տալիս ինձ խոստովանել, որ անընդհատ դիմակ եմ կրում: Ի վերջո, երբ դիմակն ընկավ իմ դեմքից, ես հուսահատության ճիչով դիմեցի միակ Աստծուն, որին այն ժամանակ կարող էի պատկերացնել, և իմ տեսադաշտում հայտնվեցին ԱԱ Ընկերակցությունը, իմ խումբը և Տասներկու Քայլերը:

Ես սովորեցի վիրավորանքը վերածել համաձայնության, վախը՝ հույսի, չարությունը՝ սիրո: Մարդկանց սեր նվիրելով առանց ակնկալիքների, ընկերների հետ կիսելով իմ հոգսերը և հոգ տանելով նրանց մասին՝ ես նաև իմացա, որ ամեն օր կարող է լինել ուրախալի և արդյունավետ: Ես սկսում և ավարտում եմ ամեն օր Աստծուն ուղղված երախտագիտությամբ, Ով այդքան առատորեն պարգևատրում է ինձ իր ողորմությամբ:

Դեկտեմբերի 8, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձեր կյանքը նոր իմաստ ձեռք կբերի: Հետևեք, թե ինչպես են մարդիկ ապաքինվում, ինչպես են նրանք, իրենց հերթին, սկսում օգնել ուրիշներին, ինչպես են նրանք դադարում միանման լինել, ինչպես է մեր շուրջը եղբայրություն առաջանում: Ընկերների լայն շրջապատն իր հետ բերում է արժեքավոր փորձ, որն անտեսել չի կարելի… Հաճախակի շփումները նորեկների հետ և միմյանց հետ կդառնան ձեր կյանքի վառ իրադարձությունները:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 131 / Twelve Steps and Twelve Traditions, p. 116)

Ամենամեծ պարգևները կարելի է ստանալ միայն ծառայության միջոցով: Բայց որպեսզի իրականացնեմ ճշմարիտ, օգտակար և արդյունավետ ծառայություն ուրիշների համար, ես պետք է նախևառաջ աշխատեմ ինքս իմ վրա: Դա նշանակում է, որ ես պետք է ինձ հանձնեմ Աստծուն՝ ընդունելով իմ թերությունները և մաքրելով իմ անցյալի փլատակները: Ինքս իմ վրա աշխատանքն ինձ սովորեցրեց, թե ինչպես գտնել ինձ այդքան անհրաժեշտ խաղաղությունն ու հոգեկան անդորրը, որպեսզի հաջողությամբ միավորեմ ոգեշնչումն ու փորձը: Ես սովորեցի, թե ինչպես լինել սթափության հաղորդիչն այս արտահայտության ճշմարիտ իմաստով:

Դեկտեմբերի 9, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԵՐ ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Տասներկուերորդ Քայլի իմաստի լիակատար գիտակցումը թույլ է տալիս հասկանալ, որ խոսքը սիրո մասին է, որին կիրառելի չէ արժեքի հասկացությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 120 / Twelve Steps and Twelve Traditions, p. 106)

Տասներկուերորդ Քայլով աշխատելն սկսելու համար ես պետք է աշխատեի անկեղծության և ազնվության վրա և սովորեի ինձ պահել խոնարհությամբ: Մեր գաղափարների իմաստն ուրիշներին հասցնելու ունակությունն ինքդ քեզ տալն է՝ անկախ նրանից, թե սթափության քանի տարի եմ ես կուտակել: Իմ երազանքները կարող են իրականություն դառնալ: Ես ամրապնդում եմ իմ սթափությունը՝ կիսվելով նրանով, ինչ ստացել եմ անվճար: Հետ նայելով այն ժամանակին, երբ սկսվում էր իմ ապաքինումը, ես տեսնում եմ, որ արդեն անգամ այն ժամանակ գոյություն ուներ հույսի հատիկ առ այն, որ ես կկարողանամ օգնել մեկ այլ հարբեցողի դուրս գալ ալկոհոլային դժոխքից:

Մեկ այլ հարբեցողի օգնելու ցանկությունն իմ հոգևոր առողջության բանալին է: Բայց ես երբեք չեմ մոռանում, որ իմ միջոցով գործում է Աստված, իսկ ես ընդամենը Նրա գործիքն եմ: Նույնիսկ եթե մյուս մարդը պատրաստ չէ, հաջողությունը միևնույն է առկա է, որովհետև իմ ջանքերը, որոնք ուղղված էին նրա բարօրությանը, օգնեցին ինձ մնալ սթափ և դառնալ ավելի ուժեղ: Գործել, անխոնջ աշխատել Տասներկուերորդ Քայլով՝ ահա հաջողության գրավականը: Այսօր ես ի վիճակի եմ ծիծաղել, բայց Աստված մի արասցե մոռանամ նաև այն օրերը, երբ ես լաց էի լինում: Աստված հիշեցնում է ինձ, որ ես կարող եմ կարեկցանք զգալ:

Դեկտեմբերի 10, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՏԱՆԵԼ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Դե իսկ ո՞րն է Տասներկուերորդ Քայլի բովանդակությունը: Այն հրաշալի էներգիան, որը նա ազատում է, և լարված գործունեությունը այլ տառապող ալկոհոլիկներին փորձի փոխանցման ուղղությամբ, որը Տասներկու Քայլերը վերափոխում է գործողությունների, որոնք ազդում են մեր բոլոր գործերի վրա, հանդիսանում են Անանուն Ալկոհոլիկների վարձատրությունը, հոյակապ իրականությունը:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 123 / Twelve Steps and Twelve Traditions, p. 109)

Հրաժարվել ալկոհոլային աշխարհից: Դա չի նշանակում լքել այն, այլ՝ գործել ըստ այն սկզբունքների, որոնք դուր են եկել ինձ և որոնք ես բարձր եմ գնահատում. վերականգնել նրանց մոտ, ովքեր դեռ տառապում են, այն հոգեկան անդորրը, որը ես ճանաչել եմ և զգում եմ: Եթե ես իսկապես նվիրված եմ այս նպատակին, քիչ բան է նշանակում իմ հագուստը կամ այն, թե ինչպես եմ ես վաստակում իմ ապրուստը: Իմ խնդիրն է՝ տանել ապաքինման գաղափարը և գրավել հետևիցս իմ օրինակով, այլ ոչ թե քարոզչությամբ:

Դեկտեմբերի 11, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԻՍԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

… մենք պետք է գործնականում հետևենք իսկական խոնարհության սկզբունքին: Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի մեզ շնորհված հսկայական բարիքը երբեք չփչացնի մեզ. որպեսզի մեր կյանքում մենք միշտ երախտագիտությամբ խորհենք Նրա մասին, ով կանգնած է մեր բոլորիս վերևում:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 213 / Twelve Steps and Twelve Traditions, p. 193)

Իմ փորձն ինձ սովորեցրել է, որ ես հակված եմ իմ ալկոհոլային անհատականությունը վերածելու ինչ-որ վիթխարի բանի: Եվ թեև իմ «արդար գործն» իրականացնելու համար ես գործում եմ բարի մղումներից ելնելով, երբեմն շատ տարօրինակ բան է տեղի ունենում: Իմ մեծամտությունը հաղթում է, և ես աչքաթող եմ անում սկզբնական նպատակը: Ես նույնիսկ կարող եմ ինձ վերագրել Աստծո գործերն իմ կյանքում:

Սեփական կարևորության նման ուռճացված զգացումը ծայրահեղ վտանգավոր է իմ սթափության համար և կարող է մեծ վնաս հասցնել ԱԱ-ին ընդհանուր առմամբ: Իմ պաշտպանությունը՝ Տասներկուերորդ Ավանդույթը, ծառայում է նրան, որ ինձ պահի խոնարհության մեջ: Ես գիտակցում եմ և՛ որպես անհատականություն, և՛ որպես Ընկերակցության անդամ, որ իրավունք չունեմ պարծենալու իմ ձեռքբերումներով, և որ «Աստված անում է մեզ համար այն, ինչ մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար»:

Դեկտեմբերի 12, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒԾՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրի համար հսկայական նշանակություն ունի այն փաստը, որ մենք գտել ենք մեր խնդիրների ընդհանուր լուծումը: Մենք ունենք ազատագրման ճանապարհ, որի վերաբերյալ մեր միջև դիտվում է լիակատար համաձայնություն և որի շնորհիվ մենք կարող ենք միավորվել՝ գործելու ներդաշնակ և եղբայրական միությունում: Սա էլ հենց կազմում է այն նորը, որն այս գիրքը բերում է ալկոհոլիզմից տառապողներին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 16–17 / Alcoholics Anonymous, p. 13)

Տասներկուերորդ Քայլով ամենահեռատես աշխատանքը մեր Մեծ Գրքի՝ «Անանուն Ալկոհոլիկներ»-ի հրատարակումն էր: Քիչ բան կարող է համեմատվել դրա հետ ԱԱ-ի գաղափարների տարածման գործում: Իսկ ինձ պետք է կտրվել ինքս ինձնից և պարզապես անել այն, ինչ կարող եմ: Նույնիսկ եթե ինձ չեն խնդրում լինել հովանավոր, և իմ հեռախոսը հազվադեպ է զանգում, ես, այնուամենայնիվ, ի վիճակի եմ կատարել աշխատանքը Տասներկուերորդ Քայլով:

Ես ներգրավված եմ «եղբայրական և ներդաշնակ գործունեության» մեջ: Ես ժողովներին գալիս եմ ավելի շուտ՝ օգնելու նախապատրաստել սենյակը և ողջունել մարդկանց, իսկ հետո կիսվում եմ իմ փորձով, ուժով և հույսերով: Ես նաև, իմ ուժերի ներածին չափով, զբաղվում եմ ծառայությամբ: Բարձրագույն Ուժն ինձ համար որոշում է, թե հատկապես ինչ է ինձ պետք ապաքինման տվյալ փուլում, և եթե ես ընդառաջ գնամ Նրան, ապա իմ պատրաստակամությունն ինքնաբերաբար ինձ հնարավորություն կտա աշխատելու Տասներկուերորդ Քայլով:

Դեկտեմբերի 13, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՄՏԱԾԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեր բուն գոյությունը (իսկ մենք մարդիկ ենք, ովքեր անցյալում չարաշահել են ոգելից խմիչքներ) կախված է ուրիշների հանդեպ մեր մշտական հոգատարությունից և նրանից, թե որքանով մենք կկարողանանք օգտակար լինել նրանց:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 19 / Alcoholics Anonymous, p. 20)

Ինձ երբեք չէր հաջողվում մտածել ուրիշների մասին: Նույնիսկ երբ ես փորձում եմ աշխատել ԱԱ Ծրագրով, սովորաբար մտածում եմ. «Ինչպե՞ս եմ ես ինձ այսօր զգում: Երջանի՞կ եմ արդյոք, ուրա՞խ եմ արդյոք, ազա՞տ եմ արդյոք»:

Ծրագիրն ինձ ասում է, որ իմ մտքերը պետք է ուղղված լինեն ինձ շրջապատող մարդկանց վրա. «Կցանկանա՞ արդյոք այն նորեկը խոսել ինչ-որ մեկի հետ», «Այս մարդն այսօր տխուր տեսք ունի, միգուցե ես կկարողանա՞մ նրան քաջալերել»: Միայն այն ժամանակ, երբ ես մոռանում եմ իմ խնդիրների մասին և ձգտում եմ որևէ բան տալ ուրիշներին, ես կարող եմ գտնել այն, ինչ փնտրում եմ՝ հոգեկան անդորր և Աստծո գիտակցում:

Դեկտեմբերի 14, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴԱՌԱՋ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ

Երբեք մի՛ փորձեք ալկոհոլիկներին ներողամտորեն վերաբերվել բարոյական և հոգևոր բարձունքներից: Պարզապես պատմեք նրան ապաքինման հոգևոր միջոցների մասին և այն մասին, թե ինչպես դրանք օգնեցին ձեզ:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 92 / Alcoholics Anonymous, p. 95)

Նորեկին հանդիպելիս հակվա՞ծ եմ արդյոք ես նրան նայել ԱԱ-ում իմ հաջողության տեսանկյունից: Միգուցե ես համեմատո՞ւմ եմ նրան Ընկերակցության բազմաթիվ ծանոթների հետ: Չկա՞ արդյոք իմ խոսքերում, երբ ես նրան պատմում եմ ԱԱ-ի մասին, խրատականության երանգ, արդյո՞ք դաստիարակչական չի հնչում իմ ձայնը: Ո՞րն է իմ իրական վերաբերմունքը նրա նկատմամբ: Երբ ես հանդիպում եմ նորեկին, պետք է վերլուծեմ ինքս ինձ, որպեսզի համոզվեմ, որ ԱԱ-ի գաղափարը ես տանում եմ խոնարհությամբ, պարզությամբ և առատաձեռնությամբ:

Նա, ով դեռ տառապում է այս սարսափելի հիվանդությունից՝ ալկոհոլիզմից, պետք է իմ մեջ ընկեր գտնի, ով նրան հնարավորություն կտա իմանալու ԱԱ-ի մասին: Չէ՞ որ ես էլ, երբ եկա ԱԱ, ունեցա այդպիսի ընկեր: Այսօր իմ հերթն է սիրով օգնության ձեռք մեկնել քրոջը կամ եղբորը՝ ալկոհոլիկին և ցույց տալ նրանց դեպի երջանկություն տանող ճանապարհը:

Դեկտեմբերի 15, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Առաջարկեք նրան [ալկոհոլիկին] ձեր օգնությունը և ընկերությունը: Ասեք նրան, որ եթե նա ուզում է թողնել խմելը, դուք կանեք ամեն ինչ՝ նրան օգնելու համար:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 92 / Alcoholics Anonymous, p. 95)

Հիշում եմ, թե որքան խիստ էի ես կապվել ԱԱ-ի երկու եղբայրների հետ, ովքեր ինձ հետ աշխատում էին Տասներկուերորդ Քայլով: Նրանք ասում էին, որ ես կարող եմ ունենալ այն, ինչ ունեն իրենք, ընդ որում առանց որևէ լրացուցիչ պայմանների: Այն ամենը, ինչ ինձանից պահանջվում է, դա իմ սեփական որոշումը կայացնելն է՝ միանալու նրանց ապաքինման ճանապարհին: Եթե ես սկսում եմ համոզել նորեկին վարվել այնպես, ինչպես ես եմ վարվում, նշանակում է ես մոռացել եմ, թե ինչպես ինձ օգնեցին այս երկուսն իրենց անկողմնակալ առատաձեռնությամբ:

Դեկտեմբերի 16, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՄԵՋ

…ալկոհոլի դեմ ամենակայուն իմունիտետը տալիս է ինտենսիվ աշխատանքը այլ ալկոհոլիկների հետ… Դուք պետք է ձեր հովանավորյալի հետ միասին օրեցօր շարժվեք հոգևոր առաջընթացի ճանապարհով… Հետևեք Բարձրագույն Ուժի թելադրանքին, և ժամանակի ընթացքում դուք կապրեք նոր, հրաշալի աշխարհում, ինչպիսին էլ որ լինեն ձեր ներկայիս հանգամանքները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 86, 97 / Alcoholics Anonymous, pp. 89, 100)

Ճիշտ և հիմնավորված վարվելը իմ եսասիրությունը և իմ ինքնասիրությունը վերահսկելու իմ միջոցն է: Ես գիտակցում եմ, որ Բարձրագույն Ուժից կախվածությունը մաքրում է իմ ճանապարհը դեպի հոգեկան անդորր, երջանկություն և սթափություն: Ամեն օր ես աղոթում եմ այն բանի համար, որպեսզի խուսափեմ նախկին սխալ արարքների կրկնությունից և այսպիսով օգուտ բերեմ ուրիշներին:

Դեկտեմբերի 17, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՊԱՐԳԵՎ

…աշխատանքն այլ ալկոհոլիկների հետ… Այն օգնում է այնտեղ, որտեղ բոլոր մյուս միջոցներն անզոր են:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 86 / Alcoholics Anonymous, pp. 89)

«Կյանքը ձեռք է բերում նոր իմաստ»՝ ասվում է Մեծ գրքում (Անանուն Ալկոհոլիկներ, էջ 89): Այս խոստումն ինձ օգնեց խուսափել շահամոլությունից և ինքնախղճահարությունից: Հետևել, թե ինչպես են աճում մարդիկ այս հրաշալի Ծրագրում և թե ինչպես է բարելավվում նրանց կյանքի որակը, անգնահատելի պարգև է ինձ համար ուրիշներին օգնելու իմ ջանքերի դիմաց: Բայց կան սթափության համար նաև այլ պարգևներ՝ դա ինքնավերլուծության ունակությունն է, վերջապես ձեռք բերված հոգեկան անդորրը և խաղաղությունը: Երբ ես տեսնում եմ այլ մարդկանց հաջողության ճանապարհին, երբ ես կիսում եմ նրանց հետ այս հրաշալի ճանապարհի ուրախությունը, ես էներգիա եմ ստանում, որը իմ կյանքին նոր իմաստ է հաղորդում:

Դեկտեմբերի 18, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ

Պատմեք նրան ողջ ճշմարտությունը, թե ինչպես դա տեղի ունեցավ: Ընդգծեք ձեր ապաքինման հոգևոր կողմը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 90 / Alcoholics Anonymous, p. 93)

ԱԱ-ն հրաշալի է նրանով, որ ես պատմում եմ միայն այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ: Ես ժամանակ չեմ ծախսում պոտենցիալ նորեկներին խորհուրդներ տալու վրա, քանի որ, եթե խորհուրդներն օգնեին, ոչ ոք ԱԱ չէր գա: Այն ամենը, ինչ ինձ պետք է անել, ցույց տալն է՝ ինչպես ես դարձա սթափ և ինչը փոխեց իմ կյանքը: Եթե ինձ չի հաջողվում ընդգծել ԱԱ Ծրագրի հոգևոր ասպեկտը, նշանակում է՝ ես անազնիվ եմ: Նորեկի մոտ չպետք է սխալ պատկերացում ձևավորվի սթափության մասին: Ես սթափ եմ միայն Բարձրագույն Ուժի ողորմությամբ և ուստի կարող եմ կիսվել իմ փորձով ուրիշների հետ:

Դեկտեմբերի 19, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄ

Երբ գործ ես ունենում ալկոհոլիկի հետ, հաճախ գրգռվածություն է առաջանում, թե ինչպես կարող է այս մարդը լինել այդքան թույլ, հիմար և անպատասխանատու: Եվ նույնիսկ երբ ավելին ես իմանում այս հիվանդության մասին, պատահում է, որ այս զգացումը միայն ուժեղանում է:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 135 / Alcoholics Anonymous, p. 139)

Ալկոհոլիզմից տառապելով՝ ես պետք է հասկանամ այս հիվանդությունը: Բայց երբեմն ես գրգռվածություն և անգամ արհամարհանք եմ զգում այն մարդու նկատմամբ, ով չի կարողանում հաջողության հասնել ԱԱ-ում: Երբ ինձ մոտ նման զգացում է առաջանում, դա նշանակում է, որ ես ակամա փայփայում եմ սեփական գերազանցության իմ կեղծ զգացումը, և ես պետք է հիշեմ, որ ես այստեղ եմ Աստծո ողորմությամբ:

Դեկտեմբերի 20, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՊԱՐԳԵՎ ԱՆՇԱՀԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սրանք այնպիսի պարգևներ են, երբ փոխարենը ոչինչ չի պահանջվում: Ոչ ոք ալկոհոլիզմով տառապողից ոչ մի վճար չի սպասում և նույնիսկ ոչ մի սեր: Պարզվում է, որ նման անձնուրացությունն իր մեջ վարձատրություն է պարունակում՝ անկախ նրանից, մենք իրական օգնություն ցուցաբերել ենք մեկ այլ ալկոհոլիկի, թե ոչ:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 124 / Twelve Steps and Twelve Traditions, p. 109)

Տասներկուերորդ Քայլով աշխատանքի փորձից ես հասկացա, թե ինչպիսի պարգևներ ենք մենք ստանում՝ անշահախնդրորեն ինչ-որ բան տալով: Սկզբում ես ակնկալում էի, որ մյուս բոլոր մարդիկ ևս կապաքինվեն, բայց շուտով տեսա, որ դա տեղի չի ունենում: Երբ ես համակերպվեցի և ընդունեցի, որ Տասներկուերորդ Քայլով աշխատանքը միշտ չէ, որ հաջողակ է լինում, ես բաց դարձա պարգևների համար նրա դիմաց, որ տալիս եմ անշահախնդրորեն:

Դեկտեմբերի 21, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԼՍԻՐ, ԿԻՍՎԻՐ ԵՎ ԱՂՈԹԻՐ

Օգնելով ալկոհոլիկին և նրա ընտանիքին՝ դուք ոչ մի դեպքում չպետք է մասնակցեք նրանց վեճերին: Դրանով դուք կարող եք ինքներդ ձեզ զրկել հետագայում այս մարդկանց օգնելու հնարավորությունից:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 97 / Twelve Steps and Twelve Traditions, p. 100)

Երբ ես փորձում եմ օգնել ընկերոջս՝ ալկոհոլիկին, հաճախ մղում եմ ունենում նրան խորհուրդներ տալու: Հնարավոր է, սա իմ բնական մղումն է: Բայց ուրիշներին սխալվելու իրավունք տալը նույնպես անհրաժեշտ է: Լավագույն բանը, որ ես կարող եմ անել, և դա ավելի հեշտ է ասել, քան անել, դա լսելն է, անձնական փորձով կիսվելը և այլ մարդկանց համար աղոթելը:

Դեկտեմբերի 22, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՆՁԵՐ

Այն, թե ինչպես են մեր որոշ «արժանապատիվ» ալկոհոլիկներ երբեմն փորձում դատապարտել «պակաս արժանապատիվներին», եթե կողքից նայես դրան, մեղմ ասած՝ զավեշտալի է թվում: Պատկերացրեք, եթե կարող եք, թե ինչպես է մի ալկոհոլիկը դատում մյուսին:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 37)

Ո՞վ եմ ես, որ դատապարտեմ ուրիշներին: Երբ ես առաջին անգամ եկա Ընկերակցություն, ինձ բոլորը դուր եկան: Ի վերջո, ԱԱ-ն պետք է օգներ ինձ նոր, ավելի լավ կյանք գտնել առանց ալկոհոլի: Իրականում ես չէի կարող սիրել բոլորին, ինչպես և նրանք՝ ինձ: Երբ ես հոգեպես մեծացա Ընկերակցությունում, սովորեցի սիրել բոլորին առանց բացառության՝ պարզապես լսելով, թե ինչ են նրանք ասում: Այն մարդը, որը հեռվում է, կամ սա, որը կողքիս է, կարող են հենց նրանք լինել, ում Աստված ընտրել է, որպեսզի նրանց միջոցով ինձ հայտնի այն, ինչ ինձ պետք է այսօր: Ես միշտ պետք է սկզբունքները վեր դասեմ անձերից:

Դեկտեմբերի 23, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՊԱՔԻՆՈՒՄ, ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեր Տասներկուերորդ Քայլը՝ հասցնել մեր գաղափարների իմաստը, ծառայության հիմնական ձևն է ԱԱ Ընկերակցությունում: Սա մեր առաջնահերթ խնդիրն է և մեր գոյության հիմնական նպատակը:

(Սրտի լեզուն / The Language of the Heart, p. 160)

Շնորհակալ եմ Աստծուն նրանց համար, ովքեր եկել են ինձանից առաջ, ովքեր համոզում էին ինձ չմոռանալ երեք Ուխտերը. Ապաքինում, Միասնություն և Ծառայություն: Իմ խմբում կախված է պաստառ, որի վրա գրված է. «Նստեք երեք ոտքանի աթոռակի վրա և փորձեք մնալ մեկի կամ երկուսի վրա: Մեր երեք Ուխտերը պետք է մնան անխախտ: Ապաքինման մեջ մենք ապաքինվում ենք միասին, Միասնության մեջ մենք միասին աշխատում ենք ի բարօրություն մեր Քայլերի և Ավանդույթների, իսկ Ծառայության միջոցով մենք անվճար տալիս ենք այն, ինչ տվել են մեզ»:

Իմ կյանքի հիմնական պարգևներից մեկը այն բանի ըմբռնումն է, որ ես ոչինչ չեմ ունենա կիսվելու ուրիշների հետ, եթե չապաքինվեմ ԱԱ-ի սկզբունքների հետ միասնության մեջ:

Դեկտեմբերի 24, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

«ԽԵԼԱՄԻՏ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ»

Մենք եկանք այն համոզման, որ Նա մեզ պատվիրում է մտքերով լինել Իր կողքին՝ ամպերի մեջ, բայց երկու ոտքով ամուր կանգնել հողի վրա: Այնտեղ՝ ներքևում, մեր բոլոր ընկերներն են, և այնտեղ է մեր հիմնական աշխատանքը: Այսպիսին են մեր կյանքի իրողությունները: Մենք գտնում ենք, որ ինտենսիվ հոգևոր կյանքը միանգամայն համատեղելի է խելամիտ և երջանիկ կյանքի հետ, որում մենք ձգտում ենք օգուտ բերել ուրիշներին:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 126 / Alcoholics Anonymous, p. 130)

Աշխարհում ոչ մի աղոթք և մեդիտացիա չեն օգնի ինձ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հաստատվել իմ գործողություններով: Գործնականում կիրառելով ԱԱ-ի սկզբունքները՝ ես զգում եմ այն հոգատարությունը, որն Աստված դրսևորում է իմ հանդեպ իմ կյանքի բոլոր ոլորտներում: Աստված մտնում է իմ աշխարհ այն ժամանակ, երբ ես մի կողմ եմ քաշվում և թույլ եմ տալիս Նրան մտնել:

Դեկտեմբերի 25, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿՅԱՆՔԻ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ

Ամեն օր մենք պետք է մեր գործողությունների մեջ մտցնենք Աստծո կամքի գաղափարը: «Ինչպե՞ս ես ծառայեմ Քեզ: Թող կատարվի Քո (ոչ իմ) կամքը»:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 82–83 / Alcoholics Anonymous, p. 85)

Սկսելով օրը՝ ես ամեն առավոտ կարդում եմ այս հատվածը, որպեսզի անընդհատ հիշեցնեմ ինձ «այս սկզբունքներն իմ բոլոր գործերում կիրառելու» անհրաժեշտության մասին: Երբ ես մտքումս անընդհատ պահում եմ Աստծո կամքը, ես ի վիճակի եմ անել այն, ինչ պետք է անեմ, և դա ինձ հաշտեցնում է կյանքի, ինքս իմ և Աստծո հետ:

Դեկտեմբերի 26, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ապա՝ ինչպե՞ս հաշտվել թվացյալ ձախողման կամ հաջողության հետ: Կարո՞ղ ենք մենք ընդունել և՛ մեկը, և՛ մյուսը՝ չզգալով հուսահատություն կամ վիրավորված հպարտություն: Կարո՞ղ ենք մենք հաշտվել աղքատության, հիվանդությունների, մենության և կորուստների հետ տոկունությամբ և խոնարհությամբ: Կարո՞ղ ենք մենք անընդհատ բավարարվել համեստ, բայց երբեմն ավելի տևական ուրախություններով, այն դեպքում, երբ ավելի վառ ու գրավիչ հաջողություններն անհասանելի են մեզ համար:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 126–127 / Twelve Steps and Twelve Traditions, p. 112)

Այն բանից հետո, երբ ես գտա ԱԱ և թողեցի խմելը, որոշ ժամանակ պահանջվեց, մինչև ես հասկացա, թե ինչու է Առաջին Քայլը բաղկացած երկու մասից. ալկոհոլի դիմաց լիակատար անզորություն և վերահսկողության կորուստ ինքդ քո նկատմամբ: Ճիշտ նույն կերպ ես երկար ժամանակ կարծում էի, որ Տասներկու Քայլերով համընթաց գնալ կարելի է՝ ընդամենը «հասցնելով այս գաղափարների իմաստը ալկոհոլիկներին»: Դա չափազանց հապշտապ եզրակացություն էր: Ես մոռանում էի, որ գոյություն ունեն բոլոր Տասներկու Քայլերը և որ Տասներկուերորդ Քայլը նույնպես բաղկացած չէ միայն մեկ դրույթից: Ի վերջո ես գիտակցեցի, որ պետք է «կիրառել այս սկզբունքները» իմ կյանքի բոլոր ոլորտներում: Հիմնավորապես աշխատելով բոլոր Քայլերով՝ ես ոչ միայն սթափ եմ մնում և օգնում եմ ուրիշներին սթափություն գտնել, այլև կյանքի դժվարությունները վերածում եմ կեցության ուրախության:

Դեկտեմբերի 27, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Ոչ պակաս կարևոր էր այն հայտնագործությունը, որ հոգևոր սկզբունքները կլուծեն իմ բոլոր խնդիրները:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 41 / Alcoholics Anonymous, p. 42)

Ապաքինման գործընթացում, որը նկարագրված է Մեծ Գրքում, ես հասկացա, որ ալկոհոլիզմի հետ աշխատելու բոլոր խորհուրդները կիրառելի են նաև կյանքի շատ այլ ոլորտներում: Երբ ես բարկանում եմ կամ հիասթափված եմ, դա դիտարկում եմ որպես իմ հիմնական ներքին խնդրի՝ ալկոհոլիզմի դրսևորում: Քայլերով իմ «քայլելուն» զուգընթաց՝ դժվարությունները սովորաբար լուծվում են շատ ավելի վաղ, քան ես հասնում եմ Տասներկուերորդ «Առաջարկին»: Իսկ նրանք, որոնք մնում են, «բուժվում են», երբ ես ջանքեր եմ գործադրում՝ հասցնելու մեր գաղափարների իմաստը այլ մարդկանց: Այս սկզբունքներն իսկապես լուծում են իմ խնդիրները: Ես չեմ հանդիպել բացառություններ այս պնդումից: Այս սկզբունքներն ինձ բերել են օգտակար և ուրախալի ապրելակերպի:

Դեկտեմբերի 28, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿԱՐԳԻ ԲԵՐ ՔԵԶ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿ

ԱԱ-ում մենք ձգտում ենք ոչ միայն սթափության. մենք փորձում ենք նորից դառնալ քաղաքացիներ այն աշխարհի, որը մերժել էինք և որը մերժել էր մեզ: Սա վերջնական նպատակ է, որի ուղղությամբ Տասներկու Քայլերով աշխատանքը առաջին, բայց ոչ վերջին փուլն է:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 21)

Հին ասացվածքն ասում է. «Կարգի բեր քեզ և դուրս եկ»: Սա այնքան կարևոր է, որ ես դա համարում եմ իմ նշանաբանը: Ամեն օր ես կարող եմ ընտրել. «դուրս գալ»՝ թե ոչ: Իմ ներկայությունը ժողովներին ինձ զգացողություն է տալիս, որ ես խմբի մի մասն եմ, և այն ժամանակ ես կարող եմ անել այն, ինչի մասին խոսել եմ ժողովի ժամանակ: Ես կարող եմ զրուցել նորեկների հետ և կիսվել իմ փորձով. սա էլ հենց վստահությունն է, ազնվությունը և բարյացակամությունը: «Կարգի բերել ինքս ինձ և դուրս գալ»՝ իմ իրական գործողություններն են դեպի իրական կյանք շարունակվող վերադարձի մեջ:

Դեկտեմբերի 29, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԿՅԱՆՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

…ուստի կյանքի ուրախությունը ԱԱ-ի Տասներկուերորդ Քայլի թեման է:

(Տասներկու Քայլ և Տասներկու Ավանդույթ, էջ 141 / Twelve Steps and Twelve Traditions, p. 125)

ԱԱ-ն ուրախալի Ծրագիր է: Եվ այնուամենայնիվ երբեմն, երբ առաջ շարժվելու համար պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ես «արգելակում եմ» և ընդդիմանում եմ այն գործողություններին, որոնք ընդունակ են ինձ բաղձալի ուրախություն բերել: Ես հավանաբար չէի դիմադրի, եթե այս գործողությունները չշոշափեին իմ կյանքի ամենախոցելի կողմերը, իսկ հենց այն կողմերը, որտեղ ամենից շատ են պետք հույսն ու խոնարհությունը: Թույլ տալ ինձ ուրախանալ կյանքով՝ ահա իմ «ես»-ի կոշտ եզրերը մեղմելու ուղին: Սրանում էլ հենց կայանում է ուրախության ուժը, որն օգնում է ԱԱ-ի բոլոր անդամներին:

Դեկտեմբերի 30, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՆԱՆՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Անանունությունը մեր բոլոր Ավանդույթների հոգևոր հիմքն է, որը մշտապես հիշեցնում է մեզ այն մասին, որ գլխավորը սկզբունքներն են, այլ ոչ թե անձերը:

(Անանուն Ալկոհոլիկներ, էջ 176 / Alcoholics Anonymous, p. 564)

Տասներկուերորդ Ավանդույթի նշանակությունը ես զգացի դեռ իմ սթափության առաջին օրերին, և հիմա, Տասներկու Քայլերի հետ մեկտեղ, այն մնում է իմ ապաքինման անհրաժեշտ պայմանը: Դառնալով ԱԱ անդամ՝ ես բառացիորեն անմիջապես տեսա, որ բնավորության հետ կապված խնդիրներ ունեմ: Եվ ուստի Ավանդույթների գաղափարը դարձավ ինձ հասկանալի. ինձ համար և այլ մարդկանց համար գոյություն ունի ճշմարիտ միջոց՝ դեմ առ դեմ նայելու ալկոհոլիզմին և նրան ուղեկցող չարությանը, ագրեսիվությանը և պաշտպանական արձագանքներին:

Ես դիտարկում էի Տասներկուերորդ Ավանդույթը որպես իմ «ես»-ը զսպելու լավ միջոց. այն «մարում էր» իմ չարությունը և հնարավորություն էր տալիս օգտագործել Ծրագրի Սկզբունքները: Բոլոր Քայլերը, և հատկապես այս Ավանդույթը, մի քանի տասնամյակ տանում էին ինձ անընդհատ սթափության ճանապարհով: Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր ինձ հետ էին, երբ ես դրա կարիքն ունեի:

Դեկտեմբերի 31, «ԱԱ Ամենօրյա խորհրդածություններ»

ԱՄԵՆՕՐՅԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

«Ապրել 24 ժամ» գաղափարը հիմնականում կիրառելի է մարդու կյանքի էմոցիոնալ ոլորտի նկատմամբ: Էմոցիաների տեսանկյունից մենք չպետք է ապրենք ո՛չ երեկվա, ո՛չ վաղվա օրով:

(Ինչպես է դա տեսնում Բիլը / As Bill Sees It, p. 284)

Նոր տարի. 12 ամիս, 52 շաբաթ, 365 օր, 8760 ժամ, 525600 րոպե՝ ժամանակ մտածելու ապագայի նպատակների, ուղղությունների, գործողությունների մասին: Նորմալ կյանքով ապրելու համար ես պետք է ինչ-որ բաներ պլանավորեմ: Բայց էմոցիոնալ առումով ես պետք է ապրեմ քսանչորս ժամվա շրջանակներում, և այն ժամանակ ինձ պետք չէ ինչ-որ ծրագրեր պատրաստել ամբողջ նոր տարվա համար: Ես կարող եմ ամեն օրը դարձնել Նոր Տարվա օր: Ես կարող եմ որոշել. «Այսօր ես կանեմ սա… Այսօր ես կանեմ այն»: Իսկ իմ կյանքի յուրաքանչյուր օրը ես կարող եմ չափել այսօրվա օրը երեկվանից լավն անելու փորձերով, Աստծո կամքին հետևելու որոշումով և մեր ԱԱ Ծրագրի սկզբունքները գործողության մեջ կիրառելու ջանքերով: